ՆԵԼԼԻ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՆԵԼԼԻ ԽԱՉԱՏՐՅԱՆՀԳՄ վարչությունը
շնորհավորում է
թարգմանչուհի, գրականագետ ՆԵԼԼԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ
ծննդյան 80-ամյակի
առթիվ

«Գրական թերթը»
միանում է շնորհավորանքին
Նելլի Խաչատրյան երևույթը
«Հուր եմ դառել՝ լույս տվել…»
Ծնվել է 1935 թվականին: 1955 թ. ոսկե մեդալով ավարտել է Չեխովի անվան դպրոցը: 1960 թ. կարմիր դիպլոմով ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1961-ից մինչև օրս աշխատում է համալսարանում՝ կես դարից ավելի: Կարելի է ասել, որ նա ոչ միայն բնիկ երևանցի է, այլ նաև «բնիկ համալսարանցի»: Բազմաբեղուն են եղել այդ տարիները: Նելլի Խաչատրյանի հետաքրքրությունների շրջանակը շատ լայն է. ռուսաց լեզու, թարգմանչական գործ (տեսական և գործնական դասընթացներ), լեզվամշակութաբանություն, միջմշակութային հաղորդակցում: Նա բազմաթիվ գիտական աշխատությունների՝ հոդվածների, դասագրքերի, մենագրությունների հեղինակ է: Մասնակցել է մի շարք միջազգային գիտաժողովների և սեմինարների, նրա ելույթները լայն արձագանք են գտել գիտական շրջանակներում: Նելլի Խաչատրյանը փայլուն թարգմանիչ է. Թումանյանի, Րաֆֆու, Մկրտիչ Արմենի ստեղծագործությունները նրա շնորհիվ են դրվել ռուսալեզու ընթերցողի սեղանին:
Այսքանն էլ բավական է հասկանալու համար, թե ինչ հարուստ, բազմակողմանի օժտված անձնավորության մասին է խոսքը: Բայց միայն այսքանը ներկայացնել, նշանակում է ոչինչ չասել Նելլի մարդու, անձնավորության, գիտնականի մասին: Ում բախտ է վիճակվել շփվել Նելլի Խաչատրյանի հետ, կհաստատեն, որ նա բարձրագույն որակների տեր անձնավորություն է: Եվ այդ բացառիկությունը դրսևորվում է ամեն ինչում: Նելլի Խաչատրյանը ապշեցնում է իր հանրագիտարանային գիտելիքներով, ընկալումների խորությամբ, լուծումների ինքնատիպությամբ: Գործընկերների և ընթերցասեր հանրության համար Նելլիի հոդվածները՝ նվիրված Մ. Բուլգակովի, Հ. Թումանյանի և շատ-շատերի ստեղծագործություններին, ընկալվում են որպես նոր խոսք: Այդ հոդվածները օգնում են ընթերցողին բացահայտել նոր իմաստներ, յուրովի տեսնել քաջ ծանոթ ստեղծագործությունը: Եվ դա հնարավոր է շնորհիվ Նելլիի բացառիկ ունակության՝ թափանցել տեքստի ամենախոր, անտեսանելի շերտերը և հաղորդակից դարձնել բոլորին հեղինակի խորին գաղափարներին:
Նելլին չգիտի, թե ինչ է անտարբերությունը: Իր ուշադրության կենտրոնում են բոլորը՝ թե՛ գործընկերները, թե՛ ուսանողները: Նրա ամեն մի դասախոսություն, զեկուցում մտքերի հրաբխային ժայթքում է: Նելլին հոգատար ղեկավար է. նրա ուսանողների ավարտական աշխատանքները առանձնանում են բարձր որակներով: Նելլին նվիրյալ է:
Գաղտնիք չէ, թե ինչ տաժանակիր գործ է թարգմանությունը: Այն միշտ չէ, որ պսակվում է հաջողությամբ: Նելլի Խաչատրյանը այն երջանիկներից է, որոնք կարողանում են հաջողությամբ թարգմանել անգամ «անթարգմանելի» համարվող գործերը:
Բայց սա էլ դեռ ամբողջը չէ: Նելլին ունի մի շարք բարձրակարգ աշխատություններ, որոնք նվիրված են լեզվաբանության արդի ուղղություններից մեկին՝ լեզվամշակութաբանությանը: Եվ այստեղ էլ Նելլի Խաչատրյանը ներկայանում է մի շարք հետազոտություններով, որոնք պատիվ կբերեին այդ բնագավառում ստեղծագործող ամենաառաջատար գիտնականներին:
Երևի թե նաև Նելլի Խաչատրյանին են հասցեագրված մեծն Լոմոնոսովի տողերը. «Բացվեց անհունը, աստղերով լի…»:
Մի քանի խոսք էլ Նելլի-մարդ տեսակի մասին: Նա հեռու մնաց մեր օրերի ամենատարածված հիվանդություններից մեկից՝ փառասիրությունից: Նելլին երբեք չի ձգտել գիտական կոչումների, աստիճանների, շքանշանների: Նրա ձգտումն է եղել իր անսպառ գիտելիքները հասցնել ունկնդրին՝ լինի դա գործընկեր թե ուսանող: Այդ կեցվածքը բնորոշ է միայն բարձր արժանիքներով օժտված անձնավորություններին:
Եվս մեկ եզակի ունակություն ունի Նելլի Խաչատրյանը. նա լսում է, հասկանում և ըստ արժանվույն գնահատում է ուրիշի մտքի աշխատանքի արդյունքները: Եվ այստեղ ցուցաբերում է բարի կամք, հարգանք ուրիշի գործի հանդեպ: Ճակատագրի դաժան հարվածները չեն շրջանցել Նելլիին: Սովորաբար նման դեպքերում մարդ արարածը կոտրվում է, պարփակվում է իր պատյանի մեջ, դառնում է ինքնամփոփ, անհաղորդ աշխարհի անցուդարձին: Այստեղ էլ Նելլին տարբերվում է հասարակ մահկանացուներից: Նա լուռ կրում է իր խաչը՝ երբեք ցույց չտալով իր ցավը: Ավելին. Նելլին այդ պարագայում էլ չի դադարում անմնացորդ նվիրումով ծառայել ուրիշներին:
Այո, Նելլին արտակարգ երևույթ է, հազվադեպ հանդիպող մարդկային կերպ: Ամենայն Հայոց Բանաստեղծը գրում է. «Հուր եմ դառել՝ լույս տվել,/ Լույս տալով եմ ըսպառվել…»: Այո, Նելլին էլ է հուր դառել, լույս է տվել, և, ի բարեբախտություն բոլորիս, դեռ հեռու է սպառվելուց:
Ի՞նչ ցանկանանք մեր սիրելի գործընկերոջը: Մնալ այնպիսին, ինչպիսին է: Իսկ մեզ՝ իր ընկերներին մաղթենք, որ այդ հզոր լուսատուն դեռ երկար ժամանակ լուսավորի մեր ուղին և ջերմացնի մեր հոգիները:
ԵՊՀ-ի ռուս բանասիրության ֆակուլտետ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։