ԲԱՑ ՆԱՄԱԿ ՍՈՒՐԵՆ ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ`
«ՁՄԵՌՆԱՄՈՒՏԻ ԳԱՆՁԵՐ» ԳՐՔԻ ԾՆՆԴՅԱՆ ԱՌԻԹՈՎ
Թանկագին բարեկամ.
Մի անգամ, հիշո՞ւմ ես, կես-կատակ, կես-լուրջ ասացիր.
– Ապրեի այնքան, որքան իմ գրքերի թիվն է:
Դա ավելի քան երկու տասնամյակ առաջ էր: Այն ժամանակ լույս էր տեսել, եթե չեմ սխալվում, քո 90-րդ գիրքը: Հիմա, տարիներ անց, իմ սեղանին է քո «Ձմեռնամուտի գանձեր» ժողովածուն, որ (պատկերացնե՜լ է պետք) արդեն «հատել» է 130-ի սահմանը, և դու էլ անցած նոյեմբերին բավական առույգ ու հաստատակամ «ոտք դրեցիր» 88-ից ներս… Այնքան առույգ, որ քիչ է մնում հավատամ, թե հենց 130-ն էր երևի այն երազած թիվը, որ նախապես «սահմանել» էիր` իբրև ապրելիք կյանքի ժամանակ: Այնպես որ, իզուր ես այս գրքի առաջին էջում «հեռու թռած, անհետացած» տարիների մասին չափազանց վաղաժամ խոստովանել.
Տարիներս սեղմել էի ձեռքիս ափում`//Հավքի պես պինդ.//Ուր տասնամյակ ինձ հետ էին //Վայելք ու խինդ://Բայց մի օր էլ ափս բացվեց,//Չհասկացա,//Տարիներս//Հեռու թռան,// Անհետացան:// Ճերմակեցի միանգամից//Ու ծերացա:
Եվ ո՞ւմ ես դու փորձում համոզել, որ «ճերմակել ես միանգամից ու ծերացել», երբ երիտասարդական եռանդով շարունակում ես ստեղծագործել, և ապրած տարիներն էլ չեն հեռացել, չեն անհետացել, պարզապես ներհյուսվել են քո արարած գրքերում` տող առ տող, էջ առ էջ, շուրջ 65 տարի առաջ լույս տեսած անդրանիկ «Առաջին երգը» մանկական ժողովածուից մինչև այս «Ձմեռնամուտի գանձերը»… Իսկ «արանքում» տասնամյակների ստեղծագործական երկունքի ծնունդ գրքերն են` հասցեագրված և՛ մանկանց սերունդներին, և՛ տարեց ընթերցողներին` լինի բանաստեղծություն թե չափածո ու արձակ հեքիաթ, առակ թե պիես, պոեմ թե լեգենդ, երգիծական մանրապատում թե այս կամ այն անվանի գրողին նվիրված գրական ակնարկ, հետաքրքիր հուշապատում, թե… Մի խոսքով, քո բեղմնավոր գրիչն արարել է տարաժանր գրքերի մի ամբողջ հարուստ գրադարան, որ ընդհանրապես եզակի երևույթ է մեր նորագույն գրականության համապատկերում: Մանուկները քեզ իրավացիորեն իրենց գրողն են համարում, քանզի քո գրքերի մեծ մասը հենց նրանց է հասցեագրված: Բայց տարեց ընթերցողներն էլ քեզ իրենց գրողն են համարում. չէ՞ որ քո ստեղծագործական կյանքի հետագիծը նաև «մեծերի աշխարհով» է անցել: Վկա` տարաժանր գրքերի մի ամբողջ շարք` մինչև առայժմ այս «Ձմեռնամուտի գանձերը», որի ծնունդն այսպիսի ուշագրավ համեմատությամբ ես ներկայացնում. «Բանաստեղծն ու հողագործը շատ նման են միմյանց իրենց ստեղծարար ոգով, արդար աշխատանքով, բարիքներ արարելով: Հողագործը հողից, այգուց, դաշտից, սարից բարիքներ է ստեղծում` կոշտացած ձեռքերով, տքնաջան աշխատանքով: Բանաստեղծը հոգևոր բարիքներ է ստեղծում` մտքով, երևակայությամբ: Հողագործը բարիքների մի մասը պահեստավորում է ձմեռնամուտին, որ վայելի, մի մասն էլ խնամքով պահում է որպես սերմացու` գալիք տարում ցանելու համար: Բանաստեղծն էլ, երբ սփռում է իր գործերի տպագրությունը, ժամանակ առ ժամանակ քրքրում է իր գրական արխիվը, գզրոցները, մոռացված, արժեքավոր մասունքներ, գանձեր է հայտնաբերում հրատարակման համար: Եթե ծայրահեղ անկեղծանամ, կասեմ, որ իմ նոր ժողովածուն կյանքիս, կենսագրությանս հայելին է, փոքրիկ հանրագիտարանը»:
Այո՛, թանկագին բարեկամ, այս եզակի ժողովածուն իրոք քո կյանքի հայելին է, կյանք, որ ներանձնական ու «նեղ, անձնական» խոստովանություններով հանդերձ` բոլորանվեր ծառայություն է մեր մայր գրականությանը, առավելապես նրա «փոքր զավակին»` հայ մանկագրությանը, որի հավատավոր և անդավաճան «ծառան» ու արժանավոր «տերն» ես եղել ստեղծագործական ողջ կյանքիդ ճանապարհին` թողնելով միայն լուսավոր ու բարի հետագիծ: Վկա քո 130 հոգեզավակ-գրքերը և այս հանրագիտակը, որի արժեքը, կրկնում եմ, միայն նրանում չէ, որ երևակում է մեր ժամանակների երևելի բանաստեղծի, անվանի մանկական գրողի, երգիծաբանի ու դրամատուրգի բազմաբեղուն ստեղծագործական կյանքի հայելապատկերը` տպագրված և անտիպ հոդվածների, հարցազրույցների, նամակների, հայոց և այլոց մեծերի կարծիքների, ընծայագրերի, հազվագյուտ լուսանկարների, բազմազան այլ նյութերի միջոցով, որոնց մի մասը ընթերցողներիս ծանոթ էր քո նախորդ` «Մի երկար, լուսարար ճանապարհ», «Գրական նամականի», «Իմ վերջին կանգառը» ժողովածուներից: «Ձմեռնամուտի գանձերի» քո կենսապատումը «դուրս է գալիս» անձնականի շրջանակներից և նրանում ներառվում է մեր հասարակական-գրական կյանքի մի մեծ ժամանակահատվածի արտապատկերը` դիտարկված գրողական ճշմարտացի, արժանահավատ հայացքով, հետաքրքիր մեկնաբանություններով: Ժողովածուի հինգ բաժիններում ամփոփված տարաբնույթ նյութերը հենց դրա վկայագրերն են:
Ինքնատիպ դիտարկումներով ու բնութագրումներով, ստեղծագործական-մարդկային յուրահատուկ գծերի բացահայտումներով են աչքի ընկնում մեր մեծերին նվիրված հոդվածները: Առանձնակի հետաքրքրություն են ներկայացնում այն կարծիքներն ու նամակները, որ ստացել ես հայ և այլազգի անվանի գրողներից, տարբեր տարիքի ընթերցողներից` հրատարակված այս կամ այն գրքի, ծննդյան հոբելյանների և այլ առիթներով: Երախտագիտության, անսահման սիրո ու նվիրումի զգացումներով են հյուսված քո իսկ նամակները` հասցեագրված ընթերցողներին, հայրենի Ակներ գյուղի ուսուցիչներին, արվեստի ու գրականության երևելի գործիչներին… Առանց հուզմունքի անհնարին է կարդալ այն ջերմ նամակներն ու բանաստեղծական «սիրատողերը», որ ձոնել ես սիրելի կնոջդ` մայրենիի ուսուցչուհի Մարո Իսահակյանին, ով տարիներ առաջ հեռացավ կյանքից: Հապա՜ այն լուսանկարները, որոնցից յուրաքանչյուրը մի թանկ ու անմոռաց դրվագ է` քո կենսապատումից:
Եվ, այնուամենայնիվ, «Ձմեռնամուտի գանձերն» անհնարին էր պատկերացնել առանց քո «բանաստեղծական ներկայության»: Տարբեր բաժիններում տեղ են գտել նախորդ ժողովածուներում տպագրված ու նաև նոր արարված բազմաթիվ բանաստեղծություններ, որոնք յուրահատուկ կոլորիտ են հաղորդում գրքի «արձակ մթնոլորտին»` այն պարուրելով առավել սրտամոտ և հուզական գուներանգներով:
Թանկագին Սուրեն Մուրադյան, իմ այս բաց նամակը թերևս սոսկ տեղեկատվական հասցեագրում ունի ընթերցողներին, խորհրդով, որ նրանք անպայման հաղորդակցվեն քո «Ձմեռնամուտի գանձերի» գարնանաբույր աշխարհին և առավել տեղին ու ճշմարիտ համարեն քո այս խոստովանությունը.
Ես մեծացել եմ, բայց չեմ ծերացել,
Հրաշքներով եմ գերվել, զարմացել,
Ամեն մանկան հետ ծնվել, մեծացել,
Ես մեծացել եմ, բայց չեմ ծերացել…
Քո ստեղծագործական նոր
արարումների սպասումով`
Լյուդվիգ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ