Քառյակներ
***
Ասելիքն է խոսքի հիմքը պոետի,
Աստծո պարգև
շնորհ-ձիրքը պոետի,
Թե բան չունի նա
աշխարհին ասելու,
Փուչ է անգամ շքեղ գիրքը պոետի…
***
Լոռվա ամեն մի սարից,
Ամեն ծաղկից ու ծառից,
Արեգակի պես պայծառ,
Թումանյանն է ժպտում ինձ…
***
Հայրս գիտեր լեզուն
ծառի ու ծաղկի,
Գիտեր օրը, ժամը վարի ու ցանքի,
Գիշեր ու զօր զրուցում էր հողի հետ,
Հողի մեջ էր տեսնում
խորհուրդը կյանքի:
***
Աշխարհը մեծ է, սակայն
Քո հողն է քո ապագան,
Որբ ես, լքված, թե չունես
Քո օջախը սեփական…
***
Կինը մայր է սիրասուն,
Կինն` օջախի ամուր սյուն,
Ակունք սիրո, արարման,
Տիեզերք է մի անհուն…
***
Թե պոետի երգը կյանքից է ծնվել,
Ոսկեերակ հոգու հանքից է ծնվել,
Ձեր հոգում էլ մի
տաք անկյուն կգտնի,
Եթե իրոք տառապանքից է ծնվել…
***
Ես չգիտեմ, ասե՛ք,
ինչի՞ն հավատամ,
Քար սրտերի՞ն,
մեռած խղճի՞ն հավատամ,
Աշխարհն այս փուչ
ստերով է հեղեղվել,
Ես ո՞ւմ խոսքին,
Արդար վճռին հավատամ…
***
Ուրիշ է քո ունեցածը`
հոգու գանձը երկնառաք,
Քո հայրենի տունը անշուք,
հողն ու հացը երկնառաք,
Ամեն մեկն իր օրն է ապրում`
արարումով, տքնանքով,
Ուրիշ է քո գիշերն անքուն,
լուսաբացը երկնառաք:
***
Մարդն ինչո՞ւ է դաժանանում,
չգիտեմ,
Կյանքն ինչո՞ւ է էժանանում,
չգիտեմ,
Այս ովքե՞ր են հրով, սրով, թալանով
Աշխարհն իրենց մեջ բաժանում,
չգիտեմ…
***
Հողի մեջ է, պարարտ հողի, սերմը
ծլում ու աճում,
Ազնիվ անուն, փառք ու պատիվ
մարդիկ հեշտ չեն նվաճում,
Արժանացի՛ր ժողովրդիդ սիրուն
վսեմ ու անկեղծ,
Թեկուզ երբեք Սերը նրա փող չի
տա քեզ ու կոչում…
***
Մարդը ինչպե՞ս աշխարհ եկավ,
առեղծված էլ կմնա,
Ադամի պես Դրախտ այգուց միշտ
զրկված էլ կմնա,
Արարողի խորախորհուրդ
պատգամներին անհաղորդ,
Անկուշտ, ագահ իր որկորին
շղթայված էլ կմնա:
***
Աշխարհ եկար,
պատրաստ եղիր գնալու,
Խորհիր ի՞նչ ես այս աշխարհին
դու տալու,
Բյուր մտքեր են հոգիդ
տանջում ամեն օր,
Ինչ որ թղթին տվիր`
այն է մնալու…
***
-Լսիր ձայնը, խոր հառաչանքը ծովի,
Խորհուրդ արա և՛ քամու հետ,
և՛ հովի,-
Մորս խոսքն եմ հիշում հաճախ,
իմաստուն,-
Դու գործ արա,
թող ուրիշը քեզ գովի…
***
Ջահելություն,
հարստությո՛ւն անանուն,
Որ ձրի ենք որպես նվեր ստանում,
Հավքի նման երբ թռչում ես
մեր ձեռքից,
Նոր ենք միայն քո
արժեքը հասկանում…
Ութնյակներ
Ես առվի նման զուլալ
Սարերից իջա հովիտ,
Ծաղկանց հետ զրուցելով,
Ծառի հետ, հավքի, հովի…
Չուզեցի հեռու գնալ,
Շունչ տվի չոր մարգերին,
Չուզեցի ես կուլ գնալ,
Խառնվել անհագ ծովին…
***
Ուրիշ է սերը հողի`
Ծնողի նման է նա,
Մշակն ու տերը հողի
Նրա գինը կիմանա…
Թե հոգի տվիր նրան,
Ծնող է, կջերմանա,
Եվ բերք ու բարիքը տան`
Հավատա, կավելանա…
***
Հողից թանկ հողն է միայն,
Եվ տունը հայրենական,
Գերեզմանը պապերիդ,
Որ վաղուց արդեն չկան:
Բայց նրանց ոգին է քեզ
Մարդ պահում անապական,
Որ հողը քո չլքես,
Չդառնաս թափառական…
***
Քո տանը դու տեր եղիր,
Ուրիշի տունը քեզ ի՜նչ,
Ծարավդ կհագեցնի
Քո սարի աղբյուրը ջինջ:
Քո հացը դո՛ւ վաստակիր,
Թող լինի թեկուզ և քիչ,
Քո հողում փնտրիր ցավիդ
Բալասան-դեղն ամոքիչ…
***
Իր հոգում ամեն մի մարդ
Իր աշխարհն, իր կյանքն ունի,
Խնդությունն իր թևավոր,
Տառապանք-զրկանքն ունի…
Իր սիրո օջախը տաք,
Նվիրումն ու ջանքն ունի,
Հայրենի երկիրը սուրբ,
Աղոթքի իր վանքն ունի…
***
Քաղաքում ապրեցիր դու,
Բայց գյուղն էր քո մտքի մեջ,
Արտերով իր ոսկեհեր,
Հավքերով` երկնքի մեջ:
Քո Լոռին հրաշագեղ,
Վահագնին քո մայրաբույր
Երգ դարձան ու երազանք
Քո ամեն նոր գրքի մեջ…
***
Երգը թե սրտից չգա,
Սիրտ էլ չի մտնի, հիշե՛ք,
Մեծերի սերը վկա,
Որ կեղծ չի հնչել երբեք:
Սրբացրել իրենց երգով,
Պատկերով սիրեկանի,
Մեր հոգուն տեր են դառել
Քուչակից մինչ Ջիվանի…
***
Չորացավ հունը գետի,
Ձկները էլ տուն չունեն,
Հատեցին թուփ ու ծառեր,
Հավքերը էլ բույն չունեն:
Մարդիկ այս ո՞ւր են գնում`
Թողած հող ու հայրենիք,
Սփռված աշխարհով մեկ,
Էլ ազգ ու անուն չունեն…
Տրիոլետներ
Աղբյուր է ծնվել, պիտի կարկաչի,
Պիտի զովացնի շրթերը պապակ,
Կանաչով զուգի ափերը ցամաք.
Աղբյուր է ծնվել, պիտի կարկաչի…
Սիրո խոսք ասի վարդ ու կակաչին,
Իր ճամփին թողնի
հուշ ու հիշատակ.
Աղբյուր է ծնվել, պիտի կարկաչի,
Պիտի զովացնի շրթերը պապակ…
***
Հոգու կրակը պիտի վառ պահել,
Պիտի բորբոքել կրակը սրտի,
Երգը ծնվում է սիրո կարոտից.
Հոգու կրակը պիտի վառ պահել…
Ծնվել ու ապրել Հիսուսավայել,
Չլինել երբեք բիրտ ու տմարդի.
Հոգու կրակը պիտի վառ պահել,
Երգը ծնվում է սիրո կարոտից…
***
Ձեռքդ ուրիշի հացին մի՛ պարզիր,
Քո արտն ունեցիր, քո ջրաղացը,
Որ քո օջախը չմտնի քաղցը,
Ձեռքդ ուրիշի հացին մի՛ պարզիր:
Դու քո հողն ունես, հարևանդ` իր,
Հարստացրու միշտ քո ունեցածը.
Ձեռքդ ուրիշի հացին մի՛ պարզիր,
Քո արտն ունեցիր, քո ջրաղացը…
***
Այս մի բուռ հողը սիրտն է մայրիկիս,
Որ մի օր սիրով ինձ աշխարհ բերեց,
Արարման շունչ ու ոգի նվիրեց.
Այս մի բուռ հողը սիրտն է մայրիկիս:
Տերը դարձրեց ինձ տիեզերքի,
Աշխարհում մի նոր
աշխարհ արարեց.
Այս մի բուռ հողը սիրտն է մայրիկիս,
Որ մի օր սիրով
ինձ աշխարհ բերեց…