ՎԱՀՐԱՄԻ ՄԱՍԻՆ
Արվեստագետի կյանքի աղբյուրը սերն է: Նրա կյանքի պատմությունը` սիրո մի հեքիաթ: Եվ արվեստագետն էլ իր հերթին մարդկանց սեր է տալիս, շա՜տ սեր, անսահմա՜ն սեր…
Վահրամ Թաթիկյանը Երգի ու Սիրո ասպետ էր: Նրա բազմաթիվ տաղանդների մասին դեռ շատերը կպատմեն, քանի որ Վահրամ-արվեստագետը, գիտնականը և հասարակական գործիչը դեռևս ճանաչվելու և գնահատվելու կարիք ունի:
Ես ուզում եմ պատմել Վահրամի Երգի մասին: Այնպես, ինչպես ես եմ զգացել: Իննսունականների սկիզբն էր: Ձմեռային մի օր, երբ հատկապես մութ էր ու հատկապես ցուրտ, իմացա, որ Վահրամի համերգն է լինելու: Ընկերոջս հետ շտապեցի համերգասրահ: Միայն Վահրամն էր առանց վերարկու: Վերցրեց կիթառը, շփեց ձեռքերը, հարմարվեց աթոռին ու… ծորաց Երգը: Վահրամի ձայնի թրթիռները գլորվեցին բեմն ի վար, խառնվեցին հանդիսատեսի հոգուն ու ձուլվեցին օդի հյուլեներին: Ու տաքացավ դահլիճը, ջերմացան մեր բջիջներն ու հոգիները Վահրամի երգից`
Ամեն մի փաթիլ, անվերջ
կխտացնի սեղմ, ժլատ,
Ձմեռները, որ անցան ու
հալվեցին լուռ, անձայն…
Ձյուն-ձյուն հուշերի, անձայն
վշտերի ձյուն-ձյուն…
Վահրամի երգած ձյունն անգամ ջերմացնում է… Եվ այնքան տաքություն կա այդ արտաքուստ տխուր տողերի արանքում:
Վահրամն անմնացորդ տվեց մեզ իր հոգու ողջ ջերմությունը: Այդպես մայրը զավակին իր սերն է տալիս, այդպես ծիրանենին մեզ իր պտուղներն է տալիս…
Վահրա՛մ, սիրելի՛ Վահրամ Թաթիկյան… Վահրա՛մ ջան, բայց դու այնքա՜ն ունեիր մե՛ր սիրո կարիքը, որ մենք այդպես էլ չհասցրեցինք կամ ալարեցինք տալ քեզ: Երևի դրանից տրտմեց քո հոգին ու որոշեց աշխարհափոխվել` մեզ թողնելով քո հոգեպարար երգերը: Երգեր, որոնք մոգական լապտերիկի պես մեզ Սիրո ու նվիրումի ճանապարհն են ցույց տալու:
Ների՜ր մեզ, Հարդագողի ճամփորդ: Վայելի՜ր քո վաստակած խաղաղությունը:
Դավիթ ԽԱՉԻՅԱՆ
ՀԵՌԱՑԱՎ` ԱՇԽԱՐՀԻ ԱՄԲՈՂՋ
ԿԱՊՈՒՅՏԸ ՍՐՏՈՒՄ…
Վահրամ Թաթիկյանին ճանաչում էի դեռևս Սուսաննա Բաբայանի գրական խմբակի տարիներից: Ամենից աչքի ընկնող սաներից մեկն էր Վահրամը` նախ և առաջ իր գրական բեղմնավորությամբ` պարապմունքի էր գալիս միշտ մի որևէ նոր գրվածքով, ընդ որում` ոչ միայն պատմվածք, այլև վիպակ: Ու նաև խոսում էր մաքուր գրական հայերենով, որ պահեց մինչև կյանքի վերջը, որովհետև դա ամենևին ցուցադրական չէր իր դեպքում, այլ էություն և դաստիարակություն, ինչը բնական էր Շահեն Թաթիկյանի ու Շաքե Վարսյանի զավակը լինելու պարագայում:
Տաղանդավոր արձակագիր էր, մեծ ու ռոմանտիկ երազանքներ ուներ, 1969-ին լույս տեսած պատմվածքների ժողովածուի վերնագիրը պատահական չէր ընտրված` «Աշխարհի ամբողջ կապույտը»: Դեռ պատանեկան տարիներից Վահրամի մեջ հստակորեն ձևավորվել էր նաև ազգային արմատներին, պատմությանը, դարերից եկող հոգեկան, մտավոր ու գեղարվեստական արժեքներին հավատարմության դավանանքը: Այդ են վկայում «Նախահայրեր ենք ամենքս էլ» (1976) վիպակը, նրա ավելի քան չորս տասնամյակի նվիրումն ու գործունեությունը հայ տոհմական (մասնավորապես, Արցախի և Սյունիքի) գորգարվեստի հետազոտությանը, որի արդյունքներով հրատարակեց բազմաթիվ հոդվածներ ու գրքեր: Հատկանշական է, որ նա այդ ամենն անում էր ոչ թե գրասեղանի առաջ նստած, այլ օրերով, ամիսներով ու տարիներով շրջելով Հայաստան աշխարհի տարբեր բնակավայրերում, հայտնաբերում, գրանցում, լուսանկարում, գիտականորեն նկարագրում հայկական գորգարվեստի հարյուր հազարավոր նմուշները: Եվ մարդիկ վստահում, ընդառաջում էին, որովհետև, ինչպես մի առիթով խոստովանել է Վահրամ Թաթիկյանը` «Ես ապրում էի նրանց հետ, մտերմանում էի, հոգիս էի բացում, բացատրում էի գորգի արժեքը, իրենց համար երգում էի, պառավների պատմություններն էի լսում, հետները թթի օղի էի խմում»: Այսօր այդ գորգերից պահպանվել է գրեթե մի հազար նմուշ, քանզի շատ դեպքերում արտահանվել են, օտարների կողմից յուրացվել ու համարվել իրենցը: Ցավոք, այդպես էլ չիրականացավ Վահրամ Թաթիկյանի երազանքը` չստեղծվեց հայկական տոհմական գորգերի պահպանման ու ցուցադրման կենտրոնը: Շարունակ պայքարում էր դրա համար, քանի որ համոզված էր` գորգը «ճառագայթող ոգեղենություն» է, և գորգ գործելն էլ «ինքնանպատակ չէ. այն հնարավորինս էթնիկ ինֆորմացիա պահպանել է նշանակում», «արմատների պահպանման խնդիր է»…
Վահրամ Թաթիկյանի 70-ամյակը լրացավ այս տարվա նոյեմբերի 14-ին: Դեկտեմբերի 16-ին, նրա վախճանից երկու օր անց` դեկտեմբերի 18-ին, լրացավ վերջերս նույնպես մեզանից հեռացած գրչակից ընկերոջ` բանաստեղծ Ղուկաս Սիրունյանի ծննդյան 70-ամյակը: Ահա թե ինչու հիշատակի այս փոքրիկ խոսքն ուզում եմ ավարտել Ղ. Սիրունյանի «Ծննդավայր» բանաստեղծության, կարծում եմ, այս պահին շատ բնորոշ տողերով.
…հասուն եմ արդեն,
անասելիորեն հոգնած, և աչքս առել է
մի փոքրիկ սրտառուչ, թափուր տեղի`
պապիս, հորս և մյուսների կողքին`
այս երկնքի հավերժական պատի տակ:
Պետրոս ԴԵՄԻՐՃՅԱՆ
ԱՆՊԱՐԱԳԻԾ ԵՐԳԻ ՈԳԻՆ
Հրաժեշտի այս սեղմ տողերի մեջ անհնար է պարփակել Վահրամ Թաթիկյան երևույթի ամբողջությունը:
Նրա շատ բանաստեղծություններում, որ գրեթե բոլորն էլ ծնվում ու երկրորդ կյանք էին առնում որպես երգ, հենց բնության հետ միաձույլ մարդու լայնարձակ էությունն է դրսևորվում: Բնության մեջ է, որ ազատորեն հոսում, թևածում, լող են տալիս տիեզերքից եկող շքեղ ձայները, գույները, լույսերը, բանաստեղծության ու երգի ոգիները:
Անհնար է հասկանալ նաև, թե Աստծու` Վահրամին տված շնորհներից ո՞րն է առաջնայինը, որը երկրորդային…
Նրա հազարավոր երգերի մեջ, որոնք բոլորն էլ անգիր հիշում էր, որո՞նք են, որ տարրալուծվում են մեր հոգիների մեջ, և որոնք են, որ դեռ մտածել են տալիս, քանի որ նրբաթել խոհական հյուսվածքներ են…
Վահրամը ծանոթ էր աշխարհի գրականությանը, երաժշտությանն ու երգարվեստին` Բախից մինչև Ժակ Բրել, Վիսոցկի… Երաժշտագետները ավելի ճիշտ կգնահատեն, բայց ըստ իս, սա է պատճառը, որ նրա հսկայածավալ երգացանկում դասականի մեղեդայնության ու թեմաների կողքին առկա է նաև քաղաքային երգարվեստը…
Նրա բանաստեղծության ու երգերի ծալքերում շատ է տխրությունը, իսկ նրա «հեքիաթը» «մաքրաթախիծ» է (բառ, որ ուրիշ տեղ չեմ հանդիպել): Բայց երբ նա երգում էր Զահրատի «Լուն», «Կիկոն», դահլիճը նրան ձայնակցելով ուշաթափվում էր ծիծաղից…
Վահրամ Թաթիկյանն էր, որ համարձակվեց դիմել մեր միջնադարյան բանաստեղծների աշխարհիկ թեմաներին, դրանք դարձրեց երգեր, ու ինքն էլ կատարեց միջին հայերենով, որ նույնպես քաջություն էր պահանջում: Ի դեպ` Հովհաննես Թլկուրանցին նույնպես իր քերթվածները երգի է վերածել, ու ինքն էլ կատարել է դրանք: Իսկ սեփական ձեռնարկի հանդեպ ի՜նչ համոզվածություն պետք է ունենար Վահրամը, որ երաժշտականացներ ու հնչեցներ Առաքել Սյունեցու «Ադամգիրք» ծավալուն քերթվածը:
1997 թ.-ին Չարենցի ծննդյան 100-ամյակին նվիրված հանդիսությունների մեջ իրենց շքեղությամբ փայլեցին Վահրամի երկու ծավալուն համերգները: Օպերայի և բալետի պետական թատրոնի համերգը ուներ «Երբ ես հին աշխարհը մտա» խորագիրը: Առաջին մասում ընդգրկված էր Չարենցի բանաստեղծություններով ստեղծված շարքը, իսկ երկրորդ մասը «Ասպետական» արտ-ռոք միստերիա-մոնոօպերայի յուրօրինակ բեմականացումն էր: Նրա երգեցողության հնչյունների տակ պարում էր Մարիա Թաթիկյանը: Երկրորդ համերգը կայացավ Կամերային երաժշտության տանը:
Վահրամը ոչ միայն սիրում էր իր Հայրենիքը, այլև ձուլված էր նրան… Հնագետի մասնագիտությունն ու արշավորդի բնույթն էին նրան տվել իր Երկրի ամեն մի թիզն իմանալու, ներբանով ու էությամբ զգալու երջանկությունը: Գիտեր մեր երկրի բոլոր վանքերն ու հնավայրերը, գիտեր սարերն ու դեպի բարձունքները տանող ճանապարհներն ու աղբյուրները… Մասնակցել էր մի շարք հնագիտական պեղումների… Այսպես նա սկսեց պեղել նաև մեր գորգարվեստի շտեմարանները, գրեց հայկական գորգերի մասին աշխատություններ, «Արցախի տոհմագորգերը» մենագրությունը (2004 թ.):
Դեռ որքա՜ն ուներ գրելու և երգելու…
Ալիս ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՎԱՀՐԱՄ ԹԱԹԻԿՅԱՆԻ
«ԱՍԿԵՏԱԿԱՆԸ»
70-ականների հին ու բարի երևանյան միջավայրը Վահրամ Թաթիկյանի երգն ուներ` Չարենցի, Պաղտասար Դպիրի, Ռուբեն Մելիքի, Ժակ Բրելի, Ազնավուրի և, իհարկե, հենց Ի՛ր հեղինակային խոսքերով: Մեր հիշողության պահոցները հիմա դրվագ առ դրվագ, հենց Վահրամ Թաթիկյանի առինքնող-հախուռն ու ազնիվ կերպարը պիտի որ մեզ վերադարձնեն` որպես այն օրերի միօրինակության հակակշիռ, որպես այսօր անհետացող սերնդի վառ անհատներից մեկի` պիտի որ հենց նրա ըմբոստ խոսքն ու խրոխտ երգը հիշենք, վերարժևորելու համար արվեստագետի ու ճշմարիտ մտավորականի նրա չափը:
Իսկ Վահրամ Թաթիկյանի հոգին սաղմոսերգուի պես էր ղողանջում ներսից: Նրա ձայնը` ասես հատուկ անմատչելի ծերպերի վրա դարեր առաջ կառուցված, գերեվարված ու անծես մնացած մեր վանքերի հիշատակները լույսի շողերի մեջ ողողելու համար էր, գմբեթների տակ տարրալուծվելով` վեր բարձրանալու, մարդկային ցեղի դառնությունն ու իր ազգի ողբերգությունը մեկտեղ հասցնելու համար Բարձրյալին.- Մի ափաչափ հեռավորության վիհից իր խցիկով լուսանկարած Անիի Սուրբ Մարիամ եկեղեցու պատկե՛րը վկա, իր աչքի նկատածն ու մտքի Ո՛րսը վկա, որ գիտելիք էր ազգագրության, պատմության, հայ մշակույթի, գորգանախշի ու գենի, ճաշակի, գեղագիտության ամենալայն ընդգրկումներով:
Հայոց զարթոնքի ու անկախության ակունքներում նրա խոսքն էր, նրա խրոխտ ձայնը, հետագայում` «երևանյան վիճակի» ու համատարած արտագաղթի, կյանքի աճուրդի ու վաճառվող արժեքների համար անհանգիստ: «Արյունս` թնդացած պատմության կարասում»,- այսպես էր հնչում իր երգի տողը` իր Ոգու, Երկրի ու Ցեղի միաշաղախ բաղադրությամբ փոխանցվելով իր բոցափայլ աչքերին, ձայնի թրթռացող թանձրությանը` այրական շեշտերով հոգու դռներ բացում և ամայացող տարածքներ էր կենդանացնում իր զավա՛կ-զավակների՛ հետագա կյանքի համար, Իր կերպարով` մինչև վերջ…
Վերջին տարիների ասկետական իր կերպարի մեջ անգամ` Վահրամ Թաթիկյանը չկորցրեց ասպետական առինքնումի իր այն կերպը, որով 18 տարեկանում իր առաջին երգը երգեց` Չարենցի տողերից ծնված: Հետո երգեց նաև Չարենցի «Ասպետականը»… Ի՛նքը ասպետորեն ապրեց… ու մնաց տերն ու պաշտպանը իր ոգեղեն տերունական տարածքների, որն այլևս ժառանգություն է: Ժառանգություն` հայ երգարվեստի, գրականության, մշակույթի առհասարակ, որը երբեք, երբե՛ք չի ցամաքելու:
Գոհար ԳԱԼՍՏՅԱՆ
One thought on “ՎԱՀՐԱՄ ԹԱԹԻԿՅԱՆ”