Խորը ցավով հայտնում ենք, որ կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, դրամատուրգ, երգիծաբան Սամվել Խալաթյանը: Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում Ս. Խալաթյանի հարազատներին և գործընկերներին։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹԱՏԵՐԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ
Նրա պատմվածքների ժողովածուներից մեկը «Անվավեր ժպիտներ» էր վերնագրված: Իսկ նրա ժպիտը ավելի քան «վավերական էր»: Այդ ժպիտը՝ հումորի թեթև ընդմիջարկումով, ոչ ագրեսիվ սատիրական առկայծումով հաճախ էր լուսավորում նրա դեմքը, նաև՝ նրա բազմաժանր ստեղծագործության էջերը:
Սամվել Խալաթյան գրողը, արձակագիրը, հրապարակախոսն ու բանաստեղծը թատրոնի մարդկանց համար եղել է ու կմնա որպես դրամատուրգ: 30 պիեսների մոտ 80 բեմադրություն Երևանի ամենահեղինակավոր բեմերում, ներկայացումներ Կապանի ու Գյումրու, Արտաշատի ու Հրազդանի, Ստեփանակերտի ու Թբիլիսիի թատրոններում, տարբեր տարիներին առաջնախաղեր Սփյուռքի թատերական խմբերում՝ Հալեպում, Լոս Անջելեսում, Քյոլնում…
Բայց նրա գլխավոր քաղաքը Վանաձորն էր, իսկ գլխավոր թատրոնը՝ Վանաձորի Հ. Աբելյանի անվան Դրամատիկական թատրոնը, որտեղ բեմադրվում էին նրա պիեսները, որտեղ նա աշխատում էր ժամանակին որպես գրական մասի վարիչ, իսկ մինչև վերջին օրերը գեղխորհրդի անդամ էր: Շահվերդյանական օրհնյալ ժամանակներում ոչ մի այցելություն Վանաձոր ու թատրոն անկարելի էր պատկերացնել առանց Սամվել Խալաթյանի ներկայության: Առանց նրա ժպիտի: Առանց դիպուկ ու սրամիտ դիտողությունների: Առանց նրա գրավիչ պատմությունների, որոնք խնջույքի սեղանի շուրջ թափվում էին, ասես առատության եղջյուրից՝ նա անկրկնելի պատմող էր: Ու երբեմն մտածում էիր՝ իսկ գուցե իզո՞ւր է հրաժարվել դերասանական կարիերայից, որը կայանալու էր հենց Վանաձորի թատրոնում:
Բայց Դեմիուրգի, Դրամատուրգի, Հեղինակի ճակատագիրը նա գերադասեց դերասանական դերին ենթակայությունից: «Հողի ու ճակատագրի» դրամատուրգիան նա կարողանում էր կառուցել անսպասելի ու պարադոքսային, օրվա դինամիզմով: Ու հենց այդ օրից էին բեմ մտնում նրա կերպարները՝ սրամիտ հորինված, բայց ակնթարթորեն ճանաչելի:
Ժամանակաշրջանների ու ոճերի այս միացման մեջ է Սամվել Խալաթյանը փնտրում ժամանակը, որում բարին ուժեղ է չարից, իսկ գլխավոր հարցերի պատասխանները, ի վերջո, գտնվում են: Այդ հարցերի փնտրտուքով են տառապում «40 օր համբառնալուց առաջ» պիես-ֆանտասմագորիայի կերպարները, իսկ պիեսում սոցիալական ամենատարբեր շերտերի ներկայացուցիչներն են, որոնք հայտնվել են Քավարանում… Հեղինակային վերջին ռեմարկը. «…Հնչում է զուռնան: Գերեզմանատուն են մտնում հարսին ու փեսային շրջապատած ցնծացող ու պարող հարսանքավորները: Հիացական ճիչեր: Հյուրերի մեջ են հայտնվում նաև մեր հերոսները: Հարսանքավորների ետևից գալիս է սգո թափորը՝ մարդիկ մի ձեռքով բռնել են ուսերին դրած դագաղը, մյուսով պարում են…»: Սա համարյա Կուստուրիցա է, համարյա Դանելիայի «Մի վշտացիր»-ն է, և սա Սամվել Խալաթյանի բացարձակ օրգանական աշխարհընկալումն է, նրա մարդկային ու ստեղծագործական հավատամքը՝ մի վշտացիր, ծիծաղիր, որպեսզի լաց լինելու ժամանակ չմնա… Իզուր չէ, որ նրա «Վերջին ծաղրածուն» պիեսը SIBIU միջազգային թատերական փառատոնում համարվել է 2004 թվականի լավագույն պիեսներից մեկը և անգլերեն ու ռումիներեն լեզուներով հրատարակվել Եվրոպայի տարվա լավագույնը ճանաչված դրամատուրգների Անթոլոգիայում։
Սամվել Խալաթյանի վերջին ժողովածուն, որտեղ ներառված է 13 պիես, նույն վերնագիրն ունի, ինչ Արցախի հերոսներին նվիրված պիեսը՝ «Հրամայված է ապրե՛լ», որտեղ նորից ու կրկին նույն տանջալից հարցերն են:
«Հրամայված է ապրե՛լ»,- կոչ է անում Սամվել Խալաթյանը: Մենք շատ ենք զգալու նրա ժպիտի ու նրա պիեսների պակասը: Իսկ գլխավորը՝ շատ ենք զգալու նրա՛ պակասը…
Սոնա ՄԵԼՈՅԱՆ
ՀԹԳՄ քարտուղար
Խորը ցավով հայտնում ենք, որ կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, դրամատուրգ, երգիծաբան Սամվել Խալաթյանը: Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում Ս. Խալաթյանի հարազատներին, բարեկամներին և ընթերցողներին։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ
***
Մեր մշտական երկխոսությունը արվեստի ու դրամատուրգիայի մասին չի ավարտվում, իմ սիրելի՛ պարոն Խալաթյան: Իր տեսակը բերած քո դրամատուրգիային էլի ու էլի կանդրադառնանք, զրույցը կշարունակվի գրականագիտության տիրույթում, բայց այս անգամ առանց քո շռայլած հիացմունքի խոսքերի, առանց ավելորդ շնորհակալությունների: Վանաձորի մեր պետթատրոնի ամենաերկարակյաց ներկայացման՝ «40 օր համբառնալուց առաջ» տրագիկոմեդիան կրկին կապված է քո անվան հետ: Հատկապես Վանաձորի ու Լոռու ամենավառ գույներից մեկն էիր տասնամյակներով, հումորի վարպետն էիր, սրամտության ու սարկազմի հրավառություն էր, որտեղ ներկա էիր, քո երգիծաբանի հեգնանքը, այո՛, ցավ էր պատճառում որոշ մարդկանց, որովհետև ենթատեքստում հիշեցնում էիր մարդկային ինչ-որ կարևոր հատկանիշի կորստյան մասին, իսկ արձակում ու, մասնավորապես, դրամատուրգիայում բեմը իմացողի հմուտ տեխնիկայով փայլեցիր հատկապես կենցաղային կատակերգություններում ու դրամաներում՝ խոսելով ոչ թե «մեծամեծերի», այլ՝ հասարակ, սովորական մարդու սրտից ու անունից: Պահպանում եմ բոլոր այն հետաքրքիր նամակները, որ գրում էիր, երբ զինվոր էի… Վերջին պիեսդ, ափսոս, կիսատ մնաց, շատ էիր ոգևորված խոսում այդ պատմական գործի մասին… բայց թողածդ քիչ չէ և էլի կգտնի իր բեմադրիչին ու հանդիսատեսին: Ամեն հարցում չէ, որ կարող էինք համաձայնել քեզ հետ, բայց դա խոսում էր քո անհատականության մասին, իսկ հատկապես վերջին տարիներին փորձում էիր մեղմ լինել անգամ հումորներիդ մեջ… Բանավոր խոսքում քո անգերազանցելի սրախոսություններն ու ինքնահեգնանքը, քո և քո սիրելի տիկնոջ մասին սպանիչ հումորները, քո անցած գրողական ու լրագրողական պատկառելի վաստակն, անշուշտ, խորին գնահատանքի են արժանի: Բարի հիշատակ քեզ, իմ սիրելի՛ գրչընկեր…
Խալաթյանի բանավոր սրամտությունները հաճախ գերազանցում էին գրավոր խոսքին, իսկ թատերագրական տիրույթում նոր շերտեր բերեց կենցաղային դրամատուրգիա, իսկ դրամաներում հույզի լեզվով խոսեց… Իր «Արտավազք» քաղաքական սատիրայում խաղում եմ գլխավոր՝ Արտավազդ արքայի դերը: Ամեն ներկայացումից հետո մոտենում էր, ձեռքս սեղմում ու ասում. «Մոնոլոգդ փրկում, ամեն ինչ տեղն է գցում էս ներկայացման մեջ…»: Ահա քեզ սթափ ինքնագնահատման կուլտուրա: Իսկ Արտավազդ արքան մեռնելու չափ դառնացած է, թե իր ժամանակի հզոր Հայաստանից այսօր ինչ են թողել…
Էլֆիք ԶՈՀՐԱԲՅԱՆ
Խոսք հիշատակի
Բնությունը տաղանդով ու բազում շնորհներով օժտեց Սամվել Խալաթյանին: Նա թողեց հարուստ ժառանգություն և ինքնատիպ ձեռագիր հայ գրականության ու ազգային մշակույթի, հատկապես՝ դրամատուրգիայի և թատրոնի բնագավառներում: Իմ լավ բարեկամ, երկար տարիներ մարդիկ կկարդան Ձեր գրքերը, բանաստեղծությունները, պիեսներն ու դրամաները, մասնագիտական խորը վերլուծությունները, ակնարկները, մտորումները: Դուք, որպես հայոց հողի վրա ամուր կանգնած մտավորական, օգնեցիք ապրել մարդկանց՝ հանուն գեղեցիկի, գաղափարի և նպատակի: Ինձ բախտ է վիճակվել գործընկերոջ և մտավորականի հաց կիսել Ձեզ հետ, հպարտանալ՝ տեսնելով, թե Ձեր ներկայությունը ինչպիսի մեծ բովանդակություն է հաղորդում յուրաքանչյուր միջոցառման: Խոսքը վերաբերում է նաև իմ միջոցառումներին, և ոչ միայն Վանաձոր քաղաքում: Դու եղել ես և կշարունակես լինել այն մտավորականը, որ գործով պայքարում է, որպեսզի Հայոց պատմական հողում բացառվի հոգու սովը: Երկնային արքայություն քեզ, բարեկամս…
Կորյուն ԱՌԱՔԵԼՅԱՆ