ՀՐԱՆՈՒՇ

ԴԱՐՁ
Երբ անձրևաջրերը հողի տակ խառնվեն մարմնափոշուս,
Եվ ինձանով սնվող ծառը հզորանա,
Ես ավիշներով կբարձրանամ վեր,
Կդառնամ շունչը, ոգին նրա:
Մի գավաթ սառը շաղ կըմպեմ,
Պատուհանից կհետևեմ,
Թե իմ տանը ովքեր են ապրում,
Եվ ինչպե՞ս են նրանք հիմա:
Կնայեմ վեր, կժպտամ մեղմ,
Արևիս կասեմ՝ ես եկա՜…
Անդրաշխարհներն իմը չեն,
Բնույթս ծաղկումն է, սլացքը` խենթ,
Ինչ ունեմ՝ Երկրում չէ, Երկնքում է,
Ի՞նչ ասեմ, ինչպե՞ս ասեմ էլ:
Ես այստեղ միշտ հյուր եմ՝
Տևողությամբ ժամանակի մեկ շնչառության,
Որքան էլ գլխապտույտ արագությամբ փոխակերպվեմ,
Մնալու եմ Երկնքին հոգեհմա…
Իսկ դու ասա, որ կարոտից շնչահեղձ ես լինում,
Իսկ դու պարզիր թևերդ,
կանչիր ինձ՝ ե՜կ
Եվ երբ փարվենք, ասա՝ մնա՜,
Ասա՝ մնա՛, չգնա՛ս էլ…
ՏԵՐԵՎ
Ես այսօր տերև եմ՝ կորացած, թևաթափ, ուսերս՝ կախ,
Վերից անդադար թափվող սառը շիթերից պաղած հոգով,
Քամիների սառցե մտրակներով գանահարված:
Շատ վաղ սերտեցի որբությունը, կեղեքվելը, չսփոփվելը,
Տափի անհագ տոչորումն ու հեղձուկը հեղեղումների
Ի՜նչ վաղ սերտեցի…
Եվ երբ թավիշս ձաղկահարումներից
Փոխակերպվի հագեցած, հիացնող երանգների,
Կանեմ բաժանումի մի ճոխ շքահանդես…
Լույսի շողն էլ չի ջերմացնում մարմինս,
Երազներս, Արևի հանդեպ հավատս՝ մեռ…
Ինձ տրված է ապրելու,
Չէ՛, ավելի ճիշտ ՝ տանջահարվելու
Մի գարուն, մի ամառ,
Իսկ աշնան կեսերին…
Աշնան կեսերից չեմ լինի էլ:
ԱՅՍ ԳԱՐՆԱՆԸ
Այս գարնանը չծաղկեցիր, հաղարջենի՛ս,
 Տերևներդ չզուգեցիր նուրբ թերթերի
Զարդանախշով արևագույն,
Մեղուները չեն այցելի այլևս քեզ,
 Առէջքներիդ նեկտարի մեջ
Չեն թաթախի իրենց լեզուն:
Չծաղկեցիր, չծաղկեցիր, հաղարջենի՛ս,
Ամռան կեսին քո ճյուղերից
Հակինթները չեն շողշողա ուլունք-ուլունք,
Բայց մի թռչուն, ճյուղիդ նստած, կգեղգեղա
Մորմոքներիդ, ցավիդ մասին,
Որ կրում ես առանց արցունք,
Կգեղգեղա սիրո մասին,
Ինչպես նաև սպասումը այլ ծաղկունքի,
Դեռ ապրիլն է, ու բալենին իր ճյուղերից
Թերթիկներ է քեզ նվիրում արբեցումի,
Ու երկնային օվկիաններից անրջային
Աստղաբույլեր է պարգևում
Երկինքը քո սրտին տխուր…
Եվ մայիսյան լոգանքները աստվածային
Քեզ կամոքեն հովի մեղմիկ գգվանքներում,
Դու կժպտաս լուռ ու պայծառ,
Համբերի՛ր, քո՛ւյր…
ԱՆՁՐԵՎ
Ես խենթանում եմ անձրևի համար,
Սիրում եմ նրա ձևերը բոլոր.
Երբ ձյունախառն է, երբ միալար է
Եվ երբ տարափ է ծիածանազոր…
Տեսնես ինչո՞ւ են անձրևաորդերը
Հողից դուրս խուժում հենց այդ ժամանակ,
Երբ մայիսյան է՝ ծաղկունքի բույրով,
Եվ ամառային՝ ծիրանահամբույր,
Ու որ աշնանը կարոտով հրկեզ՝
Խաշամն է գրկում արցունքներով լի,
Ի՜նչ անուշ բույր է, որ չեմ հագենում,
Դառնում եմ  նրա հյուլեն երբեմնի,
Ամպը չի գոռում որոտով ահեղ,
Միայն թափվում են կաթիլները լուռ,
Ու թրջվում է իմ զգեստը նոր,
Կարծես ես չկամ, անէանում եմ,
Ես խենթանում եմ անձրևի համար,
Ձայնում եմ նրան՝ ե՜կ, էլի՜, էլի՜…
ԾԱՌ
Ամառ է՝ մոլեգին քամիներով, կարկտաշա՜տ, անձրևաշա՜տ,
Արև չտեսած մրգերը մնացին խակահամ-թթվա՜շ,
Շատերի մարմնին՝ սև, ծեծված հետքեր,
Մնացածները թափվեցին ծառից,
Մնացածներին խորշակը տարավ:
Հզոր երկնահասս, բախտակիցս,
Մենավոր-հպարտս, խոնարհ-խոհո՛ւն ծառս,
Գիշերվա սարսափը, կործանվելու վախը
Կոտրվեց քո վրա,
Մտքովդ չանցածը դու ապրեցիր, ավա՜ղ,
Ու շոյանքը քամու քեզ հարկավոր չեղավ:
ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ
Անկողնուս մեջ մի մարմնաչափ տեղ է հարկավոր ինձ՝
Չմեկնվելու, կծկված պառկելու համար,
Ծնկներս՝ ծալած, ձեռքերս՝ միացված կզակիս տակ,
Ցավերս եմ սեղմում իրար:
Այսպես խաղողի փաթաթված տերևներն եմ  սեղմում շշերի մեջ՝
Հնարավորինս ամո՜ւր-ամո՜ւր.
Պահպանվում են, դիմանում են, դիմանո՜ւմ եմ,
Կարևորը՝ պատը, որ թույլ չի տալիս ընկնել
Ու ցնորումներս է պատնեշում:
Փողոցի շունը խոտերի մեջ պառկել է ինձ նման,
Թաթերը դնչի տակ՝ ցավերն է կծկում,
Մեկ շաբաթ առաջ են ստերջացրել,
Հարևանի կերած-խմած ցմփոր տղան
Ոտքով ուժեղ խփեց նրան. փորի տակ,
Հենց փորի տակ՝ ընդամենը հաչելու,
Շատ սովորական հաչելու համար:
Շունը, որ կաղում է նաև,
Ցավո՜տ-ցավոտ, վհատ աչքերով,
Չունի հենակ և չունի պատ…
ԱՆՔՆՈՒԹՅՈՒՆ
Ամբողջ գիշեր լուսնոտի պես
Մտքերս, զորագնդերի բաժանված,
Ձեռնոց են նետում միմյանց:
Որպես ոխերիմ թշնամիներ՝
Հոշոտում են իրար և չեն խաղաղվում:
Դե՛ եկ ու լուսաբացին
Զոհերին երկինք ուղարկիր,
Վիրավորներին դարման արա,
Խռովածներին հանդարտեցրու,
Որ խաղաղվես,
Որ անքնությունից արթնանաս:
ՈւՇԱՑԱ
Մի քիչ ուշացել եմ կյանքից,
Շատ չէ, մի քիչ, այն ուղևորի նման,
Որ կայարանից տեսնում է,
Թե ինչպես է իր գնացքի վերջին վագոնը հեռանում…
Գնացքս հեռացել է,
Բայց ես լսել եմ սուլոցը նրա,
Եվ հեռացո՜ղ- հեռացող
Անիվների դղրդյունը խլաձայն…
Օ՜Հ
Երբեմն ինձ հիշեցրու այստեղ գտնվելուս շարժառիթը՝
Ըստ մեր պայմանավորվածության…
Երբ այն մոռացության է մատնվում,
Խոփս ջարդվում է քարաժայռերից,
Պաղ անձևներից, հողմերից:
Անհաղորդ հայացքներից ճաք է տալիս հավատս,
Եվ հույսս դալկանում է դանդաղ:
Անպատասխան ինչուները
Անզորության պսակ են դնում ճակատիս,
Ու հեղձուկում ճահճային
Քիչ է մնում խորտակվեմ,
Խորտակվեմ իսպառ…
Ազդակնե՛ր տուր ինձ, Բարձրյա՛լ,
Հիշեցրո՛ւ  Օրը հատուցման,
Օրը հաղթության, որ իմանամ՝
Արդարացված են ցավ ու տանջանքներս,
Տառապանքներս անտակ,
Խենթացումնե՜րս, ցնորումնե՜րս…
Օ՜հ, հիշեցրո՛ւ երբեմն,
Որ այրումից չպարպվեմ,
Որ չլինեմ ինքնահրկեզ, որ դիմանա՜մ:
ԱՆԶՈՐՈՒԹՅՈՒՆ
Ես՝ հեչ, Հայրենի՜քս, Հայրենի՜քս,
Այսքան էլ ո՞րբ, այսքան էլ խեղվա՞ծ,
Մեջքից զարկված, պարտված, թշվառ…
Արարատի, Էրգրի տենչն,
Ամուր կամքը վերադարձի՝ անիրակա՞ն…
Ինչպե՞ս վարվեմ…
Մռավ լեռը, աշխարհն Արցախ,
Բարուրի մեջ փաթաթել եմ,
Օրորում եմ հոգուս ճոճքում
Ու բարուրից ճերմակաթույր
Կարմիր-կարմիր ցավ է կաթում…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։