ՏԻԳՐԱՆ ԳԱՄԱՂԵԼՅԱՆ

ՏԻԳՐԱՆ ԳԱՄԱՂԵԼՅԱՆՀԳՄ վար­չու­թյու­նը շնոր­հա­վո­րում է բանաստեղծ ՏԻԳՐԱՆ ԳԱՄԱՂԵԼՅԱՆԻՆ ծննդյան 70-ամյակի առթիվ
«Գրա­կան թեր­թը» միա­նում է շնորհավորանքին

Տիգրան Գամաղելյանի բանաստեղծություն­ները ներառում են իր իսկ տաղանդի գնահա­տականը` առանց հավելյալ ներդրման և միջնորդի: Այդ­պես է, քանզի նրա գրքի բանաստեղծական կշի­ռը մեծ է` կարիք չունենալով ավելորդ բարյացա­կամու­թյան կամ բացատրախնդրի:
Հեղինակի բանաստեղծական խնկահոտը իս­կույն հասնում է քեզ,և նրա քնարական Լուվրը դառ­նում է առինքնող:
Ակադեմիկոս Սերգեյ ՍԱՐԻՆՅԱՆ

«Գլորիա» շարքից

***
Տեր Աստված, այսօր իմ հյուրը եղիր,
Եվ սիրտս, հոգիս դու ինքդ պեղիր,
Տես ո՞վ եմ, ի՞նչ եմ,
Գուցե արժե՞ք եմ, գուցե ոչի՞նչ եմ:
Գնահատական տուր ինձ անաչառ,
Որ կա՛մ անտեսվեմ, կա՛մ մտնեմ տաճար:
Առանց քեզ թեկուզ իմ ներաշխարհում
Ի՞նչ աղոթք և կամ ի՞նչ ապաշխարում,
Ախ, այնպես արա, որ իմաստնանամ –
Մարդն ու աշխարհը քեզնով հասկանամ,
Տեր Աստված, այսօր իմ հյուրը եղիր,
Քո լույսի լույսով անձս հեղեղիր,
Տո՛ւր մտքի թռիչք հնարավորին
Եվ քո կնիքը դի՛ր իմ քնարին…

***
Ետևում թողած ծիծաղ ու արցունք,
Թռիչքներ մտքի, անավարտ գործեր,
Թողած ճամփաներ ու կիսաբարձունք`
Այս ո՞նց եմ արդեն ավարտված դարձել:

Իմ «ես»-ն այնժամ էր ապրում պանծացում,
Երբ վառում էի ես աստղալույսեր,
Ու Տիրոջ ձեռքով երբ ամենեցուն
Բաժանում էի հույս, հավատ ու սեր:

Ես ես չեմ արդեն, այնժամ էի ես
Բանակներ էի երբ որ ուղղորդում,
Երբ սենատ էի մտնում տիրոջ պես,
Եվ ամբիոն էին ինձ առաջնորդում:

Ես էլ թողեցի արժեքներ ինչ-ինչ,
Բայց մե՛կ է, ո՞վ եմ` մի մահկանացու,
Կեսարներին էլ չմնաց ոչինչ.
Նույնը` գերհզոր Մակեդոնացուն:

Այնպես որ, ինչ էլ ես եղած լինեմ –
Տիրոջը պիտի լոկ ապավինեմ,
Համարեք ի՛նձ էլ մեծաց «հավասար»,
Համարեք ընկավ ևս մի Կեսար…

***
Թույլ տուր, Տեր Աստված,
Քո պառլամենտում թեկուզ մի ժամով
Համայն մարդկության կողմից ընտրված
Սենատոր լինեմ`
Մեր ցավը այդկերպ ներկայացնեմ քեզ:
Եվ մի՛ բարկանար
Պատվիրակվածիս կողմից քեզ տրվող
Ուղերձի համար և մի՛ վրդովվիր
Առ քեզ ուղղորդված հարցերիս դիմաց,
Քանզի խեղված է վիճակն աշխարհի,
Բարձիթողի է մի ամբողջ երկիր,
Որտեղ խուժանն է տերուտիրական,
Ինչի համար էլ օգնությունն ենք քո
Բոլորս հայցում:
Ների՛ր, բայց ահա մի ամբողջ փաթեթ
Մեզանում առկա
բիրտ ու անօրեն
Բարքերի մասին`
Ներառվածությամբ մեզ
ցավ պատճառող
Հոգսերով բազում,
Հետևանքներով ողբերգահարույց:
Ա՛ռ ուղերձը այս, ա՛ռ ու զարմացիր,
Թե հասել ենք ո՜ւր.
Գոնե այսքանին
իրազեկ եղիր.
Լուծո՛ւմ տուր սրանց,
Եվ ապա, Տեր իմ,
Վերահաստատիր քո այն նախաստեղծ
Օրենքները սուրբ,
Որոնցով պիտի ինքնամաքրվենք –
Մա՛րդ դառնանք նորից…

***
Ես հեռանում եմ`
Նվագախումբը թողնելով ավա՜ղ
Աննվագավար, նույնն է, թե` անթագ:
Ո՞վ պիտի արդյոք ինձանից հետո
Այն ղեկավարի,
Հնչեցնի նրան առաջվա հանգույն`
Հնչեղ, մեծարվեստ:
Այդպես էր, քանզի իմ իսկ ձեռքերին
Տերն ինքն էր տվել թե՛ իմաստ, թե՛ ձիրք:
Ես հեռանում եմ,
Սակայն ձեռքերս թողնում եմ ընդմիշտ
Գլխավերևում նվագախմբի,
Իսկ ինքս արդեն որպես ունկնդիր
Ամֆիթատրոն կամ երկինք եմ ելնում
Որտեղից պիտի լսեմ ապշահար
Տիեզերական մի համերգաշար…

***
Գահս մնաց ավա՜ղ թափուր,
Ու թագուհիս` անթագավոր,
Մի հին հյուղում անհրապույր
Դարձա մեկը անհարկավոր:

Տված քամուն գանձեր որքան,
Ապարանքներ, հույսեր ու սեր,
Դարձա ես էլ մի Լիր արքա`
Նույնքան հպարտ, նույնքան վսեմ:

Ո՞վ էր սրա պատճառն իրոք,
Եղել էի երբ միշտ անպարտ,
Ինչո՞ւ դարձա և ո՞ւմ կամոք
Վտարանդի մի Բոնապարտ:

Բայց դեռ ափ եմ նավարկելու,
Իմ գահն է ինձ դեռ գրկելու…

***
Թե մահից հետո լինեմ արժանի
Վերաստվածային բարեհաճության,
Ուրեմն իմ իսկ երկնային ժամին
Դռներն եմ բացել հավիտենության:

Թե մահից հետո պիտի սավառնեմ
Ի մեջ բացերը տիեզերական,
Կնշանակի հոգիս համբառնել,
Տարածքներում է Տիրոջ մերձակա:

Թե մահից հետոն արժեք է անգին,
Եվ անարժեք է կյանքն այս փութանցիկ,
Կնշանակի մահվան և կյանքի
Տեղերն են իրավ փոխվել փաստացի:

***
Թե մի զորությամբ կարողանայի
Աշխարհում չարը վնասազերծել,
Այնժամ Տերն անձամբ, ըստ ամենայնի
Քահանայապետ ինձ պիտի օծեր:

Կարողանայի, թե մարդու կյանքից
Սրբել արատն իսկ ամենավերջին,
Կատարածն իմ այդ դառնալու էր կից
Մի հավելվածը «Աստվածաշնչի»:

One thought on “ՏԻԳՐԱՆ ԳԱՄԱՂԵԼՅԱՆ

  1. Որոշ մարդիկ մեր ազգային անկախությունն ըմբռնում են որպես մի այնպիսի վիճակ կամ հնարավորություն, որը նրանց թույլ է տալիս անսքող հաշվենկատությամբ երկինք բարձրացնել սրան կամ նրան՝ արհամարհելով
    մասնագիտական ու մարդկային տարրական բարոյականությունը:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։