Թոփչյանները՝
Ալիկը և Անահիտը,
պալատներում ջահավորված, երկարամիջանցք,
Ալիկը վերնաշապիկով ճերմակ, ժանյակազօծ,
կոճակներով փայլատակող,
լուսավոր դեմքով ազնվազարմ արքայազնի,
Անահիտը երկարաքուղ,
ծոպավոր շրջազգեստով՝
ալիքվող մարմարե փայլփլուն հատակին,
հպարտ և նուրբ դիմագծերով
եթերային թագուհու,
սահում են թեթև՝
իրար թևանցուկ արած,
անհոգ ժպիտը դեմքերին…
Թոփչյանները՝
Ալիկը և Անահիտը,
առագաստանավի վրա թեթևասահ,
հով քամու տակ ծփծփացող մազերով,
տախտակամածի եզրին կանգնած,
դիտելով խաղացող ալիքները,
իրար թևանցուկ արած,
անհոգ ժպիտը դեմքերին…
Թոփչյանները՝
Ալիկը և Անահիտը,
երկնագույն, թափանցիկ թիթեռին հեծած,
սպիտակ ամպերի շղարշների միջով
ընթանում են թեթև՝
անհայտ, անակնկալ գալիքներին ընդառաջ,
իրար թևանցուկ արած,
անհոգ ժպիտը դեմքերին…
Թոփչյանները՝
Ալիկը և Անահիտը,
Փարիզի երեկոյան բացօթյա սրճարանում,
փողոցի ջրաներկված, լղոզված լույսերի ներքո,
նրբերանգ գույներով արտացոլված
սալարկների մոտ՝
իրար թևանցուկ արած,
անհոգ ժպիտը դեմքերին…
Կայի՞ն արդյոք նրանք։
Ո՞վ գիտե։
Մենք ապրում ենք հիշողություններում,
որտեղ դժվար է մեզ գտնել։
Միայն Աստված կարող է։
Միայն Աստված։