ՀՀ ԿԳՄՍ նախարար
պարոն ՎԱՀՐԱՄ ԴՈՒՄԱՆՅԱՆԻՆ
Հարգարժա՛ն նախարար, վստահ ենք, որ քաջատեղյակ եք մանկապատանեկան մամուլի առջև այսօր ծառացած խնդիրներին։ Երբ 1990 թվականին Հայաստանի երեք մանկապատանեկան պարբերականները («ԱՂԲՅՈՒՐ», «ԾԻԾԵՌՆԱԿ», «ԿԱՆՉ») ՀՀ Գերագույն խորհրդի նախագահության որոշմամբ առնվեցին պետական հովանավորության ներքո, թվում էր, թե նրանք այլևս խնդիրներ չեն ունենալու։
Հայաստանի Հանրապետության «Երեխաների իրավունքների մասին» օրենքի (որը Խորհրդարանն ընդունել է 1996 թ. մայիսի 29-ին) 18-րդ հոդվածը ասում է, որ երեխայի ստեղծագործական հնարավորությունների զարգացման նպատակով պետությունը խրախուսում է ՄԱՆԿԱԿԱՆ ԹԵՐԹԵՐԻ և ԱՄՍԱԳՐԵՐԻ հրատարակումը, ապահովում դրանց ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ։ Այս օրենքը, փաստորեն, շրջանցվում է նախարարության կողմից հենց տենդեր հայտարարելու փաստով, տենդեր, որը ոչ թե երեխաների, այլ հենց միայն նախարարության համար է ապահովում ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅՈՒՆ (ով ավելի էժան ամսագիր կտրամադրի)։ Նախարարությունը, փաստորեն, օրենքի հիշատակած մատչելիությունը մեկնաբանում է իր օգտին և ոչ թե երեխաների։ Նշենք, որ այս ասպարեզում հայտարարված մրցույթները ձախողվեցին, քանի որ դրանք շահեցին կա՛մ տպարաններ ունեցող հրատարակչությունները, կա՛մ տառասխալներով, կետադրական և խմբագրական բազմաթիվ սխալներով (ունենք փաստական-նյութական ապացույցներ, որոնք ներկայացրել ենք նաև մամուլում) ինչ-որ պարբերականներ տպագրած մարդիկ, որոնք չեն տիրապետում մանկապատանեկան մամուլի բովանդակային առանձնահատկություններին: Մենք մրցույթներում պարտվեցինք և պարտվելու ենք, քանի որ մանկապատանեկան մամուլ հրատարակելու գործում մասնագիտացած փորձառու, բայց սոսկ խմբագրական կոլեկտիվներ ենք և չենք ունեցել ու չունենք նյութական բազա` տպարան, որպեսզի կարողանանք մրցունակություն դրսևորել գնային առաջարկի մեջ (մրցույթի առաջին պայմանը ամենացածր գին ներկայացնելն էր):
Խորապես գիտակցում ենք, որ մեր երկիրը դժվար օրեր է ապրում, բայց առաջարկում ենք վերը նշված իրավական հիմքերով վերսկսել մանկապատանեկան այս երեք պարբերականներին ֆինանսապես օգնելու (հասկանալի է` առայժմ ոչ առաջվա չափով) պետական աջակցությունը` պայմագրային կամ այլ հիմունքներով:
Խնդրի շուրջ մանրամասն զրուցելու համար խնդրում ենք ընձեռել Ձեզ հետ հանդիպելու հնարավորություն։
«ԱՂԲՅՈՒՐ» ամսագրի
գլխ. խմբագիր՝ Թ. ՏՈՆՈՅԱՆ
«ԾԻԾԵՌՆԱԿ» ամսագրի
գլխ. խմբագիր՝ Ա. ՎԱՐԴԱՆՅԱՆ
«ԿԱՆՉ» թերթի գլխ. խմբագիր`
Վ. ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ