ԴԻԱՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Կավե գավաթները
Տոնում էին քաղաքի գահավիժումը
Հենց այնպես,
Առանց գինու,
Առանց երաժշտության,
Որովհետև քաղաքն անչափ երազկոտ էր
Ու մարդկանց քրքջալու առիթ էր տալիս:
Իսկ երազելը հավիտենական հիվանդություն էր,
Որ գլորում էր քաղաքը
Իր իսկ երազանքից այն կողմ:

ՎԵՐՋՈՒՄ
Ես նվիրում եմ քեզ իմ ականջները,
Որովհետև նրանք շարունակ մաքրել են
ձայնիդ հնչեղությունը:
Ու հիմա բառերդ լսում եմ որպես
աղբյուրի ձայն,
Երբեմն էլ` ջրի կաթկթոց,
Որ լցվում է ականջներիս մեջ:
Ու ես հասկանում եմ,
Որ իմ ականջներից դուրս
Քո ձայնը կատարյալ չէ,
Եվ ոչ էլ քո մտքերը,
Որոնք շարունակ զտվել են իմ
ականջներում,
Ու հիմա ականջներս ոռնում են
կեղծիքից:
Ես կտրեցի ականջներս,
Հետո վերցրի վրձինը
Ու դրանց տեղում նոր ականջներ նկարեցի
(Վան Գոգը կապ չունի):

Առավոտյան ականջներս դարձել էին
առվակ,
Որի մեջ քո ժպիտը
Լողալու անհույս ճիգեր էր գործադրում:

***
Նորից կերպարանափոխություն,
Եվ թթվածինն այլևս շնչելու համար չէ:
Բառերը սառչում են օդում` չհասնելով
նշանակետին:
Ժամանակը քարանում է ձեռքերիդ մեջ,
Մարմինը դառնում է չծնված միտք:
Իսկ ես վախենում եմ,
Որ պոեզիան մի օր կդառնա միմիայն
մխիթարանք,
Բայց այն գոյություն ունի ամեն ինչից
անկախ:
Ես ստիպված եմ անցնել ճանապարհով,
Որում աղմուկն ու լռությունը
Նորից իրար են խառնվել,
Իսկ լույսը քարացած կրակն է,
Որ ձգտում է դեպի ինձ:

Բայց ես մարմին չունեմ…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։