2020 թվականի հուլիսի 27-ին, կյանքի 83-րդ տարում վախճանվեց տաղանդավոր արձակագիր, ՀԳՄ, ԱԳՄ անդամ Արտաշես Ծատուրի Ղահրիյանը։
Վաստակաշատ գրողի մահը մեծ կորուստ է: Հասուն ու բեղմնավոր գրչի տեր էր նա։ Մինչև կյանքի վերջին օրը նա արարում էր՝ հայոց ինքնատիպ ու հարուստ գրականությանը մատուցելով ղահրիյանական արձակի անկրկնելի էջեր։
Արտաշես Ղահրիյանը ծնվել է 1937-ի հուլիսի 1-ին, Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում։ 1956-ին ավարտել է հայրենի գյուղի միջնակարգ դպրոցը, 1967-ին՝ Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժինը։ Բուհն ավարտելուց հետո որպես սրբագրիչ աշխատել է «Սովետական Հայաստան», «Ավանգարդ» թերթերի, «Պատմաբանասիրական հանդեսի» և «Սովետական գրականություն» ամսագրի խմբագրություններում։ Արցախյան պատերազմի ժամանակ Արտաշես Ղահրիյանը տեղափոխվել է հայրենի գյուղ:
Անվանի գրողի առաջին գիրքը՝ «Տոհմականչ» հատորը, լույս է տեսել 1978 թ. «Սովետական գրող» հրատարակչության կողմից` անմիջապես արժանանալով ընթերցողների և խստապահանջ գրաքննադատների բարձր գնահատականին։
Ա. Ղահրիյանը 1983-ին ընթերցողի սեղանին դրեց «Պատրանք» ժողովածուն` հաստատելով իր ուրույն տեղը հայ արձակի բնագավառում։
Տասնյակ արձակ ու չափածո գրքերի հեղինակ է Ա. Ղահրիյանը։
Հայրենի ծննդավայր վերադառնալուց հետո մի նոր երանգ ստացավ նրա ստեղծագործությունը։ Դրա խոսուն վկայությունն է «Լեռան հուշ» ժողովածուն, որի առիթով նա նշել է. «Վերադառնալով ծննդավայր՝ ես ինձ վերստին գտա»։
Ականավոր գրող, նվիրյալ հայրենասեր Արտաշես Ղահրիյանի հիշատակը վառ է մնալու նրա ընթերցողների, գործընկերների, հարազատների հիշողության մեջ։
ՀԳՄ վարչություն
ԱԳՄ վարչություն