ՇՈՒՇԻ. ՄՏՈՐՈՒՄՆԵՐ

ՇՈՒՇԻ. ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
(Շուշիի «Նարեկացի» մշակութային կենտրոնի հրավերով նոյեմբերի 23-25-ը
մի խումբ գրողներ այցելել են Արցախ, որպես այցելության գրական արդյունք,
«ԳԹ»-ի ընթերցողին են ներկայացնում իրենց մտորումները)

Ալիս ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ՇՈՒՇԻԻ ՄՇՈՒՇՆ ՈՒ ԼՈՒՅՍԸ
Հայ գրողների ամենաուրախ ու սրամիտ, սրախոս ժամանակներն են եղել սովետները… Փա՜ռք Աստծո, եղել է այդպիսի շրջան, որից, իհարկե, անպակաս չի եղել դառնությունը: Մեր գրողին էլ ճանաչել ու սիրել են աշխարհի հայերը, փայփայել, երեխայի պես երես են տվել… Հիմա այլ է. քչերն են մեզ դեմքով կամ գործերով ճանաչում: Բայց մենք պինդ կաղին ենք, չենք ընկճվում, չնեղանալով շարունակում ենք մեր ճամփան:
Նոր ժամանակներ են… Դեռ այս տարի ամռանը Շուշիում զգացվում էր դրա շունչը, իսկ հիմա՝ ձմռան նախաշեմին, երբ «Նարեկացի» կենտրոնը «Մեր գրողների հետ նույն հարկի տակ» նշանաբանով բացել էր դռները յոթ գրողներիս առաջ, Կենտրոնի տնօրեն Հայկ Պապյանն ասաց. «Շուշին ճանաչելու համար պետք է միառժամանակ գոնե ապրել այստեղ, տեսնել Շուշին տարվա բոլոր եղանակներին»:
Եվ պետք է քայլել ոչ միայն կենտրոնի ասֆալտապատ փողոցներով, այլ նրա ծուռումուռ, զառիվայր, զառիվեր ճամփեքով, չուզենալով պատկերացնել, թե շուշեցի դպրոցականը կամ ուսուցիչը, կամ էլ ջութակահարը ոնց է անցնում ձմռան միջով, հասնում մինչև ամառ…
Գիտեմ, որ գրչընկերներիցս ամեն մեկի ձեռքին արդեն իր երանգապնակն է, որ նույն մեր տեսած բնապատկերները իր հանգույն նկարելու ցանկությունը բոլորին է համակել… Ուզում եմ իմ աչքերի նկարած բնապատկերներից միայն երկուսն առանձնացնել: Մեկը Թարթառի հովտում շարվեշարան, առանց մեկը մյուսին շվաք անելու ձգված բարալիկ բարդիներն են, որ ձմեռնամուտին դեռ իրենց աշնանային արքայական շորերից պահպանել են դեղին տերևները՝ միայն գագաթներին, ու դարձել են աշտանակների վերևներում օրորվող դեպի վեր ուղղված կրակի լեզվակներ… Ու մեկ էլ խիստ ու կնճռոտ՝ ծալք ծալքի, գլուխ գլխի, մեջք մեջքի տված ժայռաքանդակ հսկա լեռների վերևում երևացող բարալիկ ծառերը, այն ժայռ-լեռների վերևում, որ փորվել ու նախշվել են Թարթառի՝ տքնող այդ արձանագործի փորվածքներով՝ ո՜վ գիտե քանի միլիոն տարի: Ոնց որ վարից վեր, դեպի երկինք փռված անսովոր նախշազարդ սփռոցի ծոպեր լինեն, բայց չէ՞ որ նրանք զինվորներ են, որ այնտեղից ամեն ինչ տեսնում են հեռուներում՝ արթուն կանգնած դիրքապահներ…
Շուշիի մշուշն ու լույսը… «Մշուշի միջից տեսիլ դյութական»….
Կարծես արդեն անցյալի գիրկն անցած լինի մեր նախորդ սերնդի գրողների ընկերային կյանքը, նրանցից մնացած համով-հոտով պատմությունները, թե ով, երբ, ինչ և ինչպես ասաց… Մեզնով՝ յոթ գրողներով, ծանրաբեռ ավտոմեքենան արցախցի Դավիթը վարում է մեզ ոգեկից կոմիտասյան երաժշտությանը համարժեք կատարումով… Արծվի Բախչինյանը դիրիժորն է, մեներգիչը, անեկդոտների անսպառ շտեմարանը… Մյուսներս ձայնակցում ենք, ով ինչքան կարող է… Անսահման երանությունը, որ միասին ընթանում ենք մեր երկրով, որի ամեն մի փոշեհատիկը նվաճված է դարերից, այլազան թշնամիներից, այլևայլ ժամանակներից, ունի իր սեփական պատմությունը:
«Մշուշի միջից տեսիլ դյութական»…
Այժմ արդեն մեր աչքերի առջև ամեն օր նյութեղենացող-հառնողի տիպար-հույս…

Անի
ՓԱՇԱՅԱՆ

ԱՅՑ ՇՈՒՇԻԻ «ՆԱՐԵԿԱՑԻ» ԱՐՎԵՍՏԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

Դեպի Շուշի վերելքն ինձ խորհրդավոր և խորհրդանշական թվաց: Ազատագրված և հայկականության վառ գուներանգներով այս քաղաքը, պատմական մեծ անցյալով, արդեն իսկ բանաստեղծություն և վեպ է, մեղեդի ու գեղանկար: Եվ մեր այցելությունը «Նարեկացի» արվեստի միություն կարևորվեց, որովհետև վերջինս ոչ միայն մեր առջև բացեց իր հյուրընկալ դռները, այլև հնարավորություն ընձեռեց՝ ներկայացնելու մեր արդի գրականության երևելի ներկայացուցիչներին՝ արձակագիրներ Ալիս Հովհաննիսյանին, Պերճուհի Ավետյանին, Արծվի Բախչինյանին, Լևոն Շահնուրին, բանաստեղծներ Նանեին և Գոհար Գալստյանին: Ինձ համար՝ որպես գրականագետի, մեծ պատիվ էր ներկայացնել նրանց Արցախի ընթերցասեր հասարակությանը: Այո՛, հետաքրքիր մի հատկանիշ միավորում է բոլորին: Բոլորն էլ անդրադարձել են մեր ժամանակների մարդուն, ինչպիսին որ նա կա՝ տագնապներով և հույզերով, ինքնամփոփ, հուզական, դեպի երկինք նայող ու թափառող: Ես, ընդհանուր առմամբ, գրական մամուլում անդրադարձել եմ նրանց ժողովածուներին, առանձին գործերին: Արցախցի ընթերցողները, կարծում եմ, ներշնչվեցին այս հանդիպումից, որովհետև գրողներին տրվեցին շատ հարցեր: Այդ իսկ պատճառով մեր հանդիպումը բավականին երկար տևեց: Ոչ մեկը կարծես չէր ուզում լքել սրահը: Հնարավորություն ունեցան լսելու գրողներից ընթերցումներ իրենց իսկ գործերից: Հանդիպման վերջում բոլոր հեղինակներն իրենց գրքերը նվիրեցին «Նարեկացի» արվեստի միության գրադարանին: Ցանկալի է, որ այսպիսի հանդիպումները շարունակական լինեն, որոնք ոգևորում են թե՛ գրողներին, թե՛ ընթերցող հասարակությանը:

Արծվի ԲԱԽՉԻՆՅԱՆ

ՇՈՒՇԻՆ ԲԱԶՄԱՄԱՐԴ
ՏԵՍՆԵԼՈՒ ՓԱՓԱԳՈՎ…

Ամեն անգամ Շուշի այցելելիս իրարամերժ զգացողություններ եմ ունենում: Հայ քաղաքային մշակույթի այդ հին միջնաբերդը մշտապես զարմացնում ու ոգևորում է իր անկրկնելի աշխարհագրական դիրքով ու պատմական հիշատակներով: Մյուս կողմից, պատերազմի տեսանելի հետքերը ու ավելի քան նոսր բնակչությունը (ըստ վերջին տվյալների՝ Շուշիում բնակվում է 3500 մարդ) ցանկություն են առաջացնում, չգիտես որ մի բարերարի հզոր ձեռքով, կյանքի կոչել քաղաքի շուտափույթ վերածննդի մի մեգանախագիծ՝ կյանքով լցնելու մեր հերոսների արյամբ ազատագրված այդ քաղաքը…
Ինչ խոսք, նախորդ տարիների հետ համեմատած, որոշ աշխուժացում կա, սակայն առտնին հոգսերի ներքո կքած շուշեցին հանրային կյանքից մնում է հիմնականում հեռու և կրավորական: Այդպես էլ յոթ հայաստանցի հեղինակներիս հետ հանդիպմանը «Նարեկացի» կենտրոնում եկել էին տասնհինգ հոգի: Բայց քանակը չէ կարևորը, այլ ներկաների աշխույժ հետաքրքրությունը և հյուրերի հետ այլևայլ հարցեր քննարկելու ցանկությունը…
Լեռնային քաղաքի փողոցներով ձյունախառն անձրևը ճեղքելով՝ հասնում ենք Մկրտիչ Խանդամիրյանի անվան պետական թատրոնը, որը նախ հիացնում է իր դահլիճով (թեև այն կարիք ունի լուսաձայնային տեխնիկայի), այնուհետև՝ ներկայացմամբ: Հանդիսատեսնե՞րս. քսան հոգի էլ չկանք, բայց ինը տարի է արդեն, ինչ թատրոնի ութ հոգուց կազմված խումբը, ի թիվս մոտ երեսուն դրամատիկական և տիկնիկային բեմադրությունների, ներկայացնում է նաև Վիլյամ Սարոյանի «Հե՜յ, ո՞վ կա այդտեղ» թատերախաղը (բեմադրիչ՝ Լեոնիդ Հարությունյան): Իր հրատապությունը երբեք չկորցնող մի գործ, որը բարձրաձայնում է օրենքի առաջ մարդու անպաշտպանվածության և թվացյալ արդարադատության հետ նրա բախման մշտագո խնդիրը: Միանգամայն գոհացուցիչ են թե՛ բեմադրիչի աշխատանքը (հատկապես ֆինալում), թե՛ բեմի մինիմալիստական ձևավորումը, թե՛ գլխավոր դերակատարների (Գայանե Առուշանյան, Նվեր Ղարաբեկյան) խաղը՝ զուսպ, համոզիչ, առանց դույզն-ինչ ավելորդության: Մեկ շնչով դիտվող ներկայացում, որ անվարան կարելի է ցուցադրել աշխարհով մեկ…
Շուշին ինձ միշտ հիշեցրել է Իտալիայի լեռնային շրջանների կոկիկ քաղաքները, որտեղ, ի տարբերություն մեր քաղաքի, կյանքը մշտապես եռում է: Համապատասխան ենթակառույցների զարգացման դեպքում Շուշին ևս կարող է դառնալ արար աշխարհի համար գրավիչ մի վայր: Այն, իսկապես, իդեալական տեղ է ստեղծագործողի համար՝ կազդուրիչ օդում ներամփոփվելու ու երկնելու: Արդեն իսկ առկա են որոշ արվեստագետների կեցավայրեր: Մեզ հյուրընկալած «Նարեկացի» արվեստի միությունը՝ Շուշիի մշակութային այդ օազիսը, իսկ իր շենքով հարմարագույն մի վայր է ստեղծագործական գործունեության համար: Ամեն տարի անցկացվող բրուտագործական փառատոնը համախմբում է տարբեր երկրներից եկած խեցեգործներին: Մեր ջերմ հյուրընկալները՝ միության գործադիր տնօրեն Հայկ Պապյանը և ադմինիստրատոր Մարիամ Անդրեասյանը, հպարտությամբ են ցույց տալիս գորգագործության և կավագործության սենյակները, երեխաների գեղանկարչական ու քանդակի աշխատանքները, գրադարանն ու դաշնամուրը, պատմում են երգչախմբի ու պարախմբի մասին, իսկ կողքի շենքում ընթանում են թատերական դահլիճի վերաձևման աշխատանքները, որտեղ Հայկը մտադիր է մարիոնետներով բեմադրել մեր թատերագրության ամենից ինքնատիպ գործերից մեկը՝ Չարենցի «Կապկազ թամաշան»…
Ակամա մտածում ես՝ սակավամարդ քաղաքի համար այս ողջ մշակութային գործունեությունը որքանո՞վ է արդարացված: Բայց ցանկացած պայմաններում էլ հայը չի կարող չստեղծագործել, չարարել, անգամ՝ նվազ հանդիսասրահի համար:
Վաղուց հայտնի ճշմարտություն է, որ մենք անհատների ազգ ենք: Դարձյա՞լ սպասենք մեկ հզոր անհատի հզոր միջամտությանը նաև մեր մեկ հատիկ Շուշիի առավել դինամիկ ու կայուն բարգավաճման գործում…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։