ԵՍ ՉԵՄ ԱՄԱՉՈՒՄ, ՈՐ ԱՄԵՆ ՕՐ ՀԱՅԵՐԵՆ ԵՄ ՍՈՎՈՐՈՒՄ / Գրիգոր ՋԱՆԻԿՅԱՆ

Գրիգոր Ջանիկյան

Ինչ խոսք, ինչպես յուրաքանչյուրդ, ինքս էլ եմ հպարտ իմ հայությամբ՝ հպարտ եմ հատկապես այն բանի համար, որ, կոպիտ չհնչի, հայերենն ինձ համար աշխատանքային «ատաղձ» է: Ըստ մատենավարների հրապարակած, բնավ էլ ոչ ամբողջական տվյալների՝ ֆրանսերենից մի քանի տասնյակ գրական-գեղարվեստական, պատմական, գիտական՝ ամենատարբեր բնույթի գրքեր եմ թարգմանել, ու գրեթե չի պատահել դեպք, որ որևէ բառի հայերեն համարժեքը գտնելու դժվարություն ունենամ: Եթե ունեցել եմ, պատճառը ոչ թե մեր ոսկեղենիկը, իմ անգիտությունն է եղել:
Դուք երբևէ չե՞ք հետաքրքրվել, թե մեր նախնիները, բնիկ լինելով հանդերձ, ինչո՞ւ են իրենց հանապազօրյա սննդանյութը կոչել փոխառնված, մեր լսողությանն ու արտաբերությանը խորթ, արևելահայերը՝ ռուսերենի ազդեցությամբ «կարտոֆիլ», արևմտահայերը՝ ներկա սփյուռքահայերը, ֆրանսերենի ազդեցությամբ՝ «փաթաթես» բառերով: Ի՜նչ է, մինչև ֆրանսիացիների կամ ռուսների հետ առնչվելը տեսած, կերած չե՞ն եղել: Նույնը վերաբերում է ռուսերենի «կոնֆետ» կամ ֆրանսերենի «բոնբոն» անվանումներին: Մի՞թե մենք այդքան առօրեական, առաջին դեպքում՝ սննդեղենի, երկրորդ դեպքում՝ քաղցրավենիի մե՛ր՝ հայերեն անվանումները չենք ունեցել: Պարզվում է՝ ունեցել ենք, այն էլ ի՜նչ հրաշալի անվանումներ: Թարգմանությունների ընթացքում, մայրենիիս նկատմամբ անվերապահ հավատով համակված, համառել, պեղել ու պարզել եմ, որ նախքան օտարահունչ «կարտոֆիլն» ու «փաթաթեսը» հայերենում կոլորիկ բառն է եղել, որ նույնիսկ հոմանիշը՝ հողկիթն է ունեցել, «կոնֆետ»-«բոնբոնը» շաքարհատ է կոչվել: Մի՛ շտապեք թերահավատ քմծիծաղել, հիշեք, թե խորհրդային տարիներին որոշ մտավորականներ, այո՛, հայ մտավորականներ, ինչպե՛ս էին մամուլով, հրապարակայնորեն հեգնում իրենց այն գրչընկերոջը, ով հանդգնում էր «սոսիսկիի» փոխարեն նրբերշիկ բառը շրջանառության մեջ դնել: Շատ ժամանակ չի անցել, բայց հիմա իրեն հարգող ո՞ր հայը պարենային կմտնի ու ոչ թե նրբերշիկ, «սոսիսկի» կգնի: Այնպես որ, ես մեր ժողովրդին հավատում, համոզված պնդում եմ, որ գալու է նաև կոլորիկի, հողկիթի, շաքարհատի ժամանակը:
Շառլ Ազնավուրի, այդպես կոչենք, խնամին, ազգային՝ «Առա՛ջ, նահատակ ցեղի անմահներ» մարտերգի հեղինակ Գևորգ Կառվարենցը, Աիդա Ազնավուրի ամուսնու՝ երաժշտահան Ժորժ Կառվարենցի հայրը, հայասպանության նախճիրից հետո ընտանիքով երկրեերկիր դեգերել ու ի վերջո ապաստանել էր Իտալիայում, որտեղ բանաստեղծ-մտավորականի հետ առնչություն չունեցող ինչ գործ ասես անում, երեկոյան խոնջացած, նվաստացած տուն էր վերադառնում: Երբեմն, սակայն, վարձու կարուհի կինը նրա աչքերում ինքնագոհության ցոլքեր էր տեսնում, հաջողության ակնկալիքով հարցնում.
– Ի՞նչ է պատահել, մա՛րդ:
– Այսօր այսինչ հայ գրողի գրքից հայերեն այսինչ նոր բառը սովորեցի, կնի՛կ,- գոհունակ ժպտում էր 1915-ի մտավորական փաղանգի վերջին մոհիկանը…
Կառվարենցը բացառություն չէր: Հայտնի է, որ Դանիել Վարուժանը բառարանների, հե՛նց բառարանների մոլի ընթերցող էր, ահա թե ինչու 20-րդ դարի խոշորագույն բանաստեղծներից մեկի յուրաքանչյուր հանգերգը հայերենը պանծացնող չքնաղ կոթող է:
Իհա՛րկե, այն, որ աննկատ մոռացության էին մատնվում մեր ազգային լեզվի անբավ գանձերը, այսինքն՝ ինքներս աղքատացնում էինք մեզ, մեղավոր էինք ոչ այնքան մենք, որքան բռնատիրությունները, որոնց լծի տակ հեծում էինք դարերով: Հայտնի է՝ Օսմանյան կայսրությունում երբեմն անգամ հայերեն խոսողի լեզուն էին կտրում, պարտադրում էին մեսրոպագիր Աստվածաշունչ մատյանը թրքատառ հրատարակել, իսկ ցարական տիրակալությունում ուղղակի փակում էին ազգային կրթարանները: Նույն միտումը, թեև քողարկված, շարունակվեց ցարական մեծապետականության ժառանգորդ Խորհրդային Միությունում: Տարիներով, հետևողականորեն, հայերենին պարտադրված «ռևոլյուցիա», «ռեսպուբլիկա», «սովետական», «մինիստր», բազում այլ բառեր դրա վկայությունն են: Բարեբախտաբար, Արարատյան Հայաստանը վերանկախացավ ու թոթափեց մեր լեզվի այդ օտարոտի անարգանքը: Դժվար է նույնն ասել պետականությունից զուրկ, աշխարհով մեկ տարտղնված սփյուռքահայության մասին:
Մեր օրերում, մեր աչքերի առաջ, հերթական անգամ աստանդական դարձած հալեպահայերն ու բեյրութահայերը Արարատյան Հայաստանում, Արցախում տնավորվելով, իրենց բնորոշ ձեռներեցությամբ սննդատներ ստեղծեցին, որոնք լցրեցին արևելյան ախորժալի բույրերով, կերա­կրացանկերը խորթ՝ արաբական, թրքական անվանումներով: Դարձյալ առանց առանձնակի ջանքերի, հենց արևմտահայերենի գանձարան-բառարաններից այդ անվանումների անհամեմատ վաղ ստեղծված, անհամեմատ բարեհնչուն հայկական հոմանիշները գտա: Մի քանիսը թվարկեմ ՝
թերթանուշ՝ «փախլավա»,
թելահյուս՝ «ղադայիֆ»,
հայսումիս կամ մսաշոթ՝ «լահմաջո»,
գլուր՝ «իշլի քյուֆթե», և այլն, և այլն:
Վահրամ Փափազյանը պատմում էր, որ նախախորհրդային իր թիֆլիսյան հյուրախաղերին կինտոներն ամեն ներկայացումից հետո թատրոնի ետնամուտքում սպասում, ձիերին արձակում, իրենք էին կառքը հյուրանոց հասցնում: Ճիշտն ասած՝ դա ինձ չափազանցություն էր թվում:
– Վարպե՛տ,- տատամսում էի,- Թիֆլիսի կինտոները շեքսպիրյան Համլետի, արքա Լիրի, թեկուզ Օթելլոյի ձեր մեկնաբանությունները այդքան խո՞րն էին ընկալում:
– Ո՜չ, մա՛նչս,- հակադարձում էր Վարպետը,- նրանք գալիս էին, որ մի քանի ժամով կինտոյական բարբառից վերանան, մեր բյուրեղյա հայերենով հիանան, հպարտանան:
«Բյուրեղյա հայերենը» Վարպետի եզրույթն է: Եկեք մենք էլ, ուրեմն, զմայլվենք մեր բյուրեղյա հայերենով, բայց նախ՝ իմանանք:
Հարստանանք ոչ թե օտարի, ազգային՝ մե՛ր գանձերով:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.