Ագռավը
Պոյի՞ ագռավն է,
Գուցե Բասյոյի՞,
Եկել, իմ շուրջը
Պտտվում է լուռ…
Չի կռավում, չէ՛,
Ու բան չի ասում,
Միայն իմ շուրջը
Պտտվում է լուռ։
Բայց ես կարդում եմ
Հայացքում նրա
Մի սև հարցական՝
Դո՞ւ էլ ես պոետ,
Կապ կա՞ Պոյի հետ
Կամ թե Բասյոյի…
Գիտեմ, իհարկե,
Մարդ ես այս հողի,
Բարդ ես, Ասողիկ։
Դե մի երգ հյուսիր
Իմ մասին հիմա
Ու հենց այս օրի։
Տես՝ ինչ ագռավ եմ,
Կուզե՞ս՝ կռավեմ
Եվ անցորդների
Ուշքը գրավեմ։
Չկարծես, խնդրեմ,
Թե ես պառավ եմ,
Ջահել եմ զգում
Քեզ հետ առավել…
Պոյի՞ ագռավն էր,
Թե՞ մեծ Բասյոյի…
Չէ, իմը դարձավ,
Դարձավ ընկերը
Այս երգն ասողի։
Հ.Գ.
Գնում էր, գալիս՜
Մերթ առաջ, մերթ ետ
Սև ագռավը խենթ,
Ինքն էլ ինձ նման
Մենավոր ու կենտ…
Գուցեև ինքն էլ՝
Ագռավապոետ։
***
Մի կին անցավ, շեկ մի կին,
Ժպտաց, ինչպես հին ծանոթ,
Գուցե հիշեց նա մեկին,
Տեսավ նրան ինձանով։
Թե որ խոսեր նա ինձ հետ,
Գուցե լսեր իմ ձայնով
Իր ծանոթին հեռավոր,
Գնար, նրան մոտենար
Հուշերի հին կածանով…
Ախ, տարբեր են մարդիկ շատ,
Բայց երբ ժպտում են, այնքան
Հարազատ բան կա ծանոթ…
***
Սեր եմ հիշում ու «Երգ երգոց»
Աչքերս գոց…
Ադամ պլյուս Եվա գրած
Ծառի վրա հնամենի,
Եվ զգում եմ կախարդանքը
Այն ամենի,
Ինչ որ հետո կոչվեց քաղցր
Եվ արգելված պտուղ կոչվեց։
Ինչ-որ մեկը շշնջում է իմ ականջին,
Մթության մեջ՝
Ինչո՞ւ կորած սերը հիշել,
Տես՝ աստղային չքնաղ գիշեր…
Պետք է անգո տեսիլքները
Մի կողմ քշել,
Վարագույրը սևաշղարշ
Ետ-ետ քաշել,
Որ ներս լցվի լույսը սիրո
Ու իրենով անի լրիվ, ամբողջովին,
Տանի դրախտ,
Որ ծնվի նոր մի «Երգ երգոց»՝
Սիրո արև ու կրքի բոց։
***
Պետրոս, դառնորեն դու լաց ես լինում,
Ձայնն է քո ողբի անցնում դարեդար,
Ինչպես քացախը խառնվի գինուն,
Զուլալ աղբյուրը դիպչի քարեքար։
Քո սրտակեղեք ողբը դառնագին
Ապրում է ու դեռ կապրի դարեդար,
Մեղքն ինքդ առար դու քո կռնակին,
Այդ էլ խաչն է քո, դե ինքդ էլ տար…
ՏԱՂԻԿ
Չկա, ախ, չկա՝
Առանց աղջկա
Կյանքում աղ չկա։
Չկա, ախ, չկա՝
Առանց աղջկա
Կյանքում խաղ չկա։
Չկա, ախ, չկա՝
Առանց աղջկա
Երգ ու տաղ չկա։
Չկա, ախ, չկա՝
Առանց աղջկա
Շող ու շաղ չկա։
Մի բան էլ ասեմ՝
Առանց աղջկա
Ծափ-ծիծաղ չկա։
ՀԱՄԱՑԱՆՑԱՅԻՆ ԷՏՅՈՒԴ
Հրաշալի այս ցանցի մեջ
Փոքրացել է աշխարհը մեծ։
Մոտեցել ու դարձել են կից
Հեռուները՝ մոտիկ ու մերձ։
Կուզես՝ նայիր տիեզերքից,
Կուզես՝ դիտիր դրախտը պերճ։
Բայց վտանգներ կան շատ ու քիչ՝
Խառնվել են կեղծ ու անկեղծ։
Մի տեղ ցավոտ, անզոր մի ճիչ,
Մի տեղ հոգոց մի մահամերձ։
Իրոք, ինչեր ասես չկան
Համացանցում այս թովչական։
ՍԻՐԵՐԳ
Երբ քեզ տեսնում եմ,
Օդն սկսում է թրթռալ սիրո
Տաք քամիներից,
Ծաղիկներն ինչ-որ մի զարմանալի
Շնչով են բուրում.
Սիրո բուրմունք է, բնազդի գուցե,
Արվեստի, թե մի
Ուրիշ, գուցեև կորած եդեմի…
Երբ դու խոսում ես,
Ծիածաններ են հայտնվում ինչ-որ՝
Չքնաղ, գունագեղ
Եվ ավելի պերճ, քան թե յոթնաղեղ։
Ծիածանների պերճ աղեղներից
Նետեր են թռչում,
Գալիս են,
սուրսայր հարվածում սրտիս
Գեղեցիկի ու հմայքի թափով։
Ես վարակվում եմ տենդով ու տապով,
Երբ ժպտում ես դու։
Մի՞թե ընդմիշտ եմ ոսկե շղթայով
Այս տարօրինակ և արտասովոր
Կապված լինելու այս սիրակապով…
Սեր է՝ համեմված թաքուն տագնապով,
Քանզի բացիլներ ունի իր ներսում
Հարկադրական դավաճանության…
Երբ հեռանում ենք իրարից կրկին,
Մագնիսական մի ներքին դաշտ ձգում,
Տենչատանջում է ավելի ուժգին։
Օ՜, դու իրական, բայց և երազի
Ու ցնորքների լուսե, քնքուշ կին..
Դու տեսիլքներ ես պարգևում հրե
Իմ միտք և ուշքին։
Երևի առանց այս տեսիլքների
Կյանքը չի լինում,
Դու սովորական, բայցև՝ ուրիշ կին։
***
Շատ եմ սիրում այս բնապատկերը՝
Սարեր ու ժայռեր, ծառեր ու ամպեր,
Այստեղ են պապիս, հորս հետքերը,
Սարերն այս
քանի՜ սերունդ են ճամփել…
Հարազատություն կա մի հոգեթով,
Քարերի բուրմունք՝
երկինքոտ ու տաք,
Սիրտս հրճվում է կյանքի հեքիաթով,
Անհուն երկնքի նման կապուտակ…
ԱՆՈՐՈՇ ԵՂԱՆԱԿ
Աշնան լեզվով է ձմեռը խոսում,
Գարուներեն է թարգմանում քամին,
Չես զգում՝ օրերն ինչպես են հոսում,
Իրերն ինչեր են ասում այս ժամին։
Մարդիկ փորձում են գտնել մի լավ բան,
Ինչպես խեղդվողն է
կառչում փրփուրից,
Ոնց էլ անում ես, խոտոր է ճամփան,
Ուրախանում ես քամու համբույրից։
Եվ սկսում ես քիչ-քիչ հասկանալ
Եվ ձմռան, կարծես մոռացված, լեզուն,
Ինքդ քեզ համար մի գաղտնիք բանալ,
Այն, որ ինքդ ես միայն քեզ լսում…
Մենության ինչ-որ նոր դրսևորում,
Մարմնացում է սին ունայնության,
Նա է գործերդ լուռ դասավորում՝
Շփման գծերում լույսի ու մթան։
Երբ ճարահատյալ մարդ իր սև օրում
Ժպտում է, կարծես գժվելով արդեն,
Գինին էլ երբ որ էլ չի օրորում,
Երբ Աստծուն էլ է մոռանում, բարդ է։
Գարուներեն է ձմեռը խոսում,
Թարգմանչուհին էլ աշունն է հիմա,
Խոսում եմ ես էլ, բայց ով է լսում,
Խոսում եմ՝ կարծես չմոռանալու,
Հիշելու համար…
Որ կա և ամառ…
ՀԵՌԱԽՈՍԱԴԱԴԱՐ
Բոլորը խոսում են,
Բոլորը լսում են,
Բոլորը վազում են՝ խոսելով,
Բոլորը ասում են,
Բոլորը հազում են,
Բոլորը նազում են՝ հոսելով։
Բոլորը միասին, բոլորը մենակ են,
Բոլորը ծերունի, բոլորը մանուկ են,
Փրկիր, ով Միածին,
Որակ, թե քանակ են…
Խելագար այս տապում
Բոլորն են շտապում,
Բոլորն են վռազում
Մղձավանջ-երազում։
Բոլորն են սեր ուզում,
Իսկ սերը… Չկա նա,
Պատրանք էլ թե որ կա,
Գուցեև չքանա։
Տենդագին վազքում այս
Արևը ոսկեմազ
Իր հսկա դերն ունի,
Նա է, որ հսկում այս
Շարժումը, սոսկումած
Նայում է անհունին։
Եվ բոլորն ասում են,
Շտապում, վազում են,
Բայց ինչ էլ որ անեն,
Ինչքան էլ որ խոսեն,
Առաջին և վերջին
Խոսքը միշտ Աստծունն է…
***
Քո ժպիտից իմ մեջ արեւ է բացվում,
Սիրո ծաղիկ,
վարդ ու տերեւ է բացվում,
Երբ ժպտում ես,
թվում է, թե աշխարհը
Աստվածային լույս ու սիրով է լցվում։
Երբ ժպտում ես,
օր էլ լինի ամպամած,
Ջինջ առավոտ,
անուշ բարեւ է բացվում։
***
Մենք՝ երկու կես, դարձել մեկ
Ու մենակ ենք, մեն-մենակ,
Ամպամած, թե վառ ցերեկ
Եվ թե գիշեր ժամանակ։
Մենակ ենք մենք երկուսով,
Կյանքը՝ հոսող ժապավեն,
Կանգնել ձյան տակ մերկ ուսով
Ու իրար ենք ապավեն։
Մենություն է մարդկային,
Հեռվից հեռու ժպիտներ,
Հույսեր, որ մինչ արդ կային,
Օվկիանոսից թռչող սեր։
Մենք՝ երկու կես՝ դարձած մեկ,
Ու մենակ ենք, մեն-մենակ,
Աշնանավերջ, ամպ ու մեգ,
Մեկս մեկիս՝ թանկ հենակ…
***
Երկինք է լուրթ,
Հազարաշեն,
Երդիկ է ցուրտ,
Ձմեռվա շեմ։
Խոտեր են չոր,
Դաշտեր տխուր,
Անտառ ու ձոր՝
Թախծոտ ու լուռ։
Ու մի անուշ,
Անուշ կարոտ,
Ձեռքով անում,
Կանչում իր մոտ,
Ասում է, թե
Սիրում է շատ
Օրն արծաթե,
Եղյամազարդ…
