Սոնա ԱՆՏՈՆՅԱՆ / ՎԻՃԱԿՆԵՐ

***

Վրայովս եմ հանում

էլաստիկ թախիծը

քրտնել կպել է մարմնիցս

պոկում եմ

չէ՛ հաստատ չի բուրում

անհոտ է, թափանցիկ

թաց է, որ քամեմ՝ չի քամվի

այստեղ լուսավոր սահուն է պտտվում հույսը

այստեղ քամի չկա և

սրտիս ծայրին ամեն օր

միշտ

մի նոր թռչուն ակապելլա է երգում

 

ինձ սիրում են.

սիրտս լցվում ու

լցվում է

ինձ սիրում են։

 

***

Կապտաթաց

կապտաթաց

երկինք է

ուրիշ կապույտ է

ուրիշ ամպեր են

զուսպ

զտված և

ծիծեռնաձայն  է երգչախումբը

ուղիղ 6 անց 15։

Սոլո այսօր չկա,

որովհետև արևն է սպիտակ-դեղին

 

Վերադարձրու

ակապելլա երգող

իմ թռչնին

թրջված տանիքներից

պսպղուն գազոններից

կանաչ

կապույտ

ծվեն կտցին։

 

***

Թռչնակները աչքիս

ուշոտ դիպան այսօր

գուցե ամպն էր գունատ

գուցե գազոններում

աստղ էր ընկած՝

ցածր տոնայնությամբ

ցածր տոնայնությամբ

 

Ինձ էլ մի՛ հարցրու՝

ինչո՞ւ է ձայնդ թաց

էլաստիկ ու թախծոտ

Դու դեպի ելք շնչիր

ծաղկած ծառը շնչիր

ճերմակը թունդ շնչիր

Խորքից։

 

***

Ել, գնա դաշտերից,

կանաչ գազոններից

կապույտ եթերներից

մաքուր քլորոֆիլ բեր

սիրուն ֆոտոսինթեզ արա

և կլանիր լույսը՝ երկար

կարմիր

կապույտ

մանուշակի գույնի

նվաղող աչքերին

հույսի շավիղ բացող,

առավոտ լույս

(և արեգակ արդար)

 

***

Թափանցիկ է տրոփը

ոտքերս զգում եմ

որովհետև մրսում են

ուսերս թափվում են

որովհետև զգում եմ

Զգում եմ ելվերը

միտքս՝ գլորվող

ձեռքերս

ոլորաններում

 

Ես գգվեմ

այս ճոճքին

ընթացիկ

 

Դու հենվիր։

-Բե՛ր լսեմ քո մեխանիկական սիրտը…

Մեկ է՝ իսկական է

ամեն ինչ զգում է,

բժիշկ։

 

***

Թափանցիկ

շնչահեղձ թափանցիկ է

թախիծը Արուս տատի

ցավն օրորում է նրան

նրա լացը

Թթվածնով հագեցող

լացը և

հոսում են

դեմքը, խորշոմները նրա

 

Ի՞նչն է քեզ անհանգստացնում տատ…

 

Ես չդիմացա

Արուս տատի թախծին

միակ որդու

մինուճարն էր դեռ

անհայտ անուն այս 44-օրյա պատերազմում…

Հոգին էր պատրաստ տալու

իսկ նրան ասում էին՝ տատ,

դու շնչիր

շնչիր

այս ծանր թավիշը

այս լլկող գարունը

շնչիր

 

***

Շատ կարևոր

քո գրչի տակ

ինչ խլիրտներ ասես

թող թռվռան

քո սրտի տակ,

ինչ ալիքներ ասես

թող ծփծփան

(խրատող է այս տեսակը)

ինքը օդդ քլորաջուր կանի,

իսկ դու խորը շնչիր՝

շունչդ պահիր…

Շնչիր այս թաց երեկոն՝ ուղիղ 21. 21

թաց գազոնը շնչիր

թաց քլորոֆիլը շնչիր

շնչիր

 

Այստեղ երկինքը դիպած է

ամենաբարձր  պատուհաններին,

իսկ աստղերը

վառվող լույսերն են

այնտեղ

 

***

Կայծկլտաց

էլաստիկ օրը վերջացավ

նախավերջին կայծը պատին

ափս տարավ

այս անգամ վեր չթռա

այս անգամ բոցեր  չունեցանք

 

Ծաղկեցի պատուհանից

ճերմակը շշնջացող ծառերի հետ

Ճերմակ ծաղկեցի

 

***

Բարի լույս

նազլու աղջիկ,

Գյումրիում

գարունը քանդել է կոճակները

և սպասում է իրենով հիացողներին

Բարի լույս,

իսկ այստեղ պատուհանից

բարակիրան մի ծառ՝

ծաղկած խնդմնդում է

կանաչ գազոնում ինքը

միակն է

 

միակը

(քեզ համար ելած մարտի)

Նազլուի հոմանիշը,

որպես

հատուկ անուն՝

ես եմ

ըստ Ռոզա Հովհաննիսյանի

ծաղկող

 

***

Էլաստիկ զուլալ է շշերում

զուլալ է

ու չի զնգում

եթերից է, մի ծվեն

չի էլ զնգզնգացնում։

Զուլալը արագ գոլանում է

երբ վառվում ես

գոլ-գոլ խմվում է

երբ վառվում ես

 

ժպիտդ գոլ տուր

այս պատուհանին

եկած թռչնին

քեզ համար միշտ

նոր օկտավայից

երգող

 

***

Երբ թափանցիկ է

հրաշալին և

հորիզոնը

թաց թևերով գրկվող

եթե անգամ գրկումդ

երկինքը չէ բաց

եթե անգամ

երկնաքերներին

հպված երկինքն է

երգիդ

 

Երևանում

շոգ կարճաթև է

գարունը

 

ինձ հուշում են-

սկսել նոր էջից գարունը

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։