Սամվել ԿՈՍՅԱՆ / ԽԱՂԱԴՐՈՒՅՔ

1.
Ո՞ւմ մեղքն է շատ և ումը` քիչ,
ում պարտություններն են արդարացված,
ում հաղթանակներն են փուչ ու ոչինչ
և ում վերքերն են դեռ չփակված:

Ահա սկիզբը, վերջն իր դուռը դեռ չի գտել,
քայլերը շարունակում են ծուղակներին,
հաղթողները սատանային մտերմացել,
ժեռ քարեր են նետում պարտվածներին:

Պարտվածների մոտ են քարերն արդեն,
ո՞վ ուժ ունի, սակայն, դրանք հետ նետելու,
ե՞րբ է ժամը իրենց, ե՞րբ է, դեռ չգիտեն`
ով է առաջնորդը, ում են հետևելու:

2.
Նույն ճանապարհն է- գնաս թե գաս,
Նույնը չէ գնացողը, եկողը նույնպես,
Ի՞նչ են կորցրել, նրանց ի՞նչն է պակաս,
Ի՞նչն է վանում, ստիպում կքվել այդպես:

Ո՞ւր են գնում, ինչո՞ւ, և հետ գալը որն է,
Ի՞նչ են փնտրում, փնտրում ու չեն գտնում,
Նրանց համար հիմա ասես կարևորը
Չուշանալն է, մեկ էլ` չհայտնվել մթնում:

Նրանց ուսին բեռ է կյանքի գաղափարը,
Կյանքը ինքը բեռ է` ապրողից էլ մեծ,
Գնաս թե գաս, նույնն է ճանապարհը,
Նույնն է ինչին և ում առաջ ծնկես:

3.
Թռչունն ի՞նչ լուր է բերելու քեզ,
Ի՞նչ կախարդանք է դառնալու ուղի,
Որ ինքդ քո մեջ անդարձ չպարտվես,
Սիրտդ չտանես մռայլ փակուղի:

Անձրևի միջով, ձյան ու կարկուտի,
Թռչունն ինչեր է հաղթահարելու,
Ո՞նց է ճեղքելու պատնեշը մութի
Ու սպասված լուրը ո՞նց է բերելու:

Վհատվել պետք չէ, լույսն է թռչունը,
Սիրո աչքերից ուղղված դեպի քեզ,
Ու քո մեջ փնտրիր նրա անունը,
Պատուհանդ բաց, որ դիմավորես…

4.
Քո ժամանակը` սրտիդ պես մաշված,
Կպել անցյալին` ո՛չ առաջ, ո՛չ հետ,
Թե հոգսի քամին կատաղեց հանկարծ,
Ցավն է լինելու քո երգը հավետ:

Ու փնտրելու ես մեղքի տիրոջը
Օրերիդ անկյանք դարակներում,
Երբ դու ես նրա իրական որջը,
Բառերիդ պես մութ ու երերուն:

Քո ժամանակը քոնը չէ կարծես,
Նա չի ընտրել քեզ, ոչ էլ դու նրան,
Քնած էիր երբ, չարքերը անտես
Նրան քո դաշտից իրենց դաշտ տարան:

5.
Չի եղել, չկա, խաղ է հորինված,
Խաղ` ինքդ քեզ հետ, ինքդ քո դեմ,
Հաղթողը դու ես ու դու ես պարտված`
Չհաշտվելով նոր մտքերիդ հետ:

Ծերության փոշին պատի պես խուլ
Բաժանել է քեզ, արել երկու կես,
Մեկում ներկան է քո պես խարխուլ,
Մյուսում լույս չկա, ինչքան փնտրես:

Բայց վերջը ո՞ւր է, խաղդ վերջ չունի,
Շարունակվելու է ուզես թե չուզես,
Մինչև կհասնես ափը անհունի
Ու վերջը գուցե այնտեղ էլ գտնես:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։