Կան գրքեր, որոնք կարծես հայտնվում են ժամանակի պահանջով: Նրանց ներկայությունը անհրաժեշտ է թվում, որովհետև իրենց հետ բերում են նոր գաղափարներ, ստիպոււմ են մտածել նորովի, երբեմն էլ` մտածել ի հեճուկս ցանկության: Դրանք գրված չեն ժամանցի համար, այլ ունեն առաքելություն: Այդպիսի գիրք է, իմ կարծիքով, թուրք ժամանակակից արձակագիր Էլիֆ Շաֆաքի «Ստամբուլի ընկեցիկը» վեպը:
Գիրքը բնագրից` անգլերենից թարգմանել և հայ ընթերցողի դատին է հանձնել գրաքննադատ, հրապարակագիր Մարո Մադոյան-Ալաջաջյանը: Թարգմանությունը կատարված է բնագրի ոճին հավատարիմ և միաժամանակ հայերենի հարուստ և գրավիչ բառապաշարով: Իր ամբողջության մեջ վեպն, անշուշտ, այլաբանական է. այլապես այդ սյուժեն, որը հայ և թուրք երկու ընտանիքների փոխշաղկապված կենսագրության պատմությունն է, կլիներ չափազանց պարզունակ մի շարադրանք: Ինչի՞ մասին է գիրքը: Այն ցեղասպանության մասին չէ, երկու ընտանիքների պատմություն չէ, այլ այդ երկու ընտանիքների փոխշաղկապված պատմության միջոցով թուրք ժողովրդի պատմությունն է և այդ պատմությունից եկող ժառանգական մեղքի ծանրության և դրանից ազատվելու միջոցի կամ ուղու մասին է:
Արվեստի ներգործության ուժը թաքնված է ստեղծագործության բազմաշերտ ծալքերում: Եվ դրանով է բացատրվում, որ նույն ստեղծագործությունը կարող է տարբեր մեկնաբանություններ ունենալ: «Ստամբուլի ընկեցիկը» այդպիսի ստեղծագործություն է, և կուզեի հիմնավորել իմ մեկնաբանության ճշմարտացիությունը: Ինչպես գիտենք, թուրքերը չունեն էպոս, այսինքն` չունեն իրենց պատմության գեղարվեստական մեկնաբանությունը: Այս պատումը փոխաբերական իմաստների, այլաբանական պատկերների և հավաքական կերպարների միջոցով, կարծես, փորձ է անում լրացնել թուրք ժողովրդի բանահյուսության բացերը: Գրքում, իհարկե, կարմիր թելով անցնում է հայկական ցեղասպանության թեման, ավելին` վեպի բովանդակության առանցքը ցեղասպանությունն է, որն արտահայտված է բռնաբարության գաղափարի միջոցով, սակայն հեղինակն այդ ամենը ծառայեցնում է որպես լակմուսի թուղթ` Թուրքիայի էությունը ցույց տալու համար: Գիրքն ազդեցիկ է այլաբանական պատկերներով. բռնաբարության նկարագրության պատկերը խորհրդանշում է Եղեռնը, այդ պահին երկնքում սավառնող ինքնաթիռը Կոդակ փայլատակող ազդագրով` այդ մեծ ողբերգության հանդեպ հանդիսատես դարձած անտարբեր աշխարհը:
Որ «Ստամբուլի ընկեցիկը» վեպը էպիկական ընդգրկում ունի և թուրք ժողովրդի հավաքական ու այլաբանական պատմությունն է և ոչ թե Եղեռնի մասին է կամ երկու` թուրք ու հայ ընտանիքների պատմություն, երևում է նաև գրքի վերնագրից: Գիրքը չի կոչվում «Ընկեցիկը», այլ` «Ստամբուլի ընկեցիկը»: Իսկ ուղղակի իմաստով ապօրինի զավակ կարող է ունենալ կինը և ոչ թե քաղաքը: Քաղաքը կարող է ունենալ ընկեցիկ միայն փոխաբերական իմաստով: Փաստորեն, բռնաբարությունից ծնված Ասյան, ով թուրք այսօրվա սերնդի հավաքական կերպարն է` ընկեցիկ է իր երկրում: «Ասյան հասկացավ, որ ինքն այնքան է պատկանում Ստամբուլին, որքան քաղաքում փակցված այն ցուցանակը, որի վրա գրված է «Ճանապարհը կառուցման աշխատանքների մեջ է», կամ «Շենքը վերականգնողական աշխատանքների մեջ է», ինքն այնքան է պատկանում Ստամբուլին, որքան այն մառախուղը, որ պատում է քաղաքը մռայլ գիշերներին, իսկ արշալույսը բացվելուն պես ցրվում է առանց որևէ տեղ առաջնորդելու, առանց կուտակվելու, որ վերածվի մի որևէ բանի:»
Ի դեպ, հեղինակի կողմից թուրքերեն թարգմանված տարբերակում գրքի վերնագիրը փոխված է` «Հայրը և ընկեցիկը»: Էլիֆ Շաֆաքը, այնուամենայնիվ, ավելի համարձակ և ավելի ազատ եղել է անգլերեն գրելիս, երբ գրել է աշխարհի համար: Թեև, լինելով փիլիսոփայորեն մտածող արվեստագետ, նույն իմաստը կարողանում է հաղորդել նաև «Հայրը և ընկեցիկը» վերնագրի միջոցով, քանի որ հայրը նույնպես չի կարող ունենալ ապօրինի զավակ և ուրեմն` «հայրը» նույնպես այլաբանություն է և ունի նույն իմաստը, ինչ` «Ստամբուլը»: Երկուսն էլ թուրք ժողովրդի այլաբանական կերպարն են: Միևնույն ժամանակ Ստամբուլը, որպես քաղաք և քաղաքակրթությունից մնացած աղոտ հիշողություն, ընկեցիկ է: Այն փորձում է մոռանալ իր բյուզանդական անցյալը, ջնջել հիշողության միջից, այսինքն` վերանալ: Այդ թեման արծարծելու կարիքը չկա, որովհետև այն գտնվում է «ՍՏԱՄԲՈՒԼ» բառի բազմաշերտ ծալքերում`«ԿՈՍՏԱՆԴԻՆՈՊՈԼԻՍ»: Բռնաբարության և դրանից ծնված ընկեցիկի գաղափարը զարգացնելով` Շաֆաքը բարձրացնում է սեփական երկրում օտար լինելու, այդ երկրի օրինական ժառանգորդը չլինելու և նաև մեղքի ու մեղքի թողության հնարավորության և կամ անհնարինության հարցը: Նա բարձրացնում է էթնիկ մեղքի խնդիրը և փորձում է լուծում առաջարկել` չափազանց դաժան և համարձակ լուծում, որն է ինքնասպանությունը:
Համարձակության տարբեր աստիճաններ կան. կարող ես խիզախ լինել թշնամու նկատմամբ, կարող ես համարձակություն ցուցաբերել իշխանությունների հանդեպ, սակայն, կարծում եմ, խիզախության ամենաբարձր մակարդակն այն է, երբ համարձակ ես ինքդ քո նկատմամբ, և Էլիֆ Շաֆաքի այս վեպը դրա օրինակն է:
Լևենտ Քազանջը` վեպի թուրք ընտանիքի հայրը, ով նկարագրված է որպես իր հարազատների նկատմամբ անգութ և անսեր մի մարդ, ով տանը բռնակալ է, իսկ դրսում կարողանում է երևալ հուսալի, նրբանկատ և արդարամիտ, արտահայտում է թուրքի ինքնությունը: Պատահական չէ նաև, որ նա խառնածին զավակ է: Մայրը հայ է` Եղեռնից փրկված մի աղջիկ, ով սակայն հետագայում հրաժարվում է ամուսնուց և թուրք որդուց` Լևենտից, ու մեկնում է ԱՄՆ, որտեղ իր ընտանիքն է ստեղծում` հայի ընտանիք: Գրողը առանձնահատուկ ակնածանքով ու հարգանքով է նկարագրում հայ ընտանիքի բարքերը: Նրա վեպում Չաքմաքչյանները ազնվական նկարագիր ունեն: Հակառակն է թուրք Քազանջի ընտանիքը, որին Շաֆաքը թեև նկարագրում է սիրով և ջերմությամբ, սակայն ցույց է տալիս, որ հասարակ վարք ու բարքի ընտանիք է, սակայն դա չէ էականը, այլ այն, որ այդ ընտանիքի բոլոր տղամարդիկ մահանում են հանկարծակի և երիտասարդ տարիքում, որովհետև անիծված են: Միակ տղամարդը, որ վեպում դեռևս կա` Մուսթաֆան, այդ ընկեցիկի հայրը և միաժամանակ քեռին, այլևս երեխաներ չի ունենում, որովհետև «իր սրտի խորքում համոզված էր, թե ինքն արժանի չէ երեխաներ ունենալու»:
Թուրքիան չունի մշակույթ, չունի անցյալ, որն արժե շարունակել, սակայն Թուրքիան ունի նոր սերունդ` որում իրենց շատ փոքր տեղն ունեն առաջադեմ կրթությամբ և դաստիարակությամբ, նոր մտածողությամբ մտավորականները: Էլիֆ Շաֆաքը, ով ծնվել է Ստրասբուրգում, դիվանագետների ընտանիքում, ապրում է ԱՄՆ-ում և Թուրքիայում և գրում է թուրքերեն ու անգլերեն, այդ նոր սերնդի ներկայացուցիչներից մեկն է, ով ուզում է փոխվել, ուզում է նորովի մտածել և ունենալ ապագա: Մենք, բնական է, շահագրգռված ենք Թուրքիայում այդպիսի փոփոխություններով: Վեպը ցեղասպանության մասին չէ, այն ցեղասպանության ճանաչման մասին է, և այն կարդալուց հետո մեկ անգամ ևս հասկանում ես, որ դա Թուրքիայի և թուրք ժողովրդի խնդիրն է և որ դա առաջին հերթին նրանց է պետք: Սակայն գիրքն արժեքավոր ու կարևոր է նաև հայ ընթերցողի համար, որովհետև ստիպում է մեզ մտածել և անցյալն ու մեկ դար առաջ կատարված ազգային ողբերգության պատճառները փորձել հասկանալ նորովի: Հասկանալ, թե ինչպե՞ս եղավ, որ չկարողացանք պաշտպանել մեզ, մեր երեխաներին և մեր հողը: Էլիֆ Շաֆաքի և նրա պես մտավորականների գոյությունը փաստում է, որ թուրքերն ուզում են դառնալ ազգ և որ ունեն այդ ձգտումը:
Իսկ ո՞րն է մեր ձգտումը: Ի՞նչ ենք ուզում մենք, որ մշակութային ազգ ենք եղել դեռևս հազարամյակներ առաջ, իսկ այսօր պահպանվում ենք զուտ իներցիայի շնորհիվ, որը, սակայն, գնալով մարում է: Ո՞րն է ապրելու մեր բանաձևը և, վերջապես, ինչպե՞ս կարող ենք ազգային կյանքով ապրելու շարժառիթ ունենալ: Հայրենասիրությունը բարդ զգացմունք է, բայց քանի որ այդ բառի արմատներից մեկն, այնուամենայնիվ, սերն է, ուրեմն` այն փոխադարձ զգացմունք է: Եվ մարդիկ հայրենիքը սիրում են ոչ միայն այն պատճառով, որ հայրենիքը իրենց կարիքն ունի, այլ որովհետև իրենք հայրենիքի կարիքն ունեն ավելի: Մենք քամուց քշվածի պես աշխարհասփյուռ ազգ ենք դարձել, որովհետև արտագաղթը դարձել է մեր մտածողության և կենսակերպի անբաժան մասը: Եվ չկա մեզ ոչ մի արդարացում մեր զավակներին այսօր անհայրենիք գաղթականի ճակատագիր շնորհելու համար: Այո, ես դատում եմ և պատրաստ եմ դատվելու, որովհետև այն, ինչ ասում եմ, ասում եմ առաջին հերթին ինքս ինձ: Եվ համոզված եմ, որ մենք չենք ունենա մեր երազած երկիրն այնքան ժամանակ, քանի դեռ չենք հասկացել, որ հայրենիքից չեն նեղանում, չեն հեռանում, չեն պահանջում, այլ փայփայում են, որպեսզի փայփայված լինեն, հարստացնում են, որպեսզի հարուստ լինեն, սիրում են, որպեսզի սիրված լինեն և պահպանում են, որպեսզի այն ունենան:
Մտորումներ Էլիֆ Շաֆաքի «Ստամբուլի ընկեցիկը» վեպի ընթերցումից հետո / Կարինե ՀԱԿՈԲՅԱՆ

Դեռ շատ կթարգմանվեն, սա սկիզբն է… Մարդիկ մշակութային քաղաքականություն ունեն…
Մտահոգվեք թե հայ գեղարվեստական գրականությունից քանի գործ է ֆրանսերեն լեզվով թարգմանվել…((((((
Պետրոսյան, դու թարգմանել ես հայ գրողների ֆրանսերեն, բայց որ ասում ես, թե ցեղասպանությւոն չի եղել, այ էդ մեկը իսկի լավ չես անում…