ՄԱՆՈՒՇ

մանուշ

ՀԳՄ վար­չու­թյու­նը
շնոր­հա­վո­րում է բանաստեղծ, մանկագիր
ՄԱՆՈՒՇԻՆ
(Մանուշակ Ավագյան)
ծննդյան 80-ամյակի առթիվ

«Գրա­կան թեր­թը» միա­նում է շնորհավորանքին

Կանաչ ծաղիկ
Կանաչ ծաղիկ է
Կանաչ տերևին…
Կյանքս` միապաղաղ,
Շուրջս` խոր ճահիճ…

Հեկեկում է դեռ
Սիրտս դալկացած
Գորշացած ու հին,
Սին երազներում:

Օրս բացվում է
Մտածումներով…
Փեղկերն են փակվում
Լույսի կարոտից:

Լույս, որ շռայլ է
Բոլորի համար,
Իսկ ինձ` կուրություն,
Միայն հոգու ցավ,
Խավարի շաղախ
Եվ ծանր թախիծ
Պարգևեց միայն:

Կանաչ ծաղիկ է
Կանաչ տերևին,
Կյանքս` միապաղաղ,
Շուրջս` խոր ճահիճ:

Օծեք մարմինս
Օծե՛ք մարմինս
Անուշահոտով…
Օծեք մյուռոնով,
Բալզամով, խունկով:

Քանի շնչում եմ
Չառնեմ մահվան հոտ,
Օծեք հենց այսօր
Դաշտերից բերված
Ծաղկունքի բույրով:

Մեղու ու թիթեռ
Նեկտարս առնեն,
Կյանքս վեր հանեն,
Տանեն ինձ հեռու:

Հեռու մի վայրում,
Հավերժի գրկում
Կարոտս թաղեմ,
Հողի բուրմունքով
Նորից վեր հառնեմ…

Գարնան ծաղկի պես
Զեփյուռի ծափով
Մեղմ երգեր ասեմ,
Վերհուշեր փնջած
Ելնեմ խոր քնից:

Օծե՛ք մարմինս…

***
Այս գիշեր դարձյալ
Արթուն եմ քեզ հետ,
Մուսա՛, իմ ընկեր`
Դու իմ բարեկամ:

Դե՛, ասա տեսնեմ
Ինչո՞ւ ես լռել,
Թե՞ ուղիղ խոսքը
Թշնամունն է միայն…

Քարի պես լռում,
Նայում ես անձայն,
Գոնե գեթ այսօր
Եղիր դավաճան…

Թշնամիս եղիր
Գոնե մեկ անգամ,
Որ հենց քեզանից
Ճիշտը իմանամ,

Թե ո՞վ եմ ինքս,
Եվ դերս ո՞րն է,
Որ դեռ ցայսօր
Չհասկացա ես:

Ասա՛, մի՛ լռիր
Եվ մի հապաղիր,
Անիմաստ կյանքս
Ինչի՞ է նման:

***
Օ՜, խաշամ, օ՜, քամի,
Օ՜, անձրև`
Դուք աշնան անխոնջ
Մունետիկներ…
Օ՜, խաշամ, դու թափվիր
Իմ ճամփին,
Թող սահեն մտքերս
Անարգել,
Ոտքերս շարժվեն
Ինքն իրեն…
Անձրևիր դու, երկի՛նք,
Ու փակիր հայացքս…
Թող լուսինը պահվի
Ամպի մեջ…
Գիշերում և՛ խավար,
Ե՛վ մութ
Կուրորեն սուլիր
Դու, քամի՛,
Զարկվիր պատեպատ,
Դռնեդուռ,
Միևնույն է, չես գտնի
Փախուստի իմ ուղին,
Չես գտնի:

***
Օ՜, Լեթա,
Նիրհուն դու իմ
Դիցուհի…
Նորից մտքերս
Խառնեցիր իրար…
Ինչպես մի անմեղ
Փոքրիկ հրեշտակ…
Ինձ խմեցրիր
Արբեցնող գինին,
Որը պատրաստված էր
Ամբրոսիայից…
Գիշերում խավար
Մոլորեցրիր ու գցեցիր ինձ
Վայելքի գիրկը:
Եվ ես կամովին
Գերի մնացի
Հաղթ թևերի մեջ:
Նույնիսկ խաբեցի
Սեփական սրտիս:
Եվ ի՞նչ…
Չհասած պտուղներս
Քամուն տվեցի,
Եվ ինչո՞ւ չբռնեցիր
Չարագործ ձեռքս,
Եվ ինչո՞ւ չդարձա
Դժոխքի բաժին:

***
Խռովքի մեջ է
Սիրտս դալկացած,
Կարոտ ու սեր կա
Ծալքերում անտակ…

Ծով ալիքների
Բախումից ծնված
Փրփուր, փոթորիկ
Ու վերք կա անմար:

Անշեջ կրակ կա`
Հրահուր զանգված…
Աստղերի հևք կա,
Անձրևի երգ,
Ձյան հալոցք ու լաց:

Բայց սիրտն իմ
Հպարտ
Չի իջնի ծնկի`
Դեռ չի պարտված:

Խռովքի մեջ է
Սիրտս դալկացած,
Կարոտ ու սեր կա
Ծալքերում անտակ:

***
Թողեք ամեն ինչ
Հորձանքում կյանքի,
Շուրջս պտտվող
Ամեն-ամեն ինչ
Մոռանամ մի քիչ:

Թող որ վեր չվեն
Թռչունների պես
Ե՛վ սեր, և՛ կարոտ,
Որոնք տառապանք
Բերին ինձ միայն:

Թող որ նրանց հետ
Կորչի և հույսս`
Այդ բախտագուշակ
Գնչուն առհավետ…

Որն ստիպում է
Հավատալ իրեն
Ու հավերժ մնալ
Ցանցում խաբկանքի:

Եվ ինչպես ձուկը
Ծովից նոր հանված,
Որ ո՛չ ջրում է
Եվ ո՛չ էլ ափին…

Այդպես էլ հենց ես
Սպասում եմ լոկ
Ճակատագրի
Անփույթ հեգնանքին:

Հայրենիք
Իմ հին հայրենիք` դարերով եկած:
Հայրենական տուն`
դատարկված, անհույս…
Հույսերս թռան, էլ ի՞նչ հույս կապել`
Ժամանակների պատանդները դուք…
Այդ ինչպե՞ս եղավ, ես էլ չզգացի,
Դո՛ւք, մարդի՛կ մոտիկ, բարի՛ դրացիք,
Ձեր տներում էլ լռություն է գորշ,
Աղետ է դարձել գաղթն`
համաճարակ…
Ազգս է կապում իր քոչը դարձյալ,
Քոչո՜ւմ է, քոչո՜ւմ ցեղս պատվական:
Հեղեղի նման հորդում ու քանդում
Հունն իր սեփական`
տունն հայրենական:
Քոչում մեր փոքրիկ, դրախտ-երկրից,
Ա՜խ, մի՞թե Աստված էլ հաշտվել
դրա հետ,
Վերից տեսնում է ու աչքը փակում:
Մենք, որ միշտ տուժել ենք
Բիրտ քոչվորներից,
Հիմա ուզում ենք նմանվել նրա՞նց…
Ե՛տ եկեք, հայե՛ր, ետ եկեք հողը
Մեր արքայական:
***
Ոռնում էր աշնան
Ցուրտ ու պաղ քամին…
Ճռնչում էին դարպասները
Դատարկ ամրոցի…
Ասես դևերն էին
Ոռնում դիվահար…
Բայց դեռ արթմնի
Անցնում էր միտքս
Սև ու գորշ ճամփով
Խոլ երազների:
Եվ ահա խարխուլ
Ամրոցի ներսից
Չարիքի արքան
Քահ-քահ քրքջաց
Եվ ստիպեց ինձ,
Որ քեզ հետ մնամ,
Ու այսպես ասաց.
– Էլ ինչո՞ւ ես զուր
Ճանապարհ ընկել`
Երբ քո կողքին է
Երազիդ «ասպետը»
Մեզնից ոչ պակաս
Դիվային ու չար…

***
Վաղամեռիկ քրոջս`
Ֆլորայի հիշատակին

Մի աշխարհ ծաղիկ`
Քույր իմ Ֆլորա…
Ես` ընդամենը
Մի փոքրիկ մանուշ…
Մեզ ծնող մայրը
Ուրիշ էր, սակայն
Ինչո՞ւ ընտրեցինք
Նույն ճանապարհը`
Սիրո, տանջանքի,
Անհուն կարոտի ու
Տառապանքի…
Իմ և քո կյանքի
Արահետը նեղ
Մացառուտներով
Մեզ իր մեջ առավ
Ու տարավ անդեմ
Ճանապարհներով…
Ես շատ փոքր էի,
Դու` սիրո մեծ փունջ,
Քեզ ավելի շուտ
Արնաքամ արեց…
Եվ չդիմացար
Կույր սիրո ցավին`
Հանգիստդ գտար
Գետի ջրերում…
Իմ կյանքն էլ, սակայն,
Ստվերում անցավ
Ու դողում է դեռ
Մարխի բոցի պես:

Ո՛վ համբերություն
Չգիտեմ օրհնե՞մ,
Թե՞ անիծեմ քեզ`
Ո՛վ համբերություն,
Ծով համբերություն:

Ո՞վ կռեց, կոփեց
Կամքն այս իմ հոգում
Մատյան խառնիխուռն
Երազներիս մեջ:

Օ՜, էլ մի՛ հարցրեք,
Արյունս է սառչում
Երակներիս մեջ:

Եվ սիրտն իմ քա՞ր է,
Որ դիմանում է կարոտի ցավին,
Որն ասես անեծք
Դաջվել է սրտին:

Ժամանակն էլ
Խխունջի նման
Գլուխը հանում,
Ծուլորեն նայում
Ու ոչի՜նչ, ոչի՜նչ
Ինձ չի խոստանում:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։