Կյանքի 83-րդ տարում Մոսկվայում վախճանվել է Հայաստանի, Վրաստանի և Ռուսաստանի գրողների միությունների անդամ, Հայաստանի և Ռուսաստանի մշակույթի վաստակավոր գործիչ, Ռուսաստանի գրողների միության քարտուղար, գրող, գրականագետ ԱԼԲԵՐՏ ՕՀԱՆՅԱՆԸ:
Ալբերտ Օհանյանը ծնվել է 1939 թվականին, Թբիլիսիում։ 1962 թ. ավարտել է տեղի Պուշկինի անվան մանկավարժական ինստիտուտը և մեկնել Մոսկվա՝ ուսումը շարունակելու։ 1974 թ. ավարտել է ասպիրանտուրան և թեկնածուական թեզը պաշտպանելուց հետո աշխատանքի անցել Մոսկվայի պետական մանկավարժական ինստիտուտում՝ որպես խորհրդային գրականության ամբիոնի ավագ դասախոս, գիտական քարտուղար: Երկար տարիներ նա ԽՍՀՄ գրողների միությունում հայ գրականության գծով գլխավոր խորհրդականն էր։ ՀԳՄ երաշխավորությամբ 1970-1991 թթ. հանդիսացել է հայ գրականության մասնագետ-գրախոսը մոսկովյան «Սովետսկի պիսատել» հրատարակչությունում, մեծապես նպաստել հայ գրողների երկերի ռուսերեն հրատարակմանը: 1975-1991 թթ., որպես ԽՍՀՄ բարձրագույն ատեստավորման հանձնաժողովի փորձագիտական խորհրդի անդամ, իր զեկուցումներով և գրախոսականներով նպաստել է հայ բանասիրական կադրերի պատրաստմանը, թեկնածուական ու դոկտորական ատենախոսությունների հաստատմանը:
Ալբերտ Օհանյանը եղել է Ռուսաստանի գրողների միության Մոսկվայի քաղաքային կազմակերպության քարտուղար, գրողների միությունների միջազգային ընկերակցության քարտուղար: Իսկ 2013 թվականից Ռուսաստանի գրողների միության վարչության քարտուղարն էր։
Հեղինակ է «Կռունկներ ծովի վրա», «Ռափայել Պատկանյանի հրապարակախոսությունը», «Ապրել և սիրել», «Խորամանկ Արշակի արկածները» և այլ գրքերի, գրաքննադատական ու լրագրողական բազմաթիվ հոդվածների: Հայ գրականությանը վերաբերող մի շարք հոդվածներ է պատրաստել Ռուսական մեծ հանրագիտարանի համար:
Գրողի, գրական գործչի նրա գործունեությունը արժևորվել է մի շարք պարգևներով. Վրաստանի Պատվո շքանշան, Հայաստանի մշակույթի նախարարության ոսկե մեդալ, Հայաստանի Սփյուռքի նախարարության «Հայրենիքի դեսպան» մեդալ: 2010-ին ընտրվել է Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս:
Ալբերտ Օհանյանի հիշատակը միշտ վառ կմնա նրան ճանաչողների, նրա վաստակը գնահատողների սրտում:
ՀԳՄ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
ԼԵՑՈՒՆ ԱՊՐԱԾ ԿՅԱՆՔ
Շատ տարիներ առաջ, երբ Մոսկվայի Գորկու անվան գրականության ինստիտուտի Գրական բարձրագույն դասընթացների նորընծա ունկնդիր էի, այնքան էլ հեշտ չէի վարժվում իմ նոր միջավայրին, և ինձ համար բարեբախտություն էր, որ ԽՍՀՄ գրողների միությունում Ալբերտ Օհանյանն էր հայ գրականության գծով գլխավոր խորհրդականը: Շատ արագ մտերմացանք, ես կասեի՝ շնորհիվ իր մարդամոտ, զրուցասեր բնավորության: Նրա առանձնասենյակի դուռը միշտ բաց էր իմ առջև, ինքը՝ սիրալիր ու բարյացակամ: Այդպիսին էր բոլորի հանդեպ: Ես հաճախ եմ վկա եղել՝ ինչպիսի ուշադրություն, հոգածություն էր դրսևորում տարբեր առիթներով Հայաստանից ժամանած հայ գրողների նկատմամբ, հետաքրքրվում նրանց գործերով, օգնում, աջակցում ոչ միայն ստեղծագործական հարցերում: Երբեք առիթը բաց չէր թողնում նրանց ներկայացնել ռուս ճանաչված գրողներին ու թարգմանիչներին: Յուրաքանչյուր հարմար պահ ու առիթ օգտագործում էր օտարներին հայ գրականության ու Հայաստանի վերաբերյալ նպաստավոր փաստեր, տեղեկություններ հաղորդելու համար: Իսկ դա Ղարաբաղյան շարժման բուռն շրջանն էր, ու թե՛ ռուս, թե՛ այլ հանրապետություններից ժամանած այլազգի գրողների, արվեստագետների հետ Ալբերտ Օհանյանի այդ ամենօրյա շփում-զրույցները առանձնահատուկ նշանակություն էին ստանում: Ի դեպ, հենց այդ օրերին էր, որ ռուս անվանի բանաստեղծ Միխայիլ Դուդինի հետ Ալբերտը հետևողական քայլեր էր ձեռնարկում Արցախում Ադրբեջանից անկախ գրողների միության բաժանմունք ստեղծելու ուղղությամբ, և արդյունքը շատ չուշացավ…
Գրական միջավայրում սիրված ու վստահելի իմ ավագ գրչեղբայրը նույնքան և ավելի մեծ հարգանք է վայելում Մոսկվայի հայ համայնքում՝ որպես իր գործի նվիրյալ գործիչ, ակտիվ խառնվածքի տեր անձնավորություն: Նա հետևողականորեն ուշադրության կենտրոնում էր պահում հայապահպանության կարևոր գործը: Վերջին տարիներին մոսկովյան գրական մի շարք ֆորումների մասնակցելիս ականատեսն էի, թե նրա հանդեպ ինչպիսի ջերմություն, մտերմիկ վերաբերմունք են դրսևորում Ռուսաստանի տարբեր ծայրերից, ԱՊՀ երկրներից ու արտասահմանից ժամանած գրողները: Ակնհայտ էր, որ անցած տարիները շարունակաբար բարձրացրել են գրողի ու գրական գործչի նրա հեղինակությունը:
Ժամանակին ակադեմիկոս Էդվարդ Ջրբաշյանը մի հոդվածում «Մոսկվայում հայ գրականության լիազոր ներկայացուցիչ» էր անվանել իր կրտսեր բարեկամին, և այդ անունը, ինչպես ասում են, մեկընդմիշտ «կպել էր» Ալբերտին: Եվ հետագայում, որտեղ էլ նա աշխատել է, անվանի գիտնականի «շնորհած» այդ պատվավոր կոչմանը վայել է դրսևորել իրեն, առաջ տարել հայ գրականության ու մշակույթի շահերը:
Տեսակով, խառնվածքով անդադրում մարդ էր Ալբերտ Օհանյանը և ապրում էր իր գրքերից մեկի վերնագիրը նշանաբան արած՝ ապրել և սիրել: Ավա՜ղ, կիսատ մնացին շատ ծրագրեր ու մտահղացումներ, որոնց մասին սիրում էր կիսվել, որոնց շնորհիվ նոր լիցքեր ու էներգիա էր ստանում նաև առաջացած տարիքում: Ես վստահ եմ՝ նրան կարոտելու, նրա կարիքը զգալու են շատերը՝ հարազատները, գործընկերները, պարզապես մոտիկից ճանաչողները: Ասել է թե՝ նրան հաճախ են հիշելու: Իսկ հայտնի խոսքն ասում է՝ քանի մարդուն հիշում են, նա դեռ ապրում է:
Լևոն ԲԼԲՈՒԼՅԱՆ