Այս խառնակ օրերին ունեցանք ևս մի շատ ցավալի կորուստ. կյանքից հեռացավ բանասիրական գիտությունների դոկտոր, ԵՊՀ-ի պրոֆեսոր, գրականագետ, ՀԳՄ անդամ Կիմ Բագրատի Աղաբեկյանը: Կես դարից ավելի նա իրապես սիրված դասախոս էր ուսանողության կողմից, ճանաչված գրականագետ ու գրաքննադատ հայ գիտական ու գրական շրջանակներում: Եվ առավել սիրված անձնավորություն՝ իր պայծառ բնավորությամբ, մշտաժպիտ ու շփվող խառնվածքով, ընկերական շրջանում «Դեմոկրատ Կիմ» փոխանունով:
Կիմ Աղաբեկյանը ծնվել է 1938 թ. մարտի 15-ին, Յայջի (այժմ՝ Սյունիքի մարզ, Հարճիս) գյուղում: Զինվորական ծառայությունից հետո, 1961 թ., Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժինն ընդունված Կիմն արդեն ուսանողական տարիներից դրսևորում է գրաքննադատի և գրականագետի հետաքրքրություններ, իսկ ավարտելուց հետո մամուլում հրապարակվում են նրա առաջին գրախոսականները:
Աղաբեկյանն իր աշխատանքային գործունեությունն սկսում է համալսարանի սովետահայ գրականության (այժմ՝ հայ նորագույն գրականության) նորաստեղծ ամբիոնում՝ որպես լաբորանտ: Այնուհետև նույն ամբիոնում նա շարունակում է հետագա ողջ գործունեությունը՝ որպես դասախոս (1971 թ), դոցենտ, պրոֆեսոր՝ 1972 թ. պաշտպանելով թեկնածուական («Գուրգեն Մահարու ստեղծագործությունը» թեմայով) և դոկտորական («Արդի հայ արձակի զարգացման միտումները» թեմայով) ատենախոսություններ, իսկ 1995-ին ստանում է պրոֆեսորի կոչում:
Կ. Աղաբեկյանը հեղինակ է բազմաթիվ գրախոսությունների, հոդվածների, գրականագիտական ուսումնասիրությունների, որոնք հրատարակվել են գրական մամուլում, տարեգրքերում, նաև իր «Հոդվածներ» խորագրով ժողովածուում (2016): Հեղինակ է նաև մի շարք գրքերի, որոնք և՛ սկզբնապես, և՛ տևականորեն արժանացել են գնահատանքի, շրջանառվել գրականագիտության մեջ, կարևորվել ընթացիկ օրերի գրականությունը ներկայացնելու առումով, մշտապես օգտագործվել ուսանողների ուսումնական և գիտական աշխատանքներում: Հիշատակելի են «Գուրգեն Մահարի», 1975, «Երեք դիմանկար» (Բաղիշ Հովսեփյան, Մկրտիչ Սարգսյան, Զորայր Խալափյան), 1983, «Հրանտ Մաթևոսյան. Ծմակուտի վիպասքը», 1988, «Արդի հայ արձակի զարգացման միտումները. 1960-1980-ական թթ.», 1992, «Հակոբ Օշական», 2006, մենագրությունները: Ընդգծենք, որ և՛ այն օրերի արձակի, և՛ Հ. Օշականի մասին Աղաբեկյանի գրքերը՝ որպես մենագրություն, առաջիններից էին մեզանում՝ այդպիսի ընդգրկումով ու ծավալով: Այս ուսումնասիրությունների հիմքով Աղաբեկյանը համալսարանում, ընդհանուր հայ նորագույն գրականություն դասընթացին զուգահեռ, մագիստրոսական ծրագրով դասախոսում էր «Հակոբ Օշական», «Ա. Բակունցի ավանդները», «1960-ական թթ. հայ արձակը և Հրանտ Մաթևոսյան» խորացված հատուկ դասընթացները:
Կ. Աղաբեկյանը իր յուրահատուկ ոճն ունեցող գրականագետ էր: Սիրո ու խանդաղատանքի զգացումով էր մոտենում գրողին ու գրական լավ ստեղծագործությանը: Անաչառ վերլուծումով, ոչ վերամբարձ, բայց գեղեցիկ խոսքով էր ներկայացնում ասելիքը: Այդպես էր նաև իր բանավոր խոսքում, զեկուցումների, դասախոսությունների ժամանակ, և նրան լսում էին սիրով:
Ժամանակակից գրականության նկատմամբ հետաքրքրությամբ պայմանավորված՝ դեռ 1978 թ. Աղաբեկյանն ընդունվում է Հայաստանի գրողների միության շարքերը՝ դառնալով նրա գործուն անդամներից մեկը: Աղաբեկյանի աշխատանքային գործունեության մեջ հիշատակելի է նաև երկու իրողություն: Նա, սիրով կապված լինելով հայրենի եզերքին, տարիներ շարունակ երկար ճանապարհ կտրելով, երբեմն անգամ ոչ առողջ վիճակում՝ հասնում էր Գորիս, սիրով ընդառաջելով հայրենակիցների խնդրանքին՝ դասավանդում տեղի համալսարանում, նաև կադրեր պատրաստում նրանց համար՝ ղեկավարելով ասպիրանտների աշխատանքները: Նույն կերպ տարիներ առաջ, երբ Երևանի պետական համալսարանի և Բեյրութի՝ Համազգայինի հայագիտական բարձրագույն հիմնարկի հետ համագործակցության շրջանակում դասախոսներ էին մեկնում այնտեղ դասավանդելու, Աղաբեկյանը սիրով մեկնեց և տևական ժամանակ դասախոսում էր այնտեղ, միևնույն ժամանակ տարբեր սրահներում հանրության համար դասախոսություններ էր կարդում և՛ Հայաստանի, և՛ սփյուռքահայ գրականության մասին: Հենց այդ ժամանակի ընթացքում գրվեց ու գիրք դարձավ Աղաբեկյանի «Հակոբ Օշական» մենագրությունը, որ առավել ծավալուն և ամբողջական ուսումնասիրությունն է օշականագիտության մեջ: Կիմ Աղաբեկյանի վաստակը գնահատվել է և՛ Երևանի պետական համալսարանի, և՛ Գորիսի համալսարանի, և՛ Գրողների միության, և՛ Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից: Նա արժանացել է ԵՊՀ ոսկե հուշամեդալի, Ակսել Բակունցի հուշամեդալի, ՀԳՄ «Գրական վաստակի համար», ՀՀ նախագահի «Մովսես Խորենացի» մեդալների:
Աղաբեկյանի մահը իրապես ցավալի կորստի զգացողությամբ է համակում բոլոր նրանց, ովքեր ճանաչել են նրան, լսել նրա խոսքը, կարդացել նրա գործերը: Խորապես ցավակցելով նրա ընտանիքի անդամներին, հարազատներին, մտերիմներին՝ համոզված ենք, որ պայծառ մարդու նրա կերպարը երկար կմնա մեր հիշողության մեջ, գրականագիտական վաստակը կհետաքրքրի նաև եկող սերունդներին:
ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետ
ՀԳՄ վարչություն