Օլգա ԴԱՐՅԱՆ / ԼՈՒՍԵ ՀԱՂԹԱԿԱՄԱՐ

Օլգա ԴԱՐՅԱՆ

ԱՂԵՐՍ
Հո՛ղ արմենյաց, պահիր-փրկիր քաջերիդ,
Արյան գետին բա՛վ է սերմերդ խառնես,
Քեզ կպահեն առյուծներդ արիաճիչ,
Տաճարներիդ ձիգ սյուները վեհատես…

Քեզ կպահեն ոտքի ելած կորյուններ
Եվ արծվիկներ՝ դեռ պատերազմ չտեսած,
Քեզ կպահեն որդեկորույս մեր մայրեր
Եվ՝ մայրերը, որ կաղաչեն վերադարձ…

Տապան որպես, քեզ Փրկիչը կպահի,
Կպահպանի, հայոց իմ հո՜ղ հրկիզված,
Քեզ կպահեն քո առյուծներ ու արճիճ,
Երկբախտ, երկսիրտ՝
Մեկ Արարա՛տն աստղաբարձ…

Հո՛ղ ավետյաց, պահիր-փրկիր քաջերիդ,
Բավ է սևիդ կարմիր որդանը խառնես…

ԱՆՄԱՀՆԵՐԻՆ
Քայլքի ելաք շարք ու հերթով,
Մեր բոլորիս պատիվն՝ ի զեն,
Այս հողն՝ ընդմիշտ ձեր սրտերում,
Արդ քայլում եք ամպերն ի վեր…
Ու ձեր կյանքը մեր բռերում
Փոթորկահոս հող է դառել.
Մեր սրտերի ժայռերի մեջ
Խաչքարեր են քանդակվել…

ԵՐԻՑՈՒԿՆԵՐ
Սիրո՜ւն աղջիկ, մարտի դաշտից
Նա անպայման երիցուկներ քեզ կբերի,
Բայց դու նրանց թերթիկները էլ չպոկես,
Որովհետև… մի՛ կասկածիր եղած սիրուն,
Որովհետև, արյունոտ այն դաշտի միջին
Երիցուկ է տեսել հաճախ ու հիշել քե՜զ.
Քո աչքերը…
Քո լայն բացած,
Դողդղացող թարթիչներով
Լույս աչքերը…
Ու քո եփած մեռոնաթեյն երիցուկով,
Ջերմացրել է նրա սիրտը կռվի պահին…

Նա անպայման երիցուկներ քեզ կբերի…

ՄԵՐ ՀԱՂԹԱՆԱԿԸ
Մեր դարերին հենված,
Մեր սարերին հենված
Ներո՛ւժ է հաղթանակը։

Մեր տղերքին տրված,
Մեր տղերքի կերտած
Պատի՛վն է հաղթանակը։

Եվ անդինից դեպ մեզ
Ժպիտներով եկող՝
Քայլե՜րթ է հաղթանակը։

Պարտության լուծ կրող
Խաբեություն դարձավ
Այսօր մեր հաղթանակը…

ՄՈՄԱՎԱՌՈՒԹՅՈՒՆ
Այսօր իմ հունցած խմորի վրա
Աղավնափետուր սև գրեր իջան…
Մեկը չէր… շատ էին՝ հազարներ էին,
Եվ հացս բուրեց սև խնկի նման…

Հաղթեցի՜ք, տղե՜րք, իմ անպա՛րտ որդիք,
Բայց պարտությունը մեզ բաժին հասավ,
Իսկ հացիս փրփուրն խաղաղ օրերի,
Իմ աղի լացից՝ սմքե՜ց, վեր չելավ…

Եվ աղավնաթև այդ սև գրերում
Ձեր վառ աչքերի եղածն եմ կարդում
Եվ ինձ անիծում այն քայլի համար,
Որ պիտի ծներ դավաճանություն…

Հաղթե՛լ եք, տղե՛րք, որդի՛ք Արեգա,
Լուսնի մահիկը անելիք չունի։

ՔԱՐԱՑԱԾ ԿԱՔԱՎԸ
– Ես քարացա
Անցած դարի շրթունքներին,
Երբ ձագերին իմ չգտա…
Եվ այս դարում
Սարսափեցի շաղից արյան…
Ես մեն կաքավ՝
Մե՛ջն արնահամ խոտերի,
Ինչպե՜ս, ասե՜ք,
Ուրախ պարս շորորամ…

ԼՈՒՍԵ ՀԱՂԹԱԿԱՄԱՐ
Հերոսին՝
Վաչագան Մանուկյանին
Ի՜նչ լույս ու բարություն
Դու մեզանից տարար,
Որ երկնքում փռես
Հերոսության ճամփան,
Որ ընծայես Աստծուն
Այն, ինչ նվեր էր մեզ,
Այն, ինչ տրվել էր մեզ
Հենց իր ողորմությամբ…
Ինչքան իմաստնությո՜ւն
Դու մեզանից տարար,
Որ երկնքում նորես
Ծաղկուն մի ճանապարհ,
Այնտեղ, Աստծո գրկում,
Քո չապրածով ապրես,
Վերուվարում ապրես՝
Որպես հաղթակամար…

Որքա՜ն առատ լույսի
Լուսապսակ տվիր,
Հազար ծաղիկներով
Ճամփա՛ հերոսազարդ…

ԼՈՒՍԱՆԿԱՐ
Վաչագան Մանուկյանին
Քեզ չեմ ճանաչել, իմ խիզա՛խ որդի,
Երկի՛րդ գիտեմ, որ իմն է նաև,
Եվ ցավը գիտեմ մեր ժողովրդի,
Եվ մորդ ցավը, որ չունի եզերք…
Ու մթագնում են աչքն ու միտքը իմ,
Երբ ես նայում եմ աչքերիդ լուսոտ,
Երբ ես կանգնած եմ քո ապրած կյանքի՝
Կրակում թրծված վերջին քարի մոտ…

Քեզ չեմ ճանաչել, իմ խիզա՛խ որդի՝
Այժմ քո գիրն է խոսում սրտիս հետ…
Այժմ նայում եմ ես քո նկարին.
Խոսուն հայացքդ՝ ժողովրդիդ հետ…

ՉԵՄ ԸՆԴՈՒՆՈՒՄ
Չէ՛, չեմ ընդունում այս իրողությունն,
Չեմ համակերպվում այս գոյությանը.
Անարդար մի բան ինձ է հալածում,
Ճոճում փայլեցրած հին յաթաղանը։
Ու դեռ մի բան էլ մատ է թափ տալիս,
Ու դեռ լոնքերն է հետեն մեծացնում,
Իմ բջիջները իրար են գալիս՝
Չարի քողարկված մահը որոնում.
Էն, որ կախված է ասեղի ծայրից
(Բայց չար ուժերին դեռ բախտն է ժպտում)…
Դե զարկե՛ք, հայոց մուրճեր զինակուռ,
Նոր հաղթանակներ ավետե՛ք, զանգե՛ր,
Որ գերված ամեն մի եկեղեցու
Կողքին խոյացնենք հաղթակամարնե՛ր։

ԱՆՔԱՐՏԵԶ
Մի՞թե լինում է պատերազմը
Անպարտություն, անհաղթանակ…
Իմ արծիվներն են հողերին,
Իսկ աղոթքներս՝ հողի տակ…
Եվ Հայրենիքս աղճատված,
Կտորանի փազլ է ասես,
Ես նկարում եմ անդադար
Իմ հայրենիքը անքարտեզ…
Եվ որոնում եմ ինչ-որ տեղ
Անթա՜ղ, մոլո՜ր իմ քաջերին,
Իսկ քարտեզի մի մեծ կտոր
Հանգիստ տանում է բորենին։
Իսկ մենք ինչո՞ւ ենք այսքան լուռ՝
Մեռնող լույսի թևին նստած,
Երբ մասնատվում է սուսուփուս
Մեր Հայրենիքը վաճառված։
Երբ մեր արևն է գլորվում,
Պահվում թուրքի չադրայի տակ,
Սուգ են կապել սարերն հեռվում՝
Օտար լուսնի մանգաղի տակ…
Ու դեռ շատ լուռ ենք ցավ քաշում
Եվ անհաղորդ նայում իրար,
Մինչդեռ ձայնով պիտի կանչենք,
Ամենքս՝ մի Ձենով Օհան…

ԱՊԱԳԱՅԻ ՑԱՎ
Հաղթանակ չկար ու չէր լինելու…
Թեև բերկրանքը նրա ապրեցի,
որ… տապալվեի՝
ինձ ետ գլորող անիվների տակ,
կամ, անսպասելի պայթյունի նման,
հօդս ցնդեի
ու, որ պատռեի իմ ձեռքով գրած
այն թուղթը ճերմակ,
ուր մեր մոտալուտ հաղթանակների
պատրանքն էր միայն…
Եվ հենց այդ պահին
թոռանս խոնավ աչքերը տեսա
և ամաչեցի…
Ես ամաչեցի
Մեր ապագային թողած ցավերից…

ՍՈՍԱՓ
Դեկտեմբեր է, բայց կանաչ են
Տերևները թթենու,
Թվում է, թե դեռ կաղաչեն,
Դեռ ուժ չունեն հանգչելու…

Ինչքան դալար տղոց կյանք է
Տրվել նրանց մտքերին,
Որ սաղմոսնե՜ր՝ սոսափյունով
Երկինք հանի թթենին…

ՈՒՐՎԱԿԱՆ ԵՐԿԻՐ
Հայաստա՛ն մոլոր…
Սրտիդ զարկերը հաճախացել են,
Եվ արյունատար քո անոթներում
Թթվածին չկա…
Եվ թանձրացել է, ահից պղտորվել
Արյունդ զուլալ,
Մգացել սևի կեղտոտ խառնուրդից։
Թագավորական ազնիվ մետաղից
Բան չի մնացել.
Միայն՝ զնգացող նյութեղեն ոսկին,
Որ կուրացրել է մեր օրում ոմանց,
Ովքեր այլևս չեն տեսնում, ավա՜ղ,
Ցավն Հայրենիքի,
Չեն տեսնում բազում վերքերը քո բաց…
Իմ սիրտը հոգնած
Արդեն չգիտեմ, թե որտեղ մնաց։
Ա՜խ, ինչքան տեղ կա,
Ուր կուզի լինել.
Ուր ձգվում են մեր մայրուղիներն ու
…փակուղի մտնում։
Ա՜խ, մի տեղ՝ օղակ,
Որը օրեցօր դեռ պիտի ձգվի,
Մի տեղ՝ փակուղի,
Ամենուր ճնշում մեր հողի վրա,
Ու թվում է, թե
Անծով ուրվական նավի ենք նման,
Ուրվական երկրի…
Մոլո՜ր Հայաստան…
Իսկ մե՞նք որտեղ ենք,
Ո՞ւր ենք, որ չկանք՝
Շնչահեղձության դեմը չառնըվի՞…

Ինչքան ուզեցի խոսքս զերծ մնա
Մեր հին ախերից,
Այնքան ավելի ցավոտ ինձ թվաց
Ցավս այսօրվա…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։