ԹՈՄԱՍ ՍԹԸՐՆԶ ԷԼԻՈԹ

ԹՈՄԱՍ ՍԹԸՐՆԶ ԷԼԻՈԹ
(1888-1965)

ՍՆԱՄԵՋ ՄԱՐԴԻԿ

Պարոն Քուրցը… մեռած…
Ողորմացեք ծերուկ Գային:

I
Սնամեջ մարդիկ ենք,
Խրտվիլակներ ենք մենք,
Որ միասին թեքվում,
Ծղոտով լի գլխով խոնարհվում ենք: Ավաղ:
Չոր ձայները մեր հեգ,
Երբ շշունջով խոսում
Ու փսփսում ենք միշտ, հանդարտ են, անիմաստ,
Ինչպես քամին խոտում, որ չորացել է վաղ,
Կամ թե առնետների քայլքն ապակու վրա,
Որ փշրված է մեր նկուղում չոր:

Կերպարանք անձև, երանգ անգույն,
Կաթվածահար ուժ, անընթացք շարժում:

Ովքեր անթարթ, անվախ, ուղիղ կտրել-անցել
Ու մտել են մահվան Արքայությունն այն մի,
Հիշեք մեզ (թե կհիշեք իրոք)
Ոչ թե որպես կորած, անզուսպ հոգիների,
Այլ լոկ որպես մարդկանց սնամեջ ու թերի,
Ծղոտով լցոնված փուչ խրտվիլակների:

II
Վախենում եմ տեսնել երազներում աչքեր,
Եվ մահվան երազի արքայության մեջ այն
Դրանք չեն հայտնվում.
Աչքերն այնտեղ այլ են,
Կոտրված սյան վրա արևաշող փայլ են,
Մի ծառ է օրորվում, ճոճվում այնտեղ,
Եվ ձայները քամու երգերի մեջ
Ավելի են հեռու,
Հանդիսավոր,
Քան թե աստղը մարող:

Թող չլինեմ մոտիկ ես առավել
Մահվան երազի մեջ, արքայության մեջ այն,
Թող որ նաև կրեմ
Զգույշ, շրջահայաց դիմակներ նուրբ,
Առնետի վերարկու, ագռավի մորթ,
Կամ խաչաձև փայտեր
Մի դաշտի մեջ
Եվ ինձ պահեմ, ինչպես
Հողմն է պահում իրեն,
Ո՛չ ավելի մոտիկ…
Բայց չլինի թող այդ վերջին հանդիպումը
Այն արքայության մեջ մթնշաղի:

III
Սա մեռած երկիրն է,
Կակտուսի երկիր է,
Քարե կուռքերն այստեղ
Վեր են հառնում, առնում
Մեռած մարդու ձեռքի պաղատանքը
Առկայծումի ներքո մարող աստղի:

Եվ այդպե՞ս է մահվան
Արքայության մեջ այն`
Արթնանալ մեն-մենակ,
Հենց այն ժամին,
Երբ սարսռում ենք ու քնքշությունից դողում:
Շուրթերը, որ պիտի համբուրեին,
Աղոթք են մրմնջում ջարդված քարին:

IV
Այստեղ չեն աչքերը,
Այստեղ չկան աչքեր,
Մահացող աստղերի
Այս սնամեջ հովտում`
Կորած արքայությանց փշրված երախում,

Մեր հանդիպումների վերջին վայրում
Խարխափում ենք, փախչում,
Խուսափում խոսքերից`
Խմբված այս գետեզրին հղի գետի,

Տեսողությունից զուրկ, մինչ աչքերը
Չեն հայտնվում նորից,
Ինչպես հավերժական աստղը,
Բազմաթերթիկ վարդը
Մահվան մթնշաղի արքայության,
Որը հույսն է միակ
Դատարկ մարդկանց:

V
Պարում ենք այստեղ փշոտ տանձի շուրջ,
Փշոտ տանձի շուրջ, կակտուսի շուրջ,
Պարում ենք ահա փշոտ տանձի շուրջ
Առավոտյան ժամը հինգին:

Գաղափարի միջև
Եվ իրականության,
Շարժման միջև
Եվ գործողության
Ընկնում է Ստվերը:

Զի քո է Արքայություն

Մտահղացումի
Եվ արարման միջև,
Զգացմունքի միջև
Եվ իր պատասխանի
Ընկնում է Ստվերը:

Կյանքը շատ երկար է

Տենչանքի և
Ջղաձգման միջև,
Կարողության միջև
Եվ գոյության,
Էության և
Անկման միջև
Ընկնում է Ստվերը:

Զի քո է Արքայություն

Զի քո է…
Կյանքն է…
Զի Քոնն է…

Այսպես է աշխարհն ահա վերջանում,
Այս կերպ է աշխարհն ահա վերջանում,
Ահա աշխարհն է այսպես վերջանում`
Ոչ թե պայթյունով, այլ` կաղկանձոցով:

Անգլերենից թարգմանեց
Խորեն ԳԱՍՊԱՐՅԱՆԸ

One thought on “ԹՈՄԱՍ ՍԹԸՐՆԶ ԷԼԻՈԹ

  1. Ես գիտեմ այս պոեմի ուրիշ թարգմանություն: Իմ մեջ տպավորվել է 5-րդ գլխի հատվածը “Պարում ենք մենք ագավայի շուրջը, ագավայի շուրջը, ագավայի շուրջը”: “Փշոտ տանձի շուրջը, կակտուսի շուրջը” կարծում եմ` քիչ պոետիկ է, բացի այդ “ագավա” բառի կրկնությունը երաժշտականություն է հաղորդում, այսպիսի դատարկ, փուչ երաժշտականություն, որը, կարծում եմ, ընդգծում է պոեմի հոգին և բովանդակությունը: Մեկ էլ նշեմ, որ “կաղկանձոցի” փոխարեն կարելի էր օգտագործել “կաղկանձ” բառը:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.