***
Կհագնեմ չթե, ծաղկավոր շորեր
Եվ բարձրակրունկ, թեթև ոտնաման,
Անկախ քայլվածքով, ասես, կթևեմ,
Կընթանամ՝ իբրև անհոգ աղջնակ:
Եվ ոչ ոք այնժամ չի էլ հասկանա,
Որ զնդանվել եմ
մենությամբ դաժան,
Եվ թե վախերս չզրնգային,
Կիմանային, թե այլևս չկամ:
Իմ հծծանքներին ի՜նչ անուն
ես տամ,
Երբ բարուրեցի
խաբկանքներս սին,
Երբ ջերմեց սիրտս՝
ո՛չ ինձ ենթակա,
Երբ ինքս իմ դեմ ապստամբեցի:
Տողերիս հյուսքը՝
հանց առատ ընծա,
Ձոնեցի սիրո կրակարանին՝
Թունդ գինիներով ցողոտելով այն,
Ոնց մատռվակող հնոց քրմուհի:
Եվ երբ հեթանոս մարմինս մի օր
Խաչեցին երեք սյուներից մեկին,
Երբ դառնությունը կլլեցի ումպով,
Այնժամ դիմեցի կողքիս գամվածին…
Կհագնեմ չթե, ծաղկավոր շորեր
Եվ բարձրակրունկ, թեթև ոտնաման.
Թող որ գեթ մի օր ինձ չծվատեմ,
Լինեմ ծիծաղկոտ, անհոգ աղջնակ…
ՏԱՔ ԱՆՁՐԵՎՆԵՐ
Թե կուզես տաք անձրև տեղա
Ուշ աշնան վերջին օրերին,
Հարցրու կամացուկ ձայնով
Իմ անհուն թախծության մասին:
Երբ տեսնես՝ մոլոր քայլերով
Ուզում եմ քեզնից հեռանալ,
Թևանցուկ արա ինձ ու մի թող,
Որ ցրտերն ավելի խորանան:
Մի թող, որ ես հանկարծ ամաչեմ
Աչքերիս թացության համար,
Ես վաղուց տաք չեմ տեղացել
Ուշ աշնան անձրևի նման…
***
Քո ներկայությունը….
Երբ չվող թռչունները հայտնվում են քիչ ուշ
և որոշում են էլ չգնալ,
որ երբեք ցրտեր չլինեն…
Ձայնդ՝
ոնց շնչահեղձ լինող մարդու համար
մի ումպ օդ,
Կում ջուր՝ ծարավի դեգերողիս համար,
Ափ նետված ձկան համար՝ ալեծուփ,
Կալանվածի համար՝ վանդակաշարից երևացող երկնիք պատառ.
Ձայնդ՝ ինձ ապրեցնող անուրախ պահերին,
Ձայնդ՝ հրճվանքի քաղցր համտես…
ՄԻ ՕՐ, ԵՐԲ ԱՌԱՋԻՆ ՁՅՈՒՆՆ ԷՐ ԵԿԵԼ…
Շնչում էիր այնքան մոտիկ, ինձ քիչ թեքված,
Ես վախեցա աչքերիդ մեջ ուղիղ նայել,
Բազկաթոռին մի քիչ անփույթ թևքդ հենել,
Շնչում էիր այնքան մոտիկ, ինձ քիչ թեքված:
Երբ խոսեցի, քո բիբերը պայծառացան,
Ճռվողեցի, ոնց ճնճուղը արևի դեմ…
Շնչում էիր այնքան մոտիկ, ինձ քիչ թեքված,
Ես վախեցա աչքերիդ մեջ ուղիղ նայել…
ՍՓՈՓԻՐ, Ի՛Մ ԼՈՒՍԵ
Սփոփիր ձայնով քո, հոշոտված եմ այսօր,
Իմ սրտին կաթեցրու դարմանիչ հնչյուններ,
Դու խոսիր՝ ինչ կուզես, հենց հիմա, միայն թե
Մի լռիր քո հեռվից, քո ձայնին կսպասեմ:
Վախենամ՝ այս գիշեր ես հազիվ լուսացնեմ,
Կտցահար, արնոտված՝ պատերին կխփվեմ…
Դեռ մի պահ չի անցել, որ լքյալ իմ հոգին
Ողբում էր միայնակ կաղկանձով ցավագին:
Դու եկար, ի՛մ լուսե, Արևելք քո հեռվից,
Ի վերուստ էր տրվել պատկերդ ճանաչել:
Սպիներ խորխորատ և ցավի ակոսներ
Վարուվեր ինձ կանեն, թե կողքիս չլինես:
Ես՝ քեզ լուռ ունկնդիր, քո համեստ ընթերցող,
Հոշոտված եմ այսօր, շտապիր սփոփել…
ԸՆԹԵՐՑՈՒՄ
Լույսի բաժին աղբյուր անհատ իմ ցնծություն
Հոգեցողուն սիրերգերի վիթ շատրվան
Գրգիռ-գրգիռ ու ցնծալի շարան-շարան
Աքքորներով քո ըղձանքի մատնահարված
Դարմանաբեր քամիներով արևելից
Իմ խորխորատ թախծությունը լեցուն-լեցուն
Հասուն պտուղ մանանայով առատ ցողած
Իմ քաղցրահունչ բառակազմիկ նուրբ սիրերգակ
Դու հնչեցուր մեկիկ-մեկիկ խոկում ու խաղ
Ոգեզմայլ տաք ու սարսուռ ինձ պարուրած
Ես անսայթաք ընթանալով մեղմանվագ
Արահետով կանչ ու ձգտում կարոտներիդ
Քեզ՝ համահունչ ու համասահ հանց արձագանք
Իմ տարուբեր հանգաչափով համանվագ
Ամեն հույզիդ լուռ ընթերցող խորունկ-խորունկ
Անփակ աչոք քանի գիշեր էլի էլի
Ես լուսացրի իրար խառնած խնդում ու լաց
…Խնդում ու լաց
***
Իմ այրումը թե դադարի քեզ համոզել,
Կծվատեմ իմ թևերը անգթաբար,
Կկորսվեն կտավներիս լույս-գուներանգ,
Իմ այրումը թե դադարի քեզ համոզել:
Խարույկներին հոգուս հացը ես կզոհեմ՝
Իբրև վայրի ողջակիզման վերջին արար…
Իմ այրումը թե դադարի քեզ համոզել,
Կծվատեմ իմ թևերը անգթաբար…
***
Կարոտը,
երբ հողը քրտնում է ցողով
արևագալի սպասումով.
թռչունների շնչարգելությունը՝
ամպերի շառագույնից.
կարոտը՝
երբ տիեզերքը գաղտնագրվում է
անհավասարաչափ հանգով,
մինչև գա ընթերցանության պահը.
կարոտը՝
անքնությունը անվարագույր սենյակում…
ՁՅՈՒՆ ԷՐ ԵԿԵԼ…
Ձյուն էր եկել ու հալվել շուտ,
Եկա քեզ մոտ այդպես ձյունած,
Բայց հալոցքս չհաջորդեց՝
Մեր մեջ անհալ սառույցներ կան:
Քեզ չասացի բառերը այն,
Ինչ շուրթերիս ծայրին պահել,
Մի քիչ դեպի քո կողմ հակված
Ուզում էի մեղմ դայլայլել:
Ինձ համար էր այդ երեկո
Տեղում ձյունը մենանվագ,
Վերադարձին ձայնակցեցի,
Ասես մի տաք անձրև տեղաց:
Ձյուն էր եկել ու հալվեց շուտ
Ուշ տեղացած անձրևներից,
Շուրթս լռեց այդ երեկո՝
Ինքս հալվել չհասցրի…
***
Մեղմորեն ձայնիր ինձ, անշտապ՝
Գուրգուրանք խառնելով հնչումիդ,
Խռովված երբ լինեմ ու անխինդ,
Մեղմորեն ձայնիր ինձ, անշտապ…
Այն ժամին, երբ լինեմ տարագիր՝
Ինձանից մերժված ու անհաշտ,
Մեղմորեն ձայնիր ինձ, անշտապ՝
Գուրգուրանք խառնելով հնչումիդ…
ՔՈ ՆԵՐԿԱՅՈՒԹՅԱՄԲ…
Քո ներկայությամբ ստորակետներ դրվեցին արևամուտների վրա,
բազմակետվեցին օրերը վերջակետված,
բացվեցին փակագծերը բանտված մտքերի,
ըղձանքները կետադրվեցին բացականչությամբ,
հարցականները անէացան.
Քո ներկայությամբ արևելքում
մեծատառով նկարվեց լուսատուի անունը,
գեղագրվեցին հուշատետրի բոլոր էջերը,
էջանշաններ դրվեցին չլրացված գրքերում,
լուսանցքներում խզբզեցի անվանդ հիերոգլիֆը.
Քո ներկայությամբ
շնչառությանս ավելացան անսպասելի միջակետեր,
տողատակերի խորքից աճեցին
բույսեր իմաստնության,
ցողունվեցին գլխատված ծառերը՝
փիրուզ շեշտադրումներով.
Զարդանկար, ասունների ու բույսերի պատկերներով
գլխագրեր կհորինեմ քեզ պարունակող տողերի համար,
թռչնագրերով կշարահյուսեմ պահերը հազվագյուտ,
որոնցում քո ներկայությունը կա ակամա.
Քնքշության ցողեր են իջել գետնի վրա,
կքայլեմ նրանց վրայով առավոտները՝
քո ներկայության զգացողությամբ.
Թույլ տուր բազմակետել քո ներկայությունը
ոչ պատահական…
***
Օ՜, երկինքներ, անձրևներ հղեք ինձ այսօր,
օ՜, անտես դիցեր ամպերի ու կայծակների,
այսօր ես ձեզ եմ երկրպագում՝
որպես հեթանոս,
ի՜նչ ընծաներ մատուցեմ ձեր արձաններին փղոսկրե,
ի՜նչ այրեմ կրակարաններում,
ի՜նչ ծնրադրումներով հայցս հասցնեմ երկինք,
անձրևներ հղեք՝ հեղեղներ անվերջանալի, կործանիչ,
որ աղմուկը հոգուս խլանա
որոտաձայն ձեր հոխորտանքներում,
որ ծարավները հագենան,
որ ջնջվեն բոլոր ըղձանքները,
խոսեք իմ բոլոր չասված խոսքերով,
բոլոր ձայնարկումները արձակեք,
օ՜, աստվածներ կայծակների ու ամպերի,
այսօր ես հեթանոս եմ
և կարոտ եմ հեղեղումների…
