Խոր ցավով տեղեկացանք, որ Լոնդոնում իր երկրային կյանքին հրաժեշտ է տվել ՀԳՄ արտասահմանյան անդամ, տաղանդավոր բանաստեղծ և թատերագիր, ազգային-մշակութային գործիչ Մանուել Ադամեանը։
Ծնվել է Լիբանանում: Նախնական կրթությունը ստացել է Աբգարյան ազգային վարժարանում: 1963–68 թթ. ուսանել է ԵՊՀ բանասիրական բաժանմունքում, այնուհետև, վերադառնալով Բեյրութ, վարել է Սահակ-Մեսրոպյան դպրոցի տնօրենի պաշտոնը՝ միաժամանակ դասավանդելով Երվանդ Հյուսիսյան հայագիտական ամբիոնում: Դասավանդմանը զուգահեռ զբաղվել է ազգային-մշակութային բազմաբնույթ աշխատանքներով: 1975-ին սկսված Լիբանանի քաղաքացիական պատերազմի հետևանքով առաջացած տագնապալի կացության պատճառով թողնում է Բեյրութը և ընտանիքով փոխադրվում Լոնդոն: Մի քանի հովանավորների աջակցությամբ կարողանում է այստեղ հիմնել հայկական մեկօրյա դպրոց և «Կոչնակ» երկշաբաթաթերթը, իսկ այնուհետև՝ «Նոր սերունդի ձայնը» ամսագիրը, որը հրատարակվում է շուրջ 15 տարի:
Ապրելով և գործելով Սփյուռքում, Մանուել Ադամեանն իր կյանքի հիմնական նպատակը դիտել է հայապահպանության սրբազան գործը և հնարավոր բոլոր միջոցներով՝ ուսուցչությամբ, խմբագրի ու հրատարակչի ծանր աշխատանքով, բանաստեղծությամբ ու թատերգությամբ, և մանավանդ, իր ապրելու օրինակով նվիրվել է այդ առաքելությանը՝ հանապազօրյա հացից առավել՝ կարևորելով հոգևոր հացի գոյությունը: Մ. Ադամյանն ավելի քան 15 ժողովածուի հեղինակ է: Նրա ստեղծագործության ակունքները, հիմնահողը, հետաքրքրությունների և մտահոգությունների դաշտը, կեցության ամբողջ իմաստն ու հիմնահողը, գոյության սկիզբն ու վերջը՝ «Ալֆան եւ Օմեղան» մեկն է՝ Հայրենիքը և հայրենազրկված ու ակամա աշխարհաքաղաքացի դարձած իր ժողովուրդը:
Միշտ չէ, որ ճակատագիրը բարեհաճ է եղել Մանուել Ադամեանի հանդեպ: Արտաքնապես հանգիստ, հավասարակշիռ, բացառիկ համեստ այդ մարդու հոգում մշտապես փոթորիկներ ու բախումներ են տեղի ունեցել, պատեպատ են զարնվել անձնական ու աշխարհական ցավը, տագնապալի կանխատեսումները, և այնուամենայնիվ, նա չի կորցրել լավատեսությունը, գեղեցիկը տեսնելու ունակությունը, ներքին լույսը, հույսն ու հավատը…
Իր տաղանդի, խորունկ, անսակարկ հայրենասիրության, հայ գրին ու գրքին անմնացորդ նվիրումի, մարդկային բարձր առաքինությունների շնորհիվ Մանուել Ադամեանը լայնորեն ճանաչելի ու սիրելի է եղել ինչպես Սփյուռքում, այնպես էլ Հայրենիքում։ Այդ ամենը գնահատվել է նաև հոգևոր, պետական և հասարակական կառույցների կողմից: Նա պարգևատրվել է Հայ Առաքելական եկեղեցու «Ս. Սահակ-Ս. Մեսրոպ» շքանշանով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի ձեռամբ ստացել է պատվոգիր և հուշամեդալ, արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալի, ՀՀ Սփյուռքի նախարարության «Մայրենիի դեսպան» մեդալի, Հայաստանի երաժշտական ընկերության «Կոմիտաս» մեդալի, իսկ 2010 թ. պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության պետական բարձր պարգևներից մեկով՝ «Մովսես Խորենացի» մեդալով:
Մանուել Ադամեանն իր ուրույն և մնայուն տեղն ունի հայ գրողների անդաստանում, որտեղից նա երբե՛ք բացակա չի լինի։
Սեյրանուհի ԳԵՂԱՄՅԱՆ
ՀԳՄ վարչությունը և «Գրական թերթի» աշխատակազմը խորապես ցավակցում են Մանուել Ադամեանի ընտանիքին, հարազատներին, գրչընկերներին։
Աստուած Հոգին Լուսավորէ։