Զորի ԲԱԼԱՅԱՆ / ԱՆԴՐԵՅ ՆՈՒՅԿԻՆԻ «ԿՐԻԿ»-ը

Այս աշխարհի ողջ պատիվները չարժեն մեկ լավ ընկերոջ:
Վոլտեր

Չեմ կարծում, թե Անդրեյ Նույկինին որևէ մեկն ինձանից լավ էր ճանաչում: Անհամեստ է հնչում, բայց իրոք այդպես է, որովհետև լավ ճանաչելու պատճառը ոչ միայն նրա ստեղծագործության հիմնավոր իմացությունս էր (ժամանակին կարդացել էի անգամ անտիպ գործերից շատերը) ու նույնիսկ այն հանգամանքը, որ բոլոր կարևոր հարցերում մենք համախոհներ էինք: Ավելի՛ն էինք, քան համախոհները: Մենք բարեկամներ էինք: Ամուր էր մեր բարեկամությունը, ամրագրված նաև ընտանիքների մտերմությամբ, որն սկիզբ էր առել անցած դարի ութսունականներից:
…Ծանոթացանք Վերակառուցման ամենաթեժ օրերին: Գրող, Խաղաղության պաշտպանության կոմիտեի նախագահ Հենրիխ Բորովիկը 1987 թ. վերջերին մեկտեղ հավաքեց արվեստի տարբեր ոլորտների մոտ հարյուր մարդկանց ու տարավ օվկիանոսից այն կողմ ոչ այն է` Ամերիկան հայտնագործելու, իսկ գուցե և` մեզ հայտնագործելու Ամերիկայի համար: Դեսանտային այդ ջոկատում հայտնվեցինք նաև ես ու Անդրեյը և վերջապես հանդիպեցինք, թեև հեռակա վաղուց իրար գիտեինք մամուլում տպագրվող հոդվածներով: Բորովիկի նախագիծը բավականին հավակնոտ և այն օրերի համար անսովոր անվանում ուներ` «Ժողովրդական դեմոկրատիա»: ԱՄՆ-ում մեզ ընդունում էին ոչ միայն պաշտոնական դեմքեր, կազմակերպություններ, այլև ընտանիքներ` սեփական հարկի տակ:
Նույկինի հետ նույն խմբում էինք: Անդրեյը շատ արագ ամենաճանաչելին դարձավ ոչ միայն մեր խմբում, այլև բորովիկովյան դասակում: Իսկ մեր պատվիրակության կազմում աշխարհահռչակ գիտնականներ, տիեզերագնացներ, կինոռեժիսորներ, դերասաններ, մազրիկներ կային: Բայց ԱՄՆ-ում որտե՛ղ և ո՛ւմ հետ հանդիպեինք` հետաքրքրության կիզակետում Նույկինն էր,- այն օրերին ամենամեծ պահանջարկն ունեցող ժանրը գեղարվեստական հրապարակախոսությունն էր, որը ԲԱՌՈՎ մերկացնում էր «զարգացած սոցիալիզմի» արատները:
Առաջ անցնելով ասեմ, որ ժամանակին հընթացս նա է՛լ ավելի հանրահայտ դարձավ: Հասարակական կարծիքի հարցման տվյալներով 1988 և 1989 թվականներին վարկանիշային սանդղակի երկրորդ հորիզոնականում էր: Իսկ 1990 թ. նրան հասավ «բրոնզե» երրորդ տեղը Բորիս Ելցինից ու պատմաբան, գեներալ Դմիտրի Վոլկոգոնովից հետո:
Իզուր չհիշեցի այս ամենը: Նախկինում գրաքննությամբ արգելված թեմաներին ազատ անդրադարձն սկսվեց ԽՄԿԿ Կենտկոմի Ապրիլյան պլենումից հետո, ինչի շնորհիվ Միխայիլ Գորբաչովը մտավ պատմության մեջ: ԽՍՀՄ-ի սահմաններից դուրս աղմուկ հանած «Իդեալնե՞ր, թե՞ շահեր» գրքի նախաբանում Ա. Նույկինը գրել է. «1985 թ. ապրիլից հետո մեր երկրում իրադարձություններն սկսեցին զարգանալ այնպիսի սարսափելի արագությամբ, որ հաճախ, մինչև հեղինակը կհասներ հոդվածի ավարտին, սկիզբն արդեն «կյանքից ետ էր մնացել»: Նրա սրատես հայացքից չէր վրիպել հետաքրքիր փաստը. ինչ Վերակառուցման սկզբում շատերի համար հուսահատ խիզախություն էր, մեկ տարի անց դարձավ «հրապարակախոսության ընդհանուր տարածք»:
Ես լավ էի հասկանում նրա միտքը: Այն օրերին հոդված էի գրել, վերնագրելով «Պարտքով վերցրած խիզախություն», իսկ ասելիքս ղեկավարությանը շողոքորթող, երեկվա աղվեսաբարո վարքի տեր պնակալեզների մասին էր, որոնք հանկարծ Վերակառուցումից նվեր ստացած խիզախությամբ այնքան էին ոգևորվել, որ հասել էին մինչև հրապարակային զազրախոսության ու սրբություններ պղծելուն:
Մինչև Վերակառուցումն էլ Անդրեյը լուրջ գործունեություն էր ծավալում, նա գիտությունների թեկնածու էր, արվեստաբան, փիլիսոփա: Եվ շատ համարձակ էր արտահայտվում արվեստի գեղեցկության, բարոյականության սոցիալական գործառույթի մասին: Կարդալով 1950-ից մինչև 80-ականների կեսերին գրված աշխատությունները, հասկանում ես, որ Ա. Նույկինը այն գրող-հրապարակախոսներից մեկն էր, որոնք արագացրին Վերակառուցման ընթացքը: Անշուշտ, Վերակառուցման նախաձեռնողը (ակադեմիկոս Դ. Սախարովի բնորոշումն է) Գորբաչովն էր, բայց դրա հիմքը ավելի վաղ մեր հրապարակախոսությունն էր նախապատրաստել:
Եվ նրա բարեկամներն ու գործընկերները դույզն իսկ չզարմացան, երբ Անդրեյը արձագանքեց Ղարաբաղյան ողբերգությանը, Սումգայիթում ու Բաքվում հայերի դեմ իրականացված ցեղասպանությանը: Նյութը հավաքելու և ուսումնասիրելու իրեն հատուկ գործելաոճով նա որոշեց գործընկերների հետ նախ այցելել Հայաստան ու Ադրբեջան, բայց ոչ հանուն տխրահռչակ գորբաչովյան «պարիտետի» ղարաբաղյան հարցում, այլ սեփական աչքերով տեսնելու, թե իրականում ինչ է կատարվում երկրի այդ բազմաչարչար անկյունում: Եվ 1991 թ. փետրվարի կեսերին, նախապես ինձ զանգահարելով, Անդրեյը, կինը` Գալինա Նույկինան, Վալենտին Օսոցկին, Յուրի Չերնիչենկոն ու Թիմուր Գայդարը Մոսկվայից ժամանեցին Երևան: Նրանց դիմավորեցի սառնաշունչ մթնշաղում, օդանավի մոտ և բերեցի ցուրտ, չջեռուցվող Երևան, ուր ամենափնտրված ապրանքը նավթն էր ու մոմը:
Ղարաբաղից ժամը մեկ լուրեր էին հասնում Ադրբեջանի կոմկուսի Կենտկոմի երկրորդ քարտուղար Վ. Պոլյանիչկոյի և արտակարգ դրության շրջանի պարետ Վ. Սաֆոնովի ենթակայության տակ գտնվող ադրբեջանական օմօնականների սանձարձակությունների մասին: Այդ երկուսը ենթարկվում էին ոչ թե Մոսկվային, այլ` Բաքվին: Օգտվելով Կրեմլի բացահայտ կաթվածահար անգործությունից` Ադրբեջանի ղեկավարությունը ռուսների ձեռքով էր բռնություն իրականացնում Հայաստանի, Ղարաբաղի ու Սփյուռքի հայերի շրջանում հակառուսական տրամադրություն բորբոքելու համար:
Եվ ահա ճանաչված ռուս գրողները մեկնում են, ինչպես ռուս թագավորներն էին ասում, «Տերունական ու հռչակավոր Հայկական Ղարաբաղյան մարզը»: Բայց ռուս գրողները Ստեփանակերտ էին թռչում ոչ միայն պարզելու, թե ինչպես «Գյուլիստանի պայմանագրով» Պարսկաստանից Ռուսաստանին անցած հայկական մարզը հիմա համարյա թե նվիրվում է Թուրքիային: Նրանց առավել հուզում էր Ղարաբաղի բնակչության ճակատագիրը, քանի որ ճշմարտությունը անհնար էր իմանալ պաշտոնական մամուլից: Այդ ճշմարտությունը իմանալու համար էին նրանք գնում Ղարաբաղ: Ես մնացի Էրեբունիի օդակայանում, սպասելու էի նրանց վերադարձին: Թե ինչ է կատարվել, երբ ռուս գրողները հայտնվել են Ստեփանակերտում, Ա. Նույկինը դեռ պատմելու էր «Ղարաբաղն իմ ցավն է» գրքում: Իսկ երբ նույն երեկոյան նրանք վերադարձան «Էրեբունի», «դեմքներին գույն չկար»: Իմանալով կատարվածի մասին, օդակայանից նրանց տարա հեռուստատեսություն: Ծովաջրի համն իմանալու համար մի կումը բավական է. հաջորդ երեկո բոլորն էլ հանգել էին նույն մտքին. «քաղաքավարական այցով» Բաքու մեկնելն անիմաստ է:
Նրանք կես օրում պարզեցին, որ իրավիճակը Ղարաբաղում շատ ավելի լուրջ ու ողբերգական է, քան ներկայացվում է պաշտոնական մամուլում: Ստեփանակերտում նրանք տեսան ու զգացին Բաքվի կողմից պետական քաղաքականության աստիճանի հասցված ցեղասպանությունը: Եվ վերադառնալով Մոսկվա, Գրողների կենտրոնական տանը ստեղծեցին Ղարաբաղի օգնության խումբ, այն անվանելով КРИК (Комитет российской интеллигенции «КАРАБАХ»): Նույկինը գրքում մանրամասն պատմել է նաև այդ խմբի, նրա անդամների մասին, ովքեր կատարում էին, ինչպես իրենք էին ասում, իրենց պարտքը: Թեև իրերն իրենց անունով կոչելու դեպքում պետք է ասենք` այդպիսի պարտքը հավասար է սխրանքի: Նույկինը, Օսոցկին, Չերնիչենկոն ու Գայդարը ընտրվեցին Կոմիտեի համանախագահներ:
Հիշում եմ, զանգեց հայ գրականության պարծանք Հրանտ Մաթևոսյանը` հարցնելու Անդրեյի հայրանունն ու հասցեն£ Դա քիչ ավելի ուշ էր, երբ ԽՍՀՄ դատախազությունում փորձեցին քրեական պատասխանատվության ենթարկել Մոսկվայի գրողների միության վարչության քարտուղար Նույկինին` նրա, ըստ էության, քաղաքացիական դիրքորոշման համար£ Նույն օրը Մոսկվա հասավ Մաթևոսյանի հեռագիրը. «Թանկագին Անդրեյ Ալեքսանդրովիչ£ Վաղուց վշտացած և անհուսորեն նայում էի ռուսական լայնարձակ տարածքներին, ավա՛ղ, ամայացած տարածքներին, նախկինում փառաբանված ռուս մեծ ստեղծագործող-մարդասերների գործերով£ Դուք ինձ վերադարձրիք հավատը, և նորից Ռուսաստանի պատմական տարածքներում աչքիս առջև հառնում է ռուսական համամարդկային հավատի տաճարը£ Եվ տա՛ Աստված, որ մեր արդարադատության կաֆկայական միջանցքներում չհամարձակվեն ստվեր նետել ռուս մտավորականի Ձեր պայծառ կերպարին»£
Իր ճշմարտացի գրքի համար Նույկինը անկեղծ վերնագիր էր ընտրել£ Անվանել էր, ինչպես զգում էր, ինչպես մտածում էր. «Ղարաբաղն իմ ցավն է»£ Չլսված դաժանությամբ ընթացող պատերազմի տարիներին Նույկին ամուսինները և մյուս «կրիկ»-ականները հաճախ էին գալիս մարտնչող Ղարաբաղ£ Ես միշտ նրանց կողքին էի և տեսել եմ, թե ինչպես էին երկար կանգ առնում հենց այնտեղ, «որտեղ ցավն էր»£ Այնպես որ, ես շատ լավ եմ հասկանում, թե ինչու բարեկամս հենց այդպես վերնագրեց իր գիրքը£ Պատահական չէր նաև, որ գրքում ներառված և իր հայրենիքի մասին պատմող ընդարձակ գլուխը նույնպես վերնագրել էր «Ռուսաստանն իմ ցավն է»£ Նա վաղ մանկությունից լավ գիտեր` ինչ է մարդու ֆիզիկական և ոչ միայն ֆիզիկական ցավը£ Ճիշտ է, դեռ չգիտեր, որ հարազատ Սիբիրից հեռու, ինչ-որ տեղ, Հայաստան երկրում ապրել է Վարպետը, որը կարողացել էր նույնիսկ ցավը չափել£ Այդ նա է ասել, որ մարդը փոքր է, «բայց նրա ցավը տիեզերքից էլ մեծ է»£
Եվ ամեն անգամ այն դաժան տարիներին, երբ Անդրեյ Նույկինը գալիս էր Ղարաբաղ, նորից ու նորից համոզվում էր, թե որքան իրավացի էր Վարպետը£
Հ.Գ.- Վերջին անգամ Անդրեյի հետ հեռախոսով խոսեցի նրա մահից մեկ շաբաթ առաջ£ «Ինչպե՞ս է առողջությունդ» սովորական հարցիս ի պատասխան, կարճ կապեց. «Գիտես, թե ինչպես եմ պատասխանում այդ հարցին…»£ Եվ հավելեց անչափ սիրելի Ավետիք Իսահակյանի խոսքերով. «Ամեն ինչ անցնում է սրտիս միջով…»,- մի պահ լռեց, երևի թե վերհիշում էր շարունակությունը, հետո ասաց բարձր ու հատու. «Ամեն ինչ անցնում է սրտիս միջով` աշխարհը, երևույթները, խնդիրները£ Ես չեմ կարող այդ ամենի առջև կանգնել անտարբեր»£
Նույկինյան «ամեն ինչը» պարտադիր ներառում էր նաև Ղարաբաղը£ Անդրեյ Նույկինը շատ էր սիրում Ավետիք Իսահակյանին£ Մեծ բանաստեղծի Ցավի մասին ասում էր, որ «խոսքը բոլորի, ամեն մի մարդու մասին է»£ Եվ ամեն անգամ, պահը որսալով, խնդրում էր բարձրաձայն Իսահակյան արտասանեի£ Այսօր էլ կատարում եմ նրա խնդրանքը, երբ իմ եղբայր Անդրեյ Նույկինը արդեն մեզ հետ չէ.
Ամեն ինչ ունայն, երազ անցավոր,
Աստղ էլ որ լինիս` պիտ հանգչիս մի օր,
Ոչինչ է մարդը` փոշի փոշու մեջ,
Իր ցավը, սակայն, տիեզերքից մեծ£
Անդրեյ Նույկինը գնաց, որպեսզի մնա£ Համոզված եմ, հայ ժողովուրդը երբեք չի մոռանա նրան£ Չի մոռանա նաև նրա բոլոր զինակիցներին «ԿՐԻԿ»-ից, որոնց հավերժ երախտապարտ կմնա£

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։