Անվերնագիր
Ժողովուրդդ քեզ նման է,
Ավաղ, Մասիս՝
Բարձըր, հպարտ, բիբլիական,
Որպես ասպետ,
Բայցև այսպես՝
Միշտ բաժանված երկու մասի։
Արևի ու ամպերի տակ
Փայլկտալով, ինչպես ագաթ՝
Համախմբման կոչ է անում
Արագածն էլ քառագագաթ։
Քսանմեկերորդ դար
Քսանմեկերորդ դարն է, բայց սրտում
Մարդիկ ավելի դառն են ու տրտում։
Քսանմեկերորդ դարն է, բայց էլի
Սպասում կա՝ ե՞րբ Սերը կայցելի։
Քսանմեկերորդ դարն է, ավելի
Նորանոր ձևեր կան հին ցավերի։
Քսանմեկերորդ դարն է, ավելի
Նոր մեթոդներ կան դավ ու ավերի։
Քսանմեկերորդ դարն է, բայց կրկին
Աշխարհը՝ տրված ոճիրի կրքին։
Երկիր
Օ՜, ինչ լավ է, որ
Երեխաների աղմուկ կա թաղում,
Այն ամենալավ մեղեդուց լավ է։
Մարդ ընկնում է ցած, անզոր կատաղում,
Երբ մանուկներ չեն շուրջը ծիծաղում,
Քշում, տանում է ամեն մի իմաստ
Սին ունայնության մթին սելավը։
2
Օ՜, ինչ լավ է, որ
Դեռ թռչունների երգ կա անտառում.
Կյանքի, արևի ծես են կատարում
Հավքերը նախշուն։
Իրենց սուրբ նախնյաց պես են կատարում՝
Բնական ու պարզ։
3
Օ՜, ինչ լավ է, որ
Նոր-նոր մարդիկ են ծնվում աշխարհում,
Եղանակները հաջորդում իրար,
Անձրև գալիս, ձյուն,
Արև անում վառ…
Տե՛ր, խաղաղություն տուր ամենեցուն,
Սեր, ուրախություն տուր ամենեցուն։
Տիեզերական անհունության մեջ
Բոլորն են այս մի
Ավազահատիկ-Երկըրի վրա՝
Իրենց իսկ տան մեջ…
Ու կռիվներում, ցավերում անվերջ
Հոշոտում իրար, պատառոտում են
Մարմին ու հոգի։
Տե՛ր, նոր ջրերով այգիդ ոռոգիր,
Թող որ Քո կամքը բարենորոգի,
Տա նոր կյանք, նոր սեր
Եվ տա նոր ոգի։
Տե՛ր, Քո սերն անհուն, տիեզերական
Թող չարն, ի վերջո, մեկընդմիշտ պոկի
Աշխարհից այս հեգ։
Էլ ի՞նչ եք ուզում,
Ո՛վ մարդիկ, ասեք,
Որ կարողանաք բարի վայելել
Երկիրն այս դրախտ,
Որպես անգին բախտ։
Ունայնության մեծ, անեզըր ծովում
Զարմանալի այս կղզին կապուտակ։