ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ, ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ (Խնդրանք, որը մշտապես կարևոր է) / Աելիտա ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆ

Աելիտա ԴոլուխանյանԱելիտա ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆ

ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ
Բան.գիտ. դոկտոր, պրոֆեսոր
Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ հայ հին և միջնադարյան գրականության ու նրա
դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ

Մեծարգո՛ ՀՀ առաջնորդներ, այս նամակը ԿԳՄՍ-ի մշակած հայկական դպրոցների հայ գրականության և հայոց լեզվի նոր չափորոշիչների ու ծրագրերի նախագծի մասին է։ Հուսով եմ՝ հաշվի կառնեք հայ դպրոցին այնքան ծանոթ և նրա ապագայով մտահոգ մանկավարժ-գրականագետի ասելիքը։
Նախագծին ծանոթացել եմ 2020-ի հուլիսի 22-ին, իսկ 23-ին հրավիրվել է Խ․ Աբովյանի անվան ՀՊՄՀ հայ հին և միջնադարյան գրականության ու նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի արտահերթ նիստ, ու ծրագիրը քննարկելուց հետո այն մերժվել է։ Նրանում ավագ դպրոցում ամբողջովին դուրս է թողնվել հայ գրականությունը՝ սկսած Մաշտոցից, ողջ միջնադարը, ներառյալ Խաչատուր Աբովյան։
Նախքան ծրագրի մասին խոսելը, որն, ըստ հեղինակների, ընդօրինակություն է օտարերկրյա գրականության ծրագրերի, ուզում եմ մեկ փոքրիկ դրվագ ներկայացնել հայի անցյալին ու նկարագրին վերաբերող։
Ֆրանսիական հեղինակավոր «Paris match» պարբերականն իր համարներից մեկում հարցազրույց էր տպագրել աշխարհահռչակ կինոբեմադրիչ, հայազգի Անրի Վերնոյի հետ։ Այդ հարցազրույցի վերնագիրն էր՝ «Երբ լսում եմ մեր եկեղեցիների զանգերը, հիշում եմ իմ ծերացած ծնողներին»։ Դրանք Անրի Վերնոյի խոսքերն էին, որոնցով բացատրում էր, թե «Մայրիկ» ֆիլմը նկարահանել է ոչ միայն թուրքերի կազմակերպած Հայոց ցեղասպանությունը դատապարտելու համար, այլև եվրոպացիներին դաստիարակելու հայերի օրինակով, որոնք իրենց ծերացած ծնողներին երբեք ծերանոց չեն տանում։
Հայի բնավորության ամենամարդասիրական գծերը պատկերված են Ոսկեդարի հայ գրականության մեջ, գալիս են Մաշտոցից, Խորենացուց, անցնում ողջ միջնադարով, հասնում Աբովյան, Թումանյան, Իսահակյան, Վարուժան, Սիամանթո, Չարենց, Բակունց և ուրիշներ, հասնում մերօրյա տաղանդավոր գրողներին։
Գրիգոր Նարեկացու և Խաչատուր Աբովյանի գլուխգործոցները՝ «Մատեան ողբերգութեան» երկը և «Վերք Հայաստանին», ըստ Ֆրանսիայի ակադեմիայի անդամ, միջազգային հեղինակություն ունեցող հայագետ Ժան-Պիեռ Մահեի՝ համամարդկային ժառանգություն են։
Միջնադարի մեծերի և Աբովյանի գործերը մեծ հաջողությամբ երկար տարիներ ուսուցանվել են հայկական դպրոցներում ու յուրացվել են, որովհետև դրանք վերժամանակյա դրսևորումներ են։ Հանճարեղ Ֆիրդուսին իր «Շահ Նամեում» ասում է․ «Եթե մարդը հայրենասեր չէ, մարդ կոչվելու իրավունք չունի»։ Ավետարանում ասվում է՝ սիրիր հորդ ու մորդ։ Հայրենի գրականությունը մեր հայրն է, իսկ լեզուն մայրն է, դրա համար էլ կոչվում է մայրենի։
Երբ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության շենքի նախասրահում բարձրացնում ես հայացքդ, պատերին ոսկե տառերով կարդում ես՝ ինչ է գրված, հասկանում ես, որ մեր ակադեմիայի երկու աշխարհահռչակ նախագահները՝ Հովսեփ Օրբելին ու Վիկտոր Համբարձումյանը, իմաստուն ձևով, մեծերի անունից զգուշացնում են նրանց չմոռանալ։ Իսկ պատերին գրված է՝ Սահակ Պարթև, Մեսրոպ Մաշտոց, Կորյուն, Եզնիկ Կողբացի, Ագաթանգեղոս, Փավստոս Բուզանդ, Մովսես Խորենացի, Եղիշե, Ղազար Փարպեցի, Գրիգոր Նարեկացի, Գրիգոր Մագիստրոս, Գրիգոր Տաթևացի և այլ փառապանծ մեծերի անուններ։
Այդ մեծերն են իրենց հայրենանվեր գաղափարներով մեզ բերել, հասցրել 21-րդ դար, կերտել նոր պետականություն՝ իր դրոշով, զինանշանով, օրհներգով, ազգային ինքնագիտակցությամբ։ Աբովյանը, դիմելով հայ երիտասարդներին, պատգամում է տասը լեզու սովորել, սակայն իր լեզուն ու հավատը պինդ պահել։ Ֆրանսիական ակադեմիան, որ հիմնադրվել է 17-րդ դարի սկզբներին, ցարդ իր գերխնդիրը համարում է իր լեզվի ու գրականության պահպանումն ու հանրահռչակումը։ Ակադեմիան ունի բազմաճյուղ և շատ հարուստ ինստիտուտներ, սակայն նրա գերխնդիրը դպրոցներում ֆրանսերեն լեզուն ու գրականությունը գերադաս առարկաներ համարելն է։ Աշխարհի հին քաղաքա­կրթություն ունեցող բոլոր երկրներն իրենց դպրոցներում գրականության ուսուցումը սկսում են հին շրջանից։
Թուրքիայում եթե դեռ մնացել են հայկական հուշարձաններ, հիմա կոչվում են թուրքական․ այդպես են սովորեցնում նոր սերնդին։ Վաղը թուրքական են համարվելու նաև Արևմտահայաստանում ծնված մեր մեծերի հանճարեղ գործերը, ինչպես ադրբեջանցիներն իրենց մատենագիրներ են համարում Մովսես Կաղանկատվացուն, Դավթակ Քերթողին, Համամ Արևելցուն, Մխիթար Գոշին, Կիրակոս Գանձակեցուն, Վարդան Արևելցուն, որովհետև նրանք ծնվել են Մեծ Հայքի այն տարածքում, որը խորհրդային իշխանության տարիներին Քեմալ Աթաթուրքի պահանջով տրվել է մինչ այդ աշխարհի որևէ քարտեզի վրա գոյություն չունեցած նորաստեղծ Ադրբեջան պետությանը։ Նրանք իրենցն են համարում նաև Տիգրան Մեծին՝ նույն տրամաբանությամբ, ինչպես Էրդողանի հրամանով Բյուզիանդիայի կայսր Հուստինիանոսի ժամանակ կառուցված (6-րդ դար) Այա Սոֆյա քրիստոնեական հրաշագեղ տաճարն այսօր Ստամբուլում դարձավ մզկիթ։ Այդ ոգով են գրվում Թուրքիայի և Ադրբեջանի դասագրքերը, իսկ մենք մերժում ենք վերժամանակյա մեր մեծերին։
Հանրահայտ իրողություն է․ իր անցյալը չիմացող ազգն ապագա չունի։
Եթե ուզում են, որ հայ աշակերտներն անցնեն նաև արտասահմանյան գրականություն, ապա թող մտցնեն լրացուցիչ ժամեր, ընտրեն ավելի հարմար հեղինակներ և ոչ թե ծրագրից դուրս դնեն մեր մեծերին, որոնց ստեղծագործություններն ազգապահպան են ու մարդասիրական։
Ինձ ավելի հուզողը ավագ դպրոցի հայ գրականության ծրագիրն է, որը խիստ անկատար է։ 1996-98 ուս․ տարիներին, երբ վաղուց արդեն և՛ ամբիոնի վարիչ էի, և՛ դոկտոր, պրոֆեսոր, աշխատել եմ Խ․ Աբովյանի անվան ՀՊՄՀ հենակետային վարժարանի 9-10-րդ դասարաններում (դասարանը մաթեմա­տիկական թեքումով էր)։ Այդ որոշումը կայացրել եմ պարզելու համար, թե ինչո՞ւ աշակերտները չեն կարդում բնագրերը, ինչո՞ւ ինքնուրույն չեն գրում ու մտածում և ինչո՞ւ են արտագրում։ Շաբաթական ութ ժամ էի պարապում։ Հենց սկզբից աշակերտներին բացատրեցի, որ այդ ժամերը լիովին բավարար են, և որևէ մեկը կարիք չունի կրկնուսույցի, միայն պետք է ջանադիր աշխատել։ Ես հասա ցանկալի արդյունքի։
Վերջերս հեռուստատեսությամբ ԿԳՄՍ փոխնախարարը խիստ դիտողություն էր անում այն գրականագետներին, որոնք մերժում էին հայ գրականության, հայոց լեզվի, հայ ժողովրդի պատմության նոր ծրագրերը։ Նա ասում էր, թե մեր դպրոցները հետամնաց են, և մեր աշակերտները տեղեր չեն գրավում միջազգային մրցույթներում։ Հայոց լեզուն, հայ գրականությունը, հայ ժողովրդի պատմությունը զուտ ազգային առարկաներ են, և դրանք չեն կարող դուրս գալ միջազգային ասպարեզ։ Միջազգային ասպարեզ կարող են դուրս գալ բնական գիտությունները՝ ֆիզիկա, քիմիա, մաթեմատիկա… Ի դեպ, տարիներ առաջ հիանալի մեթոդիստ և մաթեմատիկոս Համլետ Միքայելյանի 8-րդ դասարանի հանրահաշվի գիրքը տարա Բոստոն, որպեսզի ցույց տամ թոռնուհուս։ Նա սովորում էր Բոստոնի հռչակավոր Վինձոր մասնավոր դպրոցում, որը երկրորդն է ԱՄՆ-ում իր մակարդակով և նախատեսված է միայն ընդունակ երեխաների համար։ Թոռնուհիս հայկական դպրոցի մաթեմատիկայի գրքից լուծեց մի վարժություն և ասաց՝ կտանի, իր պրոֆեսորին ցույց կտա, որ հայկական դպրոցներում, որոնք ձրի են, անգամ գյուղերում անցնում են նույնատիպ դասագրքով, ինչ որ իրենք։
Ինձ հուզում է ավագ դպրոցից «Սասունցի Դավիթ» էպոսի համահավաք բնագրի դուրսթողումը։ Մեր բուհը կապեր ունի Ֆինլանդիայի Օուլոյի համալսարանի հետ։ Ֆինն պրոֆեսորների հետ հանդիպման ժամանակ հարցրի, թե որ դասարանում են անցնում իրենց ազգային էպոսը՝ «Կալեվալան»։ Պատասխանեցին՝ բոլոր դասարաններում, որովհետև էպոսն իրենց հպարտությունն է, և իրենք «Կալեվալայի» հատուկ գիտահետազոտական ինստիտուտ ունեն։ Տեղյակ պահեմ, որ «Կալեվալայի»՝ «Համաշխարհային գրականության գրադարան» մատենաշարով լույս տեսած ռուսերեն բնագրի առաջաբանի հեղինակը՝ իմաստուն ու մեծատաղանդ Մարիետա Շահինյանը, գրում է․ «Անցյալի իմացությունը կամուրջ է դեպի ապագան, կօգնի նաև կարգավորել ներկան»։
Գովելի է, որ նոր ծրագրում փորձում են ներմուծել արտասահմանյան գրականություն։ Սակայն այն չպետք է միացնել հայ գրականությանը, այլ անհրաժեշտ է դարձնել նոր առարկա և ընտրել դպրոցին հարմար գրողների գործեր։ Նոր ծրագրում ոչինչ չկա ռուս գրականությունից։ Մի՞թե Պուշկինը, Տոլստոյը, Չեխովը, Բունինը հարմար չեն ավագ դպրոցի հայ աշակերտներին։ Մանավանդ Նոբելյան մրցանակի դափնեկիր Իվան Բունինի «Արսենևի կյանքը» հիանալի վեպը, որում Արսենևն իր հաջողությունների հիմքը համարում է Մոսկվայի Լազարյան ճեմարանն ավարտած իր ուսուցչի տված դասերը։ Եվ ինչո՞ւ ոչինչ չի դրվել մեր բարեկամ ժողովրդի՝ սերբերի գրականությունից, որից հիանալի թարգմանություններ է իրականացնում բանաստեղծ, թարգմանիչ, սերբերենը մայրենիի նման տիրապետող Բաբկեն Սիմոնյանը։
Վերանայման կարիք ունի նաև ժամանակակից հայ գրողների ցուցակը, որում չկան տաղանդավոր որոշ ժամանակակից գրողների գործեր։ Չկան Էդ․ Միլիտոնյանի մեր ժամանակը պատկերող հոյակապ բանաստեղծությունները, չկա Գուրգեն Խանջյանի արձակը, Նորայր Ադալյանի «Արտույտը» հրաշք վիպակը, Մուշեղ Գալշոյանի «Ձորի Միրոն», Սուսաննա Հարությունյանի ստեղծագործություններից, Գագիկ Դավթյանի բանաստեղծություններից, Հայաստանի սահմանային կյանքը պատկերող Սամվել Բեգլարյանի գործերից և այլն։
Իմ կարծիքով, այս ցանկը պետք է կազմեր Հայաստանի գրողների միությունը, որում կան պետականորեն մտածող ղեկավարներ։
Հինգ տարուց ավելի եղել եմ հանրապետական դպրոցական օլիմպիադայի նախագահ՝ «Հայ գրականություն» առարկայից։ Իմ պահանջն է եղել՝ ոչ մի միջնորդություն։ Արդյունքում՝ դիպլոմներ ու գովասանագրեր էին ստանում Տավուշի, Արարատի, Կոտայքի և այլ շրջանների գյուղերից եկած աշակերտները, որոնց ուսուցիչները բարեխղճորեն կարդալ էին տվել հայ գրողների գործերը և սովորեցրել էին սեփական մտքերով ու ինքնուրույն ազատ շարադրություններ գրել։
Տեղին եմ համարում հիշեցնել Ֆրանսիայի ակադեմիայի անդամ Ռընե Գրուսեի՝ Ն․ Ադոնցի «Քննական պատմություն Հայոց» ֆրանսերեն 1-ին հատորի առաջաբանի խոսքերը՝ գրված 1946-ին, Ն․ Ադոնցի մահվանից հետո։ Այդ խոսքերը Տիգրան Մեծի մասին են․ «Տիգրանը իր ժողովրդի ապրելու իրավունքն ապահովեց հավիտենականության համար»։
Օտարի թելադրանքով ոչ պիտանի ծրագիր ներմուծելը հղի է վտանգներով։ Հայ գրականագետների, լեզվաբանների, ուսուցիչների մեջ կան այնպիսի ուժեր, որոնք ի զորու են ստեղծել նոր, մարդասիրական, նաև ազգասիրական հայ գրականության ծրագիր, որով առավել կամրապնդվի մեր պետականությունը։ Համացանցով ես ստանում եմ այս նոր ծրագրի դեմ ուղղված բողոքի բազմաթիվ նամակներ։ Իմ նախկին ուսանողուհին, այժմ՝ ուսուցիչ, իրավացիորեն գրում է․ «Իսկ ծրագրի հեղինակները չգիտեն, որ Չարենցն ասել է․ «Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա»։ Իրոք, չկա։
Անհարթ մտքերով, ցրված հարցերով, օտարի թելադրած այս ծրագիրն ընդունելի չէ։ Անհրաժեշտ է բոլորովին նոր ծրագիր, որը չի վտանգի մեր հայրենիքի ապագան և չի գոհացնի մեր թշնամիներին, որոնց հայատյաց էությունն իրենց իսկ ձեռքով այսօր դաջված է Սան Ֆրանցիսկոյի հայկական դպրոցի պատերին։

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։