Եվրոպայի երկաթե ճանապարհներին / Լևոն Խեչոյան

Լևոն-Խեչոյան

(08.06.2000թ.) Դարը, դարաշրջանները, քաղաքակրթությունները իրենց ժամանակի փրփուրից ստեղծում են հասարակարգերին կառավարող միտքը: Քարոզչության մեքենան հղկելով այդ թեթևը` դարձնում է իր հարյուրամյակի մակերեսի վրա ապրող առաջնային` պաշտամունք – գաղափարախոսությունը և հրապարակ է հանում անհրաժեշտ ժամին:
Գլոբալիզացվող Եվրոպայի համար ծնված «Գրական էքսպրես» միջոցառման կոնցեպտուալ նախագիծը, որ ջանում է մայրցամաքը մտցնել մեկ մշակութային տարածության մեջ, ստեղծելով նրա ժողովուրդների մտքի փոխըմբռնման եզրեր` փորձելով գրականության հնարավորությունները դարձնել «Նոր Եվրոպա» գաղափարախոսության հիմքը, արդյո՞ք դարի փրփուրը չէ:
Չէ՞ որ Եվրոպան կարիճ է, կարիճ` գլխի և պոչի թշնամական օրենքով ապրող, ինքնաոչնչացման համար ամբարած եռացող թույնի մշտական հակասություններով` կաթոլիկ, մահմեդական, առաքելական, բողոքական, հոմոսեքսուալիստական, կոմունիստական, եհովայական, ֆեմինիստական, հուդայական, դեմոկրատական, ֆաշիստական, ամերիկյան, ազգայնական, ինտերնացիոնալ հավատով և դավանանքով, որոնք անընդհատ եղել են նրա հանճարեղ մշակույթի և ինքնակործան ահեղ պատերազմների հիմքը, հենց սրանք էլ թույլ չեն տալիս այնքան էլ միանշանակ ընկալել եվրոպական միասնական տան գաղափարախոսու­թյունը:
Հնուց ի վեր հաստատված այս երկու, ծայրահեղ հակասական օրենքների` մակընթացությունների և տեղատվությունների միջև անվերջ, առանց դադարի լցվում և դատարկվում է Եվրոպայի մարդու գոյությունը: Կարիճի նման է Եվրոպան, մի բևեռում լուսապայծառ գլուխն է` կյանքը, մյուսում` մահաբեր խայթոցով պոչը: Նրա մեռնել-հառնելն անբաժան են իրարից, լուսնի լրման և նվազման փուլերի նման մակընթացությունը տեղատվության վերջն է, տեղատվությունը` մակընթացության, մեկը ծնում է մյուսին: Եվրոպայի անվերջ վերադարձի ճանապարհը արվեստն ու քաոսն է: Կմահանա առանց մեկը մյուսի:
Ֆրանսիական հեղափոխությունից հետո, մինչև օրս էլ, թեկուզ տեսականորեն, Եվրոպան բաժանված է երկու մասի` ձախերի և աջերի, ընդմիշտ լինելու է այս բաժանումը:
«Գլոբալիզացվում» է մինչև ո՞ւր, հորիզոնական նրա երկու թևերում երկու օվկիանոսներն են, ուղղահայաց` Ուրալյան լեռները, ինչքա՞ն պիտի նրանցից բարձրանանք, որ խոշոր երկնաքեր աշտարակի չնմանվի մեր գործընթացը:
Այս առեղծվածային գնացքով քառասունհինգ երկրների, քառասուն լեզուներով, հարյուր հիսուն ստեղծագործողներ` դեպի այնտեղ, գուցե վերադարձ` նորից անհայտը, դարի փրփուրը:
Ինչքան էլ արի լինեմ, չվախենամ, ինձ թվում է, այնուամենայնիվ, ԱՇՏԱՐԱԿԻ սիմվոլը մարդկության մտահորիզոնում պետք է տասնմեկերորդ պատվիրանը լիներ:
Մադրիդի փողոցները` զրնգացող, շառաչող դարերի ժխորով, լեզուներով, մահմեդա-քրիստոնեական ճարտարապետությամբ և ողողված մանուշակագույն թափանցիկ լույսով, մայթերի սրճարաններում նախադեպը չունեցող սուրճով:
Պրադո, ազգային թանգարան: Բելլինի, Բոտիչելլի, Բոսխ, Վելասկես, Գոյա, Մեմլինգ, Մուրիլո, Ռուբենս, Սուրբարան, Տինտորետտո, Տիցիան, Էլ Գրեկո…
Գույների ընկալման առաջին մակարդակը, ներսում` անորոշ մի տեղից, աստիճանաբար բարձրանալ-իջնելով, սառը և տաք հոսանքներով, իմ օդապարիկը հասցնում է ինչ-որ նոր աշխարհներ, ուր դանդաղորեն խարիսխ եմ գցում:
Այս հանճարեղ կտավները, իրարից անկախ, որ դարում էլ ստեղծված լինեն, երբ մեկտեղ են հավաքվում, հայտնաբերում են մարդկության առեղծվածը. գույների, ոճերի, կատարողական տեխնիկայի միջոցով շփման եզրեր գտնելով բացարձակի և իրական աշխարհի միջև եղած փոխհարաբերու­թյունների շուրջ` ստեղծելով տիեզերական խորհրդին համադրվելու պատրանքներ…
Մեզ անընդհատ թվում է, թե սա այն ճանապարհն է, որ գնանք, մեզ տեղ կհասցնի, իրականում այդ ճանապարհի վրա նմանվում ենք ինքն իր պոչի ետևից շրջապտույտ վազող աղվեսի:
Անսահմանությունը, նրա մեջ երկրա­գնդի պտույտը:
Չեմ սիրում պատկերասրահների` ոտքերը հարող հոգնածությունը: Այսքան նկարներ` ներսով ու դրսով, նրանց երանգները տեսնել-լսելուց տխուր-ուրախ եմ: Դահլիճների բոլոր գույները, պարանը վիզը գցած երինջի պես, գալիս են ետևիցս:

(20.06.2000թ.) Այսօր Արաքսյայի թաղումն է, տխրում եմ, որ այսքան հեռու` կողքին չեմ:
Դորտմունդի ամենաբարձրակարգ հյուրանոցում իսպանացի բանաստեղծ Ալբերտոյի ամբողջ գումարը գողացան:
Դարձյալ քառասուներեք երկրներից` հարյուր երեք հոգի, արդեն քսաներորդ օրն է` պայծառ լույսերով ողողված, միևնույն ու­ղևորներով, նույն վագոնում ենք հայտնվում:
Եվ իրար դիմաց` բազկաթոռներին, Բաղաամի նման էշի համետի վրա` ծնկները լայն բացած, գլուխները ետ գցած, կիսաբաց բերաններով նիրհում են Եվրոպա «կանչված» գրողները, ինչպես պատմության մեջ, որ Աստվածաշունչը մեզ զրուցեց Բաղաամի ավանակի մասին, թե նրա էշը տեսել էր ճանապարհի մեջտեղը սուրը ձեռքին կանգնած հրեշտակին և ծռել ճամփան, գնացել էր դաշտերը, իսկ Բաղաամը դեռ չէր նկատել:
«Նրանք, սակայն, քնած էին: Մեռյալների նավարկության խաբուսիկ հմայքը դեմքներին»:
Նրանցից շատերը այդպես էլ ինձ անծանոթ մնացին: Ո՞վ գիտե, գուցե «կլոր սեղա­ն­ների» շուրջ, բանավեճերի ժամանակ, վագոնների վերջերում` փակ զուգարանների առաջ հերթի սպասելիս խոսել են ինձ հետ, բայց այդ նախադասությունները, բառերը հիմա այնքան հեռու են ինձանից` բացարձակ ոչինչ չեմ հիշում:
Հիսունօրյա անըմբռնելի մի ճանապարհորդություն` առեղծվածային այս գնացքով դեպի անհայտը: Նրա հանկարծազարկ ցնցումները պաստառների կցոնների, ճյուղավորումների վրա և տարաբնույթ կանգառները տեսնելը, աղմուկի լսելը, շարժումները, գույնի ընկալումը վեր են ածել թմրության պատրանքի: Հողագունդը, նրա մոտ ամեն ինչ օրորվում է, ինչպես Մեռյալների նավարկության խաբուսիկ հմայքը: Աշխատում ենք միմյանց տանելի լինել: Տեսնենք` հետո ինչ կլինի:
Չեմ մոռանում Բրյուսելը` Եվրոպայի մայրաքաղաքը` կենտրոնական հրապարակի մանկական խաղալիք-կուբիկների ճշգրտությամբ կառուցված քառակուսին: Քանդակազարդ պատերը` հավատավոր վանականներով, զորավար` թագավոր-իշխաններով, պարարտ սագերով, շքեղ, ոսկեզօծ երկնասլաց սյուները (շպիլները), ճարտարապետական շքերթային շքեղությունը: Եվ հրապարակի կենտրոնում արևի տակ պսպղացող պղնձագույն գործիքների նվագախումբը Բեթհովենի սոնատներն էր նվագում:
Եվրոպայի երաժշտությունը քաղաքա­կրթության սանդղակի վրա մարդկությանը միանգամից բարձրացրեց մի քանի աստիճան և իրենով սկիզբ դրեց մինչ այդ անհայտ ոգեղեն արարման մեկ ուրիշ տեսակի: Պատմության մեջ եղել են դարաշրջաններ, երբ ճարտարապետությունը, գրականությունը, աստղագիտությունը կամ պատերազմներ վարելու արվեստը բարձր են եղել եվրոպականից, սակայն եվրոպական երաժշտության դարավոր պատմությունն իր հարուստ ձևերով և ոճերով ստեղծեց հնչողությունների այնպիսի մոգական համադրություն, որը բոլոր քաղաքակրթությունների գագաթը հանդիսացավ` արարեց եվրոպական մարդու` իր զգացմունքներն աստվածացնող հոգևոր խորքը, որով և սկզբնավորվեց աշխարհի նոր մշակութային կառույցը:
Կենտրոնից դուրս, արաբները, փողոց- ներով թղթեր փախցնող քամին, կեղտը, ջրանցքի` դեղնականաչավուն, իր հոսքի մեջ անշարժ հոսելը, շենքերի անկյուններում, ջրանցքի կամուրջներին հանդիպած մահմեդականների խաղաղ-վտանգավոր աչքերը, սևամորթների` թուխ-սևի միջից սպիտակավուն փայլատակող մաշկը և առանց ցուցանակների հար և նման փողոցները:
Ժամերով փողոցներում թափառելն օգնում է Եվրոպայի մասին երևակայական միտքը կողքի դնել և ճանաչել նրան` շրջակա մշակույթի և արվեստի ուսուցողական դիտարկումներով, միաժամանակ զուգորդելով` համեմատություններ մեր կոլորիտի, գողերի, իրար մեջ ծագած կռիվների, ծեծ­կռտուքների, եղբայրասպանությունների, մեր դուրսպրծուկների, անհաշտվողականության հետ:
Զարմանալով զարմանում եմ այս շքեղ երկրների և քաղաքների գեղեցիկ գոյու­թյամբ, նրանց մեջ ապրող կախարդանքով:
Ինչպե՞ս են այս երկրներն իրենց ներսի հակադիր, տարամետ ուժերի հաշվեկշռված համերաշխության հասել, այո՛, կարելի է այսքան խոշոր, անթերի քաղաք կառուցել` բետոնով ու երկաթով, բայց որ նրա ներսում նաև լույսը զրնգա, դա հնարավոր է միայն ու միայն համազգային միաբանությամբ:
Նրանց կուսակցությունները, գործիչները, քաղաքական ասպարեզում սևի և սպիտակի մեկնաբանությամբ, չեն ժխտում մեկը մյուսին, լավագույնի ավանդույթն են իրար փոխանցելով մարդկության գործը առաջ տանում: Ժամանակի ամբողջականությունը չեն կտրատում որևէ կուսակցության կամ քաղաքական առաջնորդի կամքով, նրանք, ինչքան էլ հակադիր կուսակ­ցու­թյուններ լինեն, այնուամենայնիվ մի դրվագում, երբ խնդիրը վերաբերում է իրենց ժողովրդին ու հայրենիքին, միաբան են: Մերոնց` կուսակցությունների և քաղաքական գործիչների հակադրությունը մինչև վերջ է, աններում: Այս իշխանությունները չեն ներում նախկիններին, նախկինները` նախորդներին, նախորդներն էլ` իրենցից առաջ եղածներին: Մի թշնամանք, որ ուղեկցվում է թե՛ գաղափարական և թե՛ ֆիզիկական ոչնչացման ճանապարհով: Իսկ ժողովրդի ամենամաքուր ոգին գտնվում է ամբողջական ժամանակի խորքում, երբ կտրտվում է ժամանակը, նրա հետ մասնատվում է ոգին: Այստեղ է, որ մեր տղաների ատամը չի կտրում, այստեղ է, որ քաղաքական գործիչը, ներքին զորություն չունենալու պատճառով, չի վերածվում մետաֆիզիկ մտածողի, ամբողջությունը բզիկ-բզիկ են անում` վերածելով մասերի, նրա ամեն մի հատվածում ցանում են իրենց` այդ միայն մեկ ժամանակի մարդու, օրախնդրի ու շահերի հունդը, և սերնդեսերունդ ընթանում են ներքաղաքական բռնցքամարտեր:
Դարվինի իմաստուն «Տեսակների ծագումը» աշխատության խելացի մտքերից մեկը մեզ ուսուցանում է, թե ինչքան էլ կուսակցությունները սկզբունքներով, ծրա­գրերով և գաղափարախոսություններով հա- կասեն իրար, այնուամենայնիվ, նրանց առաջնորդների տեսակի ծագումը նույնն է, նույնը կլինի և բանականությունը, հետևաբար, ոչ թե նրանք ինչով են իրարից տարբեր, այլ ինչով են իրար նման` իդեալների և ցանկությունների մեջ չկրելով էական տարբերություններ:
Պատերազմից վերադարձավ փառապանծ զինվորը, սակայն պետական և քաղաքական կառույցները չկարողացան դիվանագիտական ասպարեզում նրա հաղթած պատերազմը ավարտին հասցնել: Քառատված զինվորը, լեռ ու դաշտերից, ջուր ու հրից, տափաստանների տապից, ինչից կարող էր, կտրեց, ճղեց, ձևեց, կցմցեց, լայնացրեց, դարեր շարունակ պատերազմից սպասված արդյունքը տուն բերեց, իսկ այդ հաղթությունը ըստ արժանվույն ոչ մի տեղ չվավերացվեց, բացի գերեզմանատներից:
Չստեղծվեց հաղթության ոգին, հետո` կերպարը:
Ահա քայլում եմ Եվրոպայի միջով, բա որտեղի՞ց նրան, Լիսաբոնից մինչև Բեռլին, այսքան հաղթական կամարներ, առնականության սիմվոլ-սյուներ, եկեղեցիների բակերում` խոցված զինվորների վրա ոսկեփետուր թևերը տարածած, խոնարհված հրեշտակներ, ծառսած ձիերով` աշխարհի փորը թափած սպարապետներ:
Թող իմ ասածը նաև այնպես չհասկացվի, թե պատերազմ եմ քարոզում: Ինչպես որ եկեղեցին հավերժական արժեք է, որտեղից փառաբանում են Աստծուն, այնպես էլ պատերազմում տարած հաղթանակը ազգային արժեք է, մի հարստություն, որ պահվում է երկրի գանձարանում, որով փառաբանվում են սերունդները:
Հաղթանակած պետության ոգին չարարելու համար կուրորեն վրիպելու պատճառ կարող էր լինել դարձյալ քաղաքական դաշտի տկարությունը, քարոզչության միջոցով` կռված տղաների վարկը չհզորացնելը և քաղաքական ասպարեզում առաջնայնության հնարավորություն չտալը` հաճախ շփոթելով այն կարևոր հանգամանքը, որ զինվորը և նրա տարած հաղթանակը նույն բաները չեն, որ զինվորը սոցիալապես մահկանացու կատեգորիա է, իսկ նրա տարած հաղթանակը` ազգային մնայուն արժեք` հավասար մեր մնացած ունեցվածքներին…
Ինձ թվում է` մի կարևոր վրիպում էլ ունենք մեր ֆունդամենտալ կողմնորոշման մեջ, որը մեկ այլ դրսևորումով արտահայտվում է արվեստում` շատ հաճախ հայրենիքի սահմանները համարելով երկրագնդի չորս ծագերի վրա տարածված 29,8 հազար քառակուսի կիլոմետրը: Ասում ենք` իբրև թե, միայն իր թիկունքում խոշոր, լայնատարած երկիր ունեցող արվեստագետն է ընդունակ մեծ կտավի գործեր ստեղծելու: Իսկ ո՞վ է ասում, թե մեր Հայրենիքը միայն հորիզոնական փռված, երկրաչափորեն հաշվարկվող այն տարածքն է, ինչը որ աչքն է տեսնում: Հայրենիքի չափը ուղղահայաց հեռուներում նաև երկինքն է, ինչքան որ մեր բանականությունը կկտրի: Անծայրածիր հողեր ու օվկիանոսներ ունեցող ամերիկացի Ֆոլկներին և Ուիթմենին համարժեք դա արել է Նարեկացին: Աշխարհագրական չափերին գումարեց ևս երկինք բարձրացող խորությունները: Նարեկացին, Թումանյանը տեսցրին նաև անդինում գտնվող մեր Հայրենիքի ճանապարհը:
Դորտմունդում երեկ մեզ էքսկուրսիա տարան գեստապոյի նախկին բանտը: Խցերից մեկի պատին «Օլգա Ոսկանյան» էր գրված` բանտարկյալի գիրն էր: Երկար ժամանակ նստած էի աթոռին, այլևս ոչ մի տեղ չէի ուզում գնալ, շուրջս` օդի մեջ, ինչ-որ միայնակ բան կար, նա էլ ինձ ճանաչեց:

One thought on “Եվրոպայի երկաթե ճանապարհներին / Լևոն Խեչոյան

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։