ԹԵԵՎ  ԵՍ ԱՂԱՎՆԻ  ԵՄ / Արմենուհի ՍԻՍՅԱՆ

Սամվել ԿՈՍՅԱՆ – Գրական ստեղծագործություններն էլ կարող են հաջողակ և անհաջողակ լինել: Հաջողակներն ինչ-որ պահից, առանց հեղինակի միջամտության էլ կարողանում են իրենց հաղթարշավն ապահովել: Կարծես այդպիսի գործ է նաև Ձեր «Ագռավն ասաց» մոնոդրաման` տպագրություն, բեմադրություն, մրցանակ… Հետաքրքիր է նաև ագռավի կարծիքը:
Արմենուհի ՍԻՍՅԱՆ – Վստահաբար կարող եմ ասել, որ լավ գրական ստեղծագործությունն էլ կարող է լինել հաջողակ և հակառակը: Ստեղծագործությունն ունի իր ճակատագիրը և երբեմն բավական չէ, ինքնուրույն հարթում է իր ճանապարհը, դեռ հեղինակին էլ իր ետևից տանում է: Սա հենց «Ագռավն ասաց»-ի մասին է. իմ Ագռավն ինձնից առաջ ընկած գնում է, չեմ հասցնում նրա ետևից հասնել: Բանն այն է, որ միշտ վախ եմ ունեցել ագռավների հանդեպ: Գրելիս արտահանում էի նրա հանդեպ ունեցած իմ վախերը թղթի վրա: Դարձել էի Ագռավ ու ամեն ինչին նայում էի նրա հայացքով, թեև ես Աղավնի եմ: Այդ ժամանակ մտքովս չէր էլ անցնում, որ այն երբևէ կբեմադրվի, ես չէի գրում այն որպես պիես: Պարզապես գրում էի, որովհետև ասելիք և իմ անձնական հարցերն ունեի նրա հետ: Փորձել եմ ստեղծել ագռավի այնպիսի հավաքական կերպար, որն իր մեջ կրի և՛ Նոյի ագռավին` ագռավահորը, և՛ Պոյի «Nevermore» ագռավին, անդրադարձել եմ նաև մեր հայկական էպոսի Մհերի` ագռավի հետ ունեցած առնչությանը` փորձելով գտնել ոչ պատահական մի կապ և այդ հետագիծը ձգել դեպի Կայենն ու Աբելը: Հիմա գիտեմ, որ իմ Ագռավի մեջ ինչ-որ միստիկ բան կար. ես նրան չէի սիրում, իսկ նա ինձ համար մի ճանապարհ ուղեգծեց, կարծես ասելով` հա՞, դե սպասի՛ր… Նախ վստահորեն ներկայացավ «Դրամատուրգիա» հանդեսի խմբագիր Կարինե Խոդիկյանին, որը մեծ հոգուն բնորոշ իր ջերմ անմիջականությամբ շատ շուտով արձագանքեց. «Ինձ զարմացնելը հեշտ չէ, բայց քո Ագռավն ինձ զարմացրեց»,- ու անմիջապես տպագրեց հանդեսում: Հետո Ագռավս արդեն հանդեսի էջից հանդիպում է Թբիլիսիի պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանի հայացքին, ում ծանոթ չեմ եղել ո՛չ առկա, ո՛չ հեռակա, մինչև այն պահը, երբ մի օր զանգահարեց ինձ ու տեղեկացրեց, որ ուզում է պիեսս բեմադրել: Մի քանի ամիս անց հրավիրվում եմ Թբիլիսի` ներկայացման պրեմիերային, ու առերեսվում իմ Ագռավի հետ, իսկ երկու օր հետո պրեմիերան կայացավ նաև Երևանի Մալյան թատրոնում: Այնուհետև խաղացին Վանաձորի Աբելյանի անվան դրամատիկական թատրոնում, Երևանի Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում: Բավական չէ, որ իմ Ագռավը, անկախ ինձանից, բեմադրվեց, այնուհետև երևանյան Bookfest 2019-ի փառատոնում «Դրամատուրգիա» անվանակարգում շահեց առաջին կարգի մրցանակ: Բայց խոստովանեմ` ամենամեծ մրցանակն ինձ համար այն է, որ բոլոր ներկայացումներից հետո տարբեր հանդիսատեսներ մոտեցել են ինձ կամ գրել նամակով, թե ինչպե՞ս կարող են կարդալ պիեսը, կամ ե՞րբ նորից կլինի ներկայացումը: Իսկ նրանց երկարատև ծափահարու­թյունները ես արդարացիորեն ուղղում եմ երկու շնորհալի արվեստագետներին` բեմադրիչ Արմեն Բայանդուրյանին և դերասան Աշոտ Սիմոնյանին: Այդ նրանց շնորհիվ ես հաշտվեցի իմ Ագռավի հետ: Մեր քաղաքում ագռավներ շատ կան, և եթե նախկինում ագռավ հանդիպելիս խաչա­կնքում էի կամ փոխում ճանապարհս, հիմա ժպտում եմ նրան ու ասում` «Բարև՛, Ագռա՛վ»… Անցած օրը ծառուղով անցնելիս նա բազմանշանակ նայեց ուղիղ աչքերիս մեջ. կանխազգում եմ, որ դեռ անակնկալ ունի ինձ համար…

Ս. Կ. – Վերջերս հաճախ են Ձեր բանաստեղծությունները թարգմանվում և տպագրվում այլ երկրների գրական մամուլում: Որքանո՞վ եք կարևորում արտերկրում հայ գրականության հանրահռչակումը, և ի՞նչ պետք է արվի, որպեսզի եզակի դեպքերը օրինաչափության վերածվեն:
Ա. Ս. – Այո՛, չեմ ժխտում, հաճախ են թարգմանաբար տպագրվում գործերս: Շատ կուզեի` գրական գործակալներ ունենայինք, որոնք կոնկրետ կզբաղվեին հեղինակի գործերով, հետևաբար նաև հայ գրականության հանրահռչակմամբ: Ես անձամբ, որպես այդպիսին, մեկին գիտեմ, որը, բնականաբար, պիտի առաջնորդվեր իր անձնական նախասիրությամբ ու սուբյեկտիվ ընտրությամբ, իսկ հայ ժամանակակից գրականության ներկապնակը շատ բազմազան է և բոլորովին էլ չի զիջում օտարներինը: Մինչդեռ արտասահմանյան շատ երկրներում ամեն կայացած գրող իր գործակալն ունի: Ճիշտը որ ասեմ, ինքս առանձնապես ջանքեր չեմ գործադրել թարգմանվելու և տպագրվելու համար: Օրինակ` ճապոներեն թարգմանվելու և երկու գիրք Ճապոնիայում տպագրվելու բարեբախտությունը բացառապես ճապոնացի թարգմանչուհու, ապա` հրատարակչի նախաձեռնությամբ է եղել: Այժմ պատիվ ունեմ Կյոտոյի գրողների միջազգային ասոցիացիայի անդամ լինելու:

Ս. Կ. – Ձեր խոստովանությունն է, որ միշտ 18 տարեկան եք, մնացածը ստաժ է: Արդյոք այդպե՞ս է: Ստաժը զուտ հաշվարկ է, տարիքը` հասունության գրավական: Հակասություն չկա՞…
Ա. Ս. – Դա ընդամենը հումորային գրառում էր ֆեյսբուքում ծննդյանս օրվա առիթով` տարեդարձի հանդիսավորությունը շրջանցելու համար, որովհետև առանձնապես չեմ կարևորում այդ օրը, բայց այդ թեթև գրառումս բավականին լայն արձագանք ունեցավ ու շարունակ շրջանառվում է: Տեսեք, հիմա դուք էլ անդրադարձաք դրան: Իհարկե, տարիքը հասունություն է, թեև ոչ մի մարդ, չհաշված երեխաներին, մինչ օրս առանձնապես չի հպարտացել իր այդ հասունությամբ… Իսկ հակասությունն այն է, որ իմ արտաքին երիտասարդ երևալը մեծ մասամբ չի համապատասխանում իմ ներքին զգացողությանը, երբեմն այն իմ անձնագրային տարիքից էլ ավելին է…

Ս. Կ. – Ձեր բանաստեղծական ժողովածուի վերնագիրն է` «Փախուստ ծառերի մոտ»: Ի՞նչ է խորհրդանշում փախուստը` միջավայրի՞, թե՞ հոգեվիճակի փոփոխություն:
Ա. Ս. – Ժողովածուի վերնագիրը գրքի 4 խորագիրներից մեկի վերնագիրն է, որտեղ ընդգրկված են ծառերի ներկայությունն ամփոփող բանաստեղծություններս: Առհասարակ, ծառերն իմ կյանքում մեծ դեր են ունեցել, երբեմն գաղտնի, երբեմն բացահայտ, բայց միշտ որպես փրկարար օղակ: Թեև սա բանաստեղծական իմ վերջին գիրքն է, բայց այնտեղ հիմնականում ընդգրկված են մինչև 2015 կամ 2016 թվականների գրածներս: Ինչ վերաբերում է փախուստին, ապա այն փախուստ է և՛ միջավայրից, և՛ հոգեվիճակից, ինչպես նաև հոգեվիճակ հավասարակշռելու նպատակով: Երբ 2014 թ. գրական ծրագրում հաղթելու արդյունքում դրամաշնորհ ստացա Վիեննայում երկու ամիս ապրելու և ստեղծագործելու, ուղևորությունս լիովին դարձավ փախուստ մարդկանցից, որովհետև օրվա մեծ մասն անց էի կացնում Վիեննայի զբոսայգիներում` ստեծագործելով ծառերի միջավայրում: Անձամբ ճանաչում էի համարյա բոլոր ծառերին, նրանց մեջ ունեի իմ սիրելիները… Ծառերն ինձ սատարել են նաև այստեղ, երբ ինձ համար դժվար ժամանակներում, պատահել է` աշխատանքից վերադառնալիս, թեկուզ 15 րոպեով ապաստանել եմ տանս մոտիկ գտնվող գողտրիկ ծառախիտ մի վայրում, բանաստեղծություն գրել կամ պարզապես լռել նրանց հետ, զգացել արևի ու ծառերի էներգիան և ստացածս կուտակելով իմ մեջ` նորոգված վերադարձել տուն: Հրաշք են ծառերը, աննման զրուցակիցներ:

Երկրպագում եմ քեզ կրկին ու դարձյալ,
մարմի՛ն ծաղկած ծառի,
որպես հեթանոս ու քրիստոնյա,
որպես խոնարհ ու տեր
ու ջանում (արդեն քանի՜ տարի)
մարմինս քեզ նմանել…

Ս. Կ. – Երջանկության Ձեր բանաձևը:
Ա. Ս. – Հոգեկան խաղաղությունը, ինչը շատ դժվար է պահպանել, երբ շուրջդ քաղցած ծերեր, հիվանդներ կամ որբուկներ են լինում, էլ չեմ ասում մեր հայրենիքի սահմանին սև ամպերի պարբերաբար սպառնալիքի մասին… Իսկ եթե ավելի մասնավորեցնեմ, ապա դա ինձ համար դուստրերիս բարօրությունն է: Դե, ես հայ եմ, հետևաբար, մայրությունը գերիշխող է իմ երջանկության բանաձևում:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։