ՅՈՒՐԻ ՍԱՀԱԿՅԱՆ

ՅՈՒՐԻ ՍԱՀԱԿՅԱՆ

ՅՈՒՐԻ ՍԱՀԱԿՅԱՆ

Կյանքի 82-րդ տարում վախճանվել է բանաստեղծ, թարգմանիչ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, 1968 թվականից ՀԳՄ անդամ  ՅՈՒՐԻ ՍԱՀԱԿՅԱՆԸ: Ծնվել է 1937 թ. Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Չայլու գյուղում: 1966 թ. ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը, 1971-1973 թթ. մասնակցել է Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտին կից գրականության բարձրագույն դասընթացներին: Աշխատել է Երևանի հեռուստատեսության ստուդիայում, «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթում, Հայաստանի գրքասերների ընկերությունում, «Սովետական գրող» և «Արևիկ» հրատարակչություններում: Յուրի Սահակյանը հեղինակ է երեք տասնյակից ավելի բանաստեղծական ժողովածուների (մեծ մասը գրված մանուկների համար): Նրա բանաստեղծությունների հիման վրա գրվել են բազմաթիվ երգեր: Ընթերցողների կողմից սիրված բանաստեղծությունների ու երգերի համար Յուրի Սահակյանն արժանացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի և Արցախի Հանրապետության մշակույթի և արվեստի վաստակավոր գործչի կոչումների, «Ոսկե եղեգ» պետական գրական առաջին կարգի մրցանակի, «Մովսես Խորենացի» մեդալի: Վաստակաշատ գրողի, մանուկների և բոլոր ընթերցողների սիրելի բանաստեղծի ու բարեկամի, հրաշալի գործընկերոջ և մարդու հիշատակը միշտ վառ կմնա նրան ճանաչողների ու մտերիմների սրտերում:

ՀԳՄ վարչություն

 

Բանաստեղծ, թարգմանիչ Յուրի Սահակյանի ընտանիքին,

բոլոր մերձավորներին ու գործընկերներին

Սգակիր բարեկամներ, մեծ ցավով տեղեկացա բանաստեղծ, թարգմանիչ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Յուրի Սահակյանի մահվան մասին, որի կապակցությամբ խնդրում եմ ընդունեցեք խորազգաց իմ ցավակցությունները:

Հեռացավ հայ տեսակի իմաստնությունը, փորձն ու արարումի ոգին իր մեջ ամբարած, մտավորականության խղճի ու բարոյականության խորհրդանիշ հանդիսացող մեծ վարպետը: Ամբողջ կյանքում հավատարիմ մնաց իր գոյատեսակին, դավանանքին և արարչատուր հղացումներին: Խունկ և օրհնանք նրա լույս շիրիմին: Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի:

Ցավակցաբար` Րաֆֆի Կ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

ԲՅՈՒՐԵՂՅԱ ՀՈԳՈՒ ՏԵՐ ԲԱՆԱՍՏԵՂԾԸ

Ծանր է հրաժեշտի խոսք գրել մի մարդու մասին, ով քո երկար տարիների ընկերն է եղել ու բարեկամը, ով տաղանդավոր բանաստեղծ էր և բյուրեղյա հոգու տեր անձնավորություն: Յուրի Սահակյանի հետ աշխատել եմ «Խորհրդային գրող» հրատարակչությունում, տարբեր առիթներով մտքեր փոխանակել հազար ու մի հարցերի շուրջ, եղել եմ Երևանի և հանրապետության տարբեր շրջանների դպրոցներում, զրուցել աշակերտների և ուսուցիչների հետ և նկատել, թե ինչ ջերմությամբ են ընդունում նրա բանաստեղծությունները, յուրաքանչյուր բառն ու խոսքը: Յուրան ոչ միայն տաղանդավոր բանաստեղծ էր, այլև բարի ու ազնիվ հոգի: Հրատարակչությունում աշխատած տարիներին երբեք չեմ տեսել, որ նա որևէ հեղինակի, ում գիրքը խմբագրում կամ գրախոսում էր, նեղացնի: Յուրան թեև բնավորությամբ չափազանց մեղմ էր, համեստ, բայց կարծիքների մեջ միշտ շիտակ էր ու սկզբունքային: Դրա համար էլ բոլորը հարգում ու գնահատում էին նրան: Աստված նրա մեջ չարության ոչ մի կաթիլ չէր դրել, և զարմանալի չէր, որ այդ հոգուց ծնվում էին երեխաների հոգիներին հարազատ զուլալ ու խորիմաստ մանկական բանաստեղծություններ: Բնական է նաև, որ այդ գործերի հիման վրա մեր կոմպոզիտորները բազմաթիվ գեղեցիկ երգեր են գրել, որոնք հնչում են ռադիոյով և հեռուստատեսությամբ: Յուրայի հետ շփվելը ուրախություն էր: Դրա համար, երբ նշվում էր նրա 80-ամյակը, իմ ելույթում ես նշեցի, որ դահլիճում ամեն բան հրաշալի է, տխրեցնողը միայն հոբելյարի բացակայությունն է (Յուրան վատառողջության պատճառով ներկա չէր իր հոբելյանական հանդեսին): Իմ այդ փոքր-ինչ թախծոտ խոսքը հաղորդել էին Յուրային, և նա հաջորդ օրը զանգահարեց ինձ և կատակեց. «Այտա, էդ ինչե՞ր ես ասել»:

Այդ այն ժամանակ, իսկ այսօր…  Այսօր իսկապես չափազանց դժվար է հրաժեշտի խոսք ասել այդ բարի ու զգայուն, իսկապես հրաշալի բանաստեղծի մասին, ով բազմաթիվ բարձրարժեք գրքեր թողեց գալիք սերունդներին, թողեց բարի ու լուսավոր անուն: Յուրային սիրով են հիշելու և՛ նրանք, որոնք անձամբ ճանաչել են նրան, և՛ նրանք, ովքեր կարդալով նրա գրքերը՝ հաղորդակից են դառնալու բանաստեղծի ազնիվ խոհերին ու մտքերին:

Հավերժ հիշատակ իմ սիրելի գրչեղբորը:

Լիպարիտ ՍԱՐԳՍՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։