ՀԳՄ վարչությունը
շնորհավորում է գրականագետ, թարգմանիչ
ՊԵՏՐՈՍ ԴԵՄԻՐՃՅԱՆԻՆ
ծննդյան 70-ամյակի առթիվ
«Գրական թերթը» միանում է շնորհավորանքին
Միշտ աշխատում եմ գտնվել այնտեղ, ուր կարող եմ ինչ-որ բանով օգտակար լինել…
ԳԹ – Ե՞րբ, որտե՞ղ և ինչպե՞ս եք սկսել Ձեր գրական կենսագրությունը:
Պետրոս Դեմիրճյան – Ասեմ այսպես` ի սկզբանե էր… «Գրական թերթն»: 1972 թ., համալսարանում դիպլոմային աշխատանքիս հաջող պաշտպանությունից անմիջապես հետո, երբ Հրանտ Թամրազյանն ու Էդվարդ Ջրբաշյանը ինձ «գործուղեցին» այդ խմբագրություն (արդեն ուսուցիչ էի նշանակված Ֆանտան գյուղում), չէի կարող մտածել, որ դա ուղղակի իմաստով ճակատագրական է լինելու իմ կյանքում: Բանն այն է, որ պատանության շրջանում սկսել էի գեղարվեստական արձակից: Սուսաննա Բաբայանի հայտնի գրական խմբակը հաճախելու տարիներին մի շարք պատմվածքներս տպագրվել էին «Ծիծեռնակում», «Պիոներում», «Պիոներ կանչում», Լիպարիտ Սարգսյանի կազմած «Բողբոջներ» (1972 թ.) ժողովածուում, հաղորդվել ռադիոյով, նույնիսկ մրցանակ էի շահել հանրապետական գրական մրցույթում… Աշխատանքը «Գրական թերթի» քննադատության բաժնում ինձ հնարավորություն էր տալու առավել մոտիկից ու խորքով ուսումնասիրելու գրական ընթացքը, ստեղծված և ստեղծվող արժեքները, և այդ ամենը հիմնովին յուրացնելով` շարունակելու իմ գրական գործը: Բայց… հիշո՞ւմ եք Զորայր Խալափյանի «Որտե՞ղ էիր, մարդ Աստծո» վեպի Ստեփան Եսայանին` խրվեցի գրաքննադատության, գրականագիտության բավիղների մեջ… ու չեմ կարողանում դուրս գալ մինչ օրս:
ԳԹ – «Գրական թերթում» աշխատել եք ավելի քան քառորդ դար, ընդ որում` վերջին մի քանի տարիներին թերթի և, ընդհանրապես, մեր երկրի, մշակույթի ու գրական կյանքի համար ծանր ժամանակներում: Ի՞նչն էր Ձեզ պահում կարծես խորտակվող նավի վրա:
Պ. Դ. – Նախ` Ձեր ասած նավի ճակատագիրը: Իմ բնավորությամբ ես միշտ աշխատում եմ գտնվել այնտեղ, ուր կարող եմ ինչ-որ բանով օգտակար լինել: Իսկ վիճակը իսկապես ճգնաժամային էր: Պատրաստ էինք բռնել նույնիսկ փրփուրներից: Եվ նավի օրինակն այս դեպքում, իրոք, շատ է տեղին: Այսօր կարող եմ ասել, որ նրանք, ովքեր այդ ծանր տարիներին, այնուամենայնիվ, մնացին թերթի հետ, հաղթահարեցին ոչ միայն արհավիրքը, այլև իրենք իրենց, իսկ դա արդեն մեծ հաղթանակ է:
Եվ ապա` այդ տարիներին, ինչպես ասում են, ես չէի կարող նստել ձեռքերս ծալած: Պետական հեռուստատեսությամբ երկու տարի վարում էի «Բանավեճի ակումբ» հաղորդաշարը: Սկսվեցին ազգային շարժումները. Արցախի ազատագրության հիմնահարցը արդիական դարձրեց նաև մոտ ու հեռու մեր Սփյուռքի հայրենակիցների ճակատագրի, ազգային միասնության խնդիրը, և ես մի քանի տարի ամենաանմիջական մասնակցություն ունեցա Մերձբալթիկայում, մասնավորապես` Էստոնիայում «Հայկական մշակութային ընկերության» ստեղծմանն ու գործունեության ծավալմանը:
ԳԹ – Իսկ ինչո՞ւ հատկապես Էստոնիայում:
Պ. Դ. – Որովհետև խորհրդային տարիներին մենք քիչ ուշադրություն էինք դարձնում մեր ներքին միութենական սփյուռքի հայությանը, իսկ մերձբալթյան երկրները կարծես ամենից հեռավորն ու մոռացվածն էին այդ շարքում: Մենք` տեղի ուժերի հետ, հիմնեցինք «Վահագն» ամսաթերթը, որի հայերեն էջը տպագրվում էր Երևանում` գունավոր տպագրության տպարանում, իսկ թերթի տպաքանակի մի մասը տարածվում էր նաև Հայաստանում: Բացի այդ` նոր ժամանակը նոր հրաշալի հնարավորություններ ընձեռեց աշխարհի ժողովուրդների հետ ուղղակի գրական կապերի հաստատման, մշակութային աշխույժ փոխանակումների համար, և ես գրող-հրապարակախոս Բաբկեն Սիմոնյանի հետ, սերբական կողմի հրավերով, մեկնեցի Բելգրադ` 16 էջանոց «Կնիժևնա րեչ» գրական թերթի պատվերը` Մաշտոցից մինչև մեր օրերը ընդգրկող հայկական համարը տպագրելու:
Այն ցուրտ ու մութ տարիներին, երբ գրական կյանքը կարծես կանգ էր առել, հանրապետական ռադիոյում վարում էի «Գրական անդաստան» հաղորդաշարը, մի փոքր շրջան` Հակոբ Ավետիքյանի հրավերով, նաև «Ազգ» թերթի մշակութային էջը: Ավելի ուշ` մի քանի տարի դասախոսում էի «Հրաչյա Աճառյան» համալսարանում:
Այդ տարիներին ինձ համար շատ կարևոր էր նաև «Նոր Արաբկիր» հայրենակցական միության (որի վարչության անդամ եմ) գործունեությանը սատարելը` հատկապես պատմամշակութային ծրագրերի իրագործման ոլորտում: 1995 թ. Նոր Արաբկիրի հիմնադրման 70-ամյակի միջոցառումների շրջանակում, իմ նախաձեռնությամբ, առաջին անգամ Հայաստանում նշվեց պատմական Արաբկիրի տաղանդավոր զավակներից մեկի` ինքնատիպ գրող, իմաստասեր, մանկավարժ Ինտրայի (Տիրան Չրաքյան) ծննդյան 120-ամյակը, Գրողների միությունում տեղի ունեցավ Գրողների միության, «Նոր Արաբկիր» հայրենակցական միության և Գրականության ինստիտուտի համատեղ գիտաժողով` նվիրված այդ նշանակալից հոբելյանին:
ԳԹ – Այնուհետև «Գրական թերթից»… պետական ծառայություն, որը ձգվեց մեկ տասնամյակից ավելի: Ինչո՞վ էր պայմանավորված այդ «կտրուկ» անցումը:
Պ. Դ. – Օբյեկտիվ հանգամանքներով: Գրողների միությունում, «Գրական թերթում» գաղափարներն ու ծրագրերը շատ էին, բայց դրանց իրականացման հնարավորություններ գրեթե չկային: Բացի այդ, 90-ականների կեսերին` Արցախյան պատերազմի դադարից հետո, կյանքի կայունացման ընթացքի հետ մեկտեղ, հրատապ դարձավ նոր կազմավորվող պետական կառույցների գործունեության թափանցիկության ապահովման, հասարակության հետ երկխոսության, պետական լրատվական դաշտի կազմակերպման խնդիրը, ինչը շատ կարևոր է քաղաքացիական հասարակության կառուցման ճանապարհին: 1998-2000 թվականներին ՀՀ պաշտպանության նախարարության լրատվության և քարոզչության վարչության մամուլի բաժնի պետի, 2000-2009 թթ. ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալի, ապա նաև 2011-2013 թթ. ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի, 2013-2014 թթ. «Հեռուստատեսային և ռադիոհաղորդումների ցանց» ՓԲԸ-ում տնօրենի խորհրդականի պաշտոններում իմ աշխատանքը ևս ուղղված է եղել ուժերիս ներածին չափով այդ խնդիրների լուծմանն աջակցելու նպատակին:
ԳԹ – Պետական ծառայություն և… գրական հետաքրքրություններ. ինչպե՞ս էին դրանք համատեղվում:
Պ. Դ. – Եթե նկատի առնենք նաև 2010 թվականից, համատեղության կարգով, ավագ գիտաշխատողի պարագան Գրականության ինստիտուտում` իհարկե, մեծ դժվարությամբ: Հատկապես ժամանակի տեսակետով: Այնուամենայնիվ, երբ ձգտումն ու կամքը առկա են, ոչինչ անհնար չէ: Հենց այդ տարիների ընթացքում եմ գրել ու հրատարակել Ինտրայի գիտական կենսագրությունը` «Վարք Ինտրայի», (2003 թ.), նրա գլուխգործոցի` «Ներաշխարհի» հրատարակման 100-ամյակի կապակցությամբ, այն լույս եմ ընծայել առանձին գրքով (2006 թ.)` արևելահայ ուղղագրությամբ և առաջին հրատարակության հետ ճշգրտված, հնարավորինս մասնակցել եմ նաև գրական կյանքին: Մի քանի տարի առաջ վերջապես ամբողջացրել և հրատարակել եմ տասնամյակների ջանքերիս արդյունքը հանդիսացող «Տիրան Չրաքյան (Ինտրա). կյանքն ու գործը կամ «հեքիաթի» իրականությունը» (2016) մենագրությունը, որը պաշտպանել եմ որպես դոկտորական ատենախոսություն:
ԳԹ – Ունե՞ք գրվածքներ, որ չեն տպագրվել:
Պ. Դ. – Իհարկե, կան: Դեռևս անտիպ է մնում համալսարանի` վերը հիշատակված դիպլոմային աշխատանքս, որը, ըստ էության, Եզնիկ Կողբացու «Եղծ աղանդոցի» ամբողջական քննությունն է` իմաստասիրական, դավանաբանական, գաղափարական, գեղարվեստական ու լեզվաոճական տեսանկյուններից: Հուսով եմ` առաջիկայում վերջապես ժամանակ կգտնեմ, վերարժեքավորելով որոշ հարցեր ու հայեցակետեր, հրապարակել այն: Թերևս, արժե մտածել նաև տասնամյակների ընթացքում հանրապետության, Սփյուռքի և արտերկրի մամուլում կամ տարբեր ժողովածուներում տպագրված հրապարակումներից ընտրաքաղ անելու մասին:
Ինչ վերաբերում է թարգմանությանը, որով զբաղվել եմ պարբերաբար (թարգմանել եմ հատկապես երիտասարդությանը շատ օգտակար գիտահանրամատչելի ու գեղարվեստական գրքեր), 90-ականների սկզբին հրատարակչական գործի փլուզման պատճառով անտիպ է մնացել միայն Վլադիմիր Տենդրյակովի` խորհրդային տարիներին արգելված և վերակառուցումից հետո միայն տպագրված «Մահափորձ տեսիլների դեմ» գիտաիմաստասիրական վեպը:
ԳԹ – Ինչո՞վ եք զբաղվում ներկայումս և ի՞նչ ծրագրեր ունեք:
Պ. Դ. – Ներկայումս, բացի ընթացիկ քննադատական հրապարակումներից, զանազան գիտաժողովներին մասնակցությունից, հիմնականում աշխատում եմ մեր մեկ այլ` հանիրավի քիչ ուսումնասիրված և ըստ արժանվույն չգնահատված, նշանավոր դասական հեղինակի` գրող, իմաստասեր, խմբագիր ու մանկավարժ Եղիա Տեմիրճիպաշյանի գիտակենսագրական վեպի ամբողջացման վրա: Առաջիկա ծրագրերիս մեջ են նաև արևմտահայ-արևելահայ, Հայրենիք-Սփյուռք գրական-մշակութային կապերի պատմությանն ու ներկային նվիրված ուսումնասիրությունները:
ՄԵԾԵՐԻ ԵՎ ԸՆԹԱՑՔԻ ՀԵՏ
Մեր կյանքի ժամանակը խտացումն էր հայոց և, ինչու չէ, նաև մարդկության պատմության` պատերազմներ, հեղափոխություններ, տարատեսակ հիվանդություններ ու համաճարակներ, հաղթանակներ ու հարատև պայքար, ստեղծագործական մաքառումներ… Մեր սերնդի գլխով անցածը թույլ է տալիս ասելու` մենք եղել ենք մասնակից ու վկա, համեստ քերթող ու դեռևս գրի գերի:
Այդպիսին է և Պետրոս Դեմիրճյանը, որին ճանաչել եմ «Գրական թերթից», Պաշտպանության նախարարությունում, ՀՀ կառավարությունում և Հայաստանի գրողների միությունում համատեղ աշխատանքի կյանք-տարիներից` միշտ կանոնիկ, նույնիսկ փոքր մի էջ գիրը` խիտ ու նպատակային: Անվերջ մղված իր գիտական գործերին: Գիտնականի դասական կերպար. 60-ականների արձակի վերլուծական ինքնատիպ թեկնածուականից մինչև Ինտրայի կյանքի ու գործունեության մասին ծավալուն դոկտորականը դրա ճշգրիտ ապացույցն են: Նաև բազմաթիվ հոդվածները` դասական և ժամանակակից գրողների մասին: Մեկնաբանությունը` հստակ, առանց զգացմունքային ածականակերտ գովքերի: Հատկապես շնորհակալ պիտի լինենք արևմտահայ գրականության ու պատմական միջավայրի խորը ուսումնասիրության համար: Հիմա էլ աշխատում է Եղիա Տեմիրճիպաշյանի բարդ, քիչ մեկնաբանված կյանքն ու գործը իր հոգու հեռադիտակ-մանրադիտակով վերծանելու և գնահատելու ծիրում:
Ցանկանանք մեծերով ոգեշնչվելու և նրանց` դեռևս մեզ անծանոթ երեսը ընթերցողին մատուցելու ջանք ու վայելք:
Շնորհավոր 70-ամյակդ, ընկե՛ր ու գործընկե՛ր, և մետաղի ամրություն: Ազգանունդ հուշում է, որ արաբկիրցի պապերից ժառանգած` լավ եք ճանաչում դարբնության գործը և մետաղի հոգին:
Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ
ԽՍՏԱՊԱՀԱՆՋ ԳՐԱԿԱՆԱԳԵՏՆ ՈՒ ԳՐԱՔՆՆԱԴԱՏԸ ԵՎ
ՊԱՅԾԱՌ ԱՆՁՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
Պետրոս Դեմիրճյանի գործունեությունը գալիս է մեկ անգամ ևս հավաստելու այն իրողությունը, որ 70-ամյակը մտավորականի կյանքի ստեղծագործական վերելքի մի նոր աստիճանը նշանավորող տասնամյակի սկիզբն է:
Այսօրվա հոբելյարը այն անձնավորություններից է, որոնք իրենց գրածներով ջնջում են գրականության և գրաքննադատության մեջ եղած սահմանը և որոշակի անջրպետը` «անցյալի» գրականության և կենդանի գրականության ընթացքի հասկացությունները վերածելով ավանդների շարունակականության արդի գրական ընթացքում և վեր հանելով նախորդ շրջանի գրականության արդիական հնչեղությունը, այն դասերը, որ այսօրվա ընթերցողը, գրողն ու գրաքննադատը պետք է քաղեն մեր դասականներից:
Նման մոտեցմամբ է, որ անխզելիորեն շարունակվում է մեր գրականության բազմադարյա ընթացքը:
Պետրոս Դեմիրճյանի գիտական հետաքրքրությունների կենտրոնում է հատկապես նոր շրջանի հոգևոր գրականությունը` իր ներքին բարդությամբ և հակասականությամբ: Ոչ ավանդական իմաստով միջնադարից եկող կրոնական, այլ սիմվոլիզմի վրա հիմնված հոգևոր ապրումների գրականությունը, որի առանցքում ընկած է Աստված-մարդ հարաբերության հարցը:
Հայ իրականության մեջ նման գրականության բնորոշ ներկայացուցիչներն են Եղիա Տեմիրճիպաշյանը և Ինտրան` Տիրան Չրաքյանը: Վերջինիս Պ. Դեմիրճյանը իր պարտքը լիովին հատուցել է «Տիրան Չրաքյան (Ինտրա). կյանքն ու գործը կամ «հեքիաթի» իրականությունը» (Երևան, 2016, 718 էջ) ծավալուն և հիմնարար հատորով, որը որպես դոկտորական ատենախոսություն` պաշտպանեց Գրականության ինստիտուտում: Ինտրայի ստեղծագործությունները վերլուծելիս Պ. Դեմիրճյանն իրեն բնորոշ ձևով կենտրոնական դիրք է գրավում գրողի մասին հայտնված իրարամերժ կարծիքների հորձանուտում:
Այս գիրքը հայ գրականության ամենայուրահատուկ և հակասական գրողներից մեկի կյանքի գիտապատում վեպն է ներկայացնում, նրա գրական ժառանգությունը և գրողի «Ներաշխարհ» և «Նոճաստան» ժողովածուները տանող ուղին է մատնանշում:
Այն նաև 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի հայկական սիմվոլիզմի, հայ գրականության` եվրոպական գրականության հետ ունեցած փոխառնչությունների պատմությունն է ներկայացնում:
Գրականագետին հատկապես հետաքրքրել է ազգայինի և համամարդկայինի փոխհարաբերության հարցը Ինտրայի ստեղծագործություններում: Ողջ գրքում կարմիր թելի նման անցնում է այն գաղափարը, որ առաջին հայացքից Ինտրան թեև հասարակությունից կտրված գաղափարների կրող է, բայց իր ողջ փիլիսոփայությամբ, նպատակներով ու ներաշխարհով մարդու մեջ հաստատում է կատարյալը, որով և նպաստում է ազգային առաջադիմությանը:
Մեթոդաբանական նույն ելակետով և ընդգրկմամբ է Պ. Դեմիրճյանն այժմ գրում Եղիա Տեմիրճիպաշյանի մասին:
Ներդաշնակ փոխկապակցվածություն ենք գտնում պետական պաշտոնյա և գրականության տեսաբան ու գրական կյանքի կազմակերպիչ Պետրոս Դեմիրճյանի դեպքում ևս: Նախ ՀՀ պաշտպանության նախարարությունում Սպարապետ Վազգեն Սարգսյանի հրավերով, ապա ՀՀ կառավարության և ՀՀ տրանսպորտի ու կապի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության պետ լինելով` նա հասարակական տրամադրությունների ազդակներն էր փոխանցում կառավարության և նախարարությունների համապատասխան օղակներին և հակառակը` պետական քաղաքականության տարբեր բնագավառների հարցերը ընկալելի ձևով բացատրում հանրությանը:
Աշխատանքային այդ փորձը այսօր ևս օգնում է, որպես ՀԳՄ քարտուղար, գրական կյանքի շատ հարցեր մեկնաբանելու քաղաքացիական բարձր գիտակցությամբ և մեր երկրի ընդհանուր շահերի տեսանկյունից:
Նման հակադրամիասնությունը բնորոշ է նաև գիտնական Պետրոս Դեմիրճյանին: Գրականության ինստիտուտում լինելով գրականագիտության գծով գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհրդի անդամ` մի կողմից ցուցաբերում է մասնագիտական խստապահանջություն և ներկայացվող աշխատանքների մանրակրկիտ քննություն` հնարավոր բոլոր թերությունների վերհանմամբ, և մյուս կողմից` մտահոգություն, որ ատենախոսը բարեհաջող պաշտպանի:
Ոչ միանշանակ ընդունվող ատենախոսությունների համար իրեն ենք դիմում, և իր դիտողությունները կատարած որևէ ատենախոս չի եղել, որ հաջողությամբ չպաշտպանի: Հետևաբար, մարդկային ընդառաջումը և մտահոգությունը ոչ թե լավ խոսքեր շռայլելն է, այլ աշխատանքը պաշտպանության ներկայացնելու վիճակի բերելուն նպաստելը:
Նաև որպես ինստիտուտի գիտական խորհրդի անդամ` նիստերի ընթացքին անհրաժեշտ գիտական խորությունը կարող է հաղորդել և մյուս կողմից, իրեն բնորոշ մեղմ հումորով տարիների կենսափորձից որևէ օրինակ բերելով, լիցքաթափել երբեմն ճնշող մթնոլորտ ստեղծող որևէ հարցի քննարկումը:
Իր անձում միավորված են նաև անցյալի ավանդույթը և այսօրվա մտածողությունը: Ինստիտուտում որևէ հարցի քննարկման ժամանակ, երբ այն սպառնում է վերածվել անցյալի ժամանակավրեպության կամ հակառակը` ավանդույթը հաշվի չառնող գերարդիականության, Պ. Դեմիրճյանը երկու դեպքում էլ հավասարակշռում է կշեռքի զույգ նժարները:
Ուրբաթ օրերը նոր շրջանի հայ գրականության բաժնի նիստերի և քննարկումների օրերն են: Առավոտյան «Գրական թերթում» կարդում ենք նրա հերթական հոդվածը ժամանակակից որևէ գրողի կամ գրական կյանքի այս կամ այն հարցի վերաբերյալ, իսկ կեսօրին 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի հայ դասական գրականության հարցերն ենք քննարկում գրականագետ Պետրոս Դեմիրճյանի հետ:
Նրան վիճակված է ևս մեկ փոխկապակցված կարևոր գործառույթ: Որպես Գրողների միության քարտուղար` նա Միությունն է ներկայացնում ինստիտուտում և գրական տարբեր հոբելյաններին ու գիտաժողովներին Գրողների միության կողմից ողջույնի խոսք է ասում: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանն իրեն ուղղված մասնակցության հրավերների ժամանակ երբեմն կատակով ասում է. «Դե, Պետրոսը խոսք է ասելու, հերիք է»: Նույն ձևով Գրողների միությունում Գրականության ինստիտուտն է նա ներկայացնում:
Պ. Դեմիրճյանին վստահաբար կարող ենք անվանել նաև հայ գրականության դեսպանը մի շարք երկրներում` սկսած Ռուսաստանի Դաշնությունից, ուր գրական տարբեր համաժողովներում ըստ արժանվույն է ներկայացնում մեր գրականությունը և հակառակը` տարբեր գրողների երկերի թարգմանությամբ այդ հեղինակներին մասը դարձնում հայ թարգմանական ընդհանուր գրականության:
Մեր հոբելյարը գրականության հանրայնացմանն է ծառայել Հայաստանի ազգային հեռուստատեսությամբ և ռադիոյով հեռարձակվող հաղորդաշարերով` հեռուստադիտողներին ու ռադիոլսողներին գրավելով ոչ միայն նյութի իմացությամբ, այլև հանդարտ և կշռադատված խոսքով:
Ժողովրդական այն իմաստությունը, որ բարի ու պայծառ մարդիկ ժամանակի ընթացքում ավելի բարի ու պայծառ են դառնում, իսկ չար և նախանձ մարդիկ` ավելի չար, բարության և պայծառության մասով լիովին վերաբերում է Պետրոս Դեմիրճյանին:
ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի կողմից ի սրտե շնորհավորելով Պ. Դեմիրճյանին` մաղթենք, որ իրեն բնորոշ բարությունը, պայծառությունը և կենսախնդությունը ավելի բյուրեղանան որպես ընտանեկան կյանքի արտացոլումներ երկար տարիների քաջառողջությամբ և երջանկությամբ, ինչպես նաև ծառայեն մեր գրական ընթացքին և գիտական հանրությանը:
Վարդան ԴԵՎՐԻԿՅԱՆ
ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան
գրականության ինստիտուտի տնօրեն,
բան. գիտ. դոկտոր
ՍԻՐԵԼԻ՛ ՊԵՏՐՈՍ
Քո լուսավոր հոբելյանի առթիվ թույլ տուր, որպես ավագ ընկեր ու բարեկամ, դիմել քեզ մտերմական դու-ով: Քեզ սկսել եմ ճանաչել 70-ականների սկզբից, երբ ուսանողական նստարանից նոր ելած` «Գրական թերթի» քննադատության բաժնի երիտասարդ վարիչն էիր, քիչ անց, միաժամանակ, պիտի վարեիր նաև հայկական ռադիոյի «Բանավեճի ակումբ» հաղորդաշարը: Այն ժամանակ քո տարիքի երիտասարդներից ամեն մեկի չէ, որ վստահում էին այդպիսի պատասխանատու բնագավառներ: Հետո անցար պետական աշխատանքի: Մեր հանդիպումները դադարեցին: Բայց գիտեի, հաճախ լսում էի նաև ուրիշներից, որ քեզ վիճակվել է պաշտոնեական պարտականություններիդ հետ նաև մշակութային շունչ ներարկել նոր միջավայրիդ, չէիր մոռանում նաև օգտակար լինել այն շրջանակին, որտեղ ստացել էիր առաջին աշխատանքային մկրտությունդ: Տարիներ անց պիտի վերադառնայիր քեզ հոգեհարազատ աշխարհ, և այնպես պիտի պատահեր, որ մենք Գրականության ինստիտուտում դառնանք աշխատանքի ընկերներ: Անցած տասնամյակների քո այդ բազմաբնույթ, բեղմնավոր աշխատանքի արժանի գնահատականը թող տան անմիջական գործընկերներդ: Իսկ ես հաճույքով պիտի խոստովանեմ, որ վերջին մի քանի տարիների քո ներկայությունը ինստիտուտի հայ նոր գրականության բաժնում ինձ հիշեցնում է 60-70-ականների խանդավառ շրջանը, երբ գիտաշխատողը հոգի էր դնում գործի մեջ և գիտեր, որ գնահատված է: Քեզ համար բացվել է քո իսկական կոչմանը ծառայելու բարեպատեհ հնարավորություն, և դու մեր նվիրյալ դասականների ջանադրությամբ օգտվում ես այդ հնարավորությունից: Վկան` քո երկու հիմնարար աշխատությունները Ինտրայի մասին, որ սկզբնաղբյուր օրինակ կարող են ծառայել արևմտահայ մոռացվող գրականության` գալիք ուսումնասիրողների համար, և հետազոտական նոր նախաձեռնությունդ` նվիրված նրան բախտակից մեկ ուրիշ մեծի` Եղիա Տեմիրճիպաշյանին:
Բայց գործն իր տեղն ունի, մարդը` իր© մեկը մարդու ստեղծածն է, մյուսը` Աստծու ստեղծագործություն, ինչպես կասեր Հովհաննես Թումանյանը: Բոլորը չէ, որ գիտակցում են դա և աշխատում են արժանի լինել դրան: Սիրելի՛ Պետրոս, հավուր պատշաճի հաճոյախոսություն չհամարես, եթե ասեմ` 70 տարիների քո անբասիր գոյությամբ ու գործունեությամբ ապացուցել ես, որ արժանի ես Աստծու ստեղծագործությանը: Մեր առաջին հանդիպումների հիշողության մեջ դու մնացել ես սիրած գործին նվիրված, համեստ, մարդամոտ ու բարեհոգի քո նկարագրով: Հիմա, երբ հաճախ ենք հանդիպում ու հաղորդակցվում ամեն առիթով, գոհունակությամբ համոզվում եմ, որ տասնամյակների վաղեմության տպավորություններս ինձ չեն խաբել: Ուրեմն` օրհնյալ լինի ծնունդդ և երկար ու ավելի լուսավոր` դեռ անցնելիք ճանապարհդ:
Վլադիմիր ԿԻՐԱԿՈՍՅԱՆ
ԳՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԷՈՒԹՅԱՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՂԸ
Տակավին դպրոցական էր Պետրոս Դեմիրճյանը, երբ սկսեց ստեղծագործել: Նրա գրական առաջին թոթովանքները տպագրվեցին «Ծիծեռնակ», «Պիոներ» հանդեսներում, «Պիոներ կանչ» թերթում, Լիպարիտ Սարգսյանի կազմած «Բողբոջներ» ժողովածուում: Եվ դպրոցական տարիներից արդեն որոշվեց նրա ճակատագիրը` ընդունվել Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետ: Սակայն ուսանող դառնալուց հետո նա այլևս չզբաղվեց գրական-ստեղծագործական աշխատանքով, այլ որոշեց հիմնավորապես ուսումնասիրել ուրիշ ստեղծագործողների գործերը, գրական կենդանի ընթացքը… Ինչպիսի՞ արձակագիր կլիներ Պետրոս Դեմիրճյանը` դժվար է գուշակել, բայց որ, ի դեմս նրա, մենք ունենք տաղանդավոր գրականագետ, փաստ է: Եվ դա երևաց դեռևս ուսանողական տարիներից, երբ նա պաշտպանում էր իր դիպլոմային աշխատանքը Եզնիկ Կողբացու մասին, և որի ընդդիմախոսը խստապահանջ պրոֆեսոր Մկրտիչ Մկրյանն էր… Մի քանի տարի անց` 1981-ին, Պետրոսը պաշտպանեց «Նոր սերնդի սովետահայ արձակը 60-70-ական թվականներին (ժամանակակից թեմատիկան)» թեմայով թեկնածուական ատենախոսությունը, որտեղ քննվում էին հետագայում արդեն դասական գրողներ Մուշեղ Գալշոյանի, Վարդգես Պետրոսյանի, Հովհաննես Մելքոնյանի, Հրանտ Մաթևոսյանի, Աղասի Այվազյանի և այլ հեղինակների գործերը` համեմատությամբ խորհրդային և համաշխարհային արձակի: 1986-ին այս թեզը հրատարակվեց առանձին գրքով: Հայ ընթերցողը ստացավ մի գիրք, որը հազվագյուտ է իր համոզչության, պարզության և աշխարհընկալման հետևողական համակարգով: Խորհրդահայ երիտասարդական արձակի շատ էական գծեր այնտեղ խոր, ճշմարտացի մեկնաբանություն են գտել:
Վերջերս Պ. Դեմիրճյանը հրատարակեց Ինտրային (Տիրան Չրաքյան) նվիրված մենագրությունը, որտեղ հեղինակը հակված է Ինտրայի ստեղծագործության բնականոն զարգացումը դիտարկել գրականությունից դուրս գտնվող երևույթների հետ անքակտելի կապի մեջ: Այդ մեթոդը, անկասկած, հմուտ ձեռքերում օժտված է անսահման առավելություններով և թույլ է տալիս ներթափանցել ստեղծագործական գործընթացի ծագումնաբանության և բնույթի մեջ: Հեղինակի հետ միասին ուշադիր հետևում ենք մեծ ու դժվար ճանապարհի բոլոր քառուղիներին, որոնք անցել է Ինտրա գրողը և Ինտրա մարդը: Հավատարիմ երևույթների խորքը ներթափանցելու իր սկզբունքին, որն ընկած է անցյալում գրական պրոցեսի պատճառահետևանքային կապերի որոնման մեջ, Պետրոս Դեմիրճյանը Ինտրայի գրական ստեղծագործությունների փայլուն վերլուծության մեջ հետամուտ է լինում մի շարք հանգամանքների, համարձակ ներկայացնում իր ըմբռնումը, այդ երևույթների հանդեպ իր հայացքը: Այն տեղը, որը հայ գրականագիտության մեջ զբաղեցնում է Ինտրային նվիրված Պ. Դեմիրճյանի մենագրությունը, որի մասին խոսվում է, բնորոշվում է ինչպես իր անվիճելի բացառիկ արժանիքներով, այնպես էլ այն տեղով, որը հայ գրականության մեջ զբաղեցնում է Ինտրայի թողած բարդ և բազմակողմանի ժառանգությունը: Ինտրան, հիրավի, հսկայական մեծության դեմք է: Միգուցե նրա մեծությունն ավելի կբացահայտվեր, եթե ստեղծագործությունները թարգմանվեին մեծ գրականության լեզուներից մեկով (օրինակ` ֆրանսերենով): Նման պատմական և միաժամանակ կառուցվածքային մոտեցումը կամերտոնի նման որոշում է Պ. Դեմիրճյանի հետաքրքիր և հարուստ նյութերով հագեցած գրքի հնչեղությունը: Հուսով ենք, որ Պ. Դեմիրճյանի մենագրությունը կդառնա այն բոլոր ընթերցողների սեղանի գիրքը, ում թանկ է Ինտրայի կյանքը և ստեղծագործական աշխարհը:
Հիմա գրականագետն աշխատում է իր հաջորդ` «Եղիա Տեմիրճիպաշյան. կյանքը և գործը» մենագրության վրա: Հուսանք, որ Պ. Դեմիրճյանի այս մենագրությունն էլ կլինի նույն արժեհամակարգում, ինչ որ նախորդները:
Հ.Գ. – Գրական գործունեության հետ միասին հարկավոր է գոնե թռուցիկ նշել Պետրոս Դեմիրճյանի հայանպաստ մշակութային գործունեությունը 80-ականների վերջերին – 90-ականների սկզբին Մերձբալթյան հանրապետությունների, մասնավորապես` Էստոնիայի հայկական համայնքում, Հայկական մշակութային ընկերության ստեղծման, «Վահագն» թերթի հիմնման ու տարածման, ինչպես նաև Տալլինում ճանաչված հայերի հետ հանդիպումների կազմակերպման, համայնքի առջև ծառացող խնդիրների լուծմանն օժանդակելու գործում:
Ֆելիքս ԲԱԽՉԻՆՅԱՆ
«ԳՈՐԾԸ ԻՆՔԸ ՄԱՐԴՆ Է»
Պետրոս Դեմիրճյանն իր անունը մեկընդմիշտ կապել է մեր լեզվի և գրականության առեղծվածային դեմքերից մեկի` Ինտրայի հետ: Սրանով ես չեմ ուզում ասած լինել, թե նրա բանասիրական, գրականագիտական և քննադատական գործունեության մյուս հետաքրքրությունները երկրորդ պլանում են, բայց Ինտրան ինքն այնքան «առաջին պլան» է, որ իր կողքին ամեն ինչ թողնում է իր ետևում: Մանավանդ, որ այդ «առաջին պլանը» տասնամյակներ շարունակ թե՛ գեղագիտական և թե՛ փիլիսոփայական-աշխարհայացքային առումով իր տեղը բերելու, թույլ տվեք բառախաղ անել, այդ «առաջին պլանը» «առաջին պլան» բերելու հմտություն ու խիզախություն չի եղել… Զբաղվել հայ գրականության և նրա արևմտահայոցի այդ հսկայով` նշանակում է գործել ամայի դաշտում, առանց նախորդների և, եթե կուզեք, նաև ժամանակակիցների օգնությունն ու խրախույսն ունենալու, ճիշտ այնպես, ինչպես ստեղծագործել է հենց ինքը` Ինտրան, նորից ու նորից կրկնեմ` մեր գրականության այդ աղոթականը, սուրբը, միանձնը, նվիրակը, ուխտավորն ու օտարականը: 2016 թվականին լույս տեսած «Տիրան Չրաքյան (Ինտրա) կամ «հեքիաթի» իրականությունը» մենագրությունը մեզ պատմաբանասիրական սպառիչ պատկերացում է տալիս Ինտրայի մասին. այն ընդգրկում է գրողի ժամանակաշրջանը և միջավայրը, նրա գրական և անձնական բարդ ու երբեմն հակասական նկարագիրը, կրոնական-ներանձնական կերպարը, մի խոսքով` այն ողջ համայնապատկերը, որում ապագա հետազոտությունը,- չեմ ուզում ասել` ինտրայագիտությունը, որովհետև Ինտրան` ուր, գիտությունն` ուր,- կարող է իր բոլոր ներհայեցումների համար ոտքի տակ ունենալ այդ պատմաբանասիրության հաստատուն հողը:
Եկեք չտարվենք միայն գործով և հիշենք, որ «գործը ինքը մարդն է», հետևաբար ասենք, որ Պետրոս Դեմիրճյանը` Ինտրայի մասին լավ գիրք գրած գրականագետը, պարզապես լավ մարդ է և լավ գիրք գրել է գուցե հենց այն պատճառով, որ լավ մարդ է… Խաղաղ, հանգիստ, բարյացակամ, ամենայն դավ ու ինտրիգից հեռու,- քի՞չ բան է: Գիտես, որ մեր գրգռված ու մարդ գրգռող, մարդուն սադրող ու ջղայնացնող այս ժամանակներում նրա հետ հանդիպելը ոչ մի փորձանք ու աղետ չի պարունակում,- ընդհակառակը, ընդհակառակը…
Հակոբ ՄՈՎՍԵՍ