ՏԻՐՈՋ ԱՌԱՆՁՆԱՏԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ / Ֆելիքս ՇԱՔԱՐՅԱՆ

Ֆելիքս ՇաքարյանՀԳՄ վարչությունը շնորհավորում է արձակագիր ՖԵԼԻՔՍ ՇԱՔԱՐՅԱՆԻՆ ծննդյան 75-ամյակի առթիվ

«Գրական թերթը» միանում է շնորհավորանքին

(Հատված «Օտարը» վեպից)

Ո՛չ այն էր գերմանական, ո՛չ այն էր ֆրանսիական դզած-փչած մարդատար ավտոմեքենան փրթփրթալով կանգնեց ծեփը թափած, դեռ անցյալ դարում կարմիր աղյուսով կառուցված բաղնիքի ետնադռան առջև:
Ավտոմեքենայի առջևի մասը հիշեցնում էր գերմանական «Օպել», պոչի կողմը նմանություն ուներ ֆրանսիական քանդված «Պեժոյի» հետ:
Նեղլիկ, ոչ բանուկ մի քուչա քաղաքի հարավային կողմից գալիս լուռումունջ, զուգահեռ անցնում էր բաղնիքի ետնամասով: Օտար աչքը չէր նկատում, թե ներկաթափ ետնադռնով ով է մտնում բաղնիք և ով է գնում բաղնիքից: Այսօր թեև աշխատանքային օր էր, բայց ձեն-ձուն չէր գալիս բաղնիքից. անշունչ էր հարևանությամբ գտնվող հայկական Կարմրավոր եկեղեցու պես: Կարմիր թևակապով երկու հասակավոր մարդիկ, որ բեղումորուքով էին, դեռ կեսօրին քշել էին մի քանի հաճախորդների, թե բաղնիքի ջուրը կեղտոտ է, ջրամբարը ախտահանում են: Դժվա՞ր էր սուտը մոգոնել:
Օֆելյային ուղեկցելու նպատակով ավտոմեքենայից միայն Փաշո Որսաշունը իջավ:
Երկրորդ կեղծանուն ունեցող այս Պեպենոտ Կարճահասակը աչքերը չորս արած՝ պտտվեց բակում, նեղլիկ փողոցով քայլեց աջուձախ, նոր միայն մոտենալով ավտոմեքենային, բացեց դուռը. օգնեց, որ Օֆելյան հանգիստ իջնի և նրան թևանցուկ՝ բարձրացավ բաղնիքի ետնամուտքի փայտաշեն սանդուղքով:
Օֆելյային ուղեկցող հագուստներով ծպտված չեկիստները ավտոմեքենայից իրենց հետ իջեցրին զամբյուղներ և տեղավորվեցին բաղնիքի աջ ու ձախ կողմերում՝ իբրև կանաչի, սոխ ու բողկ վաճառող մանրավաճառներ:
Բաղնիքի միջանցքի տամուկ ու տհաճ օդը դուր չեկավ բատոնո հսկիչին: Պեպենոտ Կարճահասակը տհաճորեն ծռմռեց դեմքը: Այդ պահին էլ նրանց մի գեր կին դիմավորեց՝ հաստ շուրթերը վառ կարմիր ներկած:
Հաստավոտ կնոջ կարմիր շուրթերը ժպտացին Պեպենոտ Կարճահասակին.
– Ինձ ասել էին՝ Փաշոն է հյուր գալու: Չեմ տեսել նրան, բայց չէի կարծում, որ երկու փոթ անունով մի տգեղ արարած է ապրում: – Մեղմ ծիծաղը պիտի որ ավելի բարկացներ բատոնո հսկիչին:
Զարմանալի էր, Փաշո Որսաշունը ո՛չ աղի խոսեց, ո՛չ անալի: Բաղնիքի կինը ոնց որ շփոթվել էր թաքնված չեկիստի հետ հանդիպելուց, բայց ցույց տվեց, թե վեջը չէ, թե սատանակերպ այդ տղամարդու բարկացկոտ հայացքը գրոշի արժեք չունի՛ իր համար:
– Ես կսպասեմ բակում,- չոր հնչերանգով ասաց բատոնո հսկիչը:
Հաստ, կարմիր շուրթերը նորից ժպտացին:
– Փիլաքանով հելիր մի հարկ, ֆոյեում քեզ կոնյակ ու ղայվե կբերեն:

***
Օֆելյան մտքում բաղնիքասպան կնոջ անունը դրեց` Ճարպոտ:
Այդ մարմնեղ կինը նաև ճարպիկ էր:
Ճարպոտ-ճարպիկը լողացրեց Օֆելյային, տղամարդավարի խաղալով մի-մի կարմրաթուշ խնձոր հիշեցնող նրա կրծքերի հետ: Լողավազանում Օֆելյան սաստիկ վախենում էր. տաք ջրի մեջ շունչը կտրվում էր, օճառաջրից կծկծում էին աչքերը: Գոլորշին շիրմայի պես գոտի էր կապել ավազանի շուրջը, դրսից ձեն-ձուն չէր լսվում:
Երբ Ճարպոտ-ճարպիկը Օֆելյային գրկած, նրա թուլացած մարմինը դուրս էր հանում ջրավազանից, խոսեց քթի տակ.
– Հաճելի քած ես: Քեզ բատոնո Բերիայի համար են տանում: Ո՞նց էլ իմացել է տեղդ: Էնպես կանես, որ Լավրենտի Պավլովիչը քեզ ձեռքից բաց չթողնի: Մի դենչիկ ունի, Ալբերտաշվիլի են ասում. նրա շողոմ խոսքերին չխաբվես: Ամարաթի տիրուհին Աննան է: Սիրո՛ւն է, նախա՛նձ է… Խելքով քած ես երևում, նրա հետ լեզու որ գտնես, ամենաքիչը գլխիդ փորձանք չի գա…
Ճարպոտ-ճարպիկը մեկ էլ նկատեց, որ Օֆելյայի երեսին գույն չկա, վախից ապտակեց նրան, գոռաց.
– Շուտ ուշքի՛ արի, ա՛յ քած: Շա՞ռ ես դառնալու գլխիս:
Ճարպոտ-ճարպիկը գրկեց նրա թուլացած մարմինը, տարավ պառկեցրեց նախասրահի թախտին, բացեց սենյակի միակ պատուհանը: Թարմ օդը քիչ-միչ սթափեցրեց Օֆելյային, որ հիմա նստած էր հատակին ամրացրած փայտե նստարանին, գլուխը առել էր երկու ափերի մեջ, ընկել մտքերի ետևից:

***
Զգեստապահարանում Օֆելյայի համար հագուստ ընտրող Ճարպոտ-ճարպիկը ոնց որ բարկացավ.
– Ո՞ւմ հետ ես մտքիդ մեջ վիճում:
Օֆելյան անտրամադիր պատասխանեց.
– Աղոթք էի մրմնջում:
– Լավ է, երբ մարդը հույսը Աստծու վրա է դնում:
– Իմ ամուսինն ինձ դաստիարակել է բոլշևիկորեն: Ես անհաշտ եմ ամեն տիպի ստոր մարդկանց տմարդի արարքների հանդեպ:
– Չհասկացա՛,- Ճարպոտ-ճարպիկը բարձրացրեց ձայնը: – Տե՛ս, հա՛,- մատ թափ տվեց, խոսքը շարունակեց ավելի կոպիտ հնչերանգով: – Էս բաղնիք էլի՛ ես գալու… Գալու ես որպես խանում: Հիմա տես էս շորերից ո՞րն ես հավանում: Հալա հավանածդ հագիր, տեսնեմ սա՞զ է գալիս…
Օֆելյան վեր կացավ, քայլեց պատուհանի գոգին ու աթոռին ընկած շորերի կողմը:
Համբերությունը հատած Փաշո Որսաշունը միջանցքում ձայնը գցեց գլուխը.
– Քանի՞ ժամ է տևելու էդ քածին լողացնելը, հագցնելը:
Ճարպոտ-ճարպիկը պահասենյակի դուռը կիսաբաց արեց.
– Էշի տրմուղ, իմ տիրոջ մոտ եմ ուղարկում, նա հո քո ախպերացու Ալբերտաշվիլին չի՞:
Դուռը փակեց, դարձավ Օֆելյային.
– Ո՞րն ես հավանում, վերցրու, արագ փորձիր:
Օֆելյան լացակումած սկսեց շորերը տնտղել:
Մի սպիտակ շրջազգեստ, վիզը ժանյակներով զարդարված, դուր եկավ:
– Դե հագի՛ր, ինչ ես պլշած երեսիս նայում,- նորից բարկացավ Ճարպոտ-ճարպիկը, ապա դուրս եկավ միջանցք` խաղալու Փաշո Որսաշան, կամ որ նույնն է, Պեպենոտ Կարճահասակի հոգու հետ: Գտավ իր զոհին, հարձակվեց.
– Աղի մուկ, հագցնում եմ թագուհու նման, ինձ կարգին վարձատրելո՞ւ ես:
– Նատո ջան, ջան ու ջան, ինձ ո՞վ է փող տվել քեզ տալու համար,- զարմացավ Փաշո Որսաշունը: – Ասա` ինձ տան, ես էլ բերեմ քեզ տամ:
Օֆելյան մտածեց մտապահել այս քիսաչի կնոջ անունը` Նատո:
– Գյադա, տուտուց, լաց մի՛ լինի. գիտես, որ էս գեղեցկուհուն պատրաստում եմ Լավրենտի Պավլովիչի համար: – Ու բոթեց Փաշո Որսաշան կողքը, խուլ ծիծաղեց,- թե որ հույս ունես քո վրա, էս գիշեր հյո՛ւր արի ինձ: Ամա առաջվա պես լինի` վիզդ կկտրեմ ածիլով…
– Մուլափ տուր…- նրան սաստեց Փաշո Որսաշունը: – Ամեն ինչ իր վախտն ունի:
– Տուտուց, Եվլախից փախար… ես քեզ մարդամեջ դուրս բերեցի: – Նատոն շարունակում էր նեղացած: – Հեյ գիդի, հա՛… մի Թիֆլիս էր, մի Նատո: Բատոնո Կոբան ասում էր` ջահել լինեիր, տասնվեց տարեկան, Բաքու եմ գնում… հետս կտանեի: Բոլշևիկ թշնամիներիցս թաքուն կայֆ կանեինք:
– Ջահելացի՛ր, Փաշո Որսաշուն,- ծիծաղեց Ճարպոտ-ճարպիկը,- է՛ս է, որտեղ որ է, Ռոմանովների գահին մեր Կոբան է:

***
Նատոն, հիմա ափի մեջ Փաշո Որսաշան տված երկու ոսկե մետաղադրամները շոշափելով, հասկացավ, որ Օֆելյային լողացնելու, հագցնելու գինն է, և գոհ մնաց:
Օֆելյան դեռ բոբիկ էր: Նատոն կիսախուփ աչքերով շոյում էր նրա բարետես սրունքները:
– Ես հիմի սպիտակ, փայլուն կոշիկներ կբերեմ,- ասաց օրվա վաստակից գոհ և գնաց խորքի սենյակը:
Ի՜նչ կոշիկներ էին. սպիտակ, լաքապատ, բարձրակրունկ, գրեթե չհագած:
Կոշիկներն ավելի բարձրացրին Օֆելյայի հասակը:
Քիսաչի Նատոն Սոսոյին կորցնելուց հետո նվաճել էր Բերիայի վստահությունը:
Պավլովիչը նաև նրան չուզեց պսակել Ալբերտաշվիլու հետ, որ օձի ճուտը Նատոյի կաթով չուժեղանա:
Թող միշտ մնա օձի ճուտ… Նատոն այս մասին գիտեր, չնեղացավ բատոնո Բերիայից, որովհետև ինքը՝ Կորկոթաշվիլու որդու սիրուհի Նատոն, Փարիզ տեսած Նատոն, չէր ուզում, չի էլ ուզում մի լածիրակի ստնտուն լինել: Դեմքը հիմա մթնած չէր, մտորումները նրան ժպիտ էին բերել: Վերջին անգամ էլ հրաժարվելով Ալբերտաշվիլուց՝ Պավլովիչի ծոցն էր վայելում մի ամբողջ ամիս:
Նայելով ճարպոտ Նատոյի դեմքին՝ Օֆելյան ուզում էր հավատալ, որ ապրելու է, բայց ի՜նչ գնով… Սա էլ էր հասկանում, բայց չկարողացավ հասնել մտքի հանգրվանին. սենյակ խցկվեց Փաշո Որսաշունը: Նրա բերանը բացվեց ու չէր փակվում.
– Տո՛, մամա՛ ջան… հուրի փերի է էս քածը,- ծափ զարկեց,- բոլոր բոլշևիկուհիները քեզ պես սիրո՞ւն են:

***
Ավտոմեքենայի թափքի ճաղավանդակից այն կողմ կանաչախիտ Թիֆլիսն էր, Կովկասի Փարիզը, որով հիացել են Հայր Դյուման, Վալերի Բրյուսովը, Րաֆֆին, էլի շատերը, որոնց անունները հիշելու տրամադրություն չուներ Օֆելյան: Ավտոմեքենայում նստած Օֆելյայի ուղեկիցներից ոչ ոք չգիտեր, որ բատոնո Բերիայինն է այն շրջանառվող կարծիքը, թե Թիֆլիսը կառուցել են հայերը: Թիֆլիսին պատիվ են բերել հայերը:
Օֆելյայի աչքերին Թիֆլիսն առաջ այսքան գեղեցիկ չէր երևացել: Եվ հիմա այնպե՜ս էր ուզում այս անիծյալ ավտոմեքենայի փոխարեն նստած լիներ քիչ առաջ իրենց կողքով անցած տրամվայում և հայացքով փողոցներում փնտրելիս լիներ ամուսնուն` Նիկոլային, որ սովորություն ուներ ոտքով զբոսնելու իր քաղաքում: Օֆելյան ուզում էր հավատալ, որ ապրում է իր Նիկոլայը, պարզապես տուն չի գնում, որովհետև խիստ նեղացած է կնոջից: Ինչ-որ մի նախանձ նրա ականջին շշնջացել է կնոջ ու կինտո Վաղոյի մասին վաղեմի մի դեպք…
Խանդոտ է Նիկոլայը: Խեղճը տանից գործատեղ, գործատեղից տուն ոտքով էր գնում-գալիս: Առաջ սիրում էր հեծանիվ քշել, բայց երբ ինչ-որ ավտոմեքենա ընկերոջը՝ Կամոյին, գցեց հեծանիվից և վրաերթ կատարելով սպանեց, Նիկոլայը, ինչ-որ մարդկանցից զգուշանալով, ձեռ քաշեց հեծանիվից… Օֆելյան, իհարկե, դրսում ոչ մեկին չի պատմել, որ Նիկոլայը մտերիմ էր Կամոյի հետ, բայց ինչ-որ մարդիկ, երևի, իմացել են Զահավիրին, ինչ-որ խաչագողի ձեռքից Նիկոլայի փրկելու պատմությունը: Ասում են՝ այդ պատմությունը հասել էր անգամ Կամոյի համար դարդ անող Վլադիմիր Իլյիչի կնոջը:
Ավտոմեքենայում միայն շարժիչի աղմուկն էր, ինչը չէր խանգարում Օֆելյային հիմա էլ մտովի տեսնել իր աղջիկներին: Օֆելյան խուլ հառաչեց. հիմա որտե՞ղ է իր Նիկոլայը: Պապն ու տատն ամեն ինչ կանեն, որ երեխաները կուշտ լինեն, հագուստի կարիք չզգան, դպրոցում լավ սովորեն, բայց ծնողներին նրանք մի՞թե կարող են փոխարինել:
Ավտոմեքենան ինչո՞ւ միանգամից թափ առավ: Վարորդն ո՞ւմ էր նկատել, ումի՞ց փախավ, բանուկ փողոցում ումի՞ց վախեցավ: Օֆելյայի հայացքից չքացան իր երեխաների դալուկ դեմքերը: Մի անհանգիստ միտք անապատային պտտահողմի պես անցնում էր այդ սովորական կնոջ հոգնած ուղեղի ծալքերով: Ո՞ւր է հիմա Նիկոլայը. Մետեխի բերդո՞ւմ, թե՞ աքսորել են արդեն: Միայն թե գնդակահարած չլինեն, Օֆելյան մի բան կանի փրկելու ամուսնու, իր աղջիկների հոր կյանքը: Միայն թե գնդակահարած չլինեն: Ճարպոտ Նատոն ինչո՞ւ լողավազանում խոսքի մեջ, ասես հենց այնպես ասաց, որ քաղաքական հանցագործների դատը տևում է ընդամենը հինգ րոպե:
Կանաչախիտ փողոցը հիմա վերելք էր բարձրանում: Մեքենան սարն ի վեր գնում էր ասես օձային ֆշշոցով: Այս փողոցում Օֆելյան չէր եղել, կինտո Վաղոն նրան այս կողմերը չէր բերել: Ոնց որ մի չարագուշակ բան մտաբերեց: Հա՛ էլի, կինտո Վաղոն ասում էր, թե Կոճորի գլխին, մրգատու ընդարձակ այգում Բերիայի առանձնատունն է` իշխան Քափանաձեի պապենական ամարաթը

***
Ազգային հագուստով տարեց, բարետես կինը Օֆելյային ուղեկցեց հայելաշատ, ընդարձակ մի սենյակ, ժպտաց կանացի խորամանկ ժպիտով և անխոս հեռացավ: Օֆելյան մենակ մնաց: Փորձում էր հավաք պահել մտքերը: Դրսից ձենձուն չէր լսվում: Օֆելյան չէր ուզում հաշտվել իր վիճակի հետ: Սով չէր զգում: Ոչ ոք չէր զգուշացրել, թե չի՛ կարելի նստել բազկաթոռներին, կամ պառկել բազմոցին ու եթե ցանկանում է` քնել:
Չէր ուզում հեռանալ պատուհանների մոտից: Սկզբում անհասկանալի էր ո՞րն է դահլիճի դուռը և որո՞նք են հայելիները: Ուշքը տեղը չէր, որ իրեն սենյակ ուղեկցած կնոջ հեռանալիս նկատեր, թե ո՞րն է դուռը… Հարց էր, սենյակը մե՞կ դուռ ունի: Պատուհաններից նույն պատկերն էր. մշուշում կորած սարեր: Գունավոր վարագույրները փայլում էին արևի ճաճանչներից:
Ընկճված Օֆելյան համոզվել էր. անմտություն է մտածել պոկոտել վարագույրները, որպեսզի նրանցով, փախուստի համար պարան կապի…
Ժամանակն անցնում էր, իսկ նրանով հետաքրքրվող չկար:
Ինքն էլ չհասկացավ, ինչպես ցողունից կտրած հասկի պես ընկավ հատակին փռված պարսկական գորգին և ծնկները գրկելով կծիկ դարձավ:
Ընդարձակ սենյակը, որտեղ և՛ փակված, և՛ փակված չէր Օֆելյան, պարզվեց, մի դռնով բացվում էր ձախակողմյան նեղ միջանցքի վրա: Ձախ դռնից մի երկու քայլ աջ, կոշտ նստարանին նստում էր կին հսկիչը:
Կին հսկիչները, Օֆելյայի գալու հաջորդ օրվանից, սենյակ էին մտնում սահմանված ժամին, որպեսզի հոգան Օֆելյայի կարիքները:
Օֆելյան, հսկիչների հետ խոսելիս, նրանցից կերակուր կամ այլ բան վերցնելիս, ինչ-որ բան խնդրելիս, չէր համարձակվում երեսներին նայել:
Օրերը հետևում էին միմյանց: Դրսում անձրև մաղեր, թե արևոտ օրը շլացներ ծառ ու ծաղկին, Օֆելյան անհաղորդ էր բնության ձայնին, խաղին: Իր չորս հսկիչներից զատ ուրիշ մեկին չէր տեսնում: Այդ չորս օրերին հասկացել էր, որ պետք է ընդունի Լավրենտի Պավլովիչի խիստ իշխելու ճշմարտությունը, բայց այդ բիճն էլ չէր գալիս. երևի մի անմարդկային, հրեշավոր ծրագիր նրան քնահարամ էր արել, տարել ինչ որ քաղաք, աշխարհի վերջը, ջհաննամը: Երանի՞ չէ` նա բռնած լիներ գեհենի ճանապարհը…
Շաբաթվա ո՞ր օրն էր, արդեն թողել էր հաշվելը, երբ հսկիչի աթոռին նոր երիտասարդ և գեղեցկադեմ կին տեսավ:
Հետո իմացավ, որ Աննան 17 թվին հանկարծամահ եղած տիրոջ ընկերոջ` ժանդարմ Պիոնի կինն էր: Նրանք բատոնո Բերիայի քավորությամբ պսակվել էին Թիֆլիսի ուղղափառ եկեղեցում: Հիմա, ժանդարմ Պիոնին, որը ցարի օրոք Կամոյի լրտեսն էր Թիֆլիսի ժանդարմերիայի վարչությունում, Լավրենտի Պավլովիչից բացի հազի՛վ թե հիշող գտնվեր և նրա կնոջը, որ քիչ է ասել լավիկն էր, բատոնո Բերիան անտեր չէր թողել:
Օֆելյան օրը սպանելու նպատակով ոնց որ գործ էր գտել, շարունակում էր ծիկրակել դռան արանքից:
Մի կեսօր էլ երկար միջանցքի ծայրին հայտնվեց գյուղացի վրացուհու տարազով միջին տարիքի մի կին հայտնվեց և բարձրաձայն Պիոնի կնոջը հայտնեց.
-Քալբատոնո Աննա, Տերը Թիֆլիս է վերադարձել, հեռախոսի մոտ է կանչում ձեզ:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։