ՈՒՄԲԵՐՏՈ ՍԱԲԱ
Կնոջս
Դու նման ես մի փոքրիկ
ճերմակ հավիկի:
Փետուրները քամուց քշվում,
վիզն է ծռում ջուր խմելիս
կամ երբ քուջուջ է անում.
բայց քայլելիս թագուհուդ պես
շորորում է, կաքավում
և ճեմում է խոտերում
թիկնեթեկին ու սեգ:
Լավիկն է շատ, քան արուն:
Նա նման է էակներին
բոլոր այն հեզ
էգ տեսակի,
որ Աստծուն են մոտեցնում մեզ:
Թե աչքերս ինձ չեն խաբում,
թե դատում եմ ողջ-առողջ,
քեզ հավասար մեկին հաստատ
դու կգտնես նրանց մեջ
և ոչ ուրիշ մի կնոջ:
Երբ երեկոն քուն է բերում
հավիկների աչուկներին,
նրանք ձայներ են արձակում,
ի հիշեցում քո քաղցրալուր տրտունջի,
երբ դժգոհում ես բախտից,
չգիտեի, որ ձայնը քո բարեհունչ
ելևէջանքն ունի երգող հավիկի:
Դու նման ես դեռ չծնած
մատղաշ երինջի:
Ազատ ես դեռ ու չես կքած
ծանրության տակ հաճելի:
Երբ բզում է մեկը նրան, վզիկն է նա
ետ շրջում, և վարդագույն է ներկվում
քնքուշ մարմինը նրա:
Թե հանդիպես նրան մի օր,
թախծոտ բառաչը լսես,
արցունքներդ կուզես նրան ընծայել:
Նույն էլ նվերն է հոգեշահ,
որ ես քեզ եմ ընծայում, երբ տխուր ես շատ:
Դու նման ես երկարավիզ
էգ շնիկին, որ աչքերում
պահած ունի այնքա՜ն թախիծ
և սրտի մեջ՝ դաժանություն:
Ոտքերդ ընկած՝ սուրբ է թվում,
ներսում սակայն հուզախանդ
անզուսպ վառքով բռնված,
այնպես է քեզ նայում՝ ասես
Աստվածուհուն իր պաշտած:
Երբ տանն ես դու կամ փողոցում,
ով էլ փորձի քեզ մոտենալ,
ատամնաշարն է լայն բացում
շողշողացող ու ճերմակ:
Տառապում է սերը նրա
խանդակարոտ ու ագահ:
Դու նման ես այն վախվորած
ճագարին, որ նեղ վանդակում
դիք-դիք կանգնած ու ցցված,
աչքը պլշած քեզ է նայում,
ականջները վրադ սրած.
թողած կճեպ ու արմտիք,
որ բերել ես դու նրան,
թողած հազար բերք ու բարիք,
մութ անկյուն է փնտրում նա:
Ո՞վ կարող էր կերն այդ շորթել:
Ո՞վ կարող էր մորթը նրա,
մեջքի մասում պոկոտված,
այն նույն բնում ամփոփել,
որտեղ ծնի պիտի նա:
Ո՞վ կարող է ցավեցնել քեզ երբևէ:
Ծիծեռնակի ես դու նման,
որ գարնանը ետ է դառնում:
Խոր աշնանը չվում է նա.
սա քեզ սակայն չի սպառնում:
Ծիծեռնակին նման ես դու
շարժումներով զարմանազան.
ինչն անցյալ էր արդեն թվում,
դու լցրեցիր շնչով գարնան:
Դու նման ես այն աչալուրջ,
զգոն մեղվին: Երբ որ նրանք
գյուղ իջնել են պատրաստվում,
տատն ասում է թոռնուհուն՝
տե՛ս, որ ձեռքս բաց չթողնես:
Այսպես էլ ես, մշտապես
քեզ փեթակում եմ գտնում,
ինչպես տիրոջ
էակներին բոլոր այն հեզ
էգ տեսակի,
որ Աստծուն են մոտեցնում մեզ.
և ոչ ուրիշ մի կնոջ:
ՉԵԶԱՐԵ ՊԱՎԵԶԵ
Կատուները կիմանան
Կիջնի անձրևը կրկին
մայթեզերքին քո ողորկ,
անձրևը մեղմ ու թեթև՝
որպես քայլ կամ հոգս:
Այգն ու զեփյուռը հուշիկ
ծաղկեն պիտի վերստին,
քո ոտք դրած տեղանքից
վերադառնաս երբ նորից:
Թաղարներում թաք կացած
կատուները կիմանան:
Ուրիշ օրեր դեռ կգան,
ուրիշ ձայներ կլսվեն:
Դու միայնակ կժպտաս:
Կատուները կիմանան:
Դու շատ խոսքեր կլսես
հնամենի ու մաշված,
հագուստն ինչպես երեկվա
երեկույթից մնացած:
Դու էլ ձևեր կթափես:
Կարձագանքես բառերով –
գարնանամուտին,
դու էլ ձևեր կթափես:
Կատուները կիմանան
գարնանամուտին,
և անձրևը միալար,
և լուսաբացը հակինթ
պոկում են սիրտը նրա,
ով քեզանից չունի հույս –
ժպիտ է դա տխրամած,
ինքդ քեզ ես դու ժպտում:
Ուրիշ օրեր կլինեն,
ուրիշ ձայներ արթնացող:
Կտառապենք ցերեկով,
գարնանամուտին:
Իտալերենից թարգմանությունը՝
Աշոտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ