Հովիկ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ԱՅՍ ՀՈՂՄԱԾՈՒՓ ԴԱՐՈՒՄ
Այս հողմածուփ դարում,
Այս անարդար,
Անճար,
Չար աշխարհում,
Ուր խելագար հողմերն են դեռ պարում…
Զո՛ւր ես, հոգի՛ս, դու քեզ
Գանահարում:

ՀԱՅԱՍՏԱՆ
Վաղնջական երգ է,
Վառ գալիքի եռք է
Հայաստանը:
Ցավին նման չունի,
Աստվածների տունն է
Հայաստանը:
Փոքր է արևի պես,
Խորն է, երկինքն ինչպես,
Հայաստանը:
Լուսե Մասիս սար է,
Հավերժի համար է
Հայաստանը:

ՀԱՅՐԵՆԻՔ
Դու տուն ես հայրենի,
Այգին ես մեր ծաղկած,
Ես երակն եմ քո մի,
Ես դռնակն եմ քո բաց:
Դու հող ես, տուն ու հաց,
Ես աչքն եմ քո արթուն,
Ես խոփն եմ քո կռած,
Հորովելն եմ հանդում…
Դու դարերի փորձով
Քո ճամփան ես հարթում,
Ես գալիքիդ բոցե
Նժույգներն եմ պայտում:

ՃԱՄՓԱՆԵՐԻՍ ՎՐԱ
Ճամփաներիս վրա
Կայծակներն են շաչել,
Անհաշտ մրրիկներն են
Իմ ճակատին խաչվել…
Ցավի ու դառնության
Գեհենով եմ անցել,
Սակայն իմ սուրբ ճամփից
Երբեք ետ չեմ դարձել:

ԳԼԽԻՍ ՀԱՎԵՐԺԱԹԱԳ
Տրորել են բազում
Դարերն ինձ դժնդակ,
Բարձրացել եմ շուքով
Ու կանգնել եմ շիտակ…
Հայոց գահն եմ ելնում՝
Գլխիս՝ հավերժաթագ:

ԵՍ ՔԱՅԼՈՒՄ ԵՄ
Տունս դարձրին հրո ճարակ,
Հրդեհեցին արտս հասուն,
Սառեց արցունքն իմ աչքերի՝
Իբրև երկնի վիշտ ու ցասում…
Սարերի չափ ցավեր բերող
Բարբարոսներ եկան, անցան…
Ծառս շուքով հասակ առավ,
Հերոսնե՜րս անմահացան:
Այս էլ քանի հազար տարի
Ես քայլում եմ՝ Լյառն իմ դիմաց,
Տեսնես ե՞ս եմ աշխարհին պարտք,
Թե՞ աշխա՜րհը ինձ պարտք մնաց…

ԵՐԲ ԱԶԱՏՎԵՔ
Երբ ազատվեք չարությունից ձեր միջի,
Նոր կտեսնեք իմ զորավոր սուրբ խաչը,
Դուք դեռ կգաք՝ համբուրելու իմ աջը…
Երբ ազատվեք չարությունից ձեր միջի:

ԱՅՆՊԵՍ ՇՈՒՏ Է ՀԻՄԱ ԻՐԻԿՈՒՆԸ ԻՋՆՈՒՄ
Այնպես շուտ է հիմա իրիկունը իջնում,
Այնպես սառն է դուրսը, անհրապույր,
Այնպես հաճախ եմ ես
հորն ու մորս հիշում,
Այնպես կարոտում քեզ,
իմ անուշիկ, իմ քույր:
Թվում է, թե հիմա մեր տան
ճամփան բռնած՝
Անվերադարձ պիտի գամ ու մնամ,
Ի՜նչ գործ ունեմ մեջը օտար մարդկանց,
Օտար խաղերի մեջ ինչպե՞ս մնամ…
Թվում է իսկապես՝
կյանքը վախճան չունի,
Վախճան չունի անգույն տառապանքը,
Թվում է իսկապես՝ երկինքը անհունի
Ծուղակն ընկած սրտի հառաչանք է:
Թե ինչ եղավ ինձ հետ, ի՞նչ կատարվեց,
Փոփոխվեցին գույներն իմ հոգեթով,
Կյանքի հոգեզմայլ
բուրմունքն անէացավ,
Պարտվում եմ իմ շահած հաղթանակով:
Այնպես ցուրտ է հիմա, անհրապույր,
Այնպես շուտ է հիմա իրիկունը իջնում,
Քո ջերմությանն այնպե՜ս եմ կարոտել
Ու քո լույսին, հայրական իմ սուրբ տուն:

ԽԱՉԵՐ
Խոր նայիր այս երկնքին լուրթ,
Նա տեսել է, թե ինչե՜ր է
Պահել խոցված իր կրծքի տակ
Հողը այս սուրբ,
Վիհերը մութ…
Նա պահել է աչք-ունկի մեջ
Ճիչե՜ր,
Կանչե՜ր
Ընկնող
Խաչե՜ր,
Ջարդվող
Խաչե՜ր…
Ու ամեն տեղ
Թեքվա՜ծ,
Բեկվա՜ծ,
Անեծքի պես
Երկինք հառած,
Դաժան աշխարհն
Արհամարհած
Խաչե՜ր,
Խաչե՜ր…
Խոր նայիր այս երկնքին լուրթ,
Որպես աստղը վաղնջացոլ՝
Սիրտդ նետիր երկինքն ի վեր…
Խարույկ վառիր
Վիհերում մութ
Հիշողության անձավներում,
Ձորերում ցուրտ
Խարույկ վառիր,
Ժամանակդ
Խաչիր քարին
Ու տե՛ր կանգնիր
Քո խաչքարին:

ՊՈԵՄ ԶԻՆՎՈՐԻ ԵՎ ՆՐԱ
ՀԻՎԱՆԴ ՄՈՐ ՄԱՍԻՆ
Հիվանդ է մայրը զինվորի,
Հիվանդ է և հողն հայրենի,
Մեկ կռվում է մոր ցավի դեմ,
Մեկ՝ թշնամու նենգ դավի դեմ…
Քաջ զինվորը՝
Մորն իր պաշտող
Որդին բարի,
Լուռ թեքվել է մոր սնարին,
Ու մոլորվել՝
Ո՞ր կողմ գնա, ինչպե՞ս անի:
Մայրը տխուր նայեց որդուն,
Տեսավ որդու մազերին ձյուն,
Ասաց.
– Տղաս, ես՝ գնացող,
Հասիր, փրկիր
Մեր տունն ու հող:

ՊԱՆԴՈՒԽՏԻ ՑՈՒՊԸ
Պանդուխտի ցուպը կրկին վեր առել
Քո սև օրերից ո՜ւր ես փախչելու,
Սատանան ոսկե ձեռքը երկարել,
Լսում ես նրա գայթանքը հլու…
Մարտում թողնում ես եղբորդ մենակ,
Մոլախոտի մեջ՝ պարտեզդ, այգիդ,
Ոսկե սարեր են խոստանում հեռվում,
Որ տեր չդառնա Ոսկե սարերիդ:
Ջարդում եմ ահա ցուպն այդ դավաճան,
Պանդուխտի ցուպն այդ,
մեզ մեզնից վանող,
Հազար ողջո՜ւյն քեզ, օջախ հայրական,
Փա՜ռք որդիներիդ՝ Հայրենիք պահող:

ՎԱ՜Յ ՔԵԶ
Վա՜յ քեզ… հույսդ թե դնես
Այս շփացած խևերին,
Այս տնաքանդ, տնավեր
Խոր խավարի դևերին…
Վա՜յ քեզ, հույսդ թե դնես
Օտարամոլ ամպերին,
Մի տես ովքե՜ր են նստել
Նժույգներիդ թամբերին…
Աստծո պատի՞ժ է արդյոք,
Թե՞ հաղթել է սատանան,
Մասիսը լուռ, մտախոհ,
Լուռ են Մուշն ու Ադանան:
Ոգեղեն սուրբ մի աշխարհ
Սպասում է կարոտով,
Խառնվել են մեկ-մեկու
Ե՛վ խաչ, և՛ սուր, և՛ աթոռ…

ՆՈՒՅՆՆ Է
Ցավը նույնն է
Դավը նույնն է
Դառը՝ նույն:
Գավը նույնն է,
Գինին նույնն է,
Համը՝ նույն:
Այն, ինչ տեսաք
Ու ապրեցիք,
Մե՜ծ հայրեր,
Ամոթ ծածկող
Միայն
Տերևն է փոխվել:
Երկինքը՝ նույն,
Տարին նույնն է,
Դարը՝ նույն,
Բարին նույնն է,
Դարի
Դևերն են փոխվել:

Ո՞ՒՐ ԵՆ ՏՂԱՆԵՐԸ
Ո՞ւր են տղաները,
Որոնց թեժ կրծքի տակ
Լավայում էր սերը,
Կարոտն՝ հայրենի տան…
Նրանք նվիրումով մարտի ելան,
Օրհնանքով հայրենի
Հավատով՝ Մայր լեռան…
Ո՞ւր են տղաները՝
Ազնիվ,
Արդարամիտ,
Թշնամու դեմ կանգնած
Աներեր,
Աննկուն.
Վայելչության բոլոր
Հմայքները թողած,
Պսակվեցին զենքին,
Զենքը՝ նրանց:
Ո՞ւր են տղաները. ո՞ւր գնացին,
Նրանց արծվենի հայացքի տակ,
Նրանց առյուծային սրտի բաբախյունը
Հայ մանկանց մայրական սուրբ կաթի հետ
Ամրացներ պիտի ոսկորները մանկանց,
Ո՞ւր են նրանք…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։