Ձոներգեր հերոսներին*
ԱՂՋԿԱ ԵՐԳ
Ասես երեկ էր,
մենք անխոս նստած՝
Նայում էինք լուռ
կապույտ երկնքին,
Մենք այնպես էինք
տարվել աստղերով՝
Չէինք նկատում ուրիշ ոչ մեկին:
Կրկներգ՝
Հիմա զինվոր է իմ սիրած տղան,
Արդեն սահմանն է հսկում մեր
մեծ տան,
Աղաչում եմ, Տե՛ր,
դու այնպես արա`
Մեր սուրբ հավատքը
պաշտպանի նրան:
Արդեն գիշեր է սահմանի վրա,
Կանգնած ես արդեն
անվախ քո դիրքում,
Գիտեմ, զենքի հետ դու քո
մարտական
Եվ մի ծաղիկ ես պահում
քո ձեռքում:
Բանակի զինվոր իմ սիրած տղան
Արդեն սահմանն է հսկում
մեր մեծ տան,
Երանի մի օր ծաղիկն
այն ձեռքին
Տուն վերադառնա իմ հերոս տղան:
Գիտեմ, անգութ է
թշնամին դաժան,
Ու չի խնայի մեր սերը անգամ,
Իմացիր, հանկարծ թե
նեղը ընկնես,
Արծվի թևերով կթչեմ-կգամ:
Հիմա զինվոր է իմ սիրած տղան,
Նա պաշտպանն է իմ
և հայոց մեծ տան,
Գիտեմ, թշնամուն նա լավ
դաս կտա,
Հերոսի փառքով հպարտ
տուն կգա…
ՍԱՀՄԱՆԻ ՎՐԱ…
Ամպերը մթին կախվել են նորից
Հինավուրց հայոց ամրոցի վրա:
Թշնամին դաժան՝ արյան ծարավի,
Նոր դավ է նյութել սահմանի վրա:
Հրամանատա՛ր,
Անկասելի են զինվորներդ քաջ,
Սպասում են քո նոր հրամանին,
Թշնամուն դաժան, որ ետ շպրտեն
Մեր արդար հողից
մի վայրկյան առաջ:
Սահմանին երեկ մի զինվոր նորից
Դիպուկահարի գնդակից ընկավ,
Արյուն էր կաթում
ծաղկած մի ճյուղից,
Իրիկնահացին մի արծիվ չեկավ:
Հրամանատա՛ր,
Անկասելի են զինվորներդ քաջ,
Սպասում են քո նոր հրամանին,
Ընկած զինվորի որ ոխը հանեն
Վայրագ թշնամուց մի
վայրկյան առաջ:
Ամպերը մթին կախվել են նորից
Հինավուրց հայոց ամրոցի վրա.
Մեկ է` թշնամին կրակ էլ դառնա,
Մոխիր կմնա լոկ տեղում նրա:
Հրամանատա՛ր,
Անկասելի են զինվորներդ քաջ.
Սպասում են քո նոր հրամանին,
Հայոց բանակի զինվորին վայել,
Որ հաղթած տուն
գան մի վայրկյան առաջ…
ԵՎ ԻՄ ՓՈԽԱՐԵՆ…
Օրը թեքվել էր դեպի երեկո
Ու մոտենում էր արդեն գիշերի,
Ես, կանգնած մենակ
պատուհանիս մոտ,
Ընկել եմ գիրկը ծանր հուշերի:
Դեռ աչքիս դեմ է, արյուն էր կաթում
Սև փշալարից մի ծաղկի վրա,
Ծաղիկն արյունոտ
խոնարհվել հողին,
Արտասվում էր թարմ շիրիմի վրա:
Ու մի՞թե ես չեմ զինվորը զոհված,
Իսկ դու հար ապրող իմ
սուրբ մարգարեն,
Ու դո՞ւ չես կռվում
դարձյալ քաջաբար
Նենգ թշնամու դեմ և իմ փոխարեն:
Օրը թեքվել էր դեպի երեկո,
Թանձրացող ցավն ինձ
հանգիստ չէր տալիս,
Մի մեղեդի էր թախծոտ ջութակի
Հոգու ցավ դարձած
ականջիս գալիս…
ԿՅԱՆՔՍ ՁԵՌՔԻՍ ԹԵ ԼԻՆԵՐ…
Կյանքս ձեռքիս թե լիներ,
Ես այն լույսին կտայի,
Որ հոգնատանջ, խուլ, խավար
Ու անհույս սիրտ չլիներ…
Կյանքս ձեռքիս թե լիներ,
Այն կռունկին կտայի,
Ով իր ճամփին մոլորվել,
Դեռ հին բույնը չի գտել…
Կյանքս ձեռքիս թե լիներ,
Այն զինվորին կտայի
Ում նամակը` աղջկան գրած,
Հավերժ սառած ձեռքում մնաց:
Կյանքս ձեռքիս թե լիներ,
Իմ խեղճ մորը կտայի,
Որ աշխարհը չմնար
Այսպես անխիղճ ու անսեր:
Կյանքս ձեռքիս թե լիներ,
Ես մասրենուն կտայի,
Որ քարափներին միշտ ծաղկեր,
Ձորի քամուց օրորար,
Հարսի շորում շորորար…
Իսկ թե տակին բան մնար,
Այգուս առվին կտայի,
Որ քո ձայնով քչքչար,
Ականջիս սեր քչփչար…
Կյանքս ձեռքս թե լիներ,
Ի՜նչ հրաշք բան կլիներ…
(բանաստեղծությունների
հիման վրա գրված են երգեր)