(Էսսե)
Չգիտեմ՝ արդեն որքա՞ն ժամանակ է, ինչպես բանաստեղծն է ասել՝ «քուն թե արթմնի ականջումս հնչում է» նախահունչ այս բայի ըղձականը՝ եղիցի, լինեի, ըլլայի: Հնչում է Թումանյանի ու Իսահակյանի, Տերյանի ու Մեծարենցի, Պարույր Սևակի, Բակունցի ու Մաթևոսյանի ձայներանգով՝ «Լինե՜ր, այնպե՜ս լինե՜ր…»:
Լինիլ՝ լինել, ըլլալ, տարողունակ, բազմերանգ, որպես բայ սահմանված հայերեն այս բառը, որ ըստ բառարանագիրների՝ բազմիմաստ է, նշանակում է՝ գոյություն ունենալ, տեղի ունենալ, մի տեղում գտնվել, պատահել, դառնալ, վերածվել, ծագել, առաջանալ, ծնվել, ստեղծվել և այլն, առաջին, անդրանիկ, նախահունչ բառն է, որ ասվել է, հնչել է, արտահայտվել է որպես խոսք, կամք, հրաման կամ ցանկություն արարչագործության ամենասկզբում: Ըստ Աստվածաշունչ մատյանի՝ սկզբնապես, երբ դեռ «խավարն էր տիրում անհունի վրա», «երբ Աստծո հոգին շրջում էր ջրերի վրա», մի պահի հանկարծ Նա հայտնեց (ո՞ւմ) իր կամքը, ասաց՝ «Եղիցի լույս» (նախորդ և հաջորդ բոլոր ընդգծումները իմն են՝ Վ.Գ.): Արարչագործության գործողության սկիզբն էր ազդարարվում: Առաջին գործողության, այսօրվա մեր սահմանումով՝ առաջին բայը, ստորոգյալը՝ լինի, իր ենթակայի հետ, որ լույսն էր: Ուրեմն, առաջին բառը, որ հնչել է, հայտնի չէ` շշունջով թե բարձրաձայն, ասվել է՝«Եվ Աստվածն ասաց…»: Ասվել է խոսքով: Ըստ Հովհաննես Ավետարանիչի՝ «Սկզբից էր Բանը և Բանը Աստծո մոտ էր և Բանը Աստված էր»: Բանը խոսքն է: Արարչագործությունն, ուրեմն, եղել է խոսքով (ևս մի հաստատում խոսքի ստեղծագործական հզոր ուժի): Եվ արարչագործության առաջին ծնունդը լույսն էր՝ «Եվ եղավ լույս»: «Եվ Աստված տեսավ, որ լույսը լավ է», և հենց այդ լույսի մեջ կամեցավ, ասաց ու արարեց մնացյալը: Եվ մարդուն: Եվ Բանի՝ խոսքի շնորհը տվեց նրան: Եվ Բան ստեղծելու շնորհը` նրանցից ոմանց, որոնց անվանում ենք բան-ա-ստեղծ:
…«Հին աստծու նոր քարտուղար» անվանեց իրեն մերօրյա բանաստեղծը՝ Պարույր Սևակը, Աստծո առաջին խոսքը՝ «Եղիցի լույս» դարձնելով իր գրքի խորագիր, հնչեցնելով «Նորօրյա աղոթք»-ներ, բանաստեղծություններ՝ նվիրված լույսին, հենց Շնորհալու «Առավոտ լուսո» ու Շարակնոցի «Լույս զվարթ» վերնագրերով, ձոներ լույսին, այն լույսին, որ կամեցավ Աստված: Բանաստեղծն ինքն իրեն «նշանակեց» «Լուսավորության նախարա՞ր ասեմ,//Թե՞ կատարածու լուսավորության,//Այսինքն՝ լույսի,//Լամպերի,//Ջահի…», որպեսզի ամենուր վառի լույսերը, լուսավորի կյանքի խավարը: «Սեղմե՜մ մի կոճակ,//Եվ մարդկանց հոգում//Ծաղիկների պես լույսերը ծաղկեն…»: Որպես հենց «հի՜ն աստծու նո՛ր քարտուղար», չհանդուրժելով նորօրյա քաոսն ու մթությունը, «բութ» ու «սուտ» հավատացյալներին՝ նա որոշում է իր «վեհ բարձունքից աններողության», քարի նման «ավալվելով», «մտնել» կյանք, ուր «Ճահիճն է ապրում//Իր հավերժական ինքնածին կյանքով» և «քարի լեզվով» նրան ասել առաջին բառերը՝ «Այբ Բեն,//Այսինքն` Արեգակ,//Կամ՝ «Եղիցի լույս…»:
Լուսո առավոտի նոր ավետումի նորօրյա իր աղոթքի մեջ բանաստեղծը հին աղոթքների՝ «Առավոտ լուսո»-ի ու «Լույս զվարթ»-ի արձագանքով փառաբանում է լույսը որպես «լո՜ւյս զվարթ», ո՛չ մայրամուտի, այլ՝ «շաղավոտըն առավոտի», երբ «Արեգակն է բարձրանում//Քրմապետի վսեմությամբ», երբ «Արշալույսն է շարունակում ածել փողը իր ծիրանի,//Որի բոլոր նեղ ծակերից լայն շաղվում է//Ինքը Արդար Արեգակը» (հենց Շնորհալուց փոխառած դարձվածով՝ Արեգակն Արդար, որ հավասարատես է ու հավասարաբաշխ ամենայն «արդար գոյի»): Եվ «հնչում է այն եղանակը պարզ ու բարդ,//Որ հնչել է աստվածների ծննդի հետ` «Լո՜ւյս, լո՜ւյս զվարթ…»: Բանաստեղծի հավելումով՝ «Լույս զվարթ ու գերազանցիկ,//Լույս երգեցիկ ու նվագուն…//…Եվ առաքյալ ամենօրյա,//Որ բերում է միայն հավատ…»: Այդ մեղեդին հնչում է նաև բանաստեղծի հոգում՝ լույսի ու մութի մասին իր զգայական վերապրումների տարբեր պահերին: Ահա՝ «Պատացել է մութը արդեն վաղուց://Ես հայացքով զարկվում նրա խավար պատին՝//«Լույս զվարթ» եմ երգում իմ մտքի մեջ//Եվ «Առավոտ լուսո» («Պարապություն»):
Ու թեև «լուսարար» բանաստեղծի որոշումն է՝ «Հո՜ւպ տամ մի կոճակ՝//Եվ ստվերները//Դառնան ցայտաղբյուր ճառագայթների…», մութը չքանա…, այնուամենայնիվ բանաստեղծության մեջ լույսի երազա՛նքն է, «լինի՜»-ների շարքից, «եթե»-ների պայմանականով. «Ու եթե լինի՜,//Հենց այսպես լինի,//Իզուր չե՛մ գոչի ես. «Եղիցի լո՜ւյս»,//Այլ՝ կշշնջամ արդեն. «Եվ եղև»: Եվ վերջնատողում ըղձական-երազականն է՝ «Եվ լինի՜, լինի՜…», որ կրկնվում է նրա ուրիշ բանաստեղծություններում, մերթ ըղձականի, մերթ պայմանականի հնչերանգով, տարբեր դարձվածներով՝ «Լինե՜ր, այնպես լիներ…», «Ու թե լիներ, այդպե՛ս լիներ…», «Իսկ թե լիներ, այնպես լիներ…», «Ա՜խ, թե լիներ, այդպե՛ս լիներ…»:
Այս երանելի «լինե՜ր»-ը, անշուշտ, Սևակի մենաշնորհը չէ, հայոց բանաստեղծության ակունքներից մինչև նոր ու նորագույն շրջան «Երանի»-ների կրկներգը կա, որ դարձյալ նույն իմաստն ունի իր խորքում՝ «երանի լիներ» կամ «երանի թե լիներ»: Այս բաղձանքը այնքան զգայական է, որ չէր կարող մաս չդառնալ բանաստեղծական խոսքի, բանաստեղծության, որի կարևոր հատկանիշներից մեկն էլ հենց քնարական-հուզական-երազականն է՝ լինեի՜, լինի՜, լինե՜ր… Չփնտրեմ շատ օրինակներ, վերհիշեմ միայն մի քանիսը՝ տողեր ու հատվածներ իմ սիրած բանաստեղծներից, որ անգիր գիտեմ, որ, ինչպես արդեն ասել եմ, հաճախ են հնչում իմ ականջում՝ քուն թե արթմնի: Իմանալով հանդերձ իր ծանր հիվանդության, իր մոտալուտ վախճանի մասին՝ Միսաք Մեծարենցը (ընդամե՜նը քսան տարեկան) թեև իր անձկության պահերին երբեմն էլ աղերսանքով դիմում է արևին՝ «Շողա՜, շողա՜, բարի՜ արև, հիվանդ եմ…», սակայն, զարմանալիորեն, չի մռայլվում, չի տրտնջում ու բողոքում առ Աստված, այլ՝ ձգտում է հաղթել մահին իր կենսասիրությամբ ու մարդասիրությամբ, անանձնական սիրո մի ահռելի չափաբաժնով: Չգիտեմ՝ ով ինչպես, ես անանձնական այս սիրունիկ բառը ամեն անգամ լսելիս կամ կարդալիս նախ և առաջ Մեծարենցին եմ հիշում, թվում է, թե այդ բառը հենց նա է ստեղծել, և, անմիջաբար, մտովի կամ բարձրաձայն հանկերգում եմ նրա մի տողը, որ կրկնվում է բանաստեղծության բոլոր եռատողերում՝ «Տո՜ւր ինծի, Տե՜ր, ուրախությունն անանձնական…»: Հասկանո՞ւմ եք, նա ուրախություն հայցում է Տիրոջից ո՛չ իր համար, իր տրտմությունը, ցավը փարատելու համար: Ինքը ընդամենը ուզում է միջնորդ ու հանձնակատար դառնալ՝ այն տանել ու բաժանել ամենքին ու ամենուր. «Ծաղիկներո՜ւ պես զայն ժողվեմ ճամբուս վրան՝//Նայվածքներուն մեջ ամենուն և ամեն օր…», «…Զանգակներո՜ւ պես զայն կախեմ ամեն դրան…», «…Ճըրագներու պես զայն բոցեմ բազմաստեղնայն՝//Խավարին մեջ ամեն երդ ու խրճիթներու…», «…Զայն իբր անձրև ցողեմ ամեն դաշտի վրան…»: Իսկ իրե՞ն… Իր մասին ոչ մի խոսք չկա… Գուցե միայն այդ ամենի հանձնակատարության բավարարվածությո՞ւնը կամ այն զգացողությունը, որ հետո պիտի հնչեցներ Վահան Թեքեյանը՝ «…կյանքեն ինծի ի՞նչ մնաց//Ինչ որ տվի ուրիշին, տարօրինա՜կ, այդ միայն…», կամ այն, որ Թումանյանն իր մի քառյակում, Մեծարենցից տասներկու տարի հետո պիտի արտահայտեր՝ «Բայց ո՜վ կըտա էն վայելքը՝ ինքս ինձ էլ չըզգայի,//Ու հալվեի, ծավալվեի, ամենքի հետ լինեի…»:
Մեծարենցի այս՝ «Տո՜ւր ինծի, Տեր…» բանաստեղծության խորագիրն է՝ «Արդի մարդուն Հայր մերը»: Քսաներկու տարեկան «այս հիվանդ, հանճարեղ պատանին», ահա, գրել է Տերունական մի նոր աղոթք: (Չգիտեմ՝ մեկ ուրիշ բանաստեղծ գրե՞լ է արդյոք մի նոր «Հայր մեր»՝ գտնելով, որ արդի մարդը նորովի աղոթքի կարիք ունի՝ մարդասիրության, անանձնական սիրո կարիքը): Տերունական ավանդական աղոթքի մեջ աստվածապաշտ հանրությունը, ինչպես գիտենք, փառաբանում է Տիրոջը` կրկին հավաստելով իր նվիրվածությունը նրան, ուզում է, որ միշտ, հավիտյանս հավիտենից սուրբ լինի նրա անունը, նրա կամքը լինի ամենուր, իսկ նրանից խնդրում է ընդամենը հանապազօրյա հաց, չտանել մեզ փորձության ու փրկել չարից: Այսօրեական խնդրանք է՝ խաղաղություն և հանապազօրյա հաց: (Եվ ո՛չ ավելին: Եվ ո՛չ արժանապատիվ ազգային կեցություն, չարի պատժում, ինքնության պահպանություն, միմյանց ու հայրենի հողը պաշտպանելու կորով: Միայն կրավորական, խեղճ, անպայքար գոյատևություն): Արդի մարդու «Հայր մեր»-ը ուրիշ կերպ է ասում Մեծարենց բանաստեղծը, խնդրում է ընդամենը մի բան՝ «ուրախությունն անանձնական», որ ինքը սփռի ամենուր ու բաժանի ամենքին: Բայց միայն այդ աստվածընծա ուրախությունը բաժանելու ցանկությունը չէ բանաստեղծի հավաստումը, այլև մի այլ կարևոր ցանկության, որ անձնանվիրությունն է, որ հստակ դրսևորում է գտել նրա շատ ուրիշ բանաստեղծություններում, հատկապես՝ «Ըլլայի՜, ըլլայի՜» խորագրով շարքում: Ահա այդ կրկնակ ու բացականչականներով «ըլլային» եղավ առաջին հուշումը այս էսսեի խորագրի՝ «Լինել բայի ըղձականը…»:
Մեծարենցի այս շարքը նրա «Նոր տաղեր» ժողովածուում երեք բանաստեղծություն է ներառում, բայց հաջորդ՝ «Բաղձանք» բանաստեղծությունը ըստ էության, ձևով և բովանդակությամբ նույնպես այս շարքից է, ձեռագիր բնագրում «Ըլլայի» վերնագիրն է ունեցել: Եվ ի՞նչ է ուզում լինել բնապաշտ, ամբողջովին բնությամբ լցված պատանի բանաստեղծը: Նա երազում է մասը դառնալ այդ բնության և որպես մայր բնություն՝ մխիթարիչ-օգնական–սատար լինել մարդկանց, բոլորին: Ոչ թե պարզապես ուզում է, այլ՝ երազում է, և այն էլ՝ կրկնակի ու բացականչականով՝ «ըլլայի՜, ըլլայի՜…»: Ի՞նչ…. «Սա իրիկո՜ւնն ըլլայի ես,//Լի երգովը թռչուններուն, մարդերուն» ու «հպեի ճակտին ամեն անցորդի…, «Սա իրիկո՜ւնն ըլլայի ես,//Համայնական, չքնաղ, քաղցրիկ, լուսագես.//Եվ ամենուն տայի հուրքես, ոսկիես…»: Նաև՝ «հովն ըլլայի…» ջրերի ալիքների վրա ոստոստող ու «ձկնորսներու ականջն ի վար փսփսայի սիրված երգեր, քաղցրությունով օծուն բառեր…»: Նաև՝ «Ա՜հ, ըլլայի՜, ըլլայի՜,//Դաշտի ճամբու մը վրան//Կամ ըստորոտը լերան,//Ուղևորին ժամանման // Ըսպասող հյո՜ւղն ըլլայի…»: Որպեսզի՝ «…գգվանքիս կանչեի//Ես ճամբորդներն անժաման, …ուղևորներ պարտասուն», ու նրանց տա բազում բարիքներ՝ «Գոլը կրակին ճարճատուն,//Կութքը բերրի դաշտերուն,//Բոլոր միրգերն աշունի,//Ու մեղր ու կաթ ու գինի…»: Իսկ ձմեռները` «ձյունապատ հեք մարդուն//Ես հայրորեն, լայնաբաց//Երկու թևս պարզեի,//Մի՜շտ քաղցրագին, նյութացած//Հրավե՜րն ես ըլլայի»: Իսկ «Բաղձանք» բանաստեղծության մեջ այլ ցանկություններ են. ուզում է լինել «բարձունքներու լայնշի ճամբա», որ գագաթ է տանում, որ հասցնի այնտեղ «ըսպառած հոգիներուն»՝ նրանց ցույց տա «լայն հորիզոնն անուրջի»՝ բերրի դաշտերը, մրգաստանները, աղբյուրներն ու ծովերը, կյա՛նքը… «Եվ ըլլայի Լույս, Ձև, Երանգ, Թրթռում,//Կյանքի փաղփուն պատմուճանը ծիրանի,//Կենսաբաղձիկ հոգվույն երազն անպատում…»:
Եվ մի ուրիշ բաղձանք ևս՝ «Ըլլայի՜, ըլլայի՜» խորագրի տակ, որ վերնագրել է՝ «Առտուն» (գրվել է «Նոր տաղեր» գրքից հետո, տպագրվել է մամուլում), որի մեջ «Առավոտ լուսո»-ի հուշումը կա` Արդար արեգակի առավոտյան ծագը. ուզում է`«վարդ պարեգոտով ու խարտիշագես» առավոտ լինել «Թույր ու ճառագայթ հոսելու համար//Խոռոչներու մեջ մըթին, ամայի..»: Եվ, որ առավել էական է, «կաթիլ մը տայի աննյութ նեկտարես,//Ու գեթ ցո՜լք մը տայի ոսկի իմ հուրես//Մութ հոգիի ճրագներուն ցրտահար://Ա՜հ, սա առտո՜ւն ըլլայի ես»:
Բազում են մեր բանաստեղծների քնարական երկերում ցանկություն-բաղձանքի՝ լինեի, լիներ, կուզեի լինել, երանի լիներ բայաձևերի երանգավորումները և հատկապես բնության այս կամ այն երևույթը, բնաշխարհի որևէ հրաշալիքը դառնալու, վերածվելու բուռն ցանկությունը՝ հայրենի տուն, մերձավորներին, սիրած էակին հասնելու, նրանց մոտիկ ու մերձ լինելու, իր սերը ու նվիրումը հաստատելու համար:
Այդպես, երիտասարդ Ավետիք Իսահակյանը, որ իր կրծքի տակ համայնի բաբախն էր զգում, ասելով՝ «Սիրտս երկինք է,//Ամեն արարած//Աստղ ունի այնտեղ» և «Բույր կուտա ծաղկին,//Սեր կուտա կույսին,//Կյանք կուտա անկյանք//Չոր անապատին – //Ամայի սրտին», որ ուզում էր հնչեցնել «տանջված հոգու երգ ու վերք», ուրիշ բաղձանքներ էլ ուներ, երբ խոսքը իր անհաս սիրո մասին էր. «Կուզեի լինել գարնան արեգակ,//Չքնաղ վարդերով կուրծքդ պճնեի,//Անդորր կրծքիդ մեջ վառեի կրակ,//Մութ աչքերիդ մեջ պայծառ շողայի»: Եվ էլի ուրիշ ցանկություններ՝ «լինել երգող շատրվան»` նրա երազները լուռ օրորելու, ոսկի ծիածան՝ նրա ճակատին պսակ հյուսելու, և, հատկապես, «երկինք աստղավառ»` աստղերի հազարավոր աչքերով նրան «դյութված, արբած հավերժ» նայելու: Մի ուրիշ բանաստեղծության մեջ «լինեի» ցանկությունը զուգադիր է «լինեիր» ցանկությանը. «Ես հովիկ լինեի//Դու՝ նազուկ ցարասի,//Գգվեի կարոտով//Վարսերդ սնդուսի», նաև՝ «Ես թիթեռ լինեի,//Դու՝ կարմիր բոց-կրակ,//Կիզվեի գրկիդ մեջ,//Մեռնեի ոտքիդ տակ»:
Երկար տարիներ Իսահակյանն ապրել է հայրենիքից հեռու, իսկ սրտի խորքում բոցկլտացող կարոտը մի հասցե ուներ՝ հայրենիք ու հայրենական օջախ («Երնե՜կ, երնե՜կ երազ լինիմ,//Թռնիմ մոտդ, մայրիկ ջան»): Եվ այնտեղ պարզ ու սիրառատ մի կյանք. «Արազի ափին բոստանս լինի,//Սալվի ուռ տնկեմ, վարդեր ու լալա,//Հով ուռենու տակ քողտիկս լինի,//Օջախիս միջին կրակ բոցկլտա»: Նաև՝ «սրտով սիրած Շուշանս լինի…//Ծով քրտինք թափեմ Շուշիկիս համար»: Տարագրի վերադարձը շատ երկար ձգվեց, բայց ես ուզում եմ հիշել նրա մեկ ուրիշ բաղձանքը, երբ նա արդեն քսան տարի ապրում էր Երևանում, համընդհանուր սիրո մթնոլորտում, արդեն ութսուն տարեկան էր…
Ա՜խ, ինչքա՜ն, ինչքան կուզեի լինել
Զինվոր հասարակ
Հայության բոլոր
ոսոխների դեմ կռվեի անդուլ
Անիի հզոր պարիսպների տակ:
Եվ հուր վրեժով
Զարկեի դարե՛ր, զարկեի դարե՛ր,
Եվ բյուր վերքերով
Ընկնեի վսեմ պարիսպների տակ,
Սիրտս խաղաղվեր,
հանգչեի հավերժ
Անիի անմահ պարիսպների տակ:
Բանաստեղծության պատգամ-հուշումներում, ներկա թե գալիք սերունդներին, բարձրակետվում են՝ հասարակ զինվոր, բոլոր ոսոխներ, անդուլ կռիվ, դարերի զարկ, հզոր ու ամահ պարիսպներ և, իհարկե, կուզեի լինել դարձվածները: Իր կարճատև կյանքի կեսից ավելին Վահան Տերյանն էլ ապրեց հայրենիքից ու ծննդավայրից հեռու, մի «հեռավոր», մի «ցուրտ աշխարհում», «ամեն օր, ամեն օր» «կարոտով մի հաշտ» հիշեց հայրենի գյուղը, «հայրենի անուշ լեռնադաշտը» («Ա՜խ, սիրտս թռավ աշխարհն այն հեռու,//Ուր, հի՛ն, հնչում ես, բարբառ հայրենի»), երազեց իր հայրենիքը. «Վտարանդի, երկրում աղոտ,//Լուսե՜ղ, քեզ եմ երազում //Եվ հնչում է որպես աղոթք//Արքայական քո լեզուն»: Իր երազն էր նաև՝ «Երանի՜ նրան, ով հայրենական տուն ունի հիմա», «Երանի՜ նրան, ով հայրենական խաղաղ հարկի տակ ննջում է հիմա…», մինչդեռ ինքը «տարագիր» է, «անհայտին ավար»: Այս «երանի»-ները, ասել եմ, հոմանիշն են «լիներ»-ի՝ լիներ այնպես, որ ինքն էլ հայրենական խաղաղ հարկի տակ ննջեր այդ պահին: Եվ տենչում ու խնդրում է (ո՞ւմ)՝ «Ինձ տարեք այս երկրից անարև,//…Մեր սարերը տարեք, տարեք տուն…»: Իր ազատ ու հեռու սարերը: Արազի ափին իր օջախն ու Շուշիկի սերը երազող պոետի նման՝ Տերյանն էլ իր հայրենի լեռներն է երազում, նաև պարզ ու հասարակ, բայց հոգեպես երանելի կյանքի ու սիրո մի պատմություն. «Լինեի՜ չոբան սարերում հեռու,//Գայիր անցնեիր վրանիս մոտով,//Իրար նայեինք անուշ կարոտով,//Քնքուշ ժպտայինք հանկարծ իրարու…//…Եվ վերջալույսին մի օր, օ՜, մի օր //Մանիշակագույն սարերի լանջին//Բացվեինք իրար խոսքերով չնչին,//Բայց ուխտը լիներ անխարդախ ու խոր»:
Հայաստան աշխարհը, որ Տերյանը կոչեց իր հնագույն անվամբ՝ Երկիր Նաիրի, մշտապես ներկա է տարագիր բանաստեղծի հայացքի առաջ ու սրտում, որպես «տեսի՜լ դյութական»՝ իր գեղատեսիլ բնաշխարհով ու հարազատ մարդկանցով: Իր տեսլապատկերում են նաև նրանց տքնանք-տառապանքները, ողբերգական իրադարձությունները «արնաներկ հայրենիքում», որ դառնագին խոհեր են ծնում և ցավի, սիրո ու հավատի խոսքեր դառնում բանաստեղծություններում` «Երկիր իմ աղետավոր,//Ասում եմ՝ տոկա՛ համառ,//Գալու է հարության օր»: «Արևի պես, երկիր իմ, կըվառվես վառման»: Այդ հավատը կա անգամ իր տագնապների, տրտմության պահերի խոհերում. «Լինենք խաղաղ, մեղմ աղոթենք,//Գուցե բացվի լուսե հրաշք,//Գուցե անցնի խավարակուռ//Մշուշն այս չար և ազատվենք – //Լինենք մանուկ, լինենք մաքուր»: «Խաղաղ», «մանուկ», «մաքուր» տարողունակ այս բառերը ինձ ակամա տարան Թումանյանի քառյակների աշխարհ՝
Լինե՜ր հեռու մի անկյուն,
Լինե՜ր մանկան արդար քուն,
Երազի մեջ երջանիկ
Հաշտ ու խաղաղ մարդկություն:
Մանուկը, արդարը, երջանիկն ու խաղաղը իրենց խորքում հարազատ հոմանիշներ են, և կարևոր չէ՝ այստեղ երջանիկը երազի՞ հատկանիշ-բնորոշիչն է, թե՞ հաշտ ու խաղաղ մարդկության, միևնույն է, դրանք փոխադարձորեն պայմանավորում են իրար: Բանաստեղծն իր այդ երազը ուզում էր նաև արթմնի տեսնել, հաշտ ու խաղաղ կեցության դրոշն էր տանում գյուղից գյուղ, թեև գիտեր, որ «Բերանն արնոտ Մարդակերը էն անբան//Հազար տարում հազիվ դառավ մարդասպան» ու «հեռու է մինչև Մարդը իր ճամփան»: Գիտեր, որ «չարն էլ է միշտ ապրում անմեռ», նզովում ու մերժում էր նրան, լավության, բարության խոսք ու խրատ էր հնչեցնում: Բայց լինում են, չէ՞, պահեր, որ շատ ես հոգնում` կրելով կյանքի դառնությունները («Էնքա՜ն շատ են ցավերն, ավերն իմ սրտում…»), որ ուզում ես մի պահ հեռանալ մարդկանցից, գտնել խաղաղ մի վայր, լինել մենակ: Ահա` «Լիներ՜ հեռու մի անկյուն…»,- երազում է բանաստեղծը, ընդամենը մի անկյուն, որ մի պահ («չար ու խավար էս ժամին»), մոռանար բոլոր խարդավանքները, կռիվները, որ դադար առներ, քներ ու գոնե երազում տեսներ «հաշտ ու խաղաղ մարդկություն»: Բանաստեղծ էր, ցավի ու տառապանքի, սիրո ու գեղեցկության երգեր էր գրում, «սրտի խորքերից» իր խոհերն էր բարձրաձայնում` առ սիրած աղջիկը, առ մարդիկ, բնություն ու Աստված: Բանաստեղծ էր, իր երազներն ուներ հենց լինեի-ների ընդգծումներով: «Ա՜խ, երանի//Կայծակ լինեի…»` նրա բուռն ցանկությունը բացականչական ա՜խ-ով ու երանիով խորացված, նրա համար է, որ ուժգին զարկի ու պատռի երկնի կամարը, որ հիշեցնի, ցույց տա գաղտնիքը վերին, որ մարդը տեսնի, թե այնտեղ «ինչ բան կա ահեղ…//Եվ ո՞ւր է Աստված»:
Բանաստեղծը հավատացած է, որ ինքը բնության, տիեզերքի մի մասնիկն է. «Ես՝ միշտ հոգի տիեզերքի մեծ հոգու հետ…», «Ես եղել եմ, կամ, կլինեմ հար ու հավետ»: Եվ այստեղից էլ ահա երանելի, ամենքի հետ լինելու բաղձանքը.
Երնեկ էսպես՝ անվերջ քեզ հետ – իմ կյանքի հետ լինեի.
Հազար երնեկ՝ դաշտում մենակ՝ երկնքի հետ լինեի.
Բայց ո՞վ կըտա էն վայելքը՝ իքըս ինձ էլ չըզգայի,
Ու հալվեի, ծավալվեի, ամենքի հետ լինեի…
Լինում է, չէ՞, նաև, որ մեկն էլ այնքան է հոգնում կյանքից, որ պատրաստ է հեռանալ ընդմիշտ, բայց վերջին պահի մի երազ ունի՝ որպես ամոքում իր ապրած ծանր օրերի, որպես փարատում երկար ու ձիգ հոգնության, ու երազում է մի ուրիշ, գեղեցիկ վախճանի մասին: Հրանտ Մաթևոսյանի «Ալխո» պատմվածքի «հերոսի» երազանքը հիշեցի: Չասեք, թե Ալխոն ձի էր, մարդ չէր, ապրումներ ու երազանքներ չուներ: Երկար տարիներ կյանքի բեռը տարած Ալխոն տեսնում էր, հասկանում, մտածում, խորհում, երազում, ինչպես իր տերերը, որոնց հոգսերը կրում էր անտրտունջ: Բայց Ալխոն արդեն ծեր էր ու հոգնած, և հոժար էր իր վախճանին: Միայն թե… «Խճուղուց անջատվեց, արևի տակ տնքալով գնաց հա գնաց շեկ, խուլ ու տոթ ճանապարհը… Ձին խուլ տնքոցով մաքառում էր բեռան ու կյանքի դեմ…»: «Լինե՜ր մի կանաչ հովիտ, մեջը մի հատ աղբյուր: Անդրոն այդ հովտի տեղը չիմանար: Այդ կանաչ հովտում, աղբյուրի մոտերքը արածեր մի կարմիր ձի: Ոչ ոք չիմանար, որ այդ ձին Ալխոն է, բայց դա լիներ Ալխոն: Արածելով պտտվեր հովտում, ջուր խմեր, պոչով քշեր մի երկու հատիկ ճանճը, թախծեր, պառկեր կանաչ հովտում սատկածի պես… Ալխոն աշխույժով կանգներ կանաչ մարգում՝ հովտի ծայրին արածելիս լիներ մուգ կարմիր զամբիկը: Արածեր Ալխոն կանաչ հովտում, պառկեր կանաչ բուրմունքի մեջ, սպիտակ ամպեր շողային վերևով, լիներ տխուր ու գեղեցիկ: Ու հետո բսնեին գայլերը, կուշտ ու բարի Ալխոն նրանց չտանջեր, իրեն նրանց տար ուտելու, թող ուտեին»,- Ալխո՞ն է մտորում, թե՞ հեղինակը՝ Ալխոյի փոխարեն, «նրա ներսից», ինչպես ասում էր Մաթևոսյանը: Չասեք, թե սա արձակ է, բանաստեղծություն չէ: Բանաստեղծություն է (ընդամենը՝ չտողատված)` իր պատկերավորությամբ, ապրումի անմիջականությամբ ու տպավորչականությամբ, երազը իրական, զգայական դարձնելու արվեստով, ռիթմիկ, քնարական շարադրանքով: Այդպիսի շատ էջեր կան Մաթևոսյանի արձակում: Մաթևոսյանի այս Լինե՜ր-ը՝ այնքա՜ն ըղձական ու տարողունակ, երևի թե գալիս է Բակունցի նույնպես քնարական արձակի այն դարձվածից, որ տեղ է գտել «Միրհավ» չքնաղ պատմվածքում: Ընդամենը Սոնայի կողքին լինելու, նրա ներկայությունն զգալու՝ Դիլանի տենչանքն է. «Երբ ծանոթ արտին հասավ, հենվեց կայծքարով հրացանին, միտք արեց: Սոնան այստեղ մի ամառ քաղհան էր անում, կռանում էր ցորենների վրա, մատները փուշ էին մտնում: Սոնան հնձվորի համար հաց էր բերում, քրտնում էր արևի տակ և քրտինքից շապիկը փակչում էր լանջին: Լինե՜ր, այնպես լիներ, որ ինքը հնձվոր լիներ, նրանց արտը հնձեր, Սոնան հաց բերեր իրեն, շապիկը քրտներ և քրտնած նստեր կողքին»:
Այս Լինե՜ր, այնպես լիներ դարձվածը չէ՞ արդյոք նաև ակունքը Սևակի պոեզիայում բազմիցս հնչող՝ Լինե՜ր, այնպես լիներ, Ա՜խ, թե լիներ, այնպես լիներ և այլ նման երանիների:
Լինել բայի ըղձականի պոետական բազմաձայնություններով տարված, որ ոչ միայն բանաստեղծներին է բնորոշ, այլև բոլոր մարդկանց՝ մտովի թե բարձրաձայն ասված՝ լինեի, լինի, լիներ (խաղաղություն, սեր, երջանկություն, բաժանվածների հանդիպում և այլն), չմոռանանք նաև անշեշտ ու շեշտադիր հաստատականը՝ լինի, լինե՛նք, նաև հրամայականը՝ եղի՛ր: Չլինենք միայն երազող, լինենք նաև վճռորոշ, պահանջող, կատարող: Մի այլ դեպքում ոչ մի այլ եղանակ էլ պետք չէ, անորոշը դառնում է որոշյալ՝ Լինե՛լ, որ անդեմ նախադասություն է՝ ցանկության, որոշման, վճիռի երանգով՝ ուղղված մեկին կամ հենց իրեն՝ ասողին:
Եվ հաստատական լինել-ի կողքին երբեմն հայտնվում է նրա ժխտականը՝ չլինել-ը: Համլետի «Լինե՞լ թե՞ չլինել» ինքնահարցը հայտնի մենախոսության մեջ, որ այս էլ քանի դար բեմերից, գրքերից ու էկրաններից կյանք է մտնում, երկվության այս հարցականը իրե՞ն է ուղղված, թե՞ բոլորին՝ «Տանել գոռ կյանքի պարսաքարերը և սլաքները,//Թե՞ զենք վերցնել ցավ ու վշտերի մի ծովի ընդդեմ…»: Համլետի պայքարն ու վախճանը գիտենք, բայց լինել թե չլինել-ու երկընտրանքը արձագանքվում է առ այսօր, և երկընտրանքի ծանր նժարը լինելն է:
Պարույր Սևակի առաջին բանաստեղծություններից մեկը, որ եկար տարիներ անտիպ էր, հենց այդպես էլ, Շեքսպիրի լեզվով, վերնագրված է՝ «To be or not to be (Լինել թե չլինել)»: Բայց ի՞նչ…,- հարցնում և պատասխանում է երիտասարդ բանաստեղծը,- «Լինել որդի՞ դրժյալ և դավաճան,//Ե՛վ անարժան որդի, և՛ անառակ…//Եվ դառնաղի այս օրերում,//Այս օրերում անլույս և խիստ մթար//Թռչե՞լ դեպի եթեր, թռչե՞լ հեռու…//Չփայփայել նրան հույսերով պերճ,//Վերքերը չամոքե՞լ վառ երգերով…//Օ՜, չեմ կարող երբեք… հեռու մնալ ցավից իմ այս դարի…»: «Լինել թե չլինելու խնդիրն ահա այսպես լուծած» երիտասարդ բանաստեղծը ավելացնում է. «Ես նետվում եմ առաջ որպես բուժակ//Տիեզերքի անհուն, խոր վերքերի…»: Հազար ինը հարյուր քառասուներկու թվակիր այս բանաստեղծությունը, չասե՞մ որ համահունչ է մերօրյա տագնապներին: Ինքնութան կորստի, լինել թե չլինելու տագնապներին: Ի՞նչ, լինել անդե՞մ, անտարբե՞ր, վախկոտ փոքրոգի՞, անձնաշահ կամ «անջատված» միամիտ երազո՞ղ, հանդուրժե՞լ տեսանելի ու անտես կորուստները, դավաճանությունները, մեդիայի բոլոր տեսակներով հորդաբուխ թափվող ստերը, առ հայն ու Հայաստան աշխարհի տարբեր ծայրերից հնչող շողոմ խոստումները, որոնց ուզում ենք հավատալ, թեև դարերի փորձով գիտենք, որ կեղծ են եղել ու ե՛ն: Եվ համլետյան երկընտրանքը մշտապես հիշելով, չմոռանալով բանաստեղծների երանելի լինե՜ր ըղձականը՝ մտովի մի կողմ դնենք չլինելը ու հնչեցնենք միայն հաստատական-հրամայականը՝ ԼԻՆԵ՛Լ:
