ԶԱՐԵՀ ԽՐԱԽՈՒՆԻ

ԶԱՐԵՀ ԽՐԱԽՈՒՆԻԶԱՐԵՀ ԽՐԱԽՈՒՆԻ
Ցավալի լուր հասավ Պոլսից` 89 տարեկանում վախճանվել է վերջին տասնամյակների հայ պոեզիայի ինքնատիպ դեմքերից մեկը` Զարեհ Խրախունին (Արթօ Ճիւմպիւշեան):
Զ. Խրախունին ծնվել է Կ. Պոլսում, 1926 թ. հոկտեմբերի 16-ին: Նախնական կրթությունն ստանալով Գաբամաճյան, Մխիթարյան վարժարաններում` 1951 թ. ավարտել է Կ. Պոլսի համալսարանը: Առաջին բանաստեղծությունները լույս են տեսել Մխիթարյան Սանուց միության «Սան» գրական ամսաթերթում: 50-ական թվականներին պաշտոնավարել է Էսայան, Կեդրոնական վարժարաններում` միաժամանակ շարունակելով ստեղծագործել: Պոլսահայ գրական նոր շարժման ներկայացուցիչների` Զահրատի, Ռ. Հատտեճյանի և այլոց հետ միասին, 1959 թվականից խմբագրել է «ԹՕ» գրական հանդեսը:
Անցած տասնամյակներին ծննդավայրում, հայրենիքում և արտերկրում Զ. Խրախունին հրատարակել է բանաստեղծական բազմաթիվ ժողովածուներ` «Քար կաթիլներ»-ից (1964) մինչև «Տօնականչ» (2010), որոնք բազմադարյա հայ պոեզիայի ավանդույթների յուրովի շարունակությունն են` կյանքի և մտածողության նոր, արդիական տեղաշարժերին ու չափումներին համապատասխան:
Կատարել է բարձրորակ թարգմանություններ` հատկապես ժամանակակից ֆրանսիական պոեզիայից: Իր երկերը ևս թարգմանվել են աշխարհի մի շարք լեզուներով` ֆրանսերեն, գերմաներեն, անգլերեն, վրացերեն, ռուսերեն և այլն: Նրա գրչին են պատկանում նաև արվեստագիտական, գրականագիտական ուսումնասիրություններ:
1989 թվականին արժանացել է Վազգեն Ա հայրապետի կոնդակին և Սուրբ Սահակ – Սուրբ Մեսրոպ շքանշանին: Արժանացել է Համազգային «Անահիտ» գրական, ՀԲԸՄ Ալեք Մանուկյան մշակութային հիմնադրամի, ֆրանսահայ գրողների «Էլիզ Գաւուքճեան – Այվազեան», «Հայկաշէն Ուզունեան» գրական մրցանակներին: Պարգևատրվել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալով և Թուրքիայի Հայոց պատրիարքության Ա կարգի շքանշանով:
2012 թ. ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով:
Հայրենաշունչ և ազատատենչ բանաստեղծի` Զարեհ Խրախունու կենարար արվեստը մշտապես ուղեկցելու է հայոց սերունդների երթը «դեպի աղբյուրը լույսի»:

Հայաստանի գրողների
միության վարչություն

Զարեհ ԽՐԱԽՈՒՆԻ

«Ախորժալուր ձայները չեն, որ կը շինեն երաժշտութիւնը, քաղցրահունչ բառերը չեն, որ կը կազմեն բանաստեղծութիւնը, գեղատեսիլ գոյները չեն, որ կը կերտեն նկարը: Իմա՛ստն է, որ կը բնորոշէ արուեստը: Իմաստը յարաբերութիւն մըն է` ձայներու, բառերու, գոյներու, ձեւերու, շարժումներու, եւայլն: Նո՛ր յարաբերութիւն մը մանաւանդ: Յարաբերութիւն մը, որ մեզի բան մը կ’ըսէ, բան մը կը թելադրէ, բան մը հասկցնել կ’ուզէ: Նոր բան մը` անսովոր, ինքնատիպ, անկրկնելի ձեւով մը տրուած»:

ԼԵՌՆ Ի ՎԵՐ
Այս այն լեռն է
Որ ամէնուս բիբին խորն է բեւեռուած
Որ ամէնուս մորթին տակն է – միս ոսկոր,
Որ ապրում է գոյութիւն է իրական
Ու երազ է առասպել է անսահման

Այս այն լեռն է
Որմէ կուգայ վճիտ ջուրի ուղխերու պէս արիւնը մեր երակին
Որուն կ’երթայ օդասլաց համբոյրի
պէս վերջին շունչը մեր կուրծքին

Այս այն լեռն է
Որմէ որքան կը հեռանանք այնքան կը զգանք թէ իրն ենք
Որուն որքան կը մօտենանք այնքան կը զգանք թէ ինչ ենք…
***
Կաղանդը դուռն է յոյսի.-
Ես իմ հաշւոյս
Ութսուն տարի սպասեցի որ բացուի.
Հիմա գիտեմ որ բաց է ան, բայց հեռուն…
Հարիւր տարի ալ կը սպասեմ որ մօտ գայ
Կ՚երթամ դէպի ապագայ:
Շարժուն լեռներ
Մէկ լեռ կայ որ կը սիրեմ –
Ոչ կը շարժի
ոչ կը քալէ
ոչ կը ցցուի
ոչ կ՚իյնայ
Այլ կը կենայ
Փոփոխական աստղերուն դէմ – երկինքին դէմ անոպայ
Յաւիտենի ահագնութեամբ հոյազանգ
Վսեմապանծ ու անխախտ:
Քայլեր
Քայլեր կ՚անցնին
Պատուհանիս ու դրանս առջեւէն –
Քայլեր կու գան
թեթեւ հնչուն
աճապարուած ծեքծեքուն
Քուն թէ արթուն
երազանքիս պաստառները կէտկիտած
Ըղձանքիս հետ
ամէն մէկուն վարդ ու մեխակ սփռուած –
Սակայն կ՚երթան
Կը հեռանան հետզհետէ թարթափուն
Ականջներուս շարելով
անվերջակէտ կախման կէտ…

Դուռս ոչ ոք
փափուկ ձեռքով ու գուրգուրոտ հպումով
կամ տիրական երեք զարկով հանդիսաւոր
Դուռս ոչ ոք մատնահարեց
Իսկ պատուհանս երբե՛ք
որ գոնէ ես
Յուզումնահար վազէի
Ու բանայի լոյսին առջեւ
բախտին առջեւ որ եկած էր մինչեւ հոն
Երկարէի ձեռքերս անոր – գուցէ նաեւ կարծէի
Բռնե՜լ – թէպէտ գիտնալով
որ չի կրնար ներս մտնել…

Միայն օր մը – կը սպասեմ –
Կապարահունչ ծանր քայլեր պիտի գան
դրանս առջեւ կանգ առնել
Առանց բնաւ բաղխելու
Պիտի բանան անարգել
Եւ առանց ներս մտնելու
Պիտի կանչեն ու տանին զիս յօժարակամ իրենց հետ
աւելի ճիշդ
Ինծի նման կաղապար մը լրջադէմ.

Ես գաղափար – վստահաբար
Պիտի մնամ միշտ այստեղ:

ՀԱՅ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅԱՆ
«ԵԶԱԿԱՆ ՊԱՐՏԷԶԻՆ» ՊԱՐՏԻԶՊԱՆԸ

Աշխարհացունց տագնապալից այս օրերի մեջ ահա ևս մի ցավալի լուր՝ այլևս մեզ հետ չէ Պոլսո հայ պոեզիայի ինքնատիպ անհատականություններից մեկը՝ Զարեհ Խրախունին: Պոլսահայ գրական հրաշալի եռյակի՝ «երեք հրացանակիրների» (Գրիգոր Շահինյան) անբաժանելի անդամներից մեկը, որոնք «բարեկամներ էին կեանքի մէջ եւ խոհակիցներ՝ գրականութեան» և որոնք, անցյալ դարի կեսերին, մեծ ճիգերի ու պայքարների գնով, կարողացան շարունակել, զարգացնել ու դասական մակարդակի հասցնել վաղամեռիկ Կարպիս Ճանճիկյանի ու Հայկազուն Գալուստյանի սկզբնավորած ոչ միայն պոլսահայ, այլև սփյուռքահայ նորագույն պոեզիան ընդհանրապես:
Հաշիւով պիտի ընես ամէն բան…
…Կամաց դանդաղ անզգալի անշշուկ
ամէն օր ամէն վայրկեան
հաշիւով պիտի մեռնիս…
գրել է բանաստեղծը քերթվածներից մեկում: Բայց չէ՞ որ բանաստեղծի բառն ու խոսքը, բառարանային իմաստներից դուրս, բազում շերտեր ունի, որոնք խորն են այնքան, որքան խորն է գրողի հոգին: Եվ Խրախունու ասածը իրականում շեշտադրում է արվեստագետի Պատասխանատվությունը Կյանքի, Ժողովրդի և Մարդու հանդեպ: Ինչպես իր գրչեղբայր Զահրատը կասեր՝ «Ինչո՞ւ էիր աշխարհ եկել: Ի՞նչ հասկացար, ի՞նչ արեցիր, ինչո՞ւ»: Հայտնի է մեծն Թեքեյանի դասականացած պատասխանը՝ «Ի՞նչ մնաց, կեանքէն ինծի ի՞նչ մնաց. // ինչ որ տուի ուրիշին, տարօրինակ, այդ միայն»: Բայց մի՞թե բոլոր ճշմարիտ բանաստեղծներն էլ, ամեն մեկը յուրովի, նույնը չեն ավանդում: Ահա Խրախունին ևս, որ գրում է՝
Ես պարտիզպանն եմ այս եզական պարտէզին:
Առտու ցերեկ իրիկուն // կորաքամակ ու ծնրադիր հողերուն
խոտին բոյսին ծաղիկներուն ծառերուն
հոգ կը տանիմ օրն ի բուն…
Եվ դեռ խարիսխն է՝ այս կյանքի օվկիանի ալեկոծությունների մեջ, հազար-հազար այգիների տեսակ-տեսակ որթերի տերևների ու ողկույզների մեջ կորսված՝ «շուտ անուշցա՛ծ» խաղողի հատիկը, «ճամբու եզրին – արեւուն տակ» նստած քար տաշող վարպետը, որ դեռ չգիտի՝ սերունդներից պաշտվելիք ապագայի արձա՞ն է շինում, «քանդա՞կ մը նուրբ յոյսի լոյսի տաճարներու ճակատին», հայրենական ավանդներին կոթողված խաչքա՞ր, թե՞ «քար մը պարզ /… /արեւուն տակ միսմինակ»: Նա մի բանաստեղծ էր, որ լույսի ճամփաներ, լուսածառերի ծառուղիներ էր երազում մարդկանց համար, որ ուներ իր ժողովրդի ու հայրենիքի պաշտամունքը: Ժողովուրդ, որը թեև փոքրաթիվ, բայց հազվադեպ է հանճարի նման, հազվագյուտ՝ շողակնի և «հազարէն մէկ ընտրուած // հազարին մէկ գործածուած» դափնիի տերևի նման: Վերջապես, ժողովուրդ, որի զավակների բիբերի մեջ, աշխարհի ո՛ր ծայրում էլ լինեն, խորն է սևեռված սուրբ լեռան պատկերը՝
…որմէ որքան կը հեռանանք այնքան կը զգանք թէ իրն ենք
որուն որքան կը մօտենանք այնքան կը զգանք թէ ինչ ենք:
Ռոպեր Հատտեճյանը, տարիներ շարունակ պտույտներ կատարելով հայ բանաստեղծության պարտեզի մեջ, նկատում է, թե «այս պարտէզը սովորական պարտէզի չի նմանիր: Անգամ մը ծաղկած է, այլեւս կը մնայ: /…/ Մարդիկը կ’անցնին կ’երթան, պարտէզը կը մնայ: Եւ քանի որ կը մնայ, օր մը անպայման մարդիկ դարձեալ կը սկսին մտնել հոնկէ ներս: /…/ Փառք ու պատիւ բոլոր այն բանաստեղծներուն, որոնք մեր ժողովուրդը ազնուացուցին իրենց արուեստով ու ներշնչումներով»: Եվ ապա ավելացնում՝
« …Կ’արժէր որ ամէն Կիրակի, Ս. Պատարագի ընթացքին, Պատարագիչ մը իր սովորական աղօթքին մէջ յիշէր նաեւ մեր գրականութիւնը եւ ըսէր.
Տէ՜ր, փրկէ ազգս հայոց,
եւ պահէ, պահպանէ պարտէզը՝ ազգիս բանաստեղծութեան»:
Պարտեզ, որի հավերժական բնակիչներից է այլևս անկրկնելի Զարեհ Խրախունին, ով իր զուլալ ու անխարդախ քնարով մշտապես մնալու է մեր ժողովուրդը ազնվացնող քերթողներից մեկը:

Պետրոս ԴԵՄԻՐՃՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։