ՀՌԻՓՍԻՄԷ
ՄԵՆԱԽՈՍՈւԹՅՈւՆ
Հայելի՛, վաղուց
Անհաշտ եմ քեզ հետ,
Էլ պատուհան չես,
Ոչ էլ՝ հուսո դուռ
Հմայքապատրանք…
Քո սառնության մեջ,
Հավատա դու ինձ,
Դեռ փայփայում եմ
Անցած օրերիս
Կախարդանքը տաք…
Մեկ-մեկ ուզում եմ
Քեզ պահել հեռու՝
Ինձ օտարացած,
Սակայն հարազատ
Սիրեցյալի պես…
Բայց թաքուն մի ձայն
Ասում է՝ Ռիփսո,
Վերջին կանգառում
Գուցեև մեկը
Դիմավորի՞ քեզ…
Քարե՛ հայելի,
Իմ հոգին նորից
Պոետ է մնում՝
Արդեն ծերացող
Մարմնում իմ տաք…
Եվ ես տեսնում եմ
Մեռնող երազներ,
Որոնք բաց ծովից
Ճերմակ թղթի պես
Դեռ կիջնեն հատակ…
Ճաքա՜ծ հայելի,
Գիտեմ, որ պիտի
Վարագուրեմ քեզ՝
Աստղանախշերով
Իմ թիկնոցով հին.
Քեզնից կմնա
Միայն շրջանակ,
Որտեղից պիտի
Ասի. «Եկել եմ»,-
Հրեշտակը իմ…
Սոնա ԱՆՏՈՆՅԱՆ
Ձնծաղիկներ
Բառերն էին իմը,
բույրեր՝ նետված, նետված, նետված,
Սոնային՝ ծաղիկներ ձյան
հողից անզուսպ ելած, զարթնած:
Դեռ կլինեն իմը բույրեր՝
շիթած գույներ՝ գոցված, գոցված…
Սրտի այս ո՞ւմ շատն է առէջներից
կաթում-կաթում,
հոգու ո՞ւմ կտավին
ցավոտ-խավոտ ներսն է թնդում:
Էլ կա՞ն խնայումներ
պահված բառի հևքում,
ընծայումներ տիեզերքից
իղձին տրված, գերված:
Դեռ կլինեն բույրեր-բույրեր՝
թոշնած-թալկած.
իջնեմ ծաղկաթերթին՝
ցոլումներս՝ փշրած, փշրած:
Օ՜, ձնծաղկի Աստված,
երգս դեռ կթնդի՝
առավոտին գրկած,
նաև գրկված:
Բառեր, բառեր… ու
Մինչև երբ՝ նետված, նետված:
Սոնա… այդ ե՞ս
բույրին փարված, ապրած-չապրած.
Լցրու ծաղկի իմ բաժակից՝
գնա մնա՝ արբած, արբած, արբած:
Կարինե ԱՇՈՒՂՅԱՆ
ՏԱՏՍ, ՄԱՅՐՍ, ԵՍ
Գիտեի՝ տատս
տատ է եղել միշտ՝
կաղնու կեղևի պես կնճռոտ դեմքով
և կճիռների մեջ ծաղկող ժպիտով:
Գիտեի՝ մայրս հենց մայր է ծնվել՝
գեղուղեշ ծառի պես թարմ ու ջահել,
երբ պստիկ էի՝ կանաչ, մատղաշ ոստ:
Հիմա, երբ տատս արդեն վաղուց է,
որ ժպտում է մեզ իր դրախտներից,
իսկ մայրս, կքած թարմագեղության
վերհուշների տակ, վաղուց ինքն է տատ,
հիմա, երբ տղաս գուցե կարծում է,
թե ես հենց որպես իր մայր եմ ծնվել,
մայրս էլ հաստատ ի ծնե է տատ,
չհավատալով ոչ մի նկարի ու ապացույցի
կամ իր ողջախոհ դատողությանը-
հիմա ես գիտեմ, որ ժիր-հերարձակ,
տիկնիկը կրծքին մայրաբար սեղմած,
դեպի հորիզոն, դեպի ծիածան
ու դեպի կյանքը հրճվանքով վազող՝
մենք ճիշտ նույն և նույն աղջիկն ենք թիթիզ՝
տատս,
մայրս,
ես:
Լենա ԱՆԹԱՌԱՆՅԱՆ
Թիթեռների նման, թիթեռների,
Ձեր մի օրվա կյանքը լրիվ չապրած՝
Շտապում եք մտնել սիրտը կրակների՝
Մութի ահից դուք խենթ ու գինովցած:
Դուք սպասեք մի պահ, դուք սպասեք
Կաթնահունցով լցված լուսաբացին,
Խոհեմաբար նայեք և կտեսնեք`
Որքան բան չեք տեսել ձեր ճամփեքին:
Թիթեռների նման, թիթեռների`
Դուք սպասեք մի պահ, դուք սպասեք,
Թե որ օծվեք փնջով փետուրների,
Ձեր թռիչքի խաղը արևի հետ,
Ոմանց համար թեթև,
Ոմանց համար դյուրին,
Եվ ճշմարիտ ծանր
Կապրեք հավերժ:
Ռուզան ԱՍԱՏՐՅԱՆ
ՄՈՐ ԱՂՈԹՔԸ
Որդիս, ծնկաչոք աղոթում եմ ես,
Տիրամոր առջև աչքերս են խոնարհ,
Օ՜, Աստվածամայր, դու մայր ես ինձ պես.
Հովանի եղիր իմ որդու համար:
Մի օր մոռացավ և՛ ինձ, և՛ իրեն
Ու չարի ձեռքով իր տունն ավերեց,
Որտեղ թերացավ իմ սերը անքեն,
Որ հեռացումիդ ցավն ինձ նվիրեց….
Արթուն լինեմ ես թե խոր երազում,
Երբ դու քնում ես, ու լանջն է քո բաց,
Սիրտս անհանգիստ դողում է, մրսում,
Ձեռքս մեկնում եմ վերմակիդ ընկած:
Հաճախ քո սիրած մրգերն եմ բերում,
Սեղանի վրա մնում են երկար…
Դու անվերջ ինձ հետ, ինձանից հեռու,
Որդիս, չդառնաս անզոր ու տկար:
Երբ փորձությունից հեռու կլինես,
Ու ետ նայելուց սիրտդ կդողա,
Որդիս, թե այդժամ էլ չլինեմ ես,
Արևն իմ հոգու թող ճամփիդ շողա…
Ռուզան ՀՈՎԱՍԱՓՅԱՆ
Ինձ թռչուններ տվեք,
Երկինքը՝ իմ կողմից:
Ելնելու կամք տվեք,
Լեռները՝ իմ կողմից:
Երգելու բան տվեք,
Բառերը՝ իմ կողմից:
Երկնելու տենչ տվեք,
Սիրելը՝ իմ կողմից:
Երդվելու խաչ տվեք,
Խաչվելը՝ իմ կողմից:
Արգելված սեր տվեք,
Քարերը… ձեր կողմից:
Հերմինե ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
ՍԻՐՈՒՄ ԵՄ
Սիրում եմ թռչունների փետուրներ հավաքել
տարբեր գույների, ամենաշատը` սպիտակ.
մտածում եմ նրանք ինձ կօգնեն
մի օր թռիչքի ժամանակ:
Սիրում եմ երկնքին նայել երկար, անթարթ.
աչքերս ամպերի ճերմակությունն
ու երկնքի մաքրությունն են
ըմպում կաթ-կաթ:
Սիրում եմ քարեր,
լեռներ մագլցել մենակ.
այնտեղից երկրի վրա բացվում է
բոլորովին ուրիշ մի հայացք:
Սիրում եմ քամիների թևին
երկար սավառնել օդում,
ծառերի ու ծաղիկների հետ զրուցել
հավերժական գարնան մասին թաքուն:
Սիրում եմ երազել ծովերի,
առագաստանավերի մասին, քանզի
երկրում, ուր ապրում եմ, ծով չկա,
լեռներով է լեցուն հսկա:
Օլգա ԴԱՐՅԱՆ
ՄՈՐՍ ՓՆՋԱԾ ԾԱՂԻԿՆԵՐԸ
Մորս սիրած, փնջա՜ծ-փնջած
ծաղիկները…
Ամեն ծաղկի սրտից քաղած իր մտքերը…
Ի՜նչ խինդով էին դաշտից հասնում,
լցվում մեր տուն՝
մորս տեսքի, սիրո նման… հազարագույն:
Ծաղկամանում ինչքան սեր էր շողում հետո,
ինչքան բույր էր սենյակով մեկ օծումն անում,
որ մինչ այսօր, դաշտի, սարի ծաղիկներով
մորս սերն է թևում՝ սե՜րը հազարագույն…
ԵՍ ԳՐԵԼՈՒ ԵՄ ԳՈՒՅՆԵՐԸ ԲՈԼՈՐ
Ես գրելու եմ իմ գույնը կապույտ՝
ամպանմանից մինչ… զանգակագույն,
նաև՝ դեղինը, որը ուրիշ տեղ այլևս չկա,
բացի մանկության իմ կարոտների
արևաողող հայրական տնից…
Ու գրելու եմ կանաչը նաև,
որ Զատկի մատղաշ խոտի ծիլերով
հույսս զարդարեմ
ու միշտ ապրեցնեմ
ցայգարար ու նուրբ իմ վարդագույնը…
Ես գրելու եմ գույները բոլոր,
որ ամեն անգամ՝
նահանջող ձմռան սառույցների հետ
ու եկող գարնան հազարագույնով
փորձեմ հալեցնել տկարությունս…
Նոնա ՊՈՂՈՍՅԱՆ
***
Կյանքս թողեցի անծանոթ մի տեղ`
Ինձնից հեռացող ոտնահետքերին,
Ուր չէին տաքացնում արևներն արդեն,
Ու ես այրվում էի իմ մոխիրներից…
…Ուր փլուզվում էի կատարներից բախտի,
Ու սահանքներ էին ճակատագիրս ի վար,
Ուր ջրերին ճոճվող նավակներն իմ թղթե
Սերեր էին տանում օրերին դիվահար…
Ուր շրջադարձերին ես ողերս պրկում,
Կոր-կեռ ընթացքներում մեռնում էի հպարտ,
Որ չկործանվելու ամեն մի հաջողում
Իմ թևերին բացեր հուսո մի առագաստ…
…Կյանքս թողեցի անծանոթ մի տեղ`
Ինձնից հեռացող ոտնահետքերին…
…Հիմա ծորում եմ վերադարձներից
Ու խեժանում եմ բախտի ափերին…
Գոհար ԳԱԼՍՏՅԱՆ
***
Իմ արարչության ժամերը բոլոր
լցված են սիրով…
Ես հավերժության թևերի վրա
փետուրներ ունեմ
սիրո բարձերի,-
և սրանց հանգչող զույգերը մեկտեղ
ո՛չ թե ծերանալ,
այլ հպվել կուզեն
անեզրությանը Աստծո բարձրերի…
Գիտեն բարձերըս ելման հոսքերից
ուռչե՜լ-բարձրանալ,
Սիրո խոսքերից՝ նմանվել նախշուն
թռչո՜ղ գորգերի,-
ծավալվել դեպի անհունը հեռու,
լույսի՜ն միանալ,-
Ու հեքիաթային վերադարձների
զրույցներ պատմել –
փետո՜ւր առ փետո՜ւր…
ԼԻԼԻԹ
ՀԱՐՍՆԱՑՈՒ ԵՄ
Քո բառերը
Այլևս ձայն
Չունեին
Նրանց մեջ միայն
Արցունք ու ցավ
Կար ինձ համար…
Ես խնկի ծխով
Քշեցի նրանց
Իմ տնից
Եվ փողոցի
Աղմուկի համար
Կերակուր դարձան…
Առաջվանից ավելի
Գայթակղիչ
Զգեստավորվեցի
Սիրո նոր
Հանդերձներով…
Կյանքը սիրահարվել է
Ինձ
Ես նրա հարսնացուն եմ…
Դարիկո ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԱՆՎՐԵՊ ԾԱՂԿԱԾ
Ջուրն ինձ արթնացրեց,
երկա՜ր մնացի ջրերի կողքին,
երբ վարդը բացվեց հոգուս պարտեզի –
արտացոլանքը ջրերը տեսան,
և վտառները զգացին գունեղ
համաչափության թերթիկներն ինչպես՝
թեփուկներն իրենց ոսկեկար մատյան
ու լողացին դեպ առտվան տաղի
իշխանությունը՝ բոլոր վարդերի
հայելիները երգասացության:
Մտահղացման պարմանիները
մելոսի գրկից – հավերժ մեղրահաց,
իրենց կոկորդով վեցը ձայնավոր
որսացին փութով և շտապեցին
տոնահանդեսի շրջադարձերը
կատարելության երգերով օծել
անդրերկնային –
բացահայտելով ջրերի տարած
անվրեպ, ծաղկած զգոնությունը.
անավարտելի և արևաձայն
արարման ոգին վարդը երգողի…
Էլյա
ԲԱԴԱԼՅԱՆ
1915
Ես չգիտեմ՝ ոնց ամփոփեմ 15 թիվը,
Այն բարուրեմ, թե շղթայեմ 15 թիվը,
Թանկ է, մասունք նա մի կողմից, դառն է լեղի 15 թիվը…
Դող է, սարսուռ սրտի համար,
Մեծ ապտակ է տիրոջ համար,
Մեր հայրերի ձայնն է,
տխուր ճիչը մեր մանկության…
Ես չգիտեմ՝ ոնց ամփոփեմ 15 թիվը իմ ուղեղում,
Ո՞նց սար դառնամ, որ դիմանամ,
Ո՞նց սուր դառնամ, ո՞ւմ գլխատեմ,
Երգի թևին այն բազմեցնեմ, ո՞ւմ գովերգեմ,
Քանդակ անեմ, հայոց տունը ինչո՞վ լցնեմ.
Տեղ չի լինի՝ խաչը տնկեմ…
Հայոց տունը տաճար անեմ՝ քնի ցավը,
Թե՞ տաճարում կռեմ սուրը…
Ես չգիտեմ՝ ոնց ամփոփեմ հայոց թիվը.
Թե սուր կռեմ, մարդ չեմ սպանի,
Թե երգ երգեմ, ո՞ւմ ականջին պիտի երգեմ,
Թե խաչ քաշեմ հողի վրա իմ պապերի,
Պապս հողի տակ կտնքա, ինձ կխաչի,
Ո՞նց ամփոփեմ հողի թիվը,
Ես ո՞նց խաչեմ 15 թիվը. այդքան մեծ խաչ
Ո՞նց հորինեմ, որտե՞ղ տնկեմ. 15 թվի լեռնապարը
Ո՞նց ամփոփեմ:
Թե խաչ դարձնեմ 15 թիվը, խաչով փակեմ,
Խաչը պիտի մոլորակվի, մոլորակը՝ խաչավորվի.
Հայոց թիվը ո՞նց ամփոփեմ.
Աստված հանկարծ ձայնեց վերից.
«Ատյանը թո՛ղ ինձ…»:
Հրանուշ
ՌԻՆԳ
Ու փողոցներն անտես բեկվում, փախչում են վեր,
Հալվող փողոցները, որ երբեք չեն քնում,
Հարվա՛ծ, նորի՛ց հարված, մեծ ռինգ է կյանքն այս,
Ո՞վ է աջ ու ձախից անգթորեն խփում:
Մեկ կում ջրի նման օրս սպառվում է,
Ես էլ եմ շատ ծարավ, բայց ուրիշն է ըմպում,
Բայց ուրիշն է ըմպում քաղցրությունը օրվա,
Եվ տապալված տեղից ես ոտքի եմ թռչում:
Հարվա՛ծ, կրկի՛ն հարված, և ակնհայտ
Ջարդվում եմ ես ինչով որ պատահի,
Ճարս ի՞նչ, դիմանում եմ, հառնում եմ վեր,
Օրերն ավարտվում են խինդով չար խաղերի:
Ծեր, փորձված գայլ են փողոցներն հնամաշ,
Հոգեդարձ է լինում հավատս հազար անգամ,
Բայց չեմ ուզում լքել ռինգն այս խորամանկ,
Օրերը շատ են թանկ, թողեք, որ ուշանամ:
Շուշանիկ ԹԱՄՐԱԶՅԱՆ
«Ճանապարհ բարձր
խոտերի միջով»
Լուսնի փողոցով
բարձրանալ դեպի խորք:
Կանաչ, անհորանջ
աղբամանները
Սպասում են կաչաղակներին:
Եվ հոգնած այս քամին,
որ, ահա,
Քեզ գալիս է ընդառաջ:
Բառերի մոխրագույն
ծփանքը՝ վերևում,
Բացել է անանուն
ճանապարհներ:
Հանձնի՛ր ստվերներին
այս հոգնած քաղաքը:
Ձայների, դեմքերի քնքուշ
միգամածություն:
Եվ ոչինչ, ոչինչ չվերցնել
դանդաղ
Թերթատվող խաչմերուկներից,
Ավելի ու ավելի հեռու
ժպիտներից:
Ոչի՛նչ չփրկել:
Ոչի՛նչ չվերցնել:
Ու թեև բարձր խոտերը
քուն են մտել
Հողի տակ,
Ու այնքան արծաթ է
փոշին մայթեզրին,
Քո՛նն է վերևում ճոճվող միակ
այն ճամփան:
Եվ ամբողջ քաղաքը՝
շատրվանող մի հեռացում:
Ցամաք ավազաններ:
Մի լապտերի կենսագրություն:
Հրանուշ ՄԱՄԲՐԵՅԱՆ
ԳԱՐՈՒՆ ԵՄ ՈՒԶՈՒՄ
Գարո՛ւն, որքան եմ կարոտել ես քեզ,
Սիրտս ափերից ուզում է ելնել,
Ես էլ անհամբեր սպասել եմ քեզ,
Ես էլ եմ ուզում նոր կյանքով ապրել:
Մայր հողը կրկին երկունք է ապրում,
Քնած սերմերը ծիլ են արձակում,
Գարո՛ւն, ես էլ եմ ուզում վերապրել,
Մայրիկիս գրկում աչքերս բացել:
Օդը լցվել է գարնան բուրմունքով,
Շնչում եմ, շնչում ու չեմ հագենում,
Սիրտս հրճվում է
ծառ ու ծաղկունքով,
Ու ես ակամա երգիչ եմ դառնում:
Քո գովքն եմ ուզում անդադար երգել,
Նոր բացված գունեղ
ծաղկանցդ փարվել,
Որքա՜ն եմ ուզում կրկին ետ բերել
Անցած-գնացած գարունս ջահել:
Անի ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ
Անշարժացած քարին
Ինչպե՞ս վարվեմ, ասա,-
Շրջվեմ և քեզ թողնեմ
ճամփին:
Բայց մրմուռ է ներսս,
որ մամուռ է ասես
կապտականաչ տոնի:
Կապտականաչ մամուռ, որ մորմոքն է երկնի,
անշարժացած քարին կապտականաչ տոնի:
Ասա, ինչպե՞ս վարվեմ,
երբ չեմ տեսնում քեզ հետ
շրջանկար դեմքն իմ հիշողության պատին,
երբ տաճարն է հոգուս առանց սյունաշարի
և ամայի…
քամիները ծածկագույրն են տանում:
Թող ես լինեմ դաժան
անանձնական սիրուս տիրույթներում,
որտեղ չկան դեմքեր,
և բոլորս ենք, սակայն, զոհարանին՝
հանուն վերին մտքի,
հանուն ճշմարտության
կապտականաչ տոնի…
և թող ոք ոչ չասի, որ ճշտել է գույնը մամուռների,
թող ոչ ոք ինձ չասի,
թող ոչ ոք ինձ չասի:
Անահիտ ԱՍԱՏՐՅԱՆ
Ռուբայիներ
Ի՞նչ իմանամ՝ ում ականջին ինչ է ասում քամին,
Փսփսալով հոխորտում է՝ գազան կտրած քամին,
Մի՛ վախեցիր, անզոր է նա, շուրջը ամպ է կապում,
Իր մռայլից խավար տենչող ժամանակի քամին:
***
Արև դառիր դու երկնահաս, նա կփախնի քեզնից,
Դարձիր բառեր ազնվավառ, նա կփախնի քեզնից,
Խավարի մեջ կրակ դարձիր, վառիր, վառվիր վառման,
Հուր արևից նա վախ ունի, նա կփախնի քեզնից:
Հասմիկ ԴԱԴԱՄՅԱՆ
Մանուկով է կյանքը ծնվել,
Մանկան ճիչով ու կանչով է
Մայրը ծնվել, վերածնվել,
Իր մանուկի արշալույսից
Մայրը գարուն է դարձել,
Կուրծքը փթթած,
Ինչպես կյանքի մի մանանա,
Մայրը Աստված է դարձել:
***
Կիջնեն հուշերս մի օր
Անձրևի կաթիլներով,
Ու երբ հոգնած կլինեմ ես,
Ինձ կօրորեն մանկան պես,
Օրորի հետ երգ դարձած՝
Անքուն, հոգնած մի մոր պես,
Կիջնեն հուշերս մի օր՝
Հեքիաթ դարձած սիրո պես: