Վարդան ՎԱՆԱՏՈՒՐ

Վարդան-Վանատուր---1***
Լույսը իջավ ծիրանագույն
Ծփանքի մեջ կապույտ ծովի,
Ի՜նչ երազ կա ու խնդություն –
Ծփանքի մեջ կապույտ ծովի:

Ծիծեռնակի թևը կպավ
Ալիքներին հրաշքով լի,
Ծիածանի կամարն առավ
Լեռ ու անտառ հրաշքով լի:

Ծովից արևը վեր թռավ
Շողշողալով անբռնելի –
Կյանքը անուրջ ծիծաղ դարձավ
Շողշողալով անբռնելի:

Աստղերի ձայնն երկիր իջավ,
Սրբեց կապույտը երկնքի,
Մաքրությունը չձանձրացավ –
Ապրեց կապույտը երկնքի:

Դարը դարի տարիքն առավ,
Աչքը բացեց ակնթարթի,
Ճախրանքներով լույսը եկավ
Սիրտը բացեց ակնթարթի:

***
Մեղքի շատրվաններ`
մարմնի և հոգու,
Չպարզված սիրո
արցունքի մեջ խոստում,
Անամոք է ճամփան
ցավակալած քամու –
Աստծուն անարգում են`
Քրիստոսին ստում…

Վարագույրը բացեք`
սերն իր դերը խաղա,
Կանաչ հույզը ապրի
երանյալի դաշտում,
Անտառն է դալկանում,
տեղատարափ չկա –
Անառակին հիմա
սատարում են, պաշտում:

Շողի շոյող ձեռքը
մեզ է անաղարտում,
Գանձանակում ասքով, հնչյուններով երգի,
Պարզությունը ցավ է այս
անողորմ դարում-
Բաց է ուղին այսօր
անփառունակ կուռքի:

Մղձավանջ է հոգու և մարմնի աղետ,
Խղճի ուրվականն է
մեխված անարգանքին,
Ծաղրասերն է խաղում
նորից ծիծաղիս հետ,
Մաքրաշնորհ կյանքս
գամում տառապանքին:

***
Ձայնի անձրևը ծիծեռնակների
Նշխարագույներ են դաշտերի վրա,
Ինձնից վեր թռան երազներս հիմա –
Ձայնի անձրև է ծիծեռնակների…

Լեռան ստվերն է
ճամփաս պաշարում,
Հոգնել եմ ստվեր ես շալակելուց,
Ուշքն է կորցնում
քամին պարտվելուց –
Մերկությունները ի՞նչ են արարում:

Ձայները ծես են կատարում նորից,
Նրանց փայլերը որտեղ են քնում,
Համբույր են տալիս
իրար այս ժամին –
Ձայները ծես են կատարում նորից…

Ո՞վ է ում ձայնը հիմա խաթարում,
Համրությունը, թե՞ ծառերը կանաչ,
Ծիծեռնակների ձայները շողկանչ –
Հոգիս գտել են, խիղճս է վարարում:

Հայրենիքը բառ…
Հայրենիքն ում մեջ ինչպես է ծնվում,
Եվ ում մեջ որտեղ
դառնում հայրենիք,
Ում մեջ փախուստի
ճանապարհ քարոտ,
Ում մեջ արեգակ ապրել-մեռնելու,
Ում մեջ անսահման ու
անմահ կարոտ –
Անփոփոխելի տաճար Աստծու…

Հայրենիքը բառ` ով է հասկանում,
Հայրենիքը սուրբ` ո՞վ է աղոթում,
Ով է ընդունում – հայրենիքը խիղճ –
Լուսեղ արյան կանչ`
Աստվածաշնորհ –
Ով է մարմնացնում…

Ում մեջ օտար է հայրենիքն ապրում,
Ում մեջ կյանք դառնում`
ժպիտ ու ծիծաղ,
Ում մեջ ուրիշ է, ուրիշ պաշտամունք
Եվ աննման
կերպ ու աստվածություն…

Հայրենիքն ում մեջ ինչպես է քնում,
Ում մեջ արթնանում
լուսաբաշխումով,
Ում մեջ թախծում է,
ում մեջ ծիծաղում,
Ում մեջ դառնում է
կարոտ լուսածիր –
Աստվածաշնորհ հավիտենություն:

***
Ես կամ թե չկամ միևնույնն է հիմա,
Կյանքը կլինի առաջվա նման,
Առաջվա նման
Ուրիշ ճամփաներ
կբացվեն հաստատ,
Առաջվա նման աստղեր կծնվեն
Լուրթ տիեզերքում,
Առաջվա նման ուրիշները ինձ
Կնայեն այնպես, ինչպես օտարի,
Առաջվա նման իմ սերերն անկեղծ`
Կնայեն ինձ լուռ –
Էլ չեմ երազի առաջվա նման…

Ես կամ թե չկամ միևնույնն է հիմա,
Կյանքը կլինի առաջվա նման…

***
Սարդը ոստայն է գործում –
Արհավիրքն է մեզ գալիս,
Լաց ու կոծ է միշտ ցածում,
Ամայությունն է լալիս…

Խավարի թևն է բռնում
Սև գիշերը մարդասպան,
Իր գրկի մեջ թաքցնում
Եվ հալածում մեր ճամփան:

Հուսահատման պատի տակ
Ստվերները` լուռ մեռնում,
Չկա ուրիշ եղանակ
Լույսը դեռ չի լուսանում:

Սարսափի մեջ դողահար
Հառաչում է մայրը խեղճ,
Որբն անոթի սովահար
Աղերսում է հաց անվերջ…

Խաբված նժույգդ թամբիր,
Աղքատն է ձեռք պարզում,
Քամիներին դու սանձիր,
Լքված տունն է աղաչում:

Խաչափայտ են մեզ տանում,
Դանդաղ, այնպես աննկատ
Եվ պարանը թաքցնում
Մեր օրերում հուսահատ…

***
Քայլում է ստվերս գլխիկոր –
Պարզություն` իմ հույսը խնամված,
Մարդամոտ ուխտավոր լռություն,
Իմ հույսի մատյանս ստվերս…

Քայլում է ինձ հետ միշտ տխրամած,
Որ գտնի պապերիս ստվերը,
Իր շուրջը նայում է տաք հուշքով,
Որ գտնի որտեղ են թաքնված…

Պապերս ստվերներ կորամեջք,
Անցյալ են… իմաստուն, քնած երգ
Պատմություն, սեպագիր
խորաններ`
Պապերս առասպել հայտնություն:

Քայլում է ստվերս հանքափոր
Եվ լույսից, և մութից անպաշտպան,
Չի գտնում պապերիս ստվերը –
Պապերս սեպագիր հուշարձան…

***
Կրակի հետ են իրենց մերկանդամ
Հույսը կարկատում
խաբվածներն հիմա,
Գնացած օրեր առավոտի դարձ –
Ամենուր չկա…
Այս շնչակտուր ժամանակում խև,
Անառակի մեջ հոգու երգ չկա,
Գույները փարոս, ում են որոնում –
Մաքրություն չկա…

Թե գարուն լինի մոռացման շեմին,
Մանուկ չի ծնվի հենց
այնպես կյանքում,
Տաճարների մեջ անմարդաբնակ –
Մոմի լույս չկա…

Դարի ականջում շշուկն է մեռնում,
Մութն հեկեկում է ծովերում ցասկոտ,
Հոգուն վեր տանող ազատությունը –
Փրկողը չկա…

***
Անպաշտպան իմ
ճամփան վազում է`
Չբուժած ցավերս մի անգամ,
Իմ ճամփան հույզերիս մանուկն է`
Ինձ ճնշում, դարձնում մտքաքամ:

Այն կյանք է, և սեր է, և պատգամ,
Գնում է, հեռանում ինձանից –
Իմ անմաշ կարոտը մաքրություն`
Միայնակ ինձ դառնում բարեկամ:

Իմ ճամփան վազում է, հեռանում,
Անազատ այս կյանքից խռոված,
Չի գտնում իր համար բարեկամ,
Վազում է, հեռանում ինձանից…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։