ՀԱՆՈՒՆ ՎԱՐԴԻ / Հերմինե ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ

Հերմինե ՆավասարդյանԿարծիք կա, որ կորոնավիրուսը Աստծու դատաստանն է մարդկությանը: Հավանաբար, հեռու չէ ճշմարտությունից, քանզի մարդկային աչքով եթե երևում է ավերածությունը երկրի վրա մարդու ձեռամբ, ինչե՜ր են տեսանելի աստվածային ամենաթափանց ամենուրեքյան հայացքի ներքո: Բայց մարդը կարո՞ղ է կանխագուշակել արարչական ծրագրերը: Մարդու ձեռամբ սրբապատկերվա՞ծն է իր Արարիչը. չէ՞ որ հակառակը՝ նրա հայացքի տակ է մարդը, Աստվածաշնչմամբ ընթերցվածն է Աստված. չէ՞ որ ի սկզբանե բառագրված ու թվագրված է մարդ արարածը:
Բոլոր հազարամյակների սկզբում մեծ ու փոքր, մարդկային ու անմարդկային, ազգային ու ապազգային արհավիրքներից առաջ համաշխարհային տագնապ է տարածվում դատաստանի մասին: Սակայն մարդկությունը ծանրորեն ապրել ու անցել է դրանք: Այն, որ 21-րդ դարի մարդը նման չէ 1-ին դարի մարդուն, ակնհայտ է: Եթե 1-ին դարում նա սայլով էր ճամփորդում հողի վրա, ապա այսօր երկրեերկիր ճամփորդում է թռիչքով և լույսի արագությամբ կարող է հասնել երկրագնդի ցանկացած կետ՝ թերևս զգացողությունների մակարդակով: Մշտապես՝ նոր ժամանակներ – հին մարդ: Բայց այս անգամ կարծես հսկայական են փոփոխությունները, որոնց առջև դեռ կարկամ ենք: Ու բազմաթիվ են հարցերը՝ ակնառու, հստակ, խրթին, թաքնաթաքույց, հասկանալի կամ անհասկանալի:
Էվոլյուցիայի ենթակա՞ է արդյոք մարդու տեսակը. աղտոտը, ագահը, գողը, խաբեբան, մարդասպանը, վայրագը երբևէ կփոխվե՞ն, մաքուր, ազնվաբարո, ճշմարտախոս, բարեսիրտ, մարդասեր, խաղաղարար կդառնա՞ն. հավանաբար՝ ո՛չ, թեև Դարվինը հակառակն էր պնդում: Ստանդարտներից շեղումներ հնարավոր են, իհարկե, երկուստեք. կարելի է կապիկների հոտին սովորեցնել մաքրասիրության. բանանը լվանալուց հետո ուտել, իսկ մարդկանց աղտոտվածության պատճառով կարող են բազմանալ առնետները, բակտերիաներն ու վիրուսները: Ասում են՝ համաճարակների ժամանակ արագ են աճում պարազիտները:
Գուցե, իսկապե՞ս, կորոնավիրուսը ուղիղ ընթացքից շեղված մարդկանց ձեռքով թեթև օդակաթիլային դատաստան է: Ընդդեմ ավերիչների: Հանուն վարդի: Վկան՝ բնության խաղաղ ծաղկունքն այս տարի:
Տարբեր են կարծիքները. մեկն ասում է՝ դավադրություն է, մյուսը՝ մարդկանց համատարած պատվաստման ծրագիր, երրորդը՝ բնակչության կրճատման միջոց, չորրորդը՝ կենսաբանական զենք, հինգերորդը՝ աշխարհին տիրելու հիվանդագին մոլուցք, վեցերորդը՝ Երկրի կործանման սկիզբ…
Իսկ գուցե սա նախապատրաստությո՞ւնն է այն մարդու, որի գանձերը երկրում չեն, այլ՝ երկնքում, քանզի տեսանելի էր, որ երկրի վրա կուտակված թերևս ողջ նյութը մեկ օրում կարող է հօդս ցնդել կամ անհասանելի դառնալ փոքրիկ մի վիրուսի պատճառով, ու մաքուր օդը լեռներում կամ նրանցից էլ վեր է. որ միլիարդատիրոջ միլիարդները մեկ վայրկյանում կարող են զրոյանալ, և հարստանալու տենչով՝ հոգով կուրացածների ամբողջ կյանքի ջանքը քոռ կոպեկ էլ չի արժենա, քանի որ, միևնույն է, ասեղի անցքը ամենաաղքատներին է հարմար. որ արյունարբու պատերազմներով սահմանագծվող երկրների սահմանները կարող են ջնջվել, որովհետև մարդու քայլածը իր տան պատերով կարող է սահմանափակվել: Աշխարհի կործանման վախը միշտ էլ կախված է մարդկության գլխին՝ մահվան տեսքով, մեղքի փոխհատուցման կամ դատաստանի:
Գիտական կարծիք կա, որ Սառուցյալ օվկիանոսում այլ վիրուսներ են սպասվում երկրագնդին, ու դա մարդկային անբարո վարքի անմիջական հետևանքն է՝ առանց մարգարեական կարծիքների փնտրտուքի:
Ըստ Հայտնության՝ «Անիրաւութիւն գործողը թող էլ անիրաւանայ, եւ կեղտոտը թող էլ կեղտոտուի, եւ արդարը թող էլ արդարանայ, եւ սուրբը թող էլ սրբուի: Եւ ահա շուտով գալիս եմ եւ իմ վարձքն ինձ հետ, որ ամեն մէկին կ’հատուցանեմ ինչպէս իր գործը կ’լինի: Ես եմ Ալֆան եւ Օմեղան. սկիզբը եւ վերջը, առաջինը եւ վերջինը»:
Երբեմն ուրվագծվող է Հայտնությունը. ճերմակաթև հրեշտակների տեսքով, երկրային կրակ ու հրի կամ փոթորիկների ու ցունամիների: Եվ եթե գիրը վկայում է, ապա այլևս արարքն է կարևոր, քանզի դիմավոր, անդեմ, դիմակով թե անդիմակ՝ մարդկանց աչքերի համար է: Աստծու համար ենթադրելի է արարքի կարևորությունը: Իզուր է նաև վախը տեսանելի ու անտեսանելի մարդկային հսկողությունից: Մարդն արդեն իր ձեռքի սարքերով չափազանց ընթերցելի է: Աստվածային մշտաներկա աչքի համար ընթեռնելի է արարքը, ոչ թե դիմակը: Միակ սփոփանքն այն է, որ մուտացիային մուտացիայի ենթական է ենթակա: Անարատը փակ է արատի նկատմամբ: Քանի դեռ մոլորակը պտտվում է տիեզերքի անսահմանություններում իր առանցքի շուրջ, ու քանի դեռ լույսի ակունքը կա: Գուցե մաքրող ջրերի մակընթացության ժամանա՞կն է օդում: Հանուն երկնային վարդի:
Դեռ կանխորոշումներ են, քանզի մարդկային ճշմարտությունները հետո են երևակվում, իսկ աստվածայինը երկինքներում է: Ամեն դեպքում, արդարների աղոթանքն է անցուղին՝ նյութից դեպի աննյութեղենը:
Կորոնաժամանակի օրերից մի օր, երբ քայլում էի քաղաքում՝ փողոցների սարսռազդու ամայության մեջ, մարդ չկար, մեն-մի շուն էր կանգնած Բաղ­րամյան փողոցի լուսացույցի տակ. սպասեց մինչև կանաչ լույսը վառվեր: Անցանք: Օհան Դուրյանին հիշեցի: Մի շուն ուներ. Նորքի փողոցներից էր գտել՝ փոքրիկ ու անօգնական, ու խնամել, մեծացրել: Դաշնամուրի նվագակցությամբ «երգում էր» Պուպեն: Հարցրեցի. «Բացի երաժշտությունից, ի՞նչն է կյանքում Ձեզ ապրեցնողը»: Պատասխանեց. «Ահա նա,- ցույց տալով Պուպեին,- նա մարդուց էլ մաքուր է ու ազնիվ: Մարդը բնության ամենացածր ստեղծագործությունն է և ոչ թե ամենակատարյալը, ինչպես ասվում է»: Գուցե հիմա էլ շների՞ քաղաքակրթվելու ժամանակն է, հատկապես, որ նրանք ազատ շնչում են, տերերն են քթկալով:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։