Օրերս ԵՊՀ հրատարակչությունը, Աշխեն Ջրբաշյանի թարգմանությամբ, տպագրել է Օլգա Տուրիշևայի «Արտասահմանյան գրականագիտության տեսությունը և մեթոդաբանությունը» ուսումնական ձեռնարկը, որն արդի գրականագիտության կարևորագույն խնդիրներից մեկի` գրականագիտական մեթոդների առավել ամբողջական համակարգման փորձ է: Ուսումնական ձեռնարկը կոչված է լրացնելու այն տեսական ու մասնագիտական բացը, որ առկա է արդի գրականագիտության մեջ` կապված մասնագիտական մեթոդների հետ:
Սույն գրախոսության նպատակն է գիտականորեն արժևորել տեսական և մեթոդաբանական այս ուսումնական ձեռնարկը, որի մասին առայժմ չի գրվել որևէ գրախոսություն, որը հաստատում է հոդվածի արդիականությունը` տեսական և գործնական նշանակությունը: Մեր խնդիրն է մասնագիտորեն արժևորել կատարված թարգմանությունը` որպես ուսումնական ձեռնարկ:
Գրախոսության մեջ կիրառել ենք արժեբանական (աքսիոլոգիական) մեթոդը:
Գրախոսության գիտական նորույթը գրախոսվող ուսումնական ձեռնարկի թարգմանության գիտական արժևորումն է` արժանիքների և թերությունների բացահայտմամբ:
Գիրքը տպագրության է երաշխավորել ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի գիտական խորհուրդը: Խմբագիրն է Ժենյա Քալանթարյանը, ով արդեն իսկ իր «Քննադատությունն իբրև գործնական գրականագիտություն» ուսումնական ձեռնարկում ներկայացրել է Օ. Տուրիշևայի կազմած հարացույցը` գրելով, որ վերջինս «առանձնացնում է չորս հարացույց (պարադիգմա)` պոետիկա, հերմենևտիկա, ֆենոմենոլոգիա և սոցիոլոգիա, և դրանց տակ աղյուսակում տեղադրում է յուրաքանչյուր հարացույցի շրջանակներում համապատասխան ուղղություններն ու դպրոցները» (Ժ. Քալանթարյան, Քննդատությունն իբրև գործնական գրականագիտություն, Ե., 2016, էջ 86), ապա նույն գրքում Ժ. Քալանթարյանն արժևորում է. «Տուրիշևայի դասակարգումը թերևս ամենաարդյունավետն է այն իմաստով, որ նախ` ընդգրկում է հնարավորինս ավելի մեծ թվով ուղղություններ ու դպրոցներ, և երկրորդ` ցույց է տալիս մեթոդաբանության կրած փոփոխությունները պատմական ժամանակի ընթացքում և զուգահեռաբար» (անդ, էջ 87):
Գրախոսվող գիրքն սկսվում է «Թարգմանչի կողմից» վերնագրված մի փոքրիկ առաջաբանով, որում Աշխեն Ջրբաշյանը հիմնավորում է ուսումնական ձեռնարկի թարգմանության անհրաժեշտությունը, քանի որ «չկա հայերեն որևէ ձեռնարկ կամ դասագիրք, որը համակարգված ներկայացներ արևմտյան գրականագիտական մտքի պատմությունը, անգամ որևէ առանձին հեղինակի քննադատական գործունեությունն ու գլխավոր երկերի վերլուծությունը: Այս առումով, ուսումնական ձեռնարկը անգնահատելի ներդրում կարող է լինել հումանիտար կրթության ասպարեզում` լրացնելով այդ բացը» (Օ. Տուրիշևա, Արտասահմանյան գրականագիտության տեսությունը և մեթոդաբանությունը, ուսումնական ձեռնարկ, ռուսերենից թարգմանեց Աշխեն Ջրբաշյանը, Ե., 2017, էջ 8):
Օ. Տուրիշևայի գիրքը բացվում է մի խոսուն մուտքով. «Գրականագիտական գիտելիքի կարևորագույն հիմնախնդիրներից մեկը մեթոդաբանության հարցն է» (անդ, էջ 10):
Հարկ է փաստել, որ հայ գրականագիտության մեջ գրականագիտական մեթոդներին անդրադարձել են Էդ. Ջրբաշյանը (տե՛ս Էդ. Ջրբաշյան, Հ. Մախչանյան, Գրականագիտական բառարան, Ե., 1980, նաև Էդ. Ջրբաշյան, Գրականության տեսություն, Ե., 1980, էջ 22-25), Ս. Սարինյանը (տե՛ս Ս. Սարինյան, Հայ քննադատության պատմություն, հտ. 1, Ե., 1985, էջ 5-39, նաև Ս. Սարինյան, Գրականագիտության մեթոդաբանության հարցերից, Հայոց գրականության երկու դարը, գիրք երկրորդ, Ե., 1989, էջ 374-412, նաև Ս. Սարինյան, Գրականագիտական մեթոդները, Վեմ համահայկական հանդես, 2017, թիվ 1), Ժ. Քալանթարյանը (տե՛ս Ժ. Քալանթարյան, Հոգեբանական գրականագիտական դպրոցը և Արսեն Տերտերյանը, Քննադատական տարեգիրք, Ե., 1985, էջ 193-219, նաև Ժ. Քալանթարյան, Դիցաբանական դպրոցի սկզբունքների արտացոլումը հայ գրականագիտության մեջ, Պատմաբանասիրական հանդես, 1986, թիվ 2, էջ 83-96, նաև Ժ. Քալանթարյան, Հայ գրականագիտության պատմություն, Ե., 1986, նաև Ժ. Քալանթարյան, Գրականության բազմադիմությունը, Բանբեր Երևանի համալսարանի, 2014, թիվ 1, էջ 3-15), Մ. Սանթոյանը (տե՛ս Մ. Սանթոյան, Գրականագիտական բառարան, Ե., 2009), Մ. Սարինյանը (տե՛ս Մ. Սարինյան, Միֆոլոգիզմը 20-րդ դարի 60-80-ական թթ. հայ արձակում, Ե., 2012), Տ. Սիմյանը (տե՛ս Տ. Սիմյան, Գրականագիտության «գործարանը». մեթոդ, տեքստ, ընթերցող, մեկնաբանող (ուսումնամեթոդական ձեռնարկ), Ե., 2015), Վ. Եղիազարյանը (տե՛ս Վ. Եղիազարյան, Գրականագիտական հոդվածին առաջադրվող պահանջներն ու չափանիշները, Վանաձորի պետական համալսարանի գիտական տեղեկագիր, պրակ Ա, Ե., 2017, էջ 93-104, նաև Վ. Եղիազարյան, Ժենյա Քալանթարյանի «Քննադատությունն իբրև գործնական գրականագիտություն» ուսումնական ձեռնարկի մասին, https://granish.org/jenya-qalantaryan-usuumnakan-dzernark/, նույնը նաև Վ. Եղիազարյան, Արդի հայ գրականություն և գրականագիտություն, գիրք Ա, Ե., 2017, էջ 145-169): Սակայն մեզանում գրականագիտության մասնագիտական մեթոդների հարցը իսկապես շարունակում է մնալ ստվերում, իսկ արդի գրականագիտական ու գրաքննադատական ուսումնասիրությունների հեղինակներն իրենց գրքերն ու հոդվածները հիմնականում շարադրում են` չգիտակցելով դրանց գիտական մեթոդաբանությունը: Մեզանում այս մասնագիտական լուրջ բացը լրացնելու գործին մեծապես կնպաստի նաև գրախոսվող սույն ուսումնական ձեռնարկը:
Այդ առումով, Աշխեն Ջրբաշյանը ևս իրավացիորեն կարևորում է իր թարգմանած գիրքը. «Բացի տեսական և մեթոդաբանական տարբեր սկզբունքների համակարգված շարադրանքից, ձեռնարկի գլխավոր արժանիքներից մեկն էլ թերևս այն է, որ հեղինակը ցույց է տալիս գրականագիտական վերլուծության այս կամ այն հայեցակարգի համալիր կիրառման սկզբունքները, գեղարվեստական տեքստին մոտենալու ուղիները, այլ տեսությունների հետ համադրության հնարավոր միտումները: Մյուս կարևորագույն արժանիքը վերաբերում է դրույթի հաստատմանը, որ գրականագիտությունը գրական տեքստի վերլուծության պատահական եղանակների համադրություն չէ, այն ենթադրում է այս կամ այն մեթոդաբանության գիտակցված և նպատակադրված ընտրություն» (Օ. Տուրիշևա, Արտասահմանյան գրականագիտության տեսությունը և մեթոդաբանությունը, ուսումնական ձեռնարկ, ռուսերենից թարգմանեց Աշխեն Ջրբաշյանը, էջ 7-8):
Օ. Տուրիշևան արտասահմանյան գրականագիտության տեսությունը և մեթոդաբանությունը համակարգում է որպես «չորս հիմնական հայեցակարգերի` պոետիկայի, հերմենևտիկայի, ֆենոմենոլոգիայի և սոցիոլոգիայի բարդ փոխհարաբերության պատմություն» (անդ, էջ 7): Գրքում ներկայացվել են հիմնականում 19-20-րդ դարերի արևմտյան գրականագիտության հիմնական ուղղությունները, «դրանց տեսությունն ու մեթոդաբանությունը` միևնույն ժամանակ ցույց տալով պատմական տարբեր դարաշրջաններում այդ ուղղությունների տարաբնույթ փոխաձևումները և այդ հիմքի վրա նոր դպրոցների ու հայեցակարգերի առաջացման գործընթացը: Ներկայացված են նաև գրականագիտական տարբեր ուղղությունների յուրատեսակ փոխներթափանցումներն ու փոխադարձ ազդեցությունները, գրական տեքստի վերլուծություն մեթոդաբանական տարբեր սկզբունքների խաչաձևումները» (անդ):
Պոետիկայի տեսության հիմքը Օ. Տուրիշևան համարում է այն, որ «գեղարվեստական ստեղծագործությունը գեղագիտական փակ օբյեկտ է, որը ստեղծված է որոշակի ներգործության համար և գոյություն ունի հեղինակից ու ընթերցողից անկախ» (անդ, էջ 19): Իբրև պոետիկայի հարացույցի դպրոցներ Օ. Տուրիշևան առանձնացնում է արիստոտելյան (դասական) պոետիկան, անգլո-ամերիկյան նոր քննադատությունը, ռուսական ձևապաշտական դպրոցը և ֆրանսիական կառուցվածքաբանությունը: Մեթոդաբանության ընդհանուր կողմնորոշումը ստեղծագործության կառուցվածքի, գեղարվեստական միջոցների ամբողջության բացահայտումն է, որի միջոցով ստեղծագործությունը հասնում է գեղարվեստական ներգործության:
Ֆենոմենոլոգիան գեղարվեստական ստեղծագործությունը դիտում է իբրև գիտակցության ֆենոմեն կամ իբրև գիտակցության երկխոսության ֆենոմեն կամ իբրև գիտակցության և տեքստի միջև երկխոսության ֆենոմեն: Այս հարացույցի մեթոդաբանական կողմնորոշումը տեքստի ստեղծման կամ նրա ընկալման ընթացքում գիտակցության աշխատանքի բացահայտումն է: Իբրև ֆենոմենոլոգիայի հարացույցի դպրոցներ Օ. Տուրիշևան առանձնացնում է գիտակցության քննադատությունը, էկզիստենցիալ գրականագիտությունը (Սարտ, Կամյու), ամերիկյան ռեցեպտիվ քննադատությունը (Ֆիշ), Բուֆալոյի քննադատական դպրոցը, Ռ. Ինգարդենի ընթերցանության հայեցակարգը, Ու. Էկոյի բաց ստեղծագործության տեսությունը, գերմանական ռեցեպտիվ գեղագիտությունը (Կոնստանցի դպրոցը), Պ. Ռիկերի ֆենոմենոլոգիական հերմենևտիկան:
Սոցիոլոգիան գեղարվեստական ստեղծագործությունը դիտում է իբրև սոցիալ-մշակութային և պատմական պատճառների հանրագումարով պայմանավորված իրողություն և հասարակական գիտակցության ձևավորման ազդակ: Օ. Տուրիշևան սոցիոլոգիական հարացույցի դպրոցներ է համարում Ի. Տենի կուլտուր-պատմական դպրոցը, մարքսիստական գրականագիտությունը, ֆրանկֆուրտյան դպրոցը, ամերիկյան «նոր պատմականությունը», Պ. Բուրդյեի սոցիովերլուծությունը:
Հերմենևտիկան գեղարվեստական ստեղծագործությունը համարում է ոչ բացահայտ, թաքուն իմաստների կրող, որոնց մեկնաբանությունն էլ այս հարացույցի ընդհանուր մեթոդաբանությունն է: Օ. Տուրիշևան առանձնացնում է հերմենևտիկայի հետևյալ դպրոցները` դասական, աստվածաշնչյան (էկզեգետիկա), ֆրանսիական ռոմանտիկական (Սենտ Բյովի կենսագրական դպրոց), գերմանական ռոմանտիկական (Ֆ. Շլայերմախեր, Վ. Դիլթեյ), հոգեվերլուծական, յունգյան, միֆաքննադատական, Մ. Հայդեգերի գոյաբանական, Գադամերի փիլիսոփայական, հետկառուցվածքաբանական, ֆեմինիստական, Է. Հիշի անգլալեզու «նոր հերմենևտիկա»:
Նկատենք, որ Օ. Տուրիշևան չի ներկայացրել առհասարակ գրականագիտական բոլոր մեթոդները: Այսպես` ոչ մի խոսք չկա պատմահամեմատական, կոմպարատիվ (համեմատական) և այլ մեթոդների մասին:
Ուստի` գերադասելի էր, որ Աշխեն Ջրբաշյանը հանդես չգար սոսկ որպես տեքստի թարգմանիչ, այլ արտահայտեր իր մասնագիտական վերաբերմունքը քննարկման նյութ դարձած և շրջանցված մեթոդների մասին: Ցանկալի է, որ գիրքն ունենար առանձին ծանոթագրությունների բաժին (Ա. Ջրբաշյանը նախընտրել է ծանոթագրությունները ներկայացնել տողատակին և սահմանափակվել է մասնագիտական տերմինների մեկնաբանությամբ), որտեղ թարգմանիչն արտահայտեր իր դիրքորոշումը այս կամ այն մասնագիտական խնդրի մասին, որով կարտահայտվեր գրականության տեսաբան Աշխեն Ջրբաշյանի տեսակետը, որն էլ ավելի հետաքրքիր կդարձներ աշխատանքը:
Երբեմն էլ Օ. Տուրիշևայի տեսակետները պարզապես անընդունելի կամ վիճելի են, որոնք, սակայն, մնում են անարձագանք: Այսպես` Օ. Տուրիշևան կարծում է, թե գրականագիտությունը` իբրև գիտություն, ձևավորվել է 18-19-րդ դարերի սահմանագծին (Օ. Տուրիշևա, նշվ. աշխ., էջ 23), մինչդեռ հարկ էր փաստել, որ գրականության ծագման հետ ձևավորվել են նաև այն վերլուծելու, մեկնաբանելու մեթոդները, այն է` գրականագիտությունը, որը համադրված էր իմաստասիրության հետ: Սոկրատի, Պլատոնի, Արիստոտելի գեղագիտական հայացքների հիման վրա ձևավորվեց էկզեգետիկան, իսկ ալեքսանդրյան դպրոցի, մասնավորապես Դիոնիսիոս Թրակացու կողմից սկզբնավորվեց քերականական դպրոցը, որը լեզվաբանության և գրականագիտության գիտականացման հիմքն է, որը, ի դեպ, ընդունել է նաև գրքի խմբագիր Ժենյա Քալանթարյանը (տե՛ս Ժ. Քալանթարյան, Քննդատությունն իբրև գործնական գրականագիտություն, էջ 21-52):
Հարցն այն է, որ միջնադարյան մեկնաբանական տեքստերը ոչ միայն գրական ստեղծագործություններ էին, այլև նրանցում համադրվում էին գրականությունը և գրականագիտությունը:
Գրականագիտությունն` իբրև գիտություն, ծագած համարելով 18-19-րդ դարերի սահմանագծին` Օ. Տուրիշևան հանդես է բերում անընդունելի տեսակետ, որին ինքն իսկ հակասում է` հիշատակելով դասական հերմենևտիկան և էկզեգետիկան որպես գրականագիտական մեթոդներ:
Այս և այլ վիճելի տեսակետների մասին է, որ արժեր ծանոթագրություններում մասնագիտական իր տեսակետն արտահայտեր Աշխեն Ջրբաշյանը, որն ավելի օգտակար կարող էր լինել ուսումնական ձեռնարկի պարագայում:
Իբրև թարգմանիչ` Աշխեն Ջրբաշյանը հանդես է գալիս անխոցելի բարձր պատրաստվածությամբ. հատկապես կարևոր են մասնագիտական տերմինների թարգմանությունները, որոնցով հարստանում է հայ գրական-տեսական միտքը, օրինակ` պոստստրուկտուրալիզմ-հետկառուցվածքաբանություն, էկզեգետիկա-աստվածաշնչյան մեկնաբանություն և այլն:
Եզրակացություն. Օլգա Տուրիշևայի «Արտասահմանյան գրականագիտության տեսությունը և մեթոդաբանությունը» ուսումնական ձեռնարկի թարգմանությունը, որ կատարվել է մասնագիտական բարձր պատրաստվածություն ունեցող գրականության տեսության մերօրյա լավագույն մասնագետներից մեկի` Աշխեն Ջրբաշյանի կողմից, չափազանց արժեքավոր ներդրում է հայ գրականագիտության մեջ: Ձեռնարկն ունի լուրջ առաքելություն գրականագետների և գրաքննադատների նոր սերունդ կրթելու գործում, բացի այդ, կնպաստի արդի գրականագիտական մտքին նոր տեսական ու մեթոդական ընթացք տալուն, ինչի պակասն իրապես զգացվում է հայ գրականագիտության մեջ: