Մանվել ՄԻԿՈՅԱՆ

Միլիարդատեր բոմժեր
Նրանք ճիշտ ժամանակին են սկսել
իրենց «հայրենանվեր» գործը,
երբ տալ-առնելիքի չափից է կախված
աթոռների բարձրությունը,
երբ ինչ հնարավոր չէ անել փողով,
արվում է շա՜տ փողով,
երբ մարդկային արժանիք է համարվում
միայն ունեցվածքը:
Իրենց ճանապարհին
տրորում են ամեն ինչ և ում պատահի,
հետո հոսում են արյունոտ փողերը՝
տանելով նրանց դեպի անդունդը
կանաչ այլասերության:
Դղյակներ ու շքեղ ավտոմեքենաներ,
հոմանուհիներ անթիվ ու անհամար,
մի գիշերում ծախսված փողեր,
որոնցով ամենամեծ ընտանիքը նույնիսկ
կարող է ապրել մի ամբողջ տարի…
Նրանք արագ մոռանում են
իրենց կյանքի ստորաքարշ դրվագները,
չեն լսում կարծես հայհոյանքները՝
ավելի քան 10 միլիոն արձագանք ունեցող
աշխարհով մեկ,
քանզի այդ ամենը փող արժի,
որի շնորհիվ թքած ունեն բոլորի վրա,
ում հաշվին ուռճացել և փքվել են՝
գարու պահեստն ընկած խոզի նման…
Նրանք, մատները թղթի վրայով սահեցնելով,
ճառեր են կարդում ազգային տոներին
և գովաբանում այն հայրենիքը,
որը բռնաբարում են ամեն օր ու ժամ,
մոմեր են վառում եկեղեցիներում՝
փորձելով փակել իրենց սպասող
գեհենի ճանապարհը.
գիտեն, որ Աստված ներող է,
բայց մոռանում են, որ կույր չէ:
Երբեք չեն մրսում
հոգու դատարկությունից փչող քամուց,
քանզի մերթընդմերթ
բարեհոգի այրի դիմակ են հագնում,
հետո զզվանքով դեն նետում
և չարախնդում իրենց «մերձավորների» վրա…
Բոմժերը նույնիսկ կիսում են հաճախ
աղբանոցներից գտած չոր հացի կտորը,
իսկ «ընտրյալների» համար
օգնություն խնդրող աստվածապաշտ մարդիկ
իրենցից «փող տանողներ» են…
Իրենք «ստացող» տղերք են
և «վաստակածը» պետք է լափեն
միայն իրենց ոհմակի հետ…
Նրանց հոգում թափառող որդերը
խժռում են ամեն օր
մարդկային հասարակ զգացմունքները,
հետո փորփրում են նրանք
իրենց ներաշխարհի աղբամանները,
տեսնում են՝ նեխած է ամեն ինչ,
որևէ պիտանի բան չեն գտնում,
սակայն երբեք չեն խոստովանում,
որ դարձել են ազգություն չունեցող
միլիարդատեր բոմժեր…

Դատարկվող քաղաքի մայրամուտը
Արևն իր տաք մատներով
վերջին անգամ է շոյում
քաղաքը երիզող լեռնագագաթները,
հեռանում դանդա՜ղ՝
թողնելով դատարկվող բնակավայրը
մեռնող հույսի մոլագար ճիչերում,
որոնք հնչում են հոգիներում մարդկանց՝
անտերության ու ձանձրույթի
ճահիճներում խեղդվող:
Փողոցով քայլող
հատուկենտ մարդիկ են երևում,
հատուկենտ լույսեր են արդեն նշմարվում
հսկա շենքերի պատուհաններին,
իսկ դատարկ տների
սև պատուհաններին
սատանայի ահասարսուռ
քմծիծաղն է դաջված,
բոլորին նույնը՝
պատճենահանված կարծես
հազարավոր օրինակով:
Ծիծաղ ու խնդություն է միայն
ռեստորաններից մի քանիսում,
որոնցում դարի ճարպիկները
վայելում են հանգիստ
իրենց «մերձավորներից»
քերթած կաշիների
վաճառքից ստացած փողերը:
Աղբամանները պաշարած շները
ժամանակ չունեն նույնիսկ հաչելու
իրենց ճակատագիրն ունեցող
տառապյալ մարդկանց վրա,
բայց նախանձում են նրանց,
հատկապես արտասահմանում
բարեկամ ունեցողներին:
Իսկ չունեցողները
աքսորյալներ են իրենց իսկ տանը,
իրենց իսկ «մերձավորների»
կողմից դատապարտված:
Ամենահանճարեղ գրբացներն անգամ
գլուխ չեն հանում
շատ դարեր առաջ մեր ուղեղները
հալած ու լցրած «թուղթուգիր-անեծքից»:
Ու ճարահատյալ, գիտակցելով նույնիսկ,
որ անարդար է ասվածը,
մրմնջում եմ մարդիկ.
«Չսիրեցիր մեզ, Աստված»:
Մենք չսիրեցինք,
մենք մեզ չսիրեցինք…

Հրաժեշտ անցյալին
Մենք հուշերով ենք լցված,
բայց չենք մեռել նրանց մեջ…

1.
Ինձ նայում է մի մանուկ՝
պարզ ու վճիտ աչքերով:
Նրա համար աշխարհն ավարտվում է
հսկա անտառը երիզող լեռներով…
Նորից է նայում հարազատի պես,
չի ճանաչում, փախցնում է հայացքը
և շարունակում է խաղալ գնդակով:

2.
Հսկա գրադարանի առջև
կանգնել է պատանին
և հերթական գիրքն է ընթերցում,
շրջվում է, նայում ինձ,
երկար է նայում…
Սպիտակ մազերս և խորացող կնճիռներս
թախծի ալիք են առաջացնում
կրակոտ ու թափանցող հայացքում:
– Գնա՛ ու այլևս չվերադառնաս,
բայց ես կգտնեմ քեզ մի օր,-
ասում է նա և գրադարակից վերցնում
Ուոլթ Ուիթմենի ժողովածուն:

3.
Ինձ նայում են հետո տարբեր կողմերից
ուսանողը, ապա ընտանիքի հայրը,
բազմազավակ հայրը,
նայում են միաժամանակ,
նրանց աչքերը հույսի և սպասման
բազմաճյուղ ճառագայթներ են արտածում,
կկոցում եմ աչքերս,
նորից հերթով ուշադիր նայում նրանց…
Ճանաչում են ինձ,
բայց չեն ուզում թռչել
ժամանակի անդունդի վրայով,
շրջվում են ու հեռանում…
Ես մոլորված կանգնած եմ
միաժամանակ տարբեր խաչմերուկներում:
Խառնիխուռն պատկեր է՝
սլանում են սայլեր, մեքենաներ,
քիչ հեռվում՝ գնացքներ,
շուրջը՝ փոքր գյուղական տներ,
ապա բարձրահարկ բնակելիներ,
աղմուկ, հետո դաժան
ու չընդհատվող ծիծաղ՝
արձագանքվող հեռու-հեռուներում
և ակնթարթորեն լցվող ուղեղս…
Ես փակում եմ ականջներս,
փակում եմ աչքերս
և վերադառնում.
– Մնաս բարով և ողջույն, անցյալ:

***
Մեր զգացմունքների բանտից դուրս նայելիս
հաճախ աղավաղված ենք տեսնում
իրական ճշմարտությունը,
իսկ նախասիրություններն ու
սովորական քմահաճույքները
փորձում ենք տեսնել
որպես նորածիլ սիրո
արթնացող նախաբույրեր:
Թակում ենք այն դռները,
որոնցից ներս վաղուց արդեն
մեզ սպասողներ չկան,
չենք կարող սակայն
չփնտրել ճանապարհը
դեպի իսկական սերը տանող,
ու ներբողներ ենք շռայլում
նույնիսկ գունազրկվող խավարին՝
այն արդեն լույս անվանելով…
Մեր զգացմունքների բանտում
մենք այնքան հանգիստ
ու հարմարավետ ենք զգում,
որքան լռության աչքերը
Մեծ Աղմուկի ակնախորշերում:

***
Ես ամեն օր պատռում եմ թաղանթները խավարի,
որ պարզ ու հստակ տեսնեմ պատկերները բոլոր՝
իրենց նույնիսկ աննշմարելի ուրվագծերով,
տեսնեմ դեմքերը մարդկանց,
թափանցեմ նրանց աչքերի խորքը, ուր թաքնված են
լույսն ու ստվերը նրանց հոգու, որպեսզի չգայթեմ
բառերի լպրծուն լաբիրինթում:
Իսկ երբ բառերի մեջ լսում եմ հոգուց ծորացող մեղեդին,
երկրպագում եմ մարդ-արարածին,
որ դեռ չի հոշոտվել իր նմանների գազանանոցում…
Ես ամեն օր պատռում եմ թաղանթները խավարի,
որ պարզ ու հստակ տեսնեմ դեմքը Երկնավորի:

***
Օրերը կարծես հիվանդ են քաղցկեղով,
մահանում են հերթով՝ միայնակ ու լքված,
ու դժվար է արդեն նրանց հետ համբարձվել
և հետո արագ կրկին վերադառնալ:
Ու թվում է հաճախ՝ կիսով չափ այնտեղ ենք,
կիսով չափ ենք տեսնում լույսը արևի,
կիսով չափ ենք լսում կենսաձայները ջերմ,
որոնց կարոտում ենք, թեև այստեղ ենք դեռ:
Կողքից ենք նայում դեմքերին հարազատ,
կարոտում ենք կրկին, բայց զսպում ենք մեզ,
այլապես կդիտեն մեզ՝ խախտված ու խելագար,
քանզի միշտ կարծում են՝ իրենց հետ ենք հավերժ:
Լույսն արդեն անտարբեր է, խավարը՝ կլանող,
գնալով երկար է տևում գիշերը,
սակայն բարձր է շատ գինը ցերեկվա՝
սերն ու թախիծը իր մեջ ամփոփած…
Օրերը կարծես հիվանդ են քաղցկեղով,
մահանում են հերթով՝ միայնակ ու լքված,
երանելի է, երբ նրանց հետ համբարձվում ենք,
սակայն ուզում ենք կրկին վերադառնալ:

***
Զսպանակն արդեն արագ է սեղմվում,
սեղմվում է հաճախ պահերին անպատեհ,
ու չգիտեմ արդեն, չեմ կարող կռահել,
թե ուր է նետելու հերթական անգամ:
Հիշողությունս դարձել է գերին հուշերիս,
խարխափել է զգոնությունս հաշվենկատ,
երբ արթնանում եմ՝ չգիտեմ այդ օրը
ես որտեղ եմ հայտնվելու
ու արդյո՞ք կվերադառնամ:
Եվ երբ շատ եմ լռում, ոչ ոք չգիտե,
որ խոսում եմ ես ուրիշների հետ,
իսկ երբ ժպտում եմ, չգիտեն էլի,
թե ուր է հասնում ջերմության ու կարոտի
անզուսպ և լռին ճառագայթը այդ:
Իրենք էլ են ժպտում՝ կեղծ ու ներողամիտ,
կարծում են երևի՝ «թռցրել է խեղճը»,
բայց դա արդեն բնավ կարևոր չէ վաղուց,
կարևորն այն է, որ կվերադառնամ…
Զսպանակն արդեն արագ է սեղմվում,
բայց տագնապներ չունեմ, չեմ վախենում բնավ,
թե կթռչեմ հեռու, այնքան հեռու,
որ անհնար լինի ետ վերադառնալ:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.