***
Դիրքերում ծաղիկներն են հավերժանում,
Շուկայում թանկանում են ծաղիկները…
Այն փողերը, որ ձեր տուն եք տանում,
Դուք չէ, վաստակել են տղաները…
Ծաղիկ են արդեն տղաները,
Գին մի՛ դրեք ոչ մի ծաղկի,
Նրանք զոհեցին իրենց կյանքերը,
Որ ամեն գարնան ձեր այգին ծաղկի…
***
Մարտադաշտում չեմ ես թեպետ,
Բայց զոհվեցի ամեն մեկիդ հետ,
Ամեն մեկիդ հետ գերեզման իջա.
Այս մեծ ցավին ամոքում չկա…
Բայց երբ կհառնեք ծաղիկների պես,
Կհասկանամ, թե ինչու ապրեցի ես…
***
Արևը նորից առանց ձեզ բացվեց,
Նորից աչքերս ձեզ են որոնում,
Աստված իմ, ինչո՞ւ այսպես ստացվեց,
Մեր կյանքի լույսերն այդ ո՞ւր ես տանում…
«Մայրամուտին մութն է միշտ իջնում,
Դու ե՞րբ ես տեսել, որ լույսն էլ չգա.
Լույսը տղերքի գրկում է ննջում,
Ամեն օր նորից, նորից պիտի գա…»:
Նա ինքն էր ամենուրեք
Ճակատագրի բերումով ծնվել էր հեռավոր Սիբիրում, աշնանային մի ցուրտ օր, բայց Հայաստանի արևը սրտում։ Այսպիսին էր նա՝ ամպի ու արևի զուգադրությամբ. կարող էր ամպրոպային դրսևորումներ ունենալ ու հաջորդ պահին արևային տրամադրություն ստեղծել՝ հարուստ հումորով ու ժպիտով։ Նույնկերպ կյանքում և արվեստում՝ թատրոն կլիներ թե գրականություն։
Նա Սամվել Բեգլարյանն էր, ու ինքն ինքը մնաց, ուր էլ որ եղավ։ Ասել է թե՝ անհատականություն էր, մարդկային հատուկ տեսակ, որ չափազանց պետք է այս կյանքին, այս երկրին և աշխարհին՝ ընդհանրապես։ Իրենով լի էր պահում ցանկացած միջավայր, որտեղ էլ որ լիներ՝ իմաստախոսությամբ ու կատակներով, խորհուրդներով ու զանազան պատմություններով։ Անթերի չէր, ինչ խոսք, բայց տաղանդը գերակշիռ էր, ինչը գնահատում էին ամենք՝ համակիր թե ոչ։
Սամվել Բեգլարյանը բազմակողմանի անհատականություն էր. գրող, հրապարակախոս, ռեժիսոր, դերասան, լրագրող, խմբագիր, ազատամարտիկ… Ու ամեն տեղ տալիս էր իր էներգիան անմնացորդ։ Կարողանում էր։ Ավաղ, անբուժելի հիվանդությունը ևս նախանձով կլանեց նրա ներուժն ու տարավ իր հետ…
Սամվելը մի բանաստեղծություն ունի՝ «Կյանքն անտառ է մի հին, ու ես՝ անտառում մի ծառ…»։ Շատ էր սիրում ու միշտ հանդիպումների, միջոցառումների ժամանակ, հաճախ ներկաների խնդրանքով, դերասանական անուրանալի վարպետությամբ արտասանում էր՝ արժանանալով ջերմ ծափերի։ Մի օր ասացի՝ Սամվե՛լ, այն ծառը, որ քեզ է ներկայացնում, եկ անվանենք սամվելենի։ Ծիծաղեց, թե՝ ճիշտ որ։ Դե, ասացի, մի կողքիդ բարդի է, մյուս կողքիդ՝ կաղնի, դու էլ, ուրեմն, դու ես՝ սամվելենի (նա, ի դեպ, անտառապահի որդի էր)։ Եվ այն օրը, երբ հրաժեշտ տվեց կյանքին, ինչպես ինքն է ասել. «Եկավ մահը տեսքով փայտահատի», նրա հիշատակին գրեցի հետևյալ տողերը.
Անտառն այս, իրոք, շատ հին է, եղբա՛յր,
Ե՛վ արևով, և՛ մշուշներով լի,
Ու մե՛րթ խշշում է նա մտերմաբար,
Մե՛րթ խորհրդավոր լռում դավադիր…
Մնում է ուժը սիրո, հավատի։
Զավեն ՊԵՏՐՈՍՅԱՆ
Սամվել Բեգլարյանի հիշատակին…
Դաժան ցավից բզկտված, փոքրացած մարմինդ անզորացավ պահել հոգիդ. դուրս թռավ… Չգնաց մեր երազանքների էրգրի բարձունքները՝ Արարատ, Սիփան, Նեմրութ… գնաց մեր նոր ցավի՝ բզկտված Արցախի երկինքը…
«Հիվանդությունն ո՞ւմ շունն է, որ կարողանա ինձ գետնի… Ինձ հայրենիքի ցավը կարող է սպանել»,- ասում էիր:
Այդպես էլ եղավ, եղբա՛յր… դաժան ցավը, դառնացած շան նման զօրուգիշեր հաչեց ու կծոտեց մարմինդ, բայց համոզված եմ՝ Արցախի ցավը տարավ…
Ինձ համար շատ ծանր է, եղբա՛յր. արևագալից հետո Բերդասարի գլխից եկող զանգերդ լռել են: Էլ չեմ լսում. «Քնա՞ծ ես, վա՛յ, վա՛յ, վա՛յ… Տղամարդն էդքան կքնի՞, տղամարդն արևագալը ոտքի վրա կդիմավորի, լա՛վ տղամարդը՝ սարի կատարին… Երևում է՝ բան-ման էլ չես գրել , հա՞… վա՛յ, վա՛յ, վա՛յ…»:
Դաստիարակվել եմ, եղբա՛յր, արևագալը ոտքի վրա եմ դիմավորում: Եվ մնում եմ քեզ նման անուղղելի լավատես… Սպասում եմ Արցախից մի բարի լուրի, որ այցի գամ շիրիմիդ ու հայտնեմ…
Ռուսլան ՄԱԼԻՆՅԱՆ
ՈԳՈՎ ՈՒԺԵՂԸ
Երկրային կյանքը լքեց մեր գրչակից եղբայր արձակագիր, հրապարակախոս, ռեժիսոր Սամվել Բեգլարյանը՝ երկարատև հիվանդությունից հետո, մարեց մոմի նման, լույսը պահպանած և սպառվելով:
Իր հողի վրա, իր սահմանի վրա նրա ոտնաձայները դեռ կհիշի բնօրրանի մարդը, քանի որ հանգստությունը խորթ էր նրան, հակացուցված, և ինքն էլ չէր կարող վտանգավոր հանգստությամբ ապրել, ինչպես իր երկրի մոլորված զավակները, երբ Հայոց աշխարհը վաղեմի թշնամիների խարդավանքներին էր առերեսվել, արդեն երեք տասնամյակից ավելի: Մե՛կ զենքն էր ձեռքին, մե՛կ գրիչը և դեռ ավելին՝ որպես ռեժիսոր թատերական միջավայր էր ստեղծում՝ նաև այդպես մարմնավորելով գրողի և ռեժիսորի իր խոհերն ու մտածումները հանդեպ առհասարակ սքանչելի կյանքը:
Ոգով ուժեղի բնույթ է, երբ հանուն հայրենիքիդ ձեռքդ մեկնում ես զենքին, և ոգով ուժեղի բնույթ է, երբ ձեռքդ ես առնում գրիչը՝ հարաբերական անդորրի պահերին հավաստելու կամքդ և ապրելու իրավունքդ:
Նրա տունը, որ ես տեսել եմ՝ իր տիկնոջով, երեք տղա զավակներով, հարսներով ու թոռներով, թշնամու հրանոթային ուղիղ նշանառության տակ է մինչև հիմա, սակայն նա երբևէ չի լքել իր սահմանամերձ տունը ամենալարված ու թեժ օրերին իսկ: Միայն հիմա, երբ մահը թոթափեց մարմնական ու հոգեկան տառապանքները, միայն հիմա իմ գրչակից եղբայրը թողեց իր տունը: Եվ հուսով եմ, երկրապահական ուժ ու ոգի կտակելով իրեն ի մոտո ճանաչողներին և իր հիանալի գերդաստանին: Սամվելի գրի և խոսքի համն ու հոտը դեռ երկար են հիշելու ընթերցողներն ու իրեն ճանաչող մարդիկ…
Ցավում եմ և ցավակցում քո ընտանիքին, սիրելի՛ գրչեղբայր Սամվել Բեգլարյան:
Շանթ ՄԿՐՏՉՅԱՆ