ՎԱՐԴ ՇԻԿԱՀԵՐ

Վարդ_ՇիկահերԱյս անգամ տխուր էր լուրը Ստամբուլից։ Արեւմտահայ գրամշակութային աշխարհը կորցրեց Վարդ Շիկահերին (26.12.1926-16.07.2020)։ Նա բանաստեղծ էր, կոչուածներից։ Երկիւղածութեամբ էր մօտենում գրին, քանի որ գիտէր՝ «լուսայգ» պիտի լինի երգը երկրիս վրայ, ինչպիսին իր կեանքում։ Պատահականութի՞ւն էր որ այդպէս կոչուեց իր առանձնապէս գուրգուրած մէկ քերթողագիրքը՝ «Լուսայգ»։ Սիրով էին ընդունում իր ժողովածուները պոլսահայերը, դիտում իբրեւ քնարական հակակշիռ էպիքական այն հզօր թափին, որ բերում էին իրենց հետ Զարեհ Խրախունին եւ Զահրատը։ Իսկ այդ գրքերը նուիրումի, հաւատամքի վկայութիւններ էին՝ «Չորս տող միայն», «Բարի աստղի տակ», «Թառէ թառ», «Սպիտակ ամպեր», «Պարտիզակ» եւ ուրիշ ժողովածուներ, որոնք ուրոյն յետագիծ ձգեցին պոլսահայ նորագոյն գրականութեան մէջ։ Վ. Շիկահերը նաեւ բժիշկ էր, «խոնարհներու» սրտաբան էր. հաւանաբար հեշտ էր զուգա­կցում ընթերցողի եւ յաճախորդների «սրտային» հոգերը։ Վեցուկէս տասնեակ տարիների բժշկական անսակարկ ծառայութիւն, որ քաջ գիտեն պոլսեցիները։ Գուցէ այդ «հոգերի» ծանրութիւնը աներեւոյթ էր մեզ, անգամ՝ կարող է թուալ խաբուսիկ. չէ՞ որ ոչ մէկը չէր կարող չափել իր «մենաւորիկ» սրտի իրական խորութիւնը։ Սիրում էր կատակել, թէ այնքան էլ դժուար չեն եղել իր «անցումները», քանի որ գործ է ունեցել սրտի սնուցիչ երկու աղբիւրների հետ։ Հիմա Շիկահերը ասուպի նման անցաւ, հատեց մնայունի սահմանը՝ մնալու համար իբրեւ բանաստեղծ սերունդների յիշողութեան մէջ։
Մնալու համար նաեւ իբրեւ ուսուցիչ, իբրեւ մայրենիի շարունակական երթի՝ աւելի քան երեք տասնամեակի ուխտաւորը Բանկալթըի Մխիթարեան վարժարանում։ Չմոռանանք, որ այստեղ նախակրթարաններից յետոյ երկրորդական հայեցի հիմնարար կրթութիւն է ստացել Գեղամ Սեւանի, Ռոպէր Հատտէճեանի, Արամ Գամպուրեանի հետ նոյն դասարանում։ Վարդ Շիկահերին յիշում ու սիրում են նաեւ Ֆերիգիւղի Մերամէթճեան եւ Թաքսիմի Էսայեան ազգային վարժարաններում, ուր կարճ ժամանակ եղել է նաեւ տնօրէն։
Վարդ Շիկահերի մահով փակւում է պոլսահայ նորագոյն քնարերգութեան մէկ էջը, բայց բացւում է բանաստեղծի ամբողջական նկարագրի սահմանադուռը, մարդու, բժշկապետի, ուսուցչի ու գիտնականի լուսաւոր տիպարը։
Սուրէն ԴԱՆԻԷԼԵԱՆ
Քնարիկ ԱԲՐԱՀԱՄԵԱՆ
«Սփիւռք» Գիտաուսումնական Կենտրոն

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։