Ռոմիկ ՍԱՐԴԱՐՅԱՆ – 75

ՌՈՄԻԿ ՍԱՐԴԱՐՅԱՆ

ԿԱՎԸ
Միտքը արարք է…
Աստվածաշնչից

(Երրորդ կենսագրություն)

1
Եռման ջրերը վառել են ինձ`
Խնայելով սիրտս միայն:
Ես մոլորվել եմ
Գետառի ոլորաններում:
Մնացել եմ
շվարած-կանգնած քաղաքիս
խաչմերուկներին,
Երբ գլխի եմ ընկել-միայնակս,
Որ կյանքս վատնեցի հանուն մի քանի
բանաստեղծության,
Վարում-նավամբարներում,
Մինչև հասկացա,
Որ բանաստեղծության սոխակը
Վարդի խաթեր չի՜ ամենևին
գեղում-գեղգեղում,
Այլ-վարդաթփերի վրա վխտացող
Անհամար միջատների համար-համեղ:
(Օ՜, թռչնա՛կ, մեր անմեղ):
…Կորցրել եմ բարեկամներիս,
ընկերներիս,
Թուրքի գյուլլեն շրջանցել է ինձ,-
Ինձ պահպանեց
Խուստուփի պատրանքը:
Դեռ վաղ մանկուց հայրս հսկում է ինձ
Երկինքներից,
Եղբայրս իմ կարոտն է տարել նրան
Ու չի վերադարձել,
Հարազատներիս
գերեզմանները նմանվել են
Ծննդավայրիս անտառներին,
Հրեշտակները երկնքում բարուրված
Թոռնիկիս նմանվեցին:
Իմ հայրենիքը դեռ չի փոխադարձել
Սերս նվիրական,
Դատարկ շշերս նմանակում են
Օտարված կանանց: –
Ուստի պոետ չեղա՛-եղա դերվիշ…

2
Հետո, երբ խենթացել եմ
վերջնականապես…
Ցերեկներս ծառացել եմ
սատանայի դեմ,
Գիշերներս ապավինել եմ Ազատությանը
– Եվ Աստծուն:
Ինքնասպան չեղա –
Քանզի հույսը վերջում ասել է.
– Պոետը սկսվում է իր
վերջին բանաստեղծությունից:
Այս ամենից
Ես` որպես հմուտ մի արհեստավոր,
Թրծում եմ իմ հպարտ կեցվածքը-
Նախասկզբնական կավից:
…Եվ Աստծու օրհնանք-եռանկյունին
իջնում- ծանրանում է, արդեն,
Շիրիմիս:-
Տե՛ր Աստված – թող ինձ չհամարեն –
Ամեն:

ՁՈՆ
Ես կանգ չառա՜ երբեք,
Ես կանգ չառա՜-
Ո՛չ մահի դեմ իմ անհեթեթ,
Ո՛չ կյանքիս դեմ` սառած:

Չեղա՜վ ուղեկիցս` Սերը իմ Մեծ,
Սակայն թևեցի՜ ես իր մեծ հետքով,
Մարմինս կե՜ղծ եղավ, Սիրտս` անեղծ,
Կյանքը էսպե՛ս անցավ:
Հենց ի՛մ կողքով:

Ես կանգ չառա՜ երբեք,
ես կանգ չառա՜,
Մահի-կյանքի առջև իմ անհեթեթ-
Կապրե՞մ մյուս կյանքում:- Ապրե՛մ եթե,
Ովքե՜ր պիտի իմ Սիրուց կառչեն:

ՍԵՆՏԻՄԵՆՏԱԼ…
Աշխարհը մի օր
սենտիմենտալության
սով պիտի գա…
Վիլյամ Սարոյան
Մեռնելիս
Պառկած լինեի
Այգուս ամենամեծ խնձորենու տակ,
Որի տերևները ցածից
Քո աչքերի պես էին,
Բայց թափանցիկ:
Քո՜, որ ապրում ես
Հեռո՜ւ մի տեղ իմ կրակից,
Աղջի՛կ իմ:

Օ՜, ամպեղեն տեսլավայրեր,
Ուր տարիներ ի վեր
Ճամփորդում է հոգիս:

2
Ահա՛ իմ գլուխը,
Տե՜ր իմ,
Դրված Ավետյաց երկրի
Ճիշտ կենտրոնում,
Որտեղից միայն կարելի է
Տեսնել Քեզ:

Տեսանեի՜ Քեզ-
Խոսեի՜
Համատարած ծղրիդների
գաղտնագրերով,
Որոնք հաստատում են
Լռությունը հավիտենական:

Աղջի՜կ իմ,
Մոտեցի՜ր իմ կրակին:

3
«Մազերիդ միջո՛վ է
Երևում երկինքը»,- մրմնջում էր
Մեկ մթի մեջ, և
Թարգմանվում էր ծղրիդների
Խմբերգը:

Տե՛ր Աստված,
Որքա՞ն երկար կարելի է
Ապրել Քո խնձորենու ներքո`
Ավետյաց երկրի
Ճի՛շտ այս տեղում,
Տեսանողի տեղում:-
Միայնա՛կ:

Աղջի՛կ իմ,
Մոտեցիր իմ կրակին:

Արդեն
Երկինքը և երկրագունդը,
Ամենքս`
Սրբերի պես
Պսակված ենք
Հրացոլքով:

Ինչո՞ւ աստղերիդ վրա
Ծղրիդներ չկան,
Որոնց երգով, արդեն,
Ես բարձրանում եմ,
Տե՜ր իմ,
Շողարձակված
Երկինք:

Աղջի՛կ իմ,
Մոտեցիր իմ կրակին:

Պառկա՜ծ լինեի
Այգուս
Ամենամեծ
Խնձորենու տակ,
Անգիտակ,
Ինչպես
Ծնվելիս:

ԵՐԵՔ ՏՐԻՈԼԵՏ
***
Գիշերը դռներս ես ծեծում,
Ցերեկը փախչում ես-ինձնից.
Տարե՜րք ենք-մութից ու լույսից,-
Գիշերը դռներս ես ծեծում:

Իմ լույսը այրվում է ցավից,
Խավարս` անլույս հեծեծում,-
Գիշերը դռներս ես ծեծում,
Ցերեկը փախչում ես-ինձնից:

***
Ես իմ էս հին մարմնիս –
էնքա՜ն էլ տեր չեղա,
Ո՛րբ թողեցի, անտե՛ր- ասես` չկա՛ր,
Աստծո Աջից հեռո՜ւ-
երբ լույսն իր կա՛ր,-
Ես իմ էս հին մարմնիս-
էնքա՜ն էլ տեր չեղա:

Չհոգացի, անգամ, հոգո՜ւս համար,
Եվ կյանքերս անցյալ-
համարեցի եղյա՛լ:-
Ես իմ էս հին մարմնիս –
էնքա՜ն էլ տեր չեղա,
Ո՛րբ թողեցի, անտե՛ր- ասես` չկա՛ր:

***
Փայտփորի՛կ, մոտեցար սրտի՛ս,
Փայտփորի՛կ, չդիպչե՛ս նրան,
Չե՞ս տեսնում- ճաքեր կան վրան,-
Փայտփորի՛կ, մոտեցար սրտի՛ս:

Չամրացա՜ կեղևիս նման,
Ավիշ չէ՜ – արյո՛ւն կհոսի,-
Փայտփորի՛կ, մոտեցար սրտի՛ս,
Փայտփորի՛կ, չդիպչե՛ս նրան:

ԿԱՐՈՏ
Ինչպե՞ս խուժեցիր, դռնե՞րս են բաց,
Ո՞վ է քեզ հղել հեքիաթից հին,
Գուցե անցյալում պահված մի կին
Լուսնի՞ն սևեռեց աչքերը թաց:

Կարո՛տ, անցյալի պատգամավոր,
Չեմ ոգեկոչել քեզ հղողին,
Ապրել եմ` աչքս հպած հողին,
Չե՛մ սպասել քեզ և ո՛չ մի օր:

Ինչպե՞ս խուժեցիր, դռնե՞րս են բաց,
Ո՞վ է քեզ հղել հեքիաթից հին,
Կարո՛տ, սիրելի՛ս, դարձիր կրկին
Ու սրբիր նրա աչքերը թաց:

***
Ես
Առասպել դառած
Մի վկա եմ,
Տե՜ր իմ,
Յամբ-
Անապեստից-
Պեստից-
Փախած Սե՜րն եմ,
Ես`
Քո Մեծ Աղոթքի
Աչքից
Ընկած
Վկա՜:
***
Ես Ջրհոս եմ` աչքերիս մեջ`
ծովի կարոտ,
Իմ ձեռքերը թի՜ են հիմա,
մարմինս` նավ,

Հողի ցավն է՜լ չի ծանրանում,-
չափը անցա՛վ,
Ես Ջրհոս եմ` աչքերիս մեջ`
ծովի կարոտ:

Հեռանում է իմ ափերից նավս Արգո,
Առագաստս բա՛ց է արդեն,
ուղիս` լուսնոտ,

Ես Ջրհոս եմ` աչքերիս մեջ`
ծովի կարոտ,
Իմ ձեռքերը թի՜ են հիմա,
մարմինս` նավ:

***
Պատահական մի աղջկա հայացքը
ինձ շշնջում է- չմահանա՜ս:
Մայթեզրերին ընկած ծաղկի
մնացորդը մորմոքում է-
չմահանա՜ս:
Աշնան տամուկ մշուշները
փարվում են ինձ- չմահանա՜ս:
Ցոլքը լույսի ու ծիծաղի մի ելևէջ
հորդորում են- չմահանա՜ս:

– Չմահանա՜ս, չմահանա՜ս,
չմահանա՜ս, չմահանա՜ս:
Մահճիս թեքված հայացքը զուսպ,
Մանկան աղերսը միամիտ
Ու ապրելուս ճիգերը հուսկ-
Հանգերգում են: Վերջին ժամիս
Վերջին սիրով ունկնդրում եմ
Վերջին, վերջին իմ մեղեդին-
– Չմահանա՜ս, չմահանա՜ս,
չմահանա՛ս:

ԵՐԳ
Ես չեմ փնտրել երբեք
Բառը կախարդական.
Այն եղել է, եղել,
Այն եղել է իմ մեջ:

Ես չեմ փնտրել երբեք
Պահը կախարդական.
Այն եղել է, եղել,
Այն եղել է իմ մեջ:

Ես չեմ փնտրել երբեք
Սերը կախարդական.
Այն եղել է, եղել,
Այն եղել է իմ մեջ:

Բառը, Պահը, Սերը
Լքեցին ինձ երեկ:-
Նրանց տարավ իր հետ
Իմ Արցունքը,
Որ եղել է, եղել,
Որ եղել է իմ մեջ:

***
Եթե քնքշանան աչքերս չափից ավելի,
Եթե բարի լինեմ ավելի,
Քան սովոր եք,
Մարդի՛կ,
Սիրեցե՛ք ինձ:

Եթե աչքերիս,
աչքերիս լայնությամբ մեկ
Ծավալված տեսնեք ատելությունս,
Եթե չար լինեմ ավելի,
Քան սովոր եք,
Մարդի՛կ,
Սիրեցե՛ք ինձ:

Սերս լքել է իր գունավոր երկրները,
Սերս լքել է իր գորշ երկրները,
Սերս լքել է նրան,
Ով միակն էր,
Ու եկել, ամփոփվել է իմ սրտի մեջ:

Ու թե պայթեց սիրտս,
Մարդի՛կ,
Սիրեցե՛ք ինձ:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։