Անդրադարձ

«Գրական թերթի» խմբագրին

Հարգարժան տիկին Խոդիկյան.

2015 թվի հունիսի 3-ին Ձեր թերթում տպագրվել է Ամալյա Ալեքսանյանի հոդվածը Գրականության ինստիտուտում իմ խմբագրությամբ տպագրված «Հայոց նոր գրականության պատմության» 3-րդ հատորի մասին: Անշուշտ ենթադրելի էր և պատշաճ, որ հոդվածին պիտի անդրադառնար հատորի խմբագիրը՝ այն պարզ տրամաբանությամբ, որ հոդվածագրի կողմից բարձրացված բոլոր հարցադրումներն ուղղված էին խմբագրին: Իհարկե, տնօրինության կողմից հրավիրված նիստին որևէ մեկին աննկատ չմնաց այս հանգամանքը, նաև այն, որ խմբագրին առավելապես հասցեագրված էին այս տիկնոջ չարությունը, մաղձն ու երկար տարիներ ներսում կուտակած անհանդուրժողականությունը: Տիկին Ալեքսանյանին այսպիսի ջղաձգության է հասցրել ոչ թե տեխնիկական վրիպակը, որ պատահում է բոլոր գրքերում, այլ Սիրանուշ Մարգարյան անուն-ազգանունը, որ, ինչպես ինքն է պնդում, փառավորապես հայտնվել է գրքի տիտղոսաթերթին:
Կպնդեք, թե մեծարգո տիկինը խոսում է փաստերով, ես փորձում եմ դրանք տեղափոխել այլ դաշտ: Սա անշուշտ ճիշտ է, եթե դիտում ենք երևույթը, ոչ թե էությունը:
Խոսենք փաստերով.
Հարգարժան տիկին խմբագիր:
Չգիտես ինչու, միամտաբար կարծում էի, թե ակադեմիական ինստիտուտի դիրեկցիայի անունից ներկայացրած տնօրենի պարզաբանում-գրությունն ավելին արժե, քան խմբագրի մեկնաբանությունը, ու այն կփակի շատ անդուռ բերաններ՝ վերջ դնելով հատորի շուրջ բարձրացած աղմուկին: Բայց որովհետև ոմանց առավելապես հետաքրքրում և հուզում է խիստ ծանր մեղք գործած խմբագրի պատասխանը, պնդում եմ.
Սիրանուշ Մարգարյանը չի պատասխանել հիշյալ տիկնոջ այս գրությանը, որովհետև սույն հատորն ունի գլխավոր խմբագիր՝ ԳԱԱ ակադեմիկոս Սերգեյ Սարինյան, և հոդվածագրի հարցադրումները ուղղված պիտի լինեին Ս. Սարինյանին, ոչ թե Ս. Մարգարյանին:
Վ. Դևրիկյանի առանձնասենյակում մեր հանդիպման ժամանակ, որ այնքան մանրամասնորեն ու հաշվենկատ ճշգրտությամբ հիշում է տիկին գիտաշխատողը, տնօրենը նրան ներկայացրեց, թե ինստիտուտ է հասել գրքի նախնական տպաքանակը և մնացած բոլոր օրինակներում կուղղվի սխալը, ինչը և արդեն արվել է:
Տիկին Ալեքսանյանն ակնարկում է, թե խմբագրի անգիտությամբ գրքում նկատելի անհամամասնություն է առաջացել՝ Դուրյանին և Պեշիկթաշլյանին հատկացված էջերի առումով: Հիշեցնեմ, որ խմբագիրը ոչ թե գրում, այլ խմբագրում է եղած բնագիրը: Ապա թե՝ հատորի կառուցվածքն ու համամասնությունը սահմանում է ոչ թե խմբագիրը, այլ բաժնի վարիչը, նույն ինքը՝ հատորի գլխավոր խմբագիրը:
Գիտության հետ առնչվող յուրաքանչյուր մեկին հայտնի է, որ գիրքն ունենում է գիտական խմբագիր և տեխնիկական խմբագիր: Սիրանուշ Մարգարյանը այս գրքի գիտակա՛ն խմբագիրն է, ով հատորի քառակի, որոշ հոդվածների անգամ բազմակի խմբագրումից հետո տնօրինությանն է հանձնել հատորի գիտական բնագիրը: Որևէ մեկը չի կարող ցույց տալ, պնդել կամ ապացուցել, որ նա որևէ առնչություն է ունեցել կամ անգամ մեկ տառով միջամտել է «Բովանդակությանը»: Էջադրումից հետո «Բովանդակությունը» կազմել է հրատարակչությունը կամ տեխնիկական խմբագիրը:
Հարգարժան խմբագիր:
Դուք մատնանշում եք ՀՀ օրենսգրքի 12 հոդվածը՝ «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին»:
Ես, անշուշտ, քաջատեղյակ չեմ օրենքներին, սակայն միամտաբար ենթադրում եմ, թե պիտի լինի նաև «Զրպարտության և անձի պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու մասին» օրենք, որով հնարավոր կլինի զատել ճիշտը կեղծիքից, բանսարկուին՝ ճշմարիտ գիտնականից:
Դուք խոսում եք ինստիտուտի աշխատակցի ոտնահարված իրավունքների մասին, ես ենթադրում եմ, թե իրավունքի իրավաբանական կամ գոնե բարոյական համարժեքը պարտականությունն է, որ, անշուշտ, երեսուն տարում երեսուն էջ գրելը չէ:
Ես ապավինում եմ մարդկային ողջամտությանն ու հույս ունեմ, որ ի՛նձ չի վիճակվի խոսել այդ մասին ու բացել փակագծեր, որոնց մասին առայժմ գերադասում եմ լռել…
Հ.Գ. Հարգարժան տիկին Խոդիկյան: Ցավոք, այս մեծ տիեզերքում որևէ մեկն ապահովագրված չէ վրիպումներից և սխալներից: Մենք «սխալվել ենք»՝ 600 էջանոց գրքում 5 էջանոց հոդվածի դիմաց չգրելով Ա. Ալեքսանյանի անունը, դուք «սխալվել եք»՝ 60 տողանոց անդրադարձում՝ «Րաֆֆի» հոդվածի դիմաց Ս. Սարինյանի փոխարեն դնելով Ա. Ալեքսանյանի անունը:
Ինչքա˜ն անկատար է այս տիեզերքը…

Խորին հարգանքով՝
Սիրանուշ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։