Նոնա ՊՈՂՈՍՅԱՆ

 

***
…Մի օր,
երբ երկնքի սկիհները լցվել էին
մորս բաղձանքով,
ես ճայթեցի նրա կոնքերի
արթուն
հիշողությունից
ու նախշըվեցի անծիրի փեշին`
բառի բաբախով,
որ զարդակարն էր իմ մեջ բույն դրած մորեմերկ լույսի…

Հետո վախվորած անցա օրերի աղմկոտ դռնով`
բռնած հավատի կնճռոտ ձեռքը իբրև խաղալիք,
ու շաղ տվեցի ինձնով փոշոտված
սերերը բոլոր
ժամանակների երախին թառած առավոտներին…

…Բայց կապույտ, կապույտ,
կապույտ զարմանքով
մի աղջիկ մնաց
իմ կատարներին`
սիրտը ներկված ձնծաղիկների
լուրթ ըղձանքների
սարսուռով վայրի,
ափի մեջ սեղմած քարերը չեչոտ,
որ հավաքում էր
ձեր հատակներից`
խցկելով օրվա գրպանները նեղ,
որ չկորցնի
Կին-Առեղծվածին…

…Մի օր,
երբ երկնքի սկիհները լցվեն
բառի բաղձանքով,
ես կճայթեմ լույսի զառիվարներին`
իբրև վերջին կանչ,
բանաձևելով այն վերջնագիծը,
որ տրոփում է աշխարհի սիրով
ու ինձ տանում է քարերի միջով`
Աստծուն ընդառաջ…

Մեկուսացում
Արդեն քանի՜ օր է`
ինչ գրանցվել ենք
վաղուց մոռացված
մեր հոգիներում,
որտեղից արդեն
հազար տարի է`
ինչ դուրս ենք եկել`
մոռանալով
վերադարձի մասին…
Մենք հագել ենք
մոլորակի
փրկության շապիկը,
որ մի օր դուրս գանք
կավե վախերից
ու գնանք Կյանքի
Փառահեղ Ծեսին…

Կապել ենք ծերերի
վախվորած հայացքները
մեր տխուր աչքերին,
որ կարողանանք
նայել գթությանը…
Մեր մի մետրանոց
կյանքն ավելի երկար է,
քան այս մոլորակի
բարակած
հիշողությունը…
Մեր սոցիալական
տարածություններում
հիմա ծաղկել են
բալենիները`
առանց տագնապի ու
առանց վախի…
Որ վաղը մեզ պատմեն
մեր վաղուց մոռացված
երազների մասին,
որ դեն շպրտեցինք
խելահեղ վազքուղու
ելման գծի մոտ,
որ մի օր հասնենք
այս վերջնագծին…

Հիմա, երբ դիմակներով
ծածկել ենք արդարացման
ողորմելիությունը,
կսիրենք իրար այնպես,
քան` երբևէ…
կհասկանանք իրար
այնպես,
քան` երբևէ…
կճանաչենք իրար,
այնպես,
քան` երբևէ…

…Ու Աստված կծաղկի
մեր մեկուսացման
տապե ճիգերին,
մեր հավատին
հոշոտված
ու վերընձյուղված
մեր հոգիներին…

***
Ինչ-որ տեղ, հեռվում,
բացվում է պատուհանը.
ես նորից խեղդվում եմ…
Վախերն աղավնու փետուրներով են`
դեռ ղունղունում են ձեռքերիս վրա.
ես սարսափում եմ…
Օրը գցում եմ մահե ուսերիս.
ինչ-որ տեղ, հեռվում,
ահավոր մրսում եմ…
Հոգիս ծերանում է ինձանից արագ.
բառը նոսրանում է.
ես աղերսում եմ…
Ինչ-որ տեղ, հեռվում,
ինձ սակարկում են.
ես… վերջանում եմ…

***
Այս տագնապները`
անտուն, անհասցե…
Սոված շների պես
ներսս են լցվել
ու գռմռում են…
Մի առավոտ գար`
հույսի ճերմակ շորով,
գցեի նրանց դեմ
խղճի մի լավ ոսկոր…
Այս տագնապները`
միաչքանի, միոտանի…
Ագռավների պես
մութն են կտցում իմ…
…Գրողը տանի`
ե՞րբ եմ հասնելու
առանցվախ օրվա
նոր շքամուտքին,
ուր, գիտեմ հաստատ,
կհրավիրեն
Լույսի Խնջույքին…

***
…Ձեր մեջ թափառող
վախերը գիտեմ…
Բայց հավատացեք`
չեմ կարողանում
զուգել-զարդարել…
Պարզվում է`
սին էին բառերը բոլոր,
որ մինչև այսօր
խեղճ ճշմարտության
դարձերեսին էինք
անխնա գրել…
…Ձեր մեջ թափառող
վախերը գիտեմ…
Երբ նրանք զուգվեն,
մենք իրար հաստատ
նորից կգտնենք
մեր հոգիների
հեռաստաններում
ու երջանկության
դարձերեսներից
կջնջենք բոլոր բառերը թղթե,
որ մեր սերերը
հանկարծ չայրվեն…

***
Տխրությանս շղարշներից`
անվերնագիր ու անանուն,
օրվա համար
մոլորումի զգեստներ եմ
նորից կարել…

Ու թե վաղը նա կուրորեն
բարձրանա բեմ`
իր պոդիումը վայելումի,
գուցե մարդիկ
ինքնամոռաց ծափահարեն…
Բայց ես ցավի բիլ աչքերում
դեռ կլռեմ`
մեռածների շշունջներով…
Որ խուճապած եկան մի օր,
խառնվեցին
իմ դառնացած կտորհացին…

***
Թղթերիս վրա
գիշերը ճերմակ
սարսուռ է քամել…
Ու ես չեմ գտնում
հույսի լանջերին
բուսնած բառերը.
ես կարկամել եմ…

Այս փողոցներով
ցավեր են անցեղ
վարարել նորից…
ու սպանում են,
ինձ սպանում են
մի նոր պատմության
կրակափողից…

Թղթերիս վրա
գիշերը հազար
մահեր է գրել…
Ու ես չեմ գտնում
Աստծո սոսկումի
ոտնահետքերը,
որ խմբագրեմ…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։