Մահացել է Լևոն Խեչոյանը` ժամանակակից հայ գեղարվեստական խոսքի ինքնատիպ ու ճանաչված դեմքերից մեկը

Լևոն ԽեչոյանՀայ գրականությունը մեծ կորուստ կրեց, վախճանվեց արձակագիր, էսսեիստ Լևոն Խեչոյանը` ժամանակակից հայ գեղարվեստական խոսքի ինքնատիպ ու ճանաչված դեմքերից մեկը:
Լևոն Խեչոյանը ծնվել է 1955 թվականին Վրաստանի Հանրապետության Ախալքալաքի շրջանի Բարալեթ գյուղում: 1983թ. ավարտել է Գյումրիի մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը: 1977 թվականից ապրել է ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում: «Սասուն» ջոկատի կազմում մասնակցել է Արցախյան ազատամարտին:
1997 թ. մասնակցել է Վաշինգտոնում կայացած Ասիայի գրողների համագումարին: 2000 թ.` Եվրախորհրդի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանավորությամբ` Գերմանիայի Բունդեսթագի կողմից կազմակերպված «Գրական ճեպընթաց «Եվրոպա-2000» միջոցառմանը, որի տպավորությունները խտացնող «Եվրոպայի երկաթե ճանապարհներին» էսսեն 2001 թ. լույս է տեսել գերմաներեն և ռուսերեն: 2003 թ. մասնակցել է Թբիլիսիում կայացած Հարավային Կովկասի գրողների հավաքին:
Լ. Խեչոյանի անդրանիկ «Խնկի ծառեր» ժողովածուն լույս է տեսել 1991 թ., որը միանգամից ճանաչում բերեց հեղինակին: Հետագա տարիներին հրատարակվել են «Արշակ արքա, Դրաստամատ ներքինի» (1995), «Սև գիրք, ծանր բզեզ» (1999), «Տան պահապան հրեշտակը» (2002), «Ձայներ և տեսիլներ» (2006), «Փուշը, հայր, փուշը» (2011), «Պատմվածքներ և հարցազրույցներ» (2013) և այլ ստեղծագործություններն ու ժողովածուները, որոնք գնահատվել և սիրվել են ինչպես մասնագետների, այնպես էլ ընթերցող լայն հասարակայնության կողմից: Սպասվում է «Անտարես» հրատարակչությամբ լույս տեսնելիք նրա «Մհերի դռան գիրքը» նոր վեպը:
Լևոն Խեչոյանի վեպերը, պատմվածքներն ու էսսեները թարգմանվել են մի շարք լեզուներով` ռուսերեն, ուկրաիներեն, գերմաներեն, ռումիներեն, իսպաներեն և այլն:
Գրողի ինքնատիպ, գեղարվեստական բարձր չափանիշներով հատկանշվող ստեղծագործությունները բարձր են գնահատվել` արժանանալով պետական, գրական և միջազգային մրցանակների ու պարգևների:
Լևոն Խեչոյանը 1999 թ. «Սև գիրք, ծանր բզեզ» վեպի համար արժանացել է ՀՀ պետական գրական «ՈՍԿԵ ԵՂԵԳՆ» մրցանակի, 2005 թ.` «Հողի դողը» պատմվածքների ժողովածուի համար` Հրանտ Մաթևոսյանի անվան, 2006 թ. «Հունիսի 5-ը և 6-ը» գրքի համար` Թեքեյան մշակութային միության «Հայկաշեն Ուզունյան» և այլ մրցանակների: 2004 թ. պարգևատրվել է «К 100-летию М.А. Шолохова» հուշամեդալով:
Շատ ծրագրեր և մտահղացումներ անավարտ մնացին, սակայն այն, ինչ հասցրել է ստեղծել Լևոն Խեչոյանը, ապահովել է նրա մնայուն տեղը հայ գրականության մեջ, ընթերցողների սրտերում:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։