Մահացել է ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆԸ

Shekoyan 1ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ /1953-2021/

 Կյանքի 68-րդ տարում կյանքից հեռացավ բանաստեղծ, արձակագիր, լրագրող, 1982 թվականից ՀԳՄ անդամ Արմեն Շեկոյանը:

Արմեն Շեկոյանը 70-80ական թվականների բանաստեղծական սերնդի լավագույն ներկայացուցիչներից էր: Ծնվել է 1953 թվականի մարտի 28-ին, Երևանում: 1974 թվականին ավարտելէԽ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը, այնուհետև՝ 1985 թվականին, սովորել է Մոսկվայի Մ.Գորկու անվան գրականության ինստիտուտի գրական բարձրագույն դասընթացներում։ Հետագա տասնամյակներին՝ որպես խմբագիր և գլխավոր խմբագիր աշխատել է տարբեր հրատարակչություններում ու խմբագրություններում /,,Ծիծեռնակ,, , ,,Գարուն,, , ,,Առավոտ,, , ,,Սովետական գրող,, …/, ՀՀ մշակույթի նախարարությունում: 1990-1992 թվականներին վարել է ,,Նաիրի,, հրատարակչության գլխավոր խմբագրի, 1992-1997 թվականներին՝ Հովհ. Թումանյանի տուն-թանգարանի տնօրենի պատասխանատու պաշտոնները:

Հեղինակ է  չափածո և արձակ շուրջ երկու տասնյակ ժողովածուների, այդ թվում՝ ,,Ճոճք,, /1982/, ,,Բախտ,, /1987/, ,,Թուղթ ու գիր,, /1991/, ,,Անտիպոեզիա,, /2000/, ,,Երևան հյուրանոց,, /2003/, ,,Մետաքսի ճանապարհ,,/2004/, ,,Առավոտ,, օրաթերթում՝ 2006 թվականից սկսած, շարունակաբար տպագրել է ,,Հայկական ժամանակ,, տարեգրություն-վեպը, որոնք ընդունվել ու սիրվել են ընթերցողների կողմից, արժանացել գրական քննադատության բարձր գնահատականին: Մանուկների շրջանում փնտրված գրքերից են նրա՝ դեռևս 1980-ին հրատարակված ,,Ճամփորդ արև, մի արի,, , ,,Անձրև, անձրև, մի արի,, մանկական բանաստեղծությունների ժողովածուները:  Գրողի բանաստեղծություններն ու պատմվածքները թարգմանվել և տպագրվել են ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, չեխերեն, լեհերեն, վրացերեն և այլ լեզուներով:

Արմեն Շեկոյանի տասնամյակների գրական վաստակը նկատվել և բարձր է գնահատվել ազգային ու միջազգային, գրական ու պետական տարբեր հաստատությունների կողմից: 1981թվականին Վրացական ԽՍՀ-ում անցկացվող Վլադիմիր Մայակովսկուն նվիրված պոեզիայի ավանդական փառատոնի ժամանակ նա արժանացելէ ,,Վլ. Մայակովսկու օրեր,, մրցանակի, ՀԳՄ Ավետիք Իսահակյանի անվան /2003 թ./ և Հրանտ Մաթևոսյանի անվան /2017 թ./մրցանակների, 2005 թ.-ին՝«Երևան հյուրանոց» գրքի համար, Թեքեյան մշակութային միության ,,Հայկաշեն Ուզունյան,, մրցանակի։  2017 թվականին նա արժանացել է նաև պետական բարձր պարգևի՝ ,,Մովսես Խորենացի,, մեդալի:

Արմեն Շեկոյանի՝ մեր ժամանակի, ազգի ու հարենիքի հոգսերով ու ցավերով ապրած, իր սիրելի հայրենակիցներին բազմաթիվ գրական հրաշալի ստեղծագործություններ պարգևած գրողի, ազնիվ քաղաքացու և մարդու  հիշատակը մշտապես վառ կմնա բոլոր նրան ճանաչողների, գրչընկերների, հազարավոր ընթերցողների սրտերում:

ՀԳՄ վարչություն

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.