***
Քո անունը ծառի կեղև է՝
Պատառոտված ծալ-ծալ երազներից,
Քո ձեռքերը մերկ ճղներ են՝
Ծեծված քամիներից ու արևից,
Քո աչքերը, որի հատակին լողում եմ ես,
Արևներով լցված գարուն է,
Ես ինձ շղթայել եմ
Քո խորքերում։
Երբ կհոգնես
Կեղծ ու շողոքորթ սերերից,
Լքված սրտիդ կիջնի մենակություն,
Կպոկվեմ ես կապանքներից,
Կջարդեմ բոլոր քո փակ դռները,
Դուրս կլողամ աչքերիդ պատուհաններով,
Որպես բալասան՝
Կթափվեմ վերքիդ վրա։
Քո աչքերից փախած կանաչ տերևներով,
Քո խորքերում մարած ճերմակ աստղիկներով
Կզարդարեմ ճղներդ։
Կտեսնես ինձ, որին որոնել ես
Եվ կորցրել ես՝
Դեռ չգտած։
***
Իմ կարոտներից
Ծառուղիները խաչվում են իրար։
Կաթի բուրմունքից
Ծնունդ է առել խելագար մի պար։
Հիմար ծափերից,
Տեսեք, ծառերը ոնց են ծերանում։
Տերևաթափ է,
Գետը կարոտի արցունք է տանում։
Իմ կարոտներից
Ճանապարհները երազ են հյուսում։
Իսկ ո՞ւր է սերը.
Տվեք ինձ նորից խորհուրդը կյանքի,
Որ ես գարունը վերստին ապրեմ։
***
Քամին առագաստով նավակները տարավ…
Թե ինձ դու խաբում ես, ծաղիկներո՜վ խաբիր,
Ժպիտներով, երգով և լռությամբ խաբիր։
Ցուրտ օրերին թռչունները միշտ չվում են հարավ…
Գարունը չվերջացած՝ խոր աշունը եկավ…
Թե սիրում ես դու ինձ, քնքուշ ու նուրբ սիրիր,
Թեկուզ թիթեռի պես, մեղմ ու բարի սիրիր։
Հիվանդ ոտքի ցավից առողջ սիրտը մեռավ…
Սերը չի թարգմանվում ոչ մի օտար լեզվով…
Թե ինձ շա՜տ ես սիրում, մի քիչ գաղտնի պահիր,
Անհուն քո կարոտի խորությունը ծածկիր։
Լեռնկողերի մեջ ծառն ապրում է երգով…
***
Ոչ ոք ինձ նման քեզ չի սպասում,
Էլ ո՞ւր ես գնում։
Կարոտից սրտիս վերքն է խորանում,
Ո՞ւր ես թափառում։
Անվերջ կաթիլքը լեռներ է մաշում,-
Չե՞ս մրսում հեռվում։
Դեռ իմ պատերից քո շունչն է բուրում
Եվ վրաս փլվում։